Լուսաւորչի կանթեղն անմար է, որովհետեւ իւղն անոր մէջ
անպակաս է...
Իւղը աստուածային շնորհին եւ իւղը հայ ժողովուրդի հաւատարմութեան մշտադալար ձիթենիին
:
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    Քեզ համար (մաս IV )  


 

 
       


ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ

Մաս III >>> 

ՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

տացված նամակներից մեկում կարդում ենք. «Դեռ աշխարհիկ մարդ էի, երբ, արհեստիս բերումով, ծանոթացա հավատացյալ մի ընտանիքի հետ: Նրանք աղոթում էին Աստծուն, եկեղեցի հաճախում, հանգիստ, խաղաղ կենսաձեւ ունեին եւ շատ սրտացավ էին: Այդ մարդիկ ոգեպաշտներ էին: Ոգեպաշտությունն ինձ օտար էր, բայց հավատում էի, որ դրանում լավ ու աստվածային մի գաղափարախոսություն պիտի լինի: Սկսեցին ինձ եւս հավատքների մասնակից դարձնել: Արդեն մոտավորապես մեկ տարի ոգեպաշտության շղթաների մեջ էին գտնվում, երբ մի հավատացյալ քույր բացատրեց, որ դրանով զբաղվելը մեղք է: Այդ ծանր պայքարը չորս շաբաթ տեւեց, բայց, փառք Աստծու, ազատեց ինձ: Չորս շաբաթվա ընթացքում երկակի աչքերով էի տեսնում եւ երկակի ականջներով լսում: Հավաքներից հետո, երեկոները, անբացատրելի վախ էր պատում ինձ. մութ անկյուններում տարօրինակ, լույս արձակող էակներ էի տեսնում: Աղոթում էի Աստծուն, որ ինձ ճշմարիտ լույսը ցույց տա: Շուտով Քրիստոսի Եկեղեցու անդամ դարձա: Փառք Աստծուն՝ իմ հանդեպ ցուցաբերած ողորմածության ու սիրո համար»:

Ոգեպաշտությունը սովորական ոգեհարցությունից տարբերվում է նրանով, որ փորձեր չեն կատարվում: Դրանց հավաքներն սկսում են հոգեւոր «օրհներգերով» եւ «աղոթքներով», Աստվածաշնչի ընթերցմամբ ու մեկնությամբ: Ընդմիջումներին, երբ բոլորը լռում են, դուրս են գալիս ոգեմիջնորդները, որոնք 10-30 րոպե խոսում են կարդացած հատվածի մասին: Մոտավորապես այսպես. «Խաղաղություն ձեզ, Աստծու սիրելի՛ զավակներ: Ինչ ձեզ ուզում եմ հաղորդել՝ Երկնային Տիրոջ խոսքն է»: Սովորաբար ոգեմիջնորդները խոսում են իբրեւ Աստծու հրեշտակներ, Հին Կտակարանի մարգարեներ, իբրեւ Մարտին Լյութեր եւ կամ ուրիշ մեկը: Սովորաբար այդ հավաքներին մասնակցում են վեց ոգեմիջնորդներ, որոնք իրենց անվանում են «ճշմարիտ ուղու օթյակ» կամ «Էմմաուսի օթյակ»: Վեցից երեքը հռետոր-ոգեմիջնորդներ են, երեքը՝ պայծառատեսներ: Նրանք ներկաներին պատմում են, թե այդ պահին ինչ է կատարվում ժողովարանի մեջ: Օրինակ՝ կարող է պատահել, որ ոգեկանչողի հոգին լքի նրա մարմինը եւ ուրիշ՝ օտար ոգի վերցնի փոխարենը եւ այդ կերպ գործի:

Լինում են նաեւ ոգեպաշտների հավաքներ, որոնց միայն խիստ սահմանափակ թվով մարդիկ են մասնակցում: Նրանց վկայությամբ այդ ժամանակ Հիսուս այցելում է իրենց, եւ նրանք ծնկում են, մոտենում այդ «պատկերին», որպեսզի օրհնություն կամ նոր անուն ստանան:

Ոմանք պնդում են, թե ոգեպաշտությունը զուտ հոգեւոր տեսություն է, թե Ինքը՝ Հիսուս, ուսուցանում է որոշ «եղբայրների», ովքեր 12 Առաքյալների անուններն են կրում: Սովորաբար ուսումնասիրությունը երեք տարի է տեւում, որից հետո նրանք «կատարյալ» են դառնում: Իրենց ուսուցչի՝ ոգեմիջնորդի միջոցով ստացած գիտելիքներից զատ, մնացած ամեն ինչ համարվում է ոչ արժանահավատ: Պնդում են նաեւ, թե աշխարհի վրա Աստված ամեն ինչ թույլ է տալիս՝ մարդկանց լուսավորելու եւ ուղղելու համար: Ոգեմիջնորդները համարվում են «լուսավորված եւ անբիծ հոգեւոր էակներ»: Ոգեպաշտների նպատակներից մեկն է ոգեմիջնորդների միջոցով հանգուցյալների հոգիները դեպ Աստված ուղղելը: Իբր թե մի առիթոով ոգեմիջնորդի միջոցով խոսել է 200 տարի առաջ տաճարների կողոպուտով ապրած մի մարդ: Մեկ ուրիշը պարզապես մարդասպան է եղել: «Եղբայրներին» հանձնարարվում է աղոթքներով այդ ոգիներին Աստծուն վերադարձնել:

Հանդիպում են նաեւ ոգիներ, որոնք բնավ էլ Աստծու անունը լսել չեն ուզում: Հավաքներին հաճախ հայտնվում են նույն ոգիները, որոնք պնդում են, թե հիմա իրենք «լուսավոր ուղիներով» են քայլում: Իրենց կարգին իրենք էլ ուրիշներին են հրավիրում: Մի առիթով այնքան չար եւ ուժեղ ոգի է հայտնվում, որ չորս «եղբայրներ» հազիվ են կարողանում պահել այդ դիվոտածին: Դրանից հետո ոգեմիջնորդը 15 րոպե անշարժ պառկած է մնում: Բոլոր «եղբայրներն» ու ներկաներն աղոթում են, որ ոգին ետ դառնա: Հազիվ ոգին ազատ է թողնում «եղբորը». վերջինս ոտքի է ելնում՝ կարծեք ոչինչ չէր պատահել: «Եղբայրները» հայտնվող ոգիներին դիմավորում են հետեւյալ խոսքերով. «Եթե նույնիսկ մեղքերդ արյան պես կարմիր են, պիտի ներվես եւ ձյան պես մաքրվես»:

Մի տիկին ինձ հրավիրեց այդպիսի հավաքի: Նա մագնիսականությամբ հիվանդներ էր բժշկել, որոնց չէին կարողացել օգնել բժիշկները: Կինը բուժում էր անվճար, եւ մարդիկ նրա մոտ էին գալիս խմբերով: Այնտեղ հանդիպեցի մի քրոջ, որ նույնպես ուզում էր այդ կերպ բուժվել եւ որեւէ վատ բան չէր տեսնում դրա մեջ: Նա պնդում էր, որ այստեղ ամեն ինչ կատարվում է աղոթքներով եւ Քրիստոսի անունով: Այն, որ ոգեպաշտությունը տարածվում է, բացահայտ երեւում է նրանից, որ հավաքների ընթացքն ամբողջապես սղագրվում, բազմացվում եւ տարածվում են: Ինչպես տեսնսում ենք, սատանան ինչ-որ կերպ ձգտում է խաբել մարդկանց: Որպեսզի մարդիկ չկասկածեն, թե իրենց արածը մեղք է, Աստվածաշնչից խոսքեր ու աղոթքներ են վերցնում եւ խոսում Սուրբ Երրորդության անունով: Տեր Աստված, գթասիրտ եղիր սատանայի զոհերի հանդեպ եւ ազատիր նրանց այդ կապանքներից:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվող նամակում խոսվում է աստղագուշակության, այսինքն՝ երկնային լուսատուների միջոցով գուշակելու մասին:

«Բեռլինում ապրող մի պատմաբանի նամակ գրեցի եւ խնդրեցի ապագաս կանխագուշակել: Շուտով պատասխանն ստացա: Գրում էր, որ կյանքիս առաջին կեսին երջանիկ պիտի չլինեմ, բայց, դրա փոխարեն, երկրորդ կեսին մեծ հաջողություն ու երջանկություն պիտի գտնեմ: Իսկ ծերության ընթացքում ամենաերջանիկ մարդկանցից մեկը պիտի լինեմ: Նախատեսել էր երկու դեպք, որոնց ընթացքում կարող էի կյանքս կորցնել: Հիմա գիշեր-ցերեկ հանգիստ չունեմ: Խաղաղություն եմ փնտրում եւ չեմ գտնում: Աստվածաշունչ եմ կարդում, բայց որեւէ բան չեմ հասկանում»:

Այդ անհանգստությունն ու վախը չե՞ն վկայում արդյոք, որ աստղագուշակին դիմելն իսկ մեղք է:

Մի նամակից եւս մեջբերում կատարենք. «Մեզ մոտ շատերն են զբաղվում ոգեպաշտությամբ: Քսանից ավելի խմբակներ կան: Նույնիսկ մանուկներն են խմբեր կազմում: Շնորհակալ ենք Աստծուց, որ մեզ ցույց տվեց, թե ի՜նչ սարսափելի հետեւանքներ է ունենում այդ զբաղմունքը: Վերջերս մեր տանը մի երիտասարդ զույգի հյուրընկալեցինք: Պատմեցին, որ իրենք սատանայի իշխանության տակ էին ընկել: Խեղճ կինն այնպիսի վիճակի է հասել, որ ցանկացել են հոգեբուժարան ուղարկել: Այդ ժամանակ մի քանի անկեղծ հավատացյալներ սկսել են նրա համար աղոթել, եւ, ներքին երկարատեւ պայքարից հետո, վերջինիս հաջողվել է սատանայի հետ կապերը խզել: Երբ պատմությունը վերջացրեց, աչքերը փայլում էին երջանկությունից: Եվ հիմա, եթե պատահի, որ սատանան տգեղ մտքեր ուղարկի, ես Փրկչիս անունն եմ տալիս, եւ ամեն ինչ անցնում է»:

Փա՜ռք Աստծու, որ Քրիստոսի անունը բժշկում ու փրկում է ոգեհարցության խեղճ զոհերին: «Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետեւ երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (ԳՈՐԾՔ 4.12):


ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՊԱՆՔՆԵՐԻՑ

Ամենակարեւոր հարցն է սա, որին եւ անդրադառնուն ենք:


ՄԵՂՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ

Նախ ասենք, որ կախարդությունը, գուշակությունը, հմայությունը եւ այլն, այն մեղքերն են, որոնք երկնքի դռներն են փակում մեր առջեւ եւ առաջնորդում հավերժական տանջանքների: Մեկ անգամ եւս հիշեցնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին: Ղեւտացիների գրքում գրված է. «Վհուկներին մի՛ հետեւեք եւ ոգեհմաների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք: Ես եմ ձեր Տեր Աստվածը» (19.31-32):

Ավելի հստակ եւ ամբողջական պատկերացում ունենալու համար կարդացեք հետեւյալ հատվածները՝ Ղեւտական 20.6-27, Ելք 22.18, Բ Օրինաց 18.9-13, Հայտնություն 21.8, 22.15: Այս համարները մեկ անգամ եւս հաստատում են, որ Աստծու աչքին գարշելի այդ մեղքերով զբաղվողները մարմնական ու բարոյական պատիժներ պիտի կրեն եւ նրանց պիտի արգելվի մուտքը Նոր Երուսաղեմ՝ Աստծո Թագավորություն:

Ուստի դարձյալ կրկնում ենք. առաջին հերթին պետք է ընդունել, որ դա մեղք է եւ այն էլ՝ մեծ մեղք: Սակայն շատերը չեն գիտակցում այդ իրողությունը, կարծում են, թե դատարկ բան է եւ դրանում կախարդություն չկա: Ոմանք ընդունում են, որ հիմարություն են արել եւ չեն իմացել, թե այդքան ծանր հետեւանքներ կարող էր ունենալ: Ուրիշներն էլ կարծում են, թե անմեղ ու անվնաս կամ հետաքրքրական զբաղմունք է, կամ էլ՝ «Ո՞վ կարող էր իմանալ, որ այդպիսի հետեւանքներ պիտի ունենա»: Երբեմն էլ՝ «Ինձ մի հավատացյալ եղբայր խորհուրդ տվեց...», կամ «Հանգուցյալ մայրս էր զբաղվում դրանով...», կամ էլ՝ «Դրա մեջ վատ բան չկա...»:

Նույնիսկ ասում են, թե պիտի զղջան նրանք, ովքեր կախարդությունը մեղք են համարում: Իբր թե կախարդներն այն ընդօրինակել են Քրիստոսի Առաքյալներից: Չէ՞ որ դա բուժման աստվածաշնչական միջոց է: Ով այս զբաղմունքը անմեղ կատակ կամ նույնիսկ աստվածաշնչական բուժում է համարում, բնական է՝ մի օր շատ պիտի զղջա: Սակայն կամենում ենք ընդգծել, որ նրանք, ովքեր չեն զղջում եւ չեն դիմում Աստծուն, հավերժորեն կմնան սատանայի շղթաների մեջ:

Մենք փորձեցինք Աստծո խոսքով ապացուցել, որ գուշակությամբ, կախարդությամբ զբաղվելը մեծ մեղք է, որի համար եթե չզղջանք՝ մեր առջեւ կփակվի երկնքի ճամփան: Մեղք է նաեւ, երբ հմայողների կամ գուշակների միջոցով մարդիկ փորձում են ապագան իմանալ, երբ զանազան կախարդական խոսքեր ու միջոցներ են գործածում. ինչպես, օրինակ, հիվանդ տեղի վրա ձեռքը շարժելը եւ հմայիլներ կրելը: Մեղք է նաեւ սուրճի գավաթ նայելով, մեռելհարցությամբ կամ ոգեհարցությամբ ապագայով եւ անդրշիրիմյան կյանքի մասին հետաքրքրվելը:

Ով ընդունի, որ կախարդությունը մեղք է, այլեւս դրանով չի զբաղվի, չի վախենա 13 թվից կամ կկվի կռնչոցից, իսկ պատահականորեն գտած պայտը երջանկության նշան չի համարի:

Դրանք այնքան էլ անմեղ զբաղմունքներ չեն, ինչպես կարող է թվալ: Չէ՞ որ երջանկությունն Աստծուց կախում ունի, այլ ոչ թե պայտից: Արդյոք չե՞նք վստահում Աստծուն ու Նրա հայրական հոգատարությանը, որ պայտից ենք հաջողություն ակնկալում:

Թող կորչի սնոտիապաշտությունը: Չվախենանք «դժբախտություն բերող» թվերից, կենդանական ձայներից, ամպերի ձեւերից ու սեւ կատվից: Կատարյալ սերը մեր միջից կվանի վախը:

Իսկապես՝ հավատացյալների շարքերում դեռ շատ են սնոտիապաշտները: Նրանք այդ մասին չեն խոսում: Չեն փորձում մեկնել կամ բացատրել սնոտիապաշտության էությունը: Բայց եւ այնպես սնոտիապաշտությունը ճշմարիտ հավատքի թշնամին է: Ուստի դարձյալ կրկնում ենք. առաջին հերթին պետք է ընդունել, որ այստեղ խոսքը վերաբերում է լուրջ եւ ծանր մի մեղքի:

ԶՂՋՈՒՄ

Երկրորդ քայլը զղջումն է: Ի՞նչ է նշանակում սա: Նշանակում է՝ ամբողջովին փոխել հին մտածելակերպը: Այլեւս իրավունք չունես մտածել, թե այդ ամենը պարզապես կատակ է, եւ՝ անմեղ: Պետք է ներողություն խնդրես, որ տրտմեցրել եւ արհամարհել ես Աստծուն, Նրա սուրբ անունը:

Գոհություն Տիրոջը, որ Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Արյամբ լվանում է մեր մեղքերը: Եթե անկեղծ ենք՝ զղջանք: Նրա Արյունն ի զորու է մեր բոլոր մեղքերը լվանալ: Թերեւս ասես. «Բայց ես անձամբ չեմ դիմել հմայողի: Փոքր ժամանակ մեկ ուրիշն է տարել ինձ: Ես ոգի չեմ հմայել եւ բնավ չեմ ուզել այդ բանն անել»: Հնարավոր է: Բայց կարեւոր չէ. դա մեղք է. եթե ոչ քո, ուրեմն՝ ծնողներիդ մեղքը: Ճշմարտությունն այն է, որ թեպետ կամքիցդ անկախ է եղել դա, բայց եւ այնպես դու սատանայի իշխանության տակ ես գտնվում: Սատանան սարսափելի թշնամի է: Նրան չի հետաքրքրում՝ դու քո կամքով ես իր իշխանության տակ ընկել, թե՝ ուրիշի, ակամա, թե՝ գիտակցաբար... Նրա համար միեւնույնն է: Նա լկտիաբար ձեռք է առնում նրանց, ովքեր կախարդության մեղքի պատճառով կապված են իր հետ:

Մեր թշնամին՝ սատանան, անողոք է, ցավակցել կամ գթալ չգիտի: Նա միայն մի բանից է վախենում՝ Հիսուս Քրիստոսի Արյունից: Քրիստոսի Արյունը ներման եւ քավության նշան է: Ով Հիսուսի փրկարար Արյունն ընդունի, կազատվի բոլոր տանջանքներից: Ուստի մեր փրկությունը մշտնջենավոր Զոհի Արյան մեջ է: Աղերսի՛ր Աստծուն, որ լվա եւ քավի քո բոլոր մեղքերն Իր թանկագին Արյամբ:

ՀՈՒՅՍ ԵՎ ԱՂՈԹՔ

Բացի խնդրելուց, որ մեզ մաքրի Իր Սուրբ Արյամբ, պետք է հավատաս, որ Քրիստոսի Արյունն իսկապես լվանում է բոլոր մեղքերդ: Պետք է հավատաս Աստծո խոսքին. «Արդարեւ, նրանով փրկվեցինք եւ նրա արյունով մեր մեղքերին թողություն գտանք: Որքա՜ն մեծ է իր շնորհքը» (ԵՓԵՍ. Ա 7): Մենք հավատքով պետք է աղոթենք Հիսուս Քրիստոսին, որ Գողգոթայի վրա, խաչի միջոցով, ջախջախեց օձի գլուխը եւ խլեց սատանայի զորությունը:

Աստվածաշնչի մեջ երեսունվեց հազար խոստում կա: Բայց շատերի համար դրանք որեւէ ուժ չունեն: Ինչո՞ւ: Եթե սատանան որեւէ մեկին ասի. «Սա քեզ չի՛ վերաբերում, ինչ էլ լինի, պիտի կործանվես», վստահաբար այդ խեղճ հոգին ավելի շուտ կհավատա նրան, քան՝ Աստծո խոստումներին: Նման պարագաներում Աստծո խոստումները մարդկանց ոչինչ չեն տա: Մտածեք, թե սատանային հավատալով ի՞նչ եք անում: Դուք ակամա Հիսուսին խաբեբա եք դարձնում: Արդյոք Նա արժանի՞ է դրան: Արդյոք Նա չասա՞ց. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» (ՀՈՎՀ. ԺԳ 6): Արդյոք ճիշտ չէ՞, որ Աստծո բոլոր խոստումներն «Այո՛» են եւ «Ամեն»: Չէ՞ որ սատանան ի սկզբանե իսկ ստախոս է եւ կեղծիքի հայրը: Նա շատերին ոսկե լեռներ է խոստանում, իսկ հետո ծիծաղում մարդու վրա ու ասում. «Մեղքդ շա՜տ մեծ է, քեզ ներում չկա՛»: Սարսափելի խաբեություն է սա:

Եվ դու սատանայի՞ն ես ուզում հավատալ: Երեւում է, որ այս անունը քեզ համար ավելին է, քան՝ Տիրոջ անունը: Հիսուս ասում է. «Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մոտ, եւ ով որ ինձ մոտ գա, դուրս չեմ անի...: Եվ ես նրանց կտամ հավիտենական կյանք. եւ նրանք չեն կորչի հավիտյան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի» (ՀՈՎՀ. 6.37, 10.28):

Ո՞ւմ ես հավատում. սատանայի՞ն, թե՝ Փրկչին: Լավ իմացիր, որ սատանային հնազանդվելով՝ քո Փրկչին ստախոսի տեղ ես դնում: Արդյոք ուզո՞ւմ ես այդպես վարվել:

Չէ՞ որ հավատում ես ճշմարտությանը: Հավատում ես, որ Հիսուս խաչի վրա ասաց. «Ամեն ինչ իր լրմանը հասավ»: Հավատում ես Պողոս Առաքյալի վկայությանը, թե մենք Նրա Սուրբ Արյամբ ու ողորմածությամբ փրկված ենք:

Ուրեմն՝ հավատա՛ Փրկչիդ: Նա քեզ չի խաբում: Նա ճշմարտությունն է ասում: Հույսդ միայն հավերժական Տիրոջ վրա դիր:

Եվ այլեւս որեւէ առիթով մի՛ կապվիր սատանայի հետ: Ուշադրություն մի՛ դարձրու նրա խոսքերին: Հակոբոս Առաքյալն ասում է. «Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից» (ՀԿ. 4.7): Երբ սատանան գալիս է քեզ գայթակղեցնելու, հաստատակամ ասա. «Գրված է, որ...» : Տիրոջ անունը տուր եւ Նրա խոսքերը կրկնիր, եւ սատանան ստիպված կհեռանա քեզնից:

Այո՛, հավատա՛ քո Փրկչին: Նա քեզ հուսախաբ չի անի: Վստահի՛ր Նրան: Մեր Տիրոջ անունը զորավոր զենք է:

ՆԵՑՈՒԿ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ

Մի տխուր երեւույթ եւս կա. երբ համոզված ենք, որ մեր մեղքերը ներված են, սակայն երբեմն հին «ես»-ը մեզ ետ է կանչում եւ նախկին կապերն է նորոգում:

Ի՞նչ պետք է անել նման դեպքերում: Հակոբոս Առաքյալը հետեւյալ խորհուրդն է տալիս. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք եւ միմյանց համար աղոթեցեք, որպեսզի բժշկվեք» (ՀԿԲ. Ե 16): Ում առանձին չի հաջողվում ձերբազատվել սատանայի շղթաներից, թող իր հավատակից եղբորը խոստովանի եւ միասին աղոթեն:

Միասնական աղոթքը հատուկ խորհուրդ ունի: Հիսուս ասում է. «Եվ ասում եմ ձեզ, որ եթե երկու հոգի երկրի վրա միաբանվեն որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, երկնավոր Հայրս պիտի կատարի այն: Որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ՝ նրանց մեջ» (ՄԱՏԹ. 18. 19-20):

Ձգտեցեք միասին եւ հնարավորինս հաճախ աղոթել: Կարող է պատահել, որ աղոթքը ժամանակավորապես օգնի, հետո դարձյալ հակառակորդն իշխի մարդուն: Այդ պարագային աղոթքը պետք է հաճախակի կրկնել: Դա նմանվում է ծանր հիվանդության, երբ մեկ դեղահաբը բավական չէ՝ օգնելու համար: Բուժումը երկար պետք է շարունակվի, մինչեւ հիվանդությունը հաղթահարվի:

ՊԱՀՔ

Որոշ դեւերից ազատվելու համար Հիսուս ասել է. «Այս տեսակ չար ոգին միայն աղոթքով եւ ծոմապահությամբ կարելի է դուրս հանել» (ՄԱՏԹ. 17.20): Ասել է, թե որոշակի կերակուրներից հրաժարվելով, երկրպագության հատուկ աղոթքներով աշխարհից կտրվելով, լռության ու միայնության մեջ երկնային ուժ ենք ստանում: Քրիստոնեական անկեղծ շփումների շնորհիվ եւ Աստծո կմաքով շատերն ազատվել են սատանայի շղթաներից: Երբ հնարավորություն ունենաք, եղեք այնտեղ, ուր անկեղծորեն դրսեւորվում է Աստծո խոսքը:

Շատ գնահատելի է աղոթելը՝ ձեռքերը կրծքին դրած: Ի սկզբանե համոզված ենք, որ թշնամու՝ սատանայի հետ կապերը խզելու մի միջոց է դա:

ԳՈՀՈՒԹՅՈՒՆ

Հաճախ սատանայի շղթաներն արտահայտվում են պիղծ մտքերի ձեւով: Ինչպե՞ս կարելի է դրանցից ազատվել: Հենց քեզ պաշարեն պիղծ մտքերը, որոնք բնավ էլ սրտիցդ չեն բխում, անմիջապես պետք է մեկ այլ բանի մասին մտածես: Օրինակ՝ Գողգոթայի Խաչի, փրկության: Հաճախ փառք տուր Աստծուն՝ այդ փրկության համար:

Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում միշտ գոհություն հայտնել: Պողոս Առաքյալը Եփեսացիներին գրում է. «Ամեն բանի համար միշտ շնորհակալություն հայտնեցեք Հայր Աստծուն՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով» (ԵՓ. 5.20): Համոզված ենք, որ այդպիսով պատ եք քաշում պիղծ մտքերի դիմաց: Երբ գովում ենք ու փառք տալիս, թշնամին իր ուժը կորցնում է: Ուրեմն՝ պետք է սովորենք միշտ գոհություն հայտնել Աստծուն: Սատանան փախչում է, երբ մեզ տեսնում է Խաչի մոտ:

ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆԸ ՏՈՒՐ

Երբ անսպասելիորեն հայտնվում են պիղծ մտքերը եւ չես կարողանում աղոթել, Հիսուսի անունը տուր: Դա ամենակարճ եւ ամենաազդու աղոթքն է: Գրված է. «Տիրոջ անունը վստահելի ամրոց է»: Հոգուդ խորքից Տիրոջ անունը դեռ հազիվ հնչած՝ պաշտպանվում ես թշնամու համար անձեռնմխելի ամրոցի մեջ: Երբ չես կարող աղոթել, Տիրոջ անունը տուր եւ կտեսնես, որ թշնամին կհեռանա քեզնից: Այս միջոցով որքան հաճախ ընդդիմանաս, այնքան շուտ կխարխլվի հակառակորդի իշխանությունը:

ՍՐԲԱՊԻՂԾ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻ՛ ՄՏԱԲԵՐԻՐ

Մեկ բան երբեք մի՛ մոռացիր. այն, որ Աստված ամեն ինչ գիտի: Գիտի, որ պիղծ մտքերը զզվելի են եւ սրտիցդ չեն բխում: Գիտի, որ պատասխանատվությունը քեզ վրա չի ընկնում Եվ դու դրանք չպետք է բարձրաձայն արտասանես: Երբե՛ք: Ոմանք պատմում են, թե այդ գաղափարներն իրենց տանջել են, բայց աշխատել են դրանք մտքում չպահել: Ուրիշներն անզգույշ են գտնվել այդ խնդրում: Ես անմիջապես Հիսուսի հովանու տակ կմտնեի, որպեսզի մտքումս չպահեմ դրանք: Թղթի վրա գրված եւ բարձրաձայն արտասանված խոսքերն ուժ են ձեռք բերում: Խուսափե՛նք դրանք արտաբերելուց:

ՈՉՆՉԱՑՐԵՔ ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ՈՒ ԹՂԹԵՐԸ

Մի խորհուրդ եւս: Կախարդության բոլոր միջոցները եւ գրքերն այրեցե՛ք: Երբ Պողոս Առաքյալի ժամանակ Եփեսոսի բնակիչներն սթափվեցին, «հաւատացողներից շատերը գալիս եւ խոստովանում էին՝ իրենց գործած մեղքերը պատմելով: Իսկ կախարդություն անողներից շատերն իրենց գրքերը բերեցին եւ բոլորի առջեւ այրեցին» (ԳՈՐԾՔ 19. 18-19): Եթե ձեր տան մեջ նման բաներ կան, կրակի մեջ նետեք:

Եթե ունես «Մովսեսի 6-րդ եւ 7-րդ գրքերը», այրի՛ր անմիջապես: Կամ թերեւս ունես, այսպես կոչված, «երկնային գրություններ», այրի՛ր: Հմայիլներդ եւ հուռութներդ նույնպես ոչնչացրո՛ւ: Այրի՛ր երազահաններդ: Ձերբազատվի՛ր տանդ մուտքին կախված պայտից: Եթե խաղաթղթեր ունես կամ, այսպես կոչված, «գրատախտակ» (planchette), որի վրա ոգիները «գրում են», նետի՛ր կրակը: Տանդ մեջ բախտացույցներ մի՛ պահիր: Մի կողմ նետի՛ր դրանք: Կախարդության հետ կապ ունեցող ամեն ինչ ոչնչացրու: Թշնամու հետ կապ ունեցող մինչեւ վերջին թելը պետք է կտրվի: Բայց նախապես, այդ բոլորն անելուց առաջ, աղոթի՛ր Աստծուն, զղջումով խոստովանի՛ր կատարածներդ եւ վճռականորեն, առանց երկմտելու, ձերբազատվիր այդ բոլոր առարկաներից, որքան էլ թանկագին լինեն քեզ համար:

ՄՇՏԱՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԿԱՐԴԱ

Դեւի հետ կապ ունեցող բոլոր թելերը կտրի՛ր, եւ Տերը կմտնի կյանքիդ մեջ: Դրա համար ամեն օր Աստվածաշունչ կարդա:

Կարող եմ երեւակայել, թե ինչ պիտի պատասխանես. «Աստվածաշունչը փակ եւ անհասկանալի գիրք է ինձ համար: Կարդալիս հոգուս մեջ պայքար է սկսվում, պիղծ մտքերը պարուրում են ինձ: Դրանից խուսափելու համար ավելի լավ է, որ բնավ Աստվածաշունչ չկարդամ»:

Տեսնո՞ւմ ես՝ թշնամին ինչի է ձգտում: Կամենում է մեզ հեռացնել մեր հոգու հացից՝ Աստվածաշնչից: Ով ամեն օր այն կարդա, մեղքի դեմ պայքարելու ուժ կստանա: Իսկ սատանան փորձում է մեզ համոզել, թե Աստվածաշունչ կարդալու համար ժամանակդ չի բավականացնում: Թշնամու նենգությանը պիտի հակադրվես՝ մտածված եւ կանոնավոր ընթերցանություն որդեգրելով: Սովորենք Դանիել մարգարեից, որ սովորություն էր դարձրել օրը երեք անգամ ծնկի գալ ու աղոթել՝ կարեւորություն չտալով, որ դրա համար իրեն կմեղադրեն: Աղոթելու սովորությունն իր պաշտպանն էր: Մեզ համար եւս թող այդպես լինի, որպեսզի թշնամին չկարողանա խանգարել՝ Աստծու խոսքը կարդալիս:

Սովորություն դարձրեք միշտ որոշակի ժամերի կարդալ Աստվածաշունչը: Ամենահարմարն առավոտյան կարդալն է: Կարդալ սկսելուց առաջ Սուրբ Հոգուն խնդրիր, որ բացատրի Տիրոջ խոսքը, որպեսզի հասկանաս եւ պատգամները կիրարկես կյանքում: Այն ժամանակ սաղմոսերգուի նման պիտի կարողանաս ասել. «Քո խոսքն իմ կյանքի ճրագն է» (ՍՂՄ. 119. 105): Աստվածաշնչի ընթերցումը թող հիմնավորվի քո կյանքում:

ԱՆԴԱԴԱՐ ԱՂՈԹՔ

Աստվածաշունչ կարդալուց զատ պետք է աղոթել: Սկզբում դժվար է. թվում է, թե սատանան փակում է բերանդ եւ խառնվում են մտքերդ: Աղոթելու ժամանակ էլ քեզ մղում է քնել: Այս դեպքում բարձրաձայն աղոթիր եւ մի՛ կարծիր, թե պետք է անպայման գեղեցիկ աղոթել: Կարեւորը սիրուն խոսքերը չեն: Աստված նայում է մեր սրտին: Եվ եթե աղոթքը սահուն չէ, վնաս չունի: Միայն թե սրտանց աղոթիր, եւ բոլոր ցավերդ պատմիր Տիրոջը:

Եթե չգիտես, թե ինչպես պիտի աղոթել, թող Աստծու խոսքը քեզ հուշի: Կարդացած նյութդ աղոթքի վերածիր: Դու քեզ հարցրու. «Իրոք ես այդպիսի՞ն եմ»: Եվ եթե երեւան գա, որ այդպիսին չես, ապա այդ պակասությունդ դարձրու աղոթքիդ հիմքը եւ այսպես վարվիր ամեն օր: Աստվածաշնչի օրհնությամբ կսովորես աղոթել:

ՇՓՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Եթե քո բնակավայրում եկեղեցի կա, միացի՛ր նրան, եղբայրներիցդ ու քույերիցդ խնդրիր, որ քեզ հետ եւ քեզ համար աղոթեն: Եթե եկեղեցի չկա, օգտագործի՛ր բոլոր առիթները՝ Աստծու որդիների հետ Խոսքը կարդալու եւ աղոթելու նպատակով: Կտեսնես, որ դա կաշխուժացնի ու կամրապնդի հոգիդ:

Բայց գլխավորագույնը Հիսուսին մոտ լինելն է: Հիշի՛ր Հիսուսի պատմած առակը. չար որգին մարդուց դուրս գալով՝ անջրդի վայրեր գնաց, բայց հանգստություն չգտավ, իսկ երբ «իր տունը» վերադարձավ, այն գտավ մաքրված ու կոկիկ: Այդ ժամանակ գնաց եւ իրենից ավելի չար յոթ ոգիներ կանչեց: Այդ մարդու համար վերջին վիճակը նախկինից ավելի վատ եղավ (ՄՏԹ. 12. 43-45):

Այս առակը զգուշացնում է, որ Հիսուսի կողքին լինենք, միշտ Նրա Սուրբ Հոգու պահպանության տակ: Եթե անհոգ մնանք, թշնամին ետ կգա եւ հին վիճակը նորից ավելի վատ ձեւով կկրկնվի:

ԴԱՇԻՆՔ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

Ուզո՞ւմ ես իսռառ ազատվել սատանայի շղթաներից: Դաշինք կնքի՛ր Աստծու հետ եւ միշտ Նրա հետ մնա: Աղոթիր այսպես. «Հիսուս, ես Քոնն եմ, եւ Դու՝ իմը: Իմ սրտի մեջ մնա: Մինչեւ վերջին շունչս ուզում եմ Քեզ հետ լինել»: Քաջ եղիր: Հնարավո՛ր է սատանայի կապանքներից ազատվել: Բազմաթիվ վկայություններ հաստատում են դա: Ահա դրանցից մեկը. «Տասներկու տարի առաջ, հետաքրքրությունից մղված, գնացի խաղաթղթով գուշակի մոտ, իսկ չորս տարի առաջ «բուժվեցի» «կարմիր քամուց»: Գուշակությունից մի քանի ամիս հետո անձնասպանության գաղափարն այնպես համակեց ինձ, որ քիչ մնաց չորրորդ հարկից վար նետվեի: Դրանից հետո նույն միտքը հաճախ էր վերադառնում եւ երբեմն՝ այնքան լուրջ, որ վախենում էի ողջախոհությունս կորցնել: Եվ սա հակառակ նրան, որ արտաքին բոլոր պայմանները խաղաղ էին, եթե ոչ՝ գերազանց: Անձնասպանության մտքի դեմ վերջին պայքարս անցյալ տարվա օգոստոսին եղավ: Այն ժամանակ մութ ուժերի մասին կարդացի, թե շղթայում են իրենց հետ շփում ունեցող ցանկացած մեկին: Սարսափելիորեն վախեցա եւ անհանգստությունս այնքան մեծացավ, որ հոգիս իր անդորրը չէր գտնում, եւ ես գիշեր-ցերեկ աղոթում էի: Հակառակ դեպքում կարող էի գիտակցությունս կորցնել եւ անձնասպան լինել: Մի անքուն գիշեր էլ Փրկիչն այցելեց ինձ. կարծես ֆիզիկապես զգացի, թե ինչպես են կտրվում շղթաներս: Անսպասելիորեն վրաս հրաշալի մի հանգստություն իջավ: Ինքս ինձ լրիվ ապաքինված զգացի, մի բան, որին ձգտում էի երկար ժամանակից ի վեր:

Այդ օրվանից սկսյալ ես ուրիշ մարդ եմ: Ինձ Տիրոջ կողմից պաշտպանված եմ զգում եւ ամեն օր զորություն եմ ստանում՝ հաղթահարել անհամբերությունս, դյուրագրգռվածությունս եւ այլն: Գոհունակությամբ եւ շնորհակալությամբ եմ աչք գցում անցյալին եւ հավատքով ու հույսով նայում ապագային»:

ՈՐՊԵՍ ԱՍՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Սիրելի՛ ընթերցող, ահա մենք ավարտում ենք մեր այս հոդվածաշարը, որով փորձեցինք քեզ հեռու պահել չարի կապանքներից: Ավելորդ չենք նկատում, իբրեւ վերջաբան, քեզ ներկայացնել նաեւ մեր՝ Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Հայրերի դիրքորոշումը՝ արծարծված հարցի վերաբերյալ: Կարծում ենք, որ սա շատերին օգտակար կլինի՝ սատանայի կապանքներից ու որոգայթներից ազատագրվելիս:

Ս. Կյուրեղ Երուսաղեմացին գրում է. «Բազմաթիվ գայլեր են շրջում գառնուկի զգեստներով, գառնուկի զգեստ են կրում եւ ո՛չ թե մագիլ ու ժանիք, այլ՝ հեզության եւ հանդարտության զգեստ առած՝ խոնարհության կերպարանքով պատրաստվում են խաբել սրտով անմեղներին...: Այսուհետեւ մենք պետք է հոգեւոր շնորհքներ, զգաստ միտք, տեսնող աչք ունենանք, որպեսզի չլինի, թե տգիտությամբ որոմն իբրեւ ցորեն ուտենք եւ կորստի մատնվենք, որպեսզի չլինի, որ գայլին՝ սատանային, հրեշտակ համարենք եւ նրա կողմից խեղդվենք... Որովհետեւ շատերը կան, որոնք ճարտար խոսքերով եւ խաբեության ունայն պատրանքներով թալանում են ու կողոպտում մեզ»:

«Որովհետեւ որոշ կախարդներ, խաբելով զգայությունները, բնության օրենքների (սահմանի) մեջ հրաշքներ էին գործում, մարդիկ կարծեցին, թե դա Աստծու գործն է, ինչպես՝ Եգիպտոսի մեջ գորտերն ու գազանները խաբեությամբ ցույց էին տալիս իբրեւ օձ. եւ այն, ինչ բնությունը դանդաղ ընթացքով է կատարում, նրանք դիվական հնարքով են արագացնում:

Մյուս պատճառը սատանայի հպարտությունն ու նախանձն է, որ սկզբից իսկ ուզեց աստվածանալ, եւ հիմա եւս ջանում է բոլոր մարդկանց կողմից երկրպագություն ընդունել: Այդ նպատակով նրանք մտնում են կուռքերի մեջ եւ ձայն տալիս մարդկանց, երբեմն հիվանդություն են տալիս եւ ապա վերցնում ցավը. այդ պատճառով էլ իբրեւ Աստված՝ ընծաներ են ընդունում»:

Ինչպիսի չարություն որ կամենում էին կատարել, նախ նախապատրաստվում էին, որպեսզի խաբեն մարդկանց: Տոնակատարությունն իրականացնում էին ուրախությամբ, կեր ու խումով, պարելով: Այս կերպ ավելի էին հրապուրում մարդկանց սիրտը: Այսպիսի եւ նմանատիպ բաներն էին մարդկանց կռապաշտության պատճառ դառնում: Կռապաշտության շատ տեսակներ կան: Թվենք դրանցից մի քանիսը: Նախ՝ դեւերի կռապաշտությունը, երկրորդ՝ երկնքի լուսատուների պաշտամունքը, երրորդ՝ չորս տարրերի պաշտամունքը, չորրորդ՝ մարդկանց պաշտամունքը, հինգերորդ՝ անբան կենդանիների պաշտամունքը, վեցերորդ՝ պատկերների եւ մարդկանց այլ ձեռակերտերի պաշտամունքը, յոթերորդ՝ ժամանակների եւ դրանց մի մասի պաշտամունքը, ութերորդ՝ ոմանց կողմից ծառերի եւ բույսերի պաշտամունքը:

Բոլոր տեսակի կռապաշտությունները մեծ մեղք են, որովհետեւ նախ Արարչին զրկում են Իր փառքից եւ արարածներին են տալիս այդ պատիվը: Երկրորդ՝ Արարչին հավասարեցնում են արարածներին: Երրորդ՝ ամեն տեսակի չարությամբ են լեցուն եւ մարդու հոգին հեռացնում են Աստծուց: Սակայն ավելի ծանր է կռապաշտության մեղքը, երբ մարդ, փոխանակ պատվական, անարգ իրերի ծառայության տակ է դնում իրեն, որովհետեւ ավելի անարգ են նրանք, ովքեր Աստծու պատիվը չորքոտանիներին են տալիս, քան մարդկանց: Պողոս Առաքյալը Հռոմեացիներին գրած նամակում ասում է. «Եվ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ նմանեցնելով այն մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների» (ՀՌՈՎ. Ա 23): Իսկ ըստ Դավիթ մարգարեի՝ «Աստծու փառքը խոտակեր արջառի նմանությամբ փոխարինեցին» (ՍՂՄ. 105.20):

Պետք է նախ հերքել դեւերի կռապաշտությունը, երկրորդ՝ լուսատուների կռապաշտությունը եւ ապա, ըստ կարգի, մյուսներինը:

Նախ խոսենք դեւերի կռապաշտությունից: Դեւեր երկրպագողներն անընդունելի են չորս պատճառներով: Առաջին՝ որովհետեւ դեւերն Աստծուն թշնամի են, եւ Տիրոջ համար շատ ծանր է, երբ որեւէ մեկը դիվապաշտ է: Երկրորդ՝ որովհետեւ դեւերը մարդկային ցեղին թշնամի են: Երրորդ՝ որովհետեւ շատ ստախոս են: Ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում. «Նա սուտ է եւ ստի հայր» (ՀՈՎՀ. 8.44): Չորրորդ՝ որովհետեւ թեպետ դեւերը բնությամբ ազնվագույն են, քան մարդիկ, սակայն մեղքով անարգագույն են եւ ո՛չ միայն մարդկանցից ավելի անարգագույն, այլ նաեւ՝ անասուններից ու բոլոր արարածներից ավելի:

Բազմաթիվ պատճառներով հայտնի է, որ հարկավոր չէ պաշտել նման հոգիներ, նախ որովհետեւ կա՛մ չար են, կա՛մ բարի: Եթե բարի են, ապա Աստծու պատիվը յուրացնելուն դեմ պետք է լինեն, իսկ եթե չար են, ապա ինչպե՞ս կարող են պաշտվելու արժանի լինել. ընդհակառակը՝ պետք է բազմիցս նախատվեն եւ արհամարհվեն: Երկրորդ՝ եթե բարի լինեին՝ չէին օգնի անբարոյականներին ու կախարդներին: Բայց քանի որ չար են, չար գործը հաճելի է թվում իրենց: Երրորդ՝ եթե բարի լինեին, կսիրեին սրբերին, որովհետեւ նմանը սիրում է իր նմանին: Սակայն քանի որ չար են՝ թշնամի են սրբերին: Չորրորդ՝ եթե բարի լինեին՝ մարդկանց դեպի հոգեւոր բարձրագույն բարիքներ կբարձրացնեին: Սակայն նրանք լոկ մարմնավոր փոքրիկ բարիքներ են տալիս մարդկանց, ինչպես՝ գողությունը, հափշտակությունը եւ դրանց նման այլ բաներ: Նշանակում է, որ նրանք չար են, եւ չարիքը չպետք է պաշտել: Հինգերորդ՝ նրանք մարմնավոր բարիք են տալիս կա՛մ իրենց կարողությամբ, կա՛մ՝ Աստծու: Սակայն իրենց կարողությամբ անհնար է, որովհետեւ նախ ցույց տրվեց, որ միայն մեկ անմահ եւ անհուն զորություն կա, եւ ամեն ինչ Նրա հովանու տակ է: Թեպետ նրանք Աստծու սիրուց ու շնորհքից հեռացան, սակայն Աստծու ներազդեցությունից բնավ չեն կարող ազատ լինել, որովհետեւ Աստծու ստեղծածներն են: Հետեւաբար՝ այն բոլոր բարիքները, որ նրանք տալիս են, Աստծու պարգեւներն են, իսկ իրենք՝ Աստծու ծառաները: Թեպետ բարիքի միջնորդները բարի հոգիներն են, նրանց եւս պետք չէ պաշտել, այլ՝ չափավորապես պատվել:

Վեցերորդ՝ նրանք, ովքեր բարիք են գործում, կա՛մ հարկադրաբար են անում՝ համաձայն իրենց կրականման բնության, կա՛մ ազատ կամքով եւ բնությամբ: Սակայն բնավ վայել չէ նրանց պատվել: Նրանք գործում են կա՛մ ազատ կամքով, կա՛մ Աստծու հրամանով, կա՛մ հրամաններին հակառակ:

Արդ՝ եթե Աստծու հրամաններին հակառակ են գործում՝ Աստծուն հակառակ են: Իսկ եթե Աստծու հրամանով են գործում, այդ դեպքում պետք է պաշտել Աստծուն, այլ ո՛չ թե նրանց: Յոթերորդ՝ եթե մեկն ասի, թե այսպիսի հոգիները բարկանում են մարդկանց դեմ, ուստի պետք է նրանց պաշտել, որպեսզի չվնասեն, բայց սա եւս անմտություն է, որովհետեւ նրանք կա՛մ բարի են, կա՛մ՝ չար: Եթե բարի չեն, մարդը պետք է բարկանա նրանց վրա, սակայն միայն զղջման տանող մեղքերի պատճառով: Հետեւաբար՝ պետք է զղջմամբ եւ սրբությամբ հաշտվել Աստծու հետ, այլ ոչ թե կենդանիների արյամբ: Սակայն նրանց բարկությունը չար է՝ ինչպես գազաններինը, որոնք մինչեւ արյուն չխմեն, չեն հանգստանա (Ս. Գրիգոր Տաթեւացի):

Նաեւ հիշեցնում ենք, որ Եկեղեցու յոթ խորհուրդներից երկուսի՝ Ս. Մկրտության եւ Դրոշմի ժամանակ մարդը նախ փաստորեն մաքրվում է բոլոր դեւերից, դրանց զորության կապանքներից եւ հետո է միայն Քրիստոսի Եկեղեցու անդամ դառնալու իրավունք ստանում: Հնում դեպ Աստված դարձած դիվահարներին աղոթքով ու պահքով բոլոր տեսակի դիվական կապանքներից ազատվելու պաշտոնը կատարել են երդմնեցուցիչները:

Հետեւաբար՝ բոլոր նրանք, ովքեր անտեղյակ լինելով, այժմ լուսաբանված են, թող քննեն իրենց անձերը եւ ճշտեն, թե ո՞ւմ են ծառայում, որովհետեւ գրված է. «Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետեւ կա՛մ մեկին պիտի ատի եւ մյուսին սիրի, կա՛մ մեկին պիտի մեծարի եւ մյուսին արհամարհի: Չեք կարող թե՛ Աստծուն ծառայել եւ թե՛ դրամին» (ՂՈՒԿ. 16.13):  

 Սկիզբ >>>

>>> 

 
     
 

 


 


 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ