Լուսաւորչի կանթեղն անմար է, որովհետեւ իւղն անոր մէջ
անպակաս է...
Իւղը աստուածային շնորհին եւ իւղը հայ ժողովուրդի հաւատարմութեան մշտադալար ձիթենիին
:
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    Քեզ համար (մաս III )  


 

 
       


ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ

Մաս II >>>


ՄՈՎՍԵՍԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԵՎ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՐՔԵՐԸ

արաղետ «Երկնային յոթը բանալիներ» գրքի պես կան նաեւ, այսպես կոչված, «Մովսեսի 6-րդ եւ 7-րդ գրքերը», որոնց մասին արդեն հիշատակեցինք: Սրանք Մովսեսի հետ որեւէ կապ չունեն: Սա ուղղակի հակառակորդի խորամանկությունն է. գրքին Մովսեսի անունն է տրվել՝ պարզապես հնարավորինս շատ հոգիներ հմայելու համար:

Փոմերանիայից ստացված նամակում կարդում ենք. «Տակավին աշակերտ էի, երբ նկատեղի, որ մայրս իրեն տանջող անհանգստություն ունի: Նա վհատվեց: Դեռ չէի հասկանում եւ Քրիստոսի արյան ուժը չգիտեի ու մտածում էի, որ, նյութապես օգնելով, կարող եմ մայրիկիս անհանգստությունը փարատել: Մեր տանը «Մովսեսի 6-րդ եւ 7-րդ գրքերը» կային, որ մի քանի անգամ կարդացել եմ: Շատ բան մոռացել եմ, սակայն մի դեպք կա, որ ինձ հանգիստ չի տալիս: Օտար, ինձ անծանոթ լեզվով կախարդական նշաններ արտագրեցի, որ գրողի արյամբ պետք է օծվեր:Այդ գրությունը բարձի տակ դնելով՝ քնած ժամանակ կարելի էր տեսնել վիճակահանության բախտավոր տոմսի թիվը: Այդ գրքից արտագրեցի նաեւ ուրիշ բանաձեւ եւս եւ կախեցի մայրիկիս վզից, որ բժշկվի: Արդյունքը սարսափելի էր: Մի քանի անգամ փորձեց անձնասպան լինել եւ մեռավ սարսափների մեջ»:

Մեքլենբուրգից մի մարդ գրում է. «Այն տարիներին, երբ մասնակցում էի պատերազմին, կինս բուժակից խնդրել էր բուժել «կարմիր քամին»: Նա նախապես հավատացյալ ու աստվածավախ էր: Սակայն այդ դեպքից հետո ամբողջությամբ փոխվեց եւ հիմա, տղայիս հետ միասին, թշնամաբար է վարվում հավատացյալների հետ: Առաջ ժողովարան էր գնում, իսկ վերջերս, երբ քահանան մեզ այցելեց, կինս կոպտորեն տան դուռը ցույց տվեց նրան»:

Այստեղ ակնհայտ է կախարդության տխուր հետեւանքը: Այդ բոլոր մութ գործերը կապված են սատանայի հետ: Կարծում ենք, որ այս օրինակներից ու վկայություններից շատերին հստակ դարձավ, որ բնավ անմեղ զբաղմունք չէ այդ ամենը, եւ աստվածաշնչական որեւէ բան չկա դրա մեջ:

Մի քանի օրինակներ եւս բերենք: Մի երիտասարդ պատերազմից վերադարձել էր նյարդային հիվանդությամբ: Խորհուրդ տվեցին դիմել կախարդի օգնությանը: Երեք միմյանց հաջորդող կիրակիների պետք է մոտենար սալորի ծառին, գրկեր ու ասեր. «Քարե ծառ, ինձ տանջող հիվանդության մասին քեզ եմ ասում: Առաջին թռչունը, որ այստեղից անցնի, թո՛ղ տանի ցավս: Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու»:

Փոմերանիայի մի գյուղից գրում են. «Կախարդության մեղքի պատճառով շատերն այստեղ սատանայի շղթաների մեջ են գտնվում: Մեզ մոտ սարսափելի բաներ են կատարվում: Կախարդությունը ծաղկում է: Մարդիկ հաճախ «սեւ մոգությամբ» զբաղվողների «մայրերի» մոտ են գնում կամ երբեմն իրենց տներն են հրավիրում: Կարելի է ասել, որ ամբողջ գյուղը սատանային է կապված»: Կարծում ենք, որ վերոհիշյալ վկայությունները փաստում են, թե որքան արտահայտիչ է սատանայի մութ ուժը: Թերեւս ոմանք կասկածում են եւ մտածում են այնպես, ինչպես այս կինը, որ ասում է. «Չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ եք մեծ մեղք համարում հմայողներին դիմելը: Պետք է խոստովանեմ, որ մեր կողմերում դա շատ տարածված է, եւ քչերն են այն մեղք համարում: Ես անձամբ չեմ ընդունում ո՛չ թղթախաղը, ո՛չ խաղաթղթով բախտ բացելը, ո՛չ կախարդությունը: Բայց անցյալում դիմել եմ բուժակների: Իրականում դրանք ծեր ու բարի մարդիկ են, որոնք որեւէ բան չեն պահանջում: Վճարում ես՝ որքան կամենում ես: Չէ՞ որ Աստվածաշնչում ասված է. «Ձեր ձեռքերը դրեք հիվանդների վրա եւ պիտի բժշկվեն»: Ծանոթ են դեպքեր, երբ բժիշկը չի կարող բժշկել, իսկ բուժակն անմիջապես ախտորոշումը կատարում է եւ բուժում»:

Այս կնոջ պես մտածողները, անգամ բերված օրինակներից հետո, չե՞ն կարծում, արդյոք, որ Աստվածաշնչում գրվածների հետ ընդհանուր ոչինչ չկա այստեղ: Բերված օրինակներից հստակ չի՞ դառնում, որ այստեղ խավարի մութ ուժերն են գործում՝ մարդուն կապանքների մեջ առնելով: Նրանց համար, ովքեր տակավին չեն հավատում, թե կախարդությունը մեղք է, առավել կհամոզվեն՝ հաջորդ բաժնին ծանոթանալով:

ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Կախարդության հետեւանքները կարող են այլազան լինել: Փորձենք ընթերցողներին տեղեկացնել, թե ինչ են ասում դրանցով զբաղվողները:

ԱՂՈԹԵԼՈՒ ՈՒԺ ՉԿԱ

Մամակագիրներից մեկը գրում է. «Կախարդությամբ սատանայի սարսափելի իշխանության տակ ընկա: Հիմա տանջվում եմ ֆիզիկապես ու հոգեպես: Անդադար ինձ հետապնդում է անձնասպանության գաղափարը: Որքա՜ն եմ ուզում ազատվել: Անսահմանորեն դժբախտ եմ: Աղոթելու համար ուժ չունեմ: Հոգուս մեջ խավար գիշեր է: Ես սիրով պիտի դիմեի Աստծուն՝ մեր Փրկչին: Առանց Նրա կյանքս հիմա սարսափելի է եւ ունայն...»: Հետո այս խեղճը խնդրում է աղոթել իր համար, որպեսզի կարողանա ազատվել այդ «բանտից»:

Մեկ ուրիշ նամակում կարդում ենք. «Ինչ որ կարդում եմ Աստվածաշնչում, անմիջապես մոռանում եմ: Ժողովարանում ասվածը եւս ազդեցություն չուներ վրաս, շատ քիչ բան եմ հիշում: Բայց շատ եմ ուզում ամեն ինչ հիշել եւ ամրացնել սրտիս մեջ: Օ՜, ինչքան հաճախ եմ ուզում ետ բերել մանուկ օրերիս հավատքը: Ինչո՞ւ եմ անհաջողության մատնվում, որովհետեւ անցյալում դիմել եմ հմայողների եւ անձամբ եւս զբաղվել հմայությամբ»:

Հստակ է, որ Աստծու Խոսքը չհասկանալու պատճառը դա է: Հոգին այնպես է խճճված սատանայի գործերով, որ Աստծու Խոսքն անհասանելի ու անհասկանալի է դարձել իր համար, փշոտ ու տատասկոտ դարձրել սիրտը եւ Կենդանի Խոսքի սերմը չի կարող աճել այնտեղ:

Վեսթֆալիայից ստացված նամակի հեղինակը բողոքում է. «Քսան տարի առաջ ծանրորեն հիվանդացա, եւ ինձ խորհուրդ տվեցին դիմել հմայողի: Այդպես էլ արի: Եվ հիմա զգում եմ, որ Աստծու առջեւ աղոթելիս դա խոչընդոտում է ինձ: Աղոթելիս հաճախ այն միտքն է համակում ինձ, թե չարժե աղոթել, օգուտ պիտի չունենա: Հաճախ ինձ տանջում են նաեւ սրբապիղծ մտածումները»:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ


Վյուրթեմբերգից ստացված նամակում հուսահատության գիրկն ընկած մեկը գրում է. «Որեւէ տեղ հանգիստ չունեմ: Աղոթում եմ Աստծուն, որ ների մեղքերս, եւ ամեն օր ինքս ինձ ասում եմ, որ, առանց Տիրոոջ հետ հաշտվելու, անկարելի է քնել: Քանի՜ անքուն, արցունքոտ գիշերներ եմ անցկացրել: Զգում եմ՝ այնպիսի վիճակի եմ հասել, որ նույնիսկ չեմ կարողանում մտածել: Ուզում եմ հավատալ, որ Փրկիչը ներել է մեղքերս: Բայց որոշ բեռի անտանելի տիրապետությունն եմ զգում ինձ վրա: Հաճախ եմ մտածում՝ գոնե մեկը գտնվեր, որի հետ կարողանայի մտածումներս կիսել: Ձեռքերիս ու ոտքերիս վրա մեծ ծանրություն եմ զգում, սակայն սարսափելի մտածումներն ավելի ու ավելի էին համակում ինձ: Այն օրից սկսյալ, որ աշխատում եմ Աստծուն մոտ լինել, չար մտածումներն ավելի աներես են դարձել: Ջրի կողքով անցնելիս ձայն եմ լսում. «Ջո՛ւրը նետվիր, ամեն ինչ կվերջանա եւ կխաղաղվես»: Դանակ տեսնելիս կարծես մեկը դարձյալ մտածումներս բռնադատում է, որ կոկորդս կտրեմ: Այսպես՝ սատանան ինձ հետապնդում է գիշեր-ցերեկ: Երբ սաղմոսներ եմ լսում, կամենում եմ արտասվել եւ այնպես է թվում, թե ինձ անկարելի է ուրախ ու գոհ լինել, թե ես անձնասպան պետք է լինեմ, որ խաղաղություն գտնեմ»:

«Անցյալ տարի թոքատապով (ասթմա) էի տառապում: Խորհուրդ տվեցին դիմել մի կնոջ, որը կարող է ինձ բուժել: Մանուկ հասակում մայրս ինձ տարել էր մի բուժակի մոտ..., իսկ հիմա անձնասպանության գաղափարն է ինձ հետապնդում»:

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՏՔԵՐ

Այդ ահավոր մտքերը հաճախ կախարդության մեղքի ուղղակի հետեւանքներն են: Ինչպես տեսանք, դրանք շատ հաճախ արտահայտվում են անձնասպանության կամ սրբապղծության դիմելու ձեւով: Ոմանք, անտառի մոտով անցնելիս, անհնար է, որ չլսեն. «Գնա՛, անձնասպան եղիր, եւ ամեն ինչ վերջ կգտնի»: Նաեւ չեն կարող անցնել երկաթգծի կողքով, որովհետեւ որոշ մի ձայն իրենց փորձում է համոզել, թե գնացքի տակ նետվիր: Հաճախ սատանան այս սարսափելի գաղափարներով է լցնում ենթակայի ուղեղը, իսկ երբեմն էլ՝ հասնում իր նպատակին: Ահավոր, աներես մտքերից ձերբազատվելու համար մարդ ի վերջո անձնասպան է լինում:

ՍՐԲԱՊԻՂԾ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ոմանք իրենք են հետապնդում սրբապիղծ մտածումներ, որոնք ուղղվաած են Աստծու, Փրկչի եւ Սուրբ Հոգու դեմ: Օրինակներ չպիտի բերեմ: Չեմ կամենում գայթակղել ո՛չ ինձ, ո՛չ ձեզ, որովհետեւ սատանան հաճույքով է օգտագործում տարբեր տհաճ խոսքեր՝ դրանք ամրագրելով մարդու հիշողության մեջ: Իսկ հետո այնքան էլ դյուրին չի լինի դրանցից ձերբազատվելը: Նրանք, ովքեր տառապում են նման մտածումներից, ասում են. «Չեմ կամենում այդպես մտածել. դա իմ սրտից չի բխում»:

Սարսափելի է, երբ տհաճ մտքերն այնպես են գալիս, որ կարծեք մեկն ականջիդ շշնջացել է: Հատկանշական է, որ դրանք ավելի հաճախ են գալիս, երբ մարդ աղոթում է Աստծուն կամ Աստվածաշունչ կարդում եւ կամ եկեղեցում ուշադրությամբ Աստծու Խոսքն է ունկնդրում: Սատանան հաճախ չար մտածումներով այցելում է այդպիսի մարդկանց, եւ նրանք պարզապես ստիպված են լինում թողնել եկեղեցին, Աստծու Խոսքի ընթերցումը, դադարեցնում է աղոթքը, որպեսզի սրբապիղծ մտքերն իրենց չտանջեն: Դրանով իսկ թշնամին հասնում է իր նպատակին, քանի որ Աստծու որդիները դադարում են միմյանց, ինչպես նաեւ Տիրոջ հետ հաղորդակցվելուց: Չկամենալով Աստծու հետ շփվել՝ նրանք աստիճանաբար ավելի ու ավելի են վար իջնում եւ, ի վերջո, խաղալիք են դառնում խավար ուժերի ձեռքին:

Ահազդու եւ սրբապիղծ մտքերն անմիջապես հետեւանք են հմայողների հետ ունեցած կապի: Եթե այսպիսի մտքերը համակում են մարդուն, անսխալ կարելի է ասել, թե նրանք դիմել են բուժակների, որի հետեւանքով շղթայված են սատանայի կողմից:

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հմայողների օգնությանը դիմելուց հետո մարդկանց մեջ անհետանում է Աստծու Խոսքն ընկալելու ընդունակությունը: Վյուրթեմբերգցի մի կին, որ ժամանակին բուժակի էր դիմել, գրում է. «Մոտավորապես մեկ տարի է, որ անընդհատ աղոթում եմ, բայց՝ ապարդյուն: Շատ բան կարող եմ գրել այդ մասին, սակայն միայն մեկ բան եմ կամենում ասել. այն օրից, որ որոշեցի Աստծու Խոսքով ապրել, հաճախ գլուխս ցավում է: Սատանան սրբապիղծ մտքեր է ուղարկում, որոնք փորձում եմ ուժով վանել, բայց՝ անօգուտ: Երբ մորս հարցրի, թե ինչո՞ւ են ինձ այդպիսի մտքեր հետապնդում, պատասխանեց, որ մանուկ հասակում հաճախ ինձ բուժակի մոտ է տարել»:

Սաքսոնիայից մի այլ կին դժգոհում է. «Հաճախ հուսալքության մեջ եմ ընկնում: Անօգուտ պայքարից հոգնած՝ կորցնում եմ ապրելու ցանկությունս: Երբ հայացքս հավատքով ուղղում եմ Խաչյալ Հիսուսին, Խաչն ինձ հիշեցնում է, որ տակավին պարք ունեմ եւ դեռ մեղքերս չեմ քավել: Այն միտքը, թե Հիսուս ինձ համար է խաչվել, ավելի շատ է տանջում: Անցյալում հաճախ էի զբաղվում գուշակությամբ: Կարծում եմ՝ այդ է պատճառը, որ անեծք է թափվել զավակիս վրա եւ շատ նյարդային դարձրել նրան: Անցյալ տարի երազ տեսա: Տերը հորդորում է, որ ամբողջությամբ Իր կամքին հանձնվեմ: Ես համառորեն պատասխանեցի՝ «ոչ»: Այդ «ոչ»-ը մինչեւ այսօր տանջում է ինձ, հակառակ նրան, որ քնիս մեջ եմ ասել: Թերեւս ընկճվածությանս պատճառը նույնինքն՝ այդ «ոչ»-ն է: Զգում եմ, որ եթե Աստված ինձ օգնության չփութա, կկործանվեմ, անձնասպան կլինեմ: Պայքարելու ուժ եւ ցանկություն չունեմ, հոգնել եմ: Արդեն շատ տառապեցի»:

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Փոմերանիայից գրում են եւ խնդրում աղոթել մի կնոջ համար, որ տարիներով հալածվում է այն մտքից, թե իրեն կամենում են թունավորել: Ամեն շաբաթ դիմում է հոգեբուժարանի տնօրենին, որ իրեն հիվանդանոց պառկեցնեն: Այդ սեւեռուն գաղափարի պատճառով խեղճ կինը չի կարողանում մարդկանց մեջ մտնել: Մի անգամ, երբ այդ կնոջ հետ զրուցում էի իր տարօրինակ հիվանդության մասին, պարզվեց, որ ժամանակին, «կարմիր քամին» բուժելու համար, մի հմայողի օգնությանն է դիմել: Կինը հավատացյալ էր, Եկեղեցու անդամ, բայց դրանով հանդերձ, այդ արարքի մեջ որեւէ տգեղ բան չէր տեսնում: Շատ դժվար, նույնիսկ անկարելի էր նրան բացատրել, որ հատկապես դա է եղել իր հոգեկան խռովքի պատճառը:

Սատանայի խորամնակությունն է դա, երբ ասում են, թե այդտեղ որեւէ վատ բան չկա: Եթե մարդիկ հասկանային այս, կապաշխարեին ու Աստծուն կապավինեին, եւ սատանայի իշխանությունը կվերանար: Հենց սա արգելելու համար է սատանան ասում. «Պատճառն ուրի՛շ է»: Եվ սակայն պատճառը ճիշտ այդ է: Կարծում եմ, որ շատ մարդկանց հասկանալի կլինի, երբ կարդան այս վկայությունները եւ տեսնեն հմայողներին դիմելու հետեւանքները, երբ մարդ իրեն կապում է սատանայի շղթաներով, որոնք բնավ դյուրին չէ փշրել:

Սատանայի հետ կապվողները ծանր տառապանքներ են կրում: «Թշնամին ներխուժել է սիրտս եւ ապականել այն: Սրտիս մեջ սողոսկել է կասկածը, եւ ես զրկվել եմ անհրաժեշտ հավատքից: Հիսուս փորձեց ինձ բուժել, սակայն սատանան իր ողջ ջանքը գործադրեց, որպեսզի ինձ կործանի: Սենյակիս մեջ զգում եմ բոլոր չար ոգիների ներկայությունը, որոնք աշխատում են սպանել մարմինս ու հոգիս: Գիշերները երբեմն թվում է, թե չար ոգիներն ուզում են ինձ կանչել այնտեղ, ուր հավերժական կործանումն է: Աստված տառապանքներս տեսնելով՝ թույլ չի տալիս, որ դա պատահի: Օ՜, եթե կարողանայի տանջանքներս պատմել: Միակ ցանկությունս դժոխքից ազատվելն է: Հիշողությանս մեջ Աստծու խոսքերն են. «Ահավասիկ կացինը պատրաստ է կտրել ծառերն իրենց արմատներից: Այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի եւ կրակը նետվի»: Ես հիմա այսպիսի կրակի մեջ եմ եւ մեծագույն ցանկությունս է այնտեղից դուրս գալ»:

Կախարդությամբ զբաղվողները եթե միայն իմանային, թե ապագայում ի՜նչ սարսափելի տանջանքներ են սպասում իրենց, եւ սատանան ի՜նչ ահավոր ձեւով է ձեռք գցում իր զոհին, շատերը կկամենան այժմվանից ամեն գնով խուսափեել այդ կործանարար մեղքից:

Սարսափելի մտքեր կան Վյուրտեմբերգից ստացված նամակում, ուր կարդում ենք. «Ես ծանր փորձության ենթարկվեցի, որից ձերբազատվել չեմ կարող: Կամենում էի Աստծուց օգնություն հայցել, սակայն անսպասելիորեն շշնջացի՝ սիրելի սատանա, ազատիր՛ ինձ, օգնի՛ր ինձ: Այդ պահից սկսյալ կյանքս շղթայվեց ծանր կապանքներով, եւ ես մինչեւ հիմա դրանց ազդեցության տակ եմ: Կյանքս կործանված է: Օ՜, մութ ուժեր, սրբապիղծ մտքեր: Հակառակ թախանձանքներիս, դրանք երբեք չեն հեռանում ինձնից: Այդ մտքերը օր ու գիշեր հանգիստ չեն տալիս ինձ: Աստծու Զոհի՝ Քրիստոսի Արյունը չի՞ մաքրի եւ Սուրբ Հոգին չի՞ կենդանացնի ինձ: Աննպատակ օրեր եմ անցկացնում: Հոգիս լեցուն է անպատմելի տրտմությամբ ու ցավով: Միաժամանակ սրբապղծության ոգին, որի միջոցով հաճախ Աստծու անունն է պղծվում, միշտ հետս է: Սրտիս մեջ մութ, աղտոտ գաղափարներ են իշխում: Անկարելի է փշրել այդ ծանր կապանքները: Ես անչափորեն կամենում եմ մաքուր սիրտ ունենալ եւ ամբողջապես նվիրվել Աստծուն, հետեւել Իրեն: Ա՛յս է միակ փափագս»:

Բոլոր նրանք, ովքեր կախարդությունն ու գուշակությունը անմեղ բան են համարում, թող լա՛վ լսեն այս խոսքերը: Թող լսեն նաեւ նրանք, ովքեր մարմնական ցավից ազատվելու համար սատանային են դիմում: Սատանան սարսափելի տիրակալ է: Սկզբում իր ցանցն է գցում դյուրահավատներին, համոզում, որ դրա մեջ աստվածային ծածուկ բան կա: Չէ՞ որ այդ ժամանակ Աստծու անունն են տալիս եւ աղոթքներ մրմնջում: Հետո հեգնանքով ասում են. «Քո մեղքն աններելի է: Ավելի լավ կլինի, որ պարանը վերցնես ու կախվես»: Եթե ժամանակին սատանային եք դիմել, ապաշխարեցեք եւ ջանադրաբար աղոթեցեք, որ Աստված փշրի ձեր մեղքերի կապանքները: Փառք Տիրոջը: Նա կարող է կոտրել բոլոր շղթաները: Լսո՞ւմ ես, բոլո՛ր կապանքները:

Սակայն, սատանայի շղթաներից ձերբազատվելու միջոցների մասին խոսելուց առաջ, ծանոթանանք գուշակության, խաղաթղթով բախտ բացելու, ոգեկանչության եւ սատանայական այլ հնարքների հետ եւ տեսնենք, թե դրանց միջոցով ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք ժառանգում:

ԽԱՂԱԹՂԹՈՎ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Այս խնդրի վերաբերյալ նամակներից մի քանի օրինակներ բերենք:

«Հայրս կախարդությամբ էր զբաղվում: Ուսումնասիրել էր «Մովսեսի 6-րդ եւ 7-րդ գրքերը»: Հմայական զանազան բանաձեւեր գիտեր: Մայրս նույնպես սատանայի շղթաների մեջ էր բռնված եւ տանջանքներով մահացավ: Դրանից հետո ես վհատվեցի: Նույնիսկ արեւի լույսով եւ Աստծու ստեղծած բնության գեղեցկությամբ չէի հրճվում: Միակ փափագս մեռնելն էր: Սակայն Աստծու գթասրտությունը պահպանում էր ինձ, հակառակ դեպքում վաղուց պետք է մեռած լինեի: Այն օրերին հաճախ էի դիմում խաղաթղթով գուշակություններ անողների: Ինձ մոտ «երկնային գրություններ» էի պահում: Հետզհետե այդ մեղքի խորքերն էին մտնում: Մի քանի տարի առաջ որոշեցի Աստծուն ծառայել: Ուզեցի մեղքի ճահճից լույս աշխարհ դուրս գալ: Եվ հիմա, Քրիստոսի ժառանգորդը լինելով հանդերձ, տակավին ամբողջական հանգիստ եւ ուրախություն չունեմ: Մահվան մասին խորհելիս մի մտահոգություն է տանջում ինձ. համոզված չեմ, որ պիտի փրկվեմ: Հաճախ ինքս ինձ հալածված եւ հյուծված եմ զգում: Եկեղեցի գնալը, Աստվածաշունչ կարդալը, աղոթելն ինձ համար պարտադիր են դարձել, սակայն ներքին անհաղթահարելի պահանջներ չեն: Որքա՜ն կուզեի ամբողջական փրկություն գտնել, բայց ուժ չունեմ»:

Հստակ է. մի որոշ ուժ կա, որ կապում եւ դարձյալ կամենում է մարդուն ետ քաշել, բայց, փառք Աստծու, Հիսուս փշրում է բոլոր կապանքները:

Բեռլինի մերձակա շրջաններից մեկում բնակվող մի աղջիկ գրում է. «Պետք է խոստովանեմ, որ ինձ Աստծու կողմը քաշողը ոչ թե սերն է, այլ՝ վախը: Մարմինս սարսռում է, երբ մտածում եմ Նրա դատաստանի մասին: Երբ մի անգամ կարդացի՝ «Սարսափելի բան է Կենդանի Աստծու ձեռքն ընկնելը» (ԵԲՐ. Ժ 35), հասկացա, որ այդ ճշմարտությունն ինձ է ուղղված: Կարծում եմ, որ Աստծուն չհավատացողն ավելի լավ վիճակի մեջ է գտնվում, քան՝ ես: Մի անգամ նույնիսկ գուշակուհու դիմեցի՝ իմանալու, թե արդյոք պիտի չհիվանդանա՞մ եւ ե՞րբ կարող եմ ամբողջապես նվիրվել Փրկչին, քանի որ հոգիս հանգստություն է ուզում»:

Արդյոք սատանայի գործը չէ՞ դա: Հոգին ձգտում է Աստծուն, իսկ սատանան շշնջում է. «Գուշակի մոտ գնա եւ իմացիր, թե երբ պիտի գա ժամանակդ»: Ահա այսպես սատանան հափշտակում է Աստծուն ընծայվելու հնարավորությունը, եւ մարդու կյանքն ընկնում է դեւերի ձեռքը: Որքա՜ն խորամանկ է սատանան:

Մեկ ուրիշ նամակում կարդում ենք. «Ամուսնուս ծնողներն առաջ հաճախ այցելում էր մի հավատացյալ ընտանիքի: Անակնկալորեն այդ հանդիպումներին վերջ տրվեց: Որոշ ժամանակ անց մի պառավ սկեսրոջս սովորեցրել էր խաղաթղթով գուշակություն անել: Նա հաճախ էր կանխագուշակում իր եւ ծանոթների ապագան: Աստծու բարեգթության շնորհիվ երբ ուսանող ամուսինս, քրիստոնյա ուսանողների ընկերակցությամբ, դեպի Տերը դարձավ, սկեսուրս կարծեք խենթացավ այդ քայլից: Մեղադրում էր զավակին, որ այդ կերպ փչացնում է իր ապագան: Երբ ամուսինս չենթարկվեց նրա խիստ հրամանին եւ դուրս չեկավ հոգեւոր ընկերակցությունից, սկեսուրս սկսեց հետը վարվել որպես չար եւ անհնազանդ զավակի: Որդու խնդրանքով սկեսուրս երբեմն Աստվածաշունչ էր կարդում եւ խոստացել էր այլեւս գուշակությամբ չզբաղվել: Սակայն որոշ ժամանակ հետո, ամեն ինչ մոռացած, շարունակեց իր չարագործությունը: Իսկ հիմա ամբողջովին հեռացել է ուղիղ հավատքից եւ հանդիպումներ է ունենում ոգետեսների հետ: Մի անգամ նույնիսկ անձնասպանության փորձ կատարեց: Երբեմն մեզ հուզումնալից նամակներ է գրում, երբեմն նաեւ, առանց պատճառի, չարությամբ լեցուն գրություններ ենք ստանում: Հատկանշական է, որ վատ նամակներ ենք ստանում հատկապես այն ժամանակ, երբ Աստված առավել բարեգութ է մեր հանդեպ եւ առատապես օրհնում է մեզ: Կեսուրս թեեւ այդ մասին չի իմանում, բայց կարծեք զգում է: Մի անգամ նույնիսկ անիծեց մեզ եւ մեր զավակներին: Հետո խոսքը ետ վերցրեց: Առանց մեր գիտության, ոգետեսներից խնդրել էր գուշակել մեր ապագան, հակառակ նրան, որ ամուսինս արգելել էր: Սակայն չգիտենք՝ հիմա այդ զբաղմունքին վերջ տվել է, թե՝ ոչ»:

Տեսնո՞մ եք, թե սատանան ուր է հասցնում: Մայրը կարող է անիծել իր զավակին: Սարսափելի չէ՞: Փոխանակ ուրախանալու, որ որդին հավատացյալ աղջկա հետ ամուսնացել եւ ապաշխարել է, խենթանում է այդ քայլից:

Դժբախտաբար, առանց բացառության, բոլոր նրանք, ովքեր դիմում են խաղաթղթով գուշակողների, այլեւս հոգեկան անդորր չեն գտնում: Սաքսոնիայից մի կին գրում է. «Որոշ իմաստով վերստին ծնվեցի, բայց իսկական, ամբողջական հանգստություն չունեմ եւ համոզված չեմ, որ պիտի փրկվեմ: Անցյալում հմայողի մոտ էի գնում եւ հաճախ խաղաթղթով ապագաս գուշակել տալիս: Կարդացել եմ «Ինչպե՞ս ազատ եւ երջանիկ դառնալ» գիրքը, բայց անօգուտ: Որքան կուզեի ազատ լինել եւ այդ ուրախությունը փոխանցել ուրիշներին»:

Ի՜նչ սարսափելի է, երբ հոգին կամենում է հետեւել Հիսուսին, աղերսում է մեղքերի թողություն, բայց հանգիստ չունի: Կարծեք սատանան ասում է. «Դու կամենում ես ապաշխարել եւ Աստծու զավա՞կ դառնալ. թույլ չե՛մ տա: Ես իմ իրավունքներն ունեմ. դու ի՛նձ ես պատկանում»: Պետք է շատ աղոթել, որպեսզի փշրվեն կապանքները, եւ բացվի դեպի հոգեկան խաղաղություն տանող ճամփան: Սատանան իրեն ենթարկվածների ոչ միայն հոգիները, այլեւ մարմինները նույնպես պահում է ամուր շղթաների մեջ: Ճիշտ այդպես է ի հայտ գալիս նրա գաղտնիքը. սկզբում լեռներ է խոստանում, իսկ հետո՝ անգթորեն խաբում:

Մի խեղճ այրի գրում է. «Քսանյոթ տարի է, որ սարսափելի հիվանդությամբ եմ տառապում: Որքան գիտեմ՝ կախարդության հետեւանք է: Քսանվեց տարեկանում հիվանդացել եմ. հիմա հիսուներեք տարեկան եմ: Քսանյոթ տարի է, ինչ սատանան տանջում է մարմինս ու հոգիս: Դպրոցում շատ էի սիրում կրոնի դասերը եւ մանկությունից հակում ունեի դեպի Աստված: Շատ բանաստեղծություններ եւ աստվածաշնչական պատմություններ եմ հիշում: Հետո երկար ժամանակ սատանան ինձ տանջում էր: Ուր էլ լինեի, վախեցնում էր ու չարչարում: Այս բոլոր տարիների ընթացքում վախն ու տրտմությունը միշտ ճնշել են ինձ: Երբեմն թվում է, թե կխելագարվեմ: Միաժամանակ մարմինս եւս սարսափելի հիվանդ է: Սրբապիղծ մտածումներն ինձ տանջում են մահու չափ: Միշտ պայքարել ու պաշտպանվել եմ աստվածաշնչական ընթերցվածներով, որոնք անգիր գիտեմ: Ուրիշներից եւս թախանձագին խնդրել եմ, որ ինձ համար աղոթեն: Բայց մինչեւ հիմա ոչինչ չի օգնել: Հրաշալիորեն գիտեմ, որ ինձ կապող շղթաներից միայն Աստված կարող է փրկել: Նա ունի այդ իշխանությունը. բայց ե՞րբ պիտի լինի դա»:

Ի՜նչ ահավոր է, երբ ողջ կյանքդ սատանայի շղթաներով կապված ես անցկացնում: Մեր կյանքն այլ հունով է ընթանում, երբ վստահում ենք Աստծուն, եւ Նա դառնում է մեր բարի հովիվը: Այդ դեպքում ապրում ենք այն, ինչ ասվում է 22-րդ սաղմոսում. «Տե՛րն իմ հովիվն է, եւ ինձ ոչինչ չի պակասի: Դալար արոտավայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի ափին ինձ սնուցեց: Նա կենդանացրեց ինձ, հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով»: Սաղմոսում ասված է. «Աստված խաղաղեցնում եւ նորոգում է իմ հոգին», իսկ վերոնշյալ կնոջ նամակում կարդում ենք. «Սատանան վախեցնում ու տանջում է ինձ»: Թող լսեն բոլոր նրանք, ովքեր գուշակությամբ են զբաղվում կամ նրանց նմաններին են դիմում:

Մեկը, Մերձբալթյան երկրներից, գրում է. «Այստեղ շատերը կան, ովքեր կախարդության մեղքի մեջ են թաղված եւ չեն գիտակցում, որ դա գարշելի է Աստծու աչքին: Վերջերս զրուցում էի մի կնոջ հետ, որ իրեն ճշմարիտ հավատացյալ էր համարւոմ: Նրան կարելի էր հանդիպել ամենուր, ուր քարոզվում էր Աստծու խոսքը: Բայց, այդուհանդերձ, Աստծու աչքին բնավ առանձնահատուկ դիրք չուներ: Երբ զրուցեցինք հետը, ի հայտ եկավ, որ անցյալում հմայողների է դիմել»:

Կախարդության մեղքն ընկնում է ոչ միայն դրանով զբաղվողների, այլ նաեւ նրանց հարազատների վրա: «Զոքանչս հմայում եւ զանազան «երկնային» նամակներ էր գրում: Շատ տխուր ու սարսափելի օրեր անցկացրեց: Այդ անեծքից տառապում էին ոչ միայն ինքը, այլ նաեւ զավակը, դուստրը՝ իմ կինը, եւ ուրիշ մերձավորներ: Սոսկալի է, որ մարդիկ Աստծու մասին հստակ պատկերացում չունեն, մի տեղից մյուսն են նետվում՝ ավետարանականների երեկոներից սկսյալ մինչեւ շաբաթապահ գալստականները»:

Ի՜նչ սարսափելի անեծք: Նրանք թեպետ ամբողջ հոգով ուզում են, բայց անկարող են գտնել ճշմարտությունը: Մարդիկ կախարդությունը մեղք չեն համարում, բայց այն մթագնում ու կաշկանդում է հոգին: «Մորաքույրս զանազան մութ գործերի ստրկուհի է: Առանց օղու ու ծխախոտի չի կարողանում դիմանալ: Զավակն ու հարսը նույնպես սատանայի իշխանության տակ են գտնվում: Ինչե՜ր չի անում կախարդությունը: Եղբայրս «մագնետոպատ (մագնիսագար)» է եղել: Չգիտեմ՝ այդ բառը հստակ ի՞նչ է նշանակում, բայց երբ մի գովազդի մեջ կարդացի «Աղոթքները չեն օգնում» խոսքերը, արդեն հասկացա, քանի որ եղբայրս Աստծու մասին ոչինչ չի ուզում լսել: Դա արտահայտվում է նաեւ նրա գրած նամակներում»:

Բադեն քաղաքից ստացված մի նամակում կարդում ենք. «Դրացուհիս մեծահասակ կին է: Վաղուց է կախարդությամբ զբաղվում: Ասում են, թե հաջողվում է ապագան գուշակել: Մայրս, առանց մեծ մորիցս խորհուրդ հարցնելու, որ ճշմարիտ հավատացյալ էր եւ երբեք նման բան թույլ չէր տա, խնդրեց այդ պառավից, որ իր ապագան գուշակի: Այդ կինը, հակառակ մեծ մորս դեմ լինելուն, հաճախ էր գալիս մեր տուն: Չէի կարողանում աղոթել, որովհետեւ տունը չար ոգիներով էր լցվում: Ես կրտսերն էի: Վեց տարեկանում հիվանդացա թոքատապով: Երբ հասուն տարիքում էի, մայրս կախարդի մոտ գնաց, որպեսզի իմանա՝ պիտի ամուսնանա՞մ, թե՝ ոչ: Տասնհինգ տարեկան էի, երբ մեծ մայրս մահացավ: Նրա հետ մեկտեղ անհետացավ նաեւ աղոթքների բարի հոգին: Սատանան լրիվ ազատություն ստացավ մեր տան մեջ: Ի վերջո ինձ եւս համոզեցին գուշակի դիմել: Մտածեցի, որ այլեւս նշանակություն չունի՝ մի մեղք ավել կամ պակաս եւ գնացի: Գուշակը պատմեց անցյալս, ապագայիցս՝ որոշ հատվածներ, հետո անսպասելիորեն ընդհատեց խոսքը եւ ասաց. «Այնպիսի վիճակի մեջ եմ, որ կարծես թե մեկն աչքերիս առջեւ թուղթ է բռնում եւ այլեւս ոչ մի բան չեմ տեսնում: Ուրիշ բան չեմ կարող ասել»: Հետո համոզվեցի, որ մինչեւ ապաշխարանքիս օրը երկարող ապագան ճիշտ էր գուշակել: Հասկացա, որ մինչ այդ սատանայի շղթաների մեջ եմ եղել: Գուշակին այցելելուց մի քանի օր հետո իմացա, որ նա աստիճանից ընկել է եւ կոտրել վիզը: Սոսկալի վախ պատեց ինձ: Հաճախ այնքան էի վհատվում, որ վախենում էի խելագարվել: Թվում էր, թե հողը փախչում է ոտքերիս տակից: Մեր ընտանիքը ցրվեց. մայրս եւ եղբայրներիցս մեկն Ամերիկա մեկնեցին: Ես նույնպես մեկնեցի, բայց շուտով վերադարձա: Սարսափելի բան է կատարվում ինձ հետ: Հազիվ եմ սկսում աղոթել, անմիջապես վիճակս վատթարանում է, ջերմությունս՝ բարձրանում եւ կարծեք օդի պակաս եմ զգում: Հաճախ մահամերձ եմ դառնում: Շատ եմ վախենում այդ ահավոր հիվանդությունից, որ արագորեն ծանրանում է եւ մի վայրկյանում անհետանում: Քրոջս հետ եւս անհասկանալի բան է կատարվում: Այն վիճակի է հասել, որ քայլում է, բայց որեւէ բան չի տեսնում ու չի զգում: Մի փորձանք է գալու գլխին»:

Տեսնում եք, թե այդ մեղքը ուր է հասցնում շատ ընտանիքների եւ նրանց սերունդներին: Վախով ու հիասթափությամբ լի մեկ այլ նամակ եւս ներկայացնենք եւ ավարտենք այս նյութը: Կարծում եմ՝ բոլորի համար արդեն հստակ է, որ գուշակության, կախարդության եւ այլ միջոցներով մարդը կապի մեջ է մտնում սատանայի հետ:

«Նյարդային համակարգիս ցնցումն այնքան ծանր է, որ ինձ թվում է, թե պիտի խելագարվեմ: Մանուկ հասակում հաճախ էի հիվանդանում, եւ մայրս ինձ տանում էր հմայողների մոտ: Հետը լրջորեն խոսել եմ այդ մասին: Նա ընդունում է իր մեղքը: Միայն արտաքնապես է ավելի «ջերմ» դարձել: Տանջանքներս տեսնելով՝ իրեն հանցավոր է զգում: Լալիս է եւ աղոթում, սակայն, հազիվ ապաքինված, դարձյալ տարօրինակ անտարբերություն է ի հայտ բերում իմ հանդեպ...»:

Չեմ ուզում շարունակել նամակից մեջբերումը: Անձնասպանության փորձեր, հուսալքություն, հիպնոս եւ նյարդային համակարգի խանգարում. ա՛յս է նամակի բովանդակությունը: Կարելի է արագորեն կարդալ, բայց երբ խորհում ես, որ մարդը ծանր ապրումների մեջ է, վատ ես զգում: Մենք կարող ենք ուրախանալ մեր Փրկչով: Կարող ենք ուրախանալ, որ ապրում ենք Նրա համար եւ ծառայում ենք միայն Տիրոջը: Կարող ենք համոզվել, որ Նա լսում է մեր աղոթքները եւ որ մեր բարի Հովիվն է: Բայց չէ՞ որ կան մարդիկ, որոնց սատանան ամուր շղթայում է մռայլ խորհուրդներով եւ անձնասպանության գաղափարներով: Դրանից սիրտս շատ է ցավում: Պետք է ավելի եւ ավելի շատ աղոթել նրանց համար, ովքեր, իրենց կամքին հակառակ, ընկած են այդ շղթաների մեջ: Օինակ՝ երբ ծնողն ինքնակամ զավակին տարել է բուժակի մոտ՝ այդ կերպ իսկ սատանային հանձնելով:

Աստծու զավակնե՛ր, որ Տիրոջ ուրախությունն ու ուժն եք հանդիսանում, հիշեցե՛ք այդ խեղճ զոհերին, ովքեր շղթայված են չարի ծանր կապանքներով, բայց շատ են ուզում ազատվել դրանցից: Ձեր աղոթքներում մի՛ մոռացեք նրանց: Ձեր վրա վերցրեք այդ սուրբ պարտականությունը, աղոթե՛ք, որ Աստված նրանց Փրկիչը եւ Մխիթարիչը դառնա:

ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս խորագրի տակ ներկայացնելու ենք ոգեկանչությամբ զբաղվողներին, այսինքն՝ մեռելահարցուկներին:

Մի կին գրում է. «Քսան տարի զբաղված եմ գուշակությամբ եւ ոգեհարցությամբ: Մարդիկ, մեկը մյուսի հետեւից, դիմում էին ինձ: Կանխագուշակություններիցս շատերն իրականացան: Աղքատ էի եւ մինչեւ հիմա էլ դրամի կարոտ եմ եւ կարծում էի, որ այդ կերպ վաստակելու մեջ որեւէ վատ բան չկա: Սակայն մի անգամ մի հավատացյալ քույր այցելեց ինձ եւ խնդրեց, որ թողնեմ այդ չար, մեղավոր զբաղմունքը: Վերցրեց նաեւ այն գիրքը, որով ոգեհարցություն եւ գուշակություն էի անում: Դրանից հետո շաբաթներով չկարողացա հանգստանալ: Լաց ու կոծով սուրբ երդում տվեցի Աստծուն, որ այլեւս բնավ չպիտի կրկնեմ: Շուտով եկեղեցու անդամ դարձա: Ամուսինս դեմ էր, բայց դա ինձ չէր մտահոգում: Մահվանից առաջ մի անգամ հարցրի նրան. «Հետս եկեղեցի կգա՞ս»: Սարսափելի սրբապիղծ խոսքերով պատասխանեց: Տեղ գնաց եւ տուն վերադարձավ սոսկալի վիճակով: Կորցրել էր խոսելու ունակությունը, բայց մինչեւ վերջին վայրկյանը գիտակցությունը տեղն էր: Ծնկի եկա եւ աղոթեցի Աստծուն, որ ների նրա մեղքերը: Աղոթքս լսելով՝ ամուսինս արտասվեց եւ այդ վիճակով գնաց դեպի հավերժություն: Նրա մահվանից հետո բազմոցիս տակից հաճախ ոռնոցներ էի լսում, բայց բնավ չէի վախենում, որովհետեւ վարժվել էի Աստծուն վստահել: Ավելացնեմ նաեւ, որ գուշակությամբ եւ մեռելահարցությամբ զբաղված տարիներիս սենյակիս մեջ, գոց դռների ետեւում, հաճախ որոշ մութ կերպարանքներ էի տեսնում եւ անհասկանալի ձայներ լսում»:

Այդ կինը բողոքում է, որ մինչեւ այժմ չի ձերբազատվել սատանայի շըղթաներից: Մի քույր, որ այցելում էր նրան, հարցնում է, թե արդյոք տակավին պիղծ ուժերին կապված չէ՞: Հարկավ, նա տակավին սատանայի ազդեցության տակ է գտնվում: Ահա Սուրբ Գրքի վկայությունը. «Այդ բաներով զբաղվող ամեն ոք գարշելի է Աստծու աչքին»:

ԳԱՎԱԹ ՇՐՋԵԼԸ


Բեռլինից ստացված մի նամակում կարդում ենք գավաթ շրջելու եւ նրա հետեւանքների մասին: «Ես ու կինս ծաանոթներից լսել ենք գավաթ շրջելու մասին: Մենք գիտենք, որ ոգեկանչությունը սատանայից է եւ դրանով չզբաղվեցինք: Բայց սա մեզ համար նոր բան էր: Թղթի վրա գրված էր այբուբենը, եւ գավաթը շարժվում էր մի տառից մյուսը: Այն հարցին, թե ո՞վ է մեզ հետ խոսողը, մեռած հոգիների անուններ էին տրվում: Եվ այդպես՝ սենյակում ներկա եղողներն իրենց հարցերի պատասխաններն ստացան:

Երկուսս էլ կամեցանք իմանալ, թե ինչ թաքուն ուժ կա այդտեղ: Մենք արդեն Աստծուն գտել էինք եւ չար ոգիներից պաշտպանված էինք զգում: Այո՛, փնտրում էինք Նրան՝ մեր Տիրոջը, բայց ոչ մաքուր սրտով: Այլապես մեղքի մեջ չպիտի ընկնեինք: Մենք գիտակցեցինք, որ մեղավոր ենք եւ տակավին չենք ապաշխարել, թեպետ ամբողջ սրտով փնտրում էինք Աստծուն:

Հավատում էինք, որ Աստված գիտի մեր փնտրտուքների մասին եւ այստեղ, այս բնակարանում մեզ պիտի հայտնվի ու լսի, թե ինչ ուժի միջոցով է շարժվում գավաթը: Բայց մեզ վիճակված էր այդ մասին ուրիշ միջոցով իմանալ, քան կարծում էինք: Մի անգամ ես ու կինս փորձեցինք միայնակ հարցում անել: Կատաղի պայքար սկսվեց: Մենք մերժում էինք եկած բոլոր ոգիներին եւ ուզում էինք հասկանալ», թե ո՞վ է մեզ հետ խոսողը: Այն ժամանակ գավաթն սկսեց ահավոր արագությամբ շրջվել եւ շրջաններ գործել, այնպես, որ ցրվում եւ դարձյալ հավաքում էր տառերը: Մենք հրաժարվեցինք խավար ուժերի հետ խոսել եւ ճշմարտության ոգին կանչեցինք: Իսկ եթե դա սատանայի գործն է, ասացինք, ավելի լավ է, որ չպատասխանի: Ի վերջո կարդացինք. «Աստծու պատգամաբերը»:

Ոգին սկսեց պատասխանել նույնիսկ մեր չտված հարցերին: Քանի տակավին մեր մտքերում կասկածում էինք, թե իսկապե՞ս ոգին Տիրոջ դեսպանն է, մեզ ասաց. «Անվախորեն հավատացեք, Աստված է ինձ ուղարկել: Կամենում է Ինքը ձեզ հայտնել, որովհետեւ ճշմարտորեն Իրեն եք փնտրում. Աստված ում ինչպես կամենում, այնպես էլ հայտնվում է»:

Հետո ոգին ասել էր, որ իրենք Աստծու գործի վկաները պիտի լինեն եւ պետք է վկայեն իր գալստյան մասին, քանի դեռ չի հասել մեծ դատաստանի օրը: Նրանք հավատացել էին, որ Հիսուս է խոսողը: Օրեր ու շաբաթներ շարունակ այս խոսքերի ազդեցության տակ էին գտնվում: Երեք տարեկան աղջնակի ոգին իրեն ներկայացրել էր իբր— Աստծու պատգամաբեր եւ խոստացել էր նրանց իր մոտ վերցնել միայն այն ժամանակ, երբ իրենց վկայություններն ավարտեն: Ամուսիններն այնպես էին ընկել այդ ոգու ազդեցության տակ, որ նույնիսկ մոռանում էին ուտել կամ զավակներին կերակրել: Վիճակը գնալով վատթարանում էր: Ոգին ստիպում էր կնոջը սարսափելի հիմարություններ խոսել: Նրան այնպես էր թվում, թե իր սրտից են բխում այդ խոսքերը: Մի անգամ այդ տանջանքների մեջ ասաց. «Եթե սրտիս մեջ որեւէ տգեղ բան գտնեք՝ դա սատանան է դրել, ես այդպիսին չե՛մ»: Այս խոսքերից հետո գավաթը հանգստացավ...:

Ի վերջո նրանք հասկացան, որ սատանայի հետ են կապի մեջ եղել եւ ի սկզբանե խաբված են: Հրաժարվեցին այդ բոլորից: Հետաքրքրական է, որ այդ պահից սկսյալ բնակարանը լցվեց որոշ տհաճ հոտերով եւ ստիպված եղան փոխել իրենց ճերմակեղենը: Հաջորդ օրը նույնպես փոխեցին բոլոր սպասքները, որովհետեւ անկարելի էր դրանք գործածել: Մի քանի օր հետո կինը դիվահարվեց: Սարսափելիորեն վախեցած՝ նա բացականչեց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Այդ խոսքից դեւերն իսկույն անհետացան: Հիմա ամուսիններն ասում են, որ ազատվել են սատանայից: Ահա թե որքան «անմեղ» զբաղմունք է գավաթ շրջելը:

Ոգեհարցությամբ զբաղվողներին սարսափելի բաներ են պատահում: Մի երիտասարդ բուժքույր գրում է. «Մի անգամ խնամում էի երիտասարդի, որ երկար ժամանակ ոգեհարցությամբ էր զբաղվել: Երեկոյան, նրա սնարի մոտ նստած, Աստծու խոսքն էի կարդում: Ողջ գիշեր այնտեղ մնացի, չգնացի քնելու: Անսպասելիորեն հիվանդի անկողնուց կրակի բոցեր ելան: Հետո վառվածի հոտ զգացի եւ տեսա, որ ինչ-որ կերպարանք մարեց կրակը: Այդ պահին ես Աստծուն էի աղոթում: Հաջորդ օրը, Տիրոջից լռությամբ օգնություն խնդրելուց զատ, ուրիշ ոչինչ չկարողացա անել»:

ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մեկն ինձ պատմեց մի շարք մարդկանց մասին, ովքեր անցյալում ոգեհարցությամբ ու մագնիսականությամբ էին զբաղվել եւ հետո հրաժարվել դրանցից: Մեկը գրում է. «Ոգեհարցությամբ զբաղվելուց զատ՝ ծանոթս նվիրվեց նաեւ մագնիսականության: Դրա դիմաց ոգիները մեծ եկամուտներ էին խոստանում: Ոգեհմաների շրջապատում իր կինը միջնորդ դարձավ: Երբ այդ մարդու մոտ հիվանդ էր գալիս, կողմնորոշվելու համար, թե ինչ պետք է անի, մտնում էր կողքի սենյակը եւ կնոջ միջոցով ոգուց իմանում պատասխանը: Այս վերջին «ախտորոշումն» անում էր ու ասում՝ կարող է բուժվել, թե՝ ոչ:

Այդ մարդն ասում էր, որ հիպնոսն իր մագնիսական դաշտի միջոցով կարող է օրական ընդունել 3-4 հիվանդ եւ թե վերջին եկողն ավելի քիչ ազդեցություն է կրում, քան՝ առաջինը: Նրա ուժը գնալով պակասում է: Ավելի շատ հիվանդներ սպասարկելու համար պետք է հոգիներից ուժ ստանար: Ուստի օրական ընդունում էր այնքան հիվանդ, որքան կամենար: Երբեք մագնիսկան ուժի պակաս չի զգացել, որովհետեւ իր «ղեկավարը» տալիս էր այնքան, որքան նա ուզում էր:

Երբ կնոջս հետ այցելեցինք այդ ընտանիքին եւ իրենց հետ միասին աղոթեցինք Աստծուն, այդ կինը նույնպես ջերմեռանդորեն մասնակցեց: Այդ օրից սկսյալ իր ամուսինն այլեւս հաճախորդներ չունեցավ: Դրանից հետո այդ կինը հեռացավ ոգեհարցուկների շրջանից: Դա տեւեց 14 օր: Կինը մեզ հրավիրեց ոգեհմաների իրենց հավաքին, որպեսզի բացատրենք կատարվող երեւույթի էությունը: Փառք Աստծու, որ ընկերակցության բոլոր անդամները հրաժարվեցին իրենց զբաղմունքից: Խումբը ցրվեց, եւ նրանցից շատերն սկսեցին փրկություն փնտրել մեր հոգեւոր հավաքների մեջ»:

Այս պատմությունից հստակ է դառնում, թե որքան վտանգավոր է հիպնոսով եւ մագնիսականությամբ զբաղվելը:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՓՈՐՁԵՐ


Երբեմն խավար ուժերի մասին դասախոսություններ լսելիս կարելի է ընկնել դրանց ազդեցության տակ: Այդ մասին կարդում ենք հետեւյալ նամակում. «Անցյալ տարի մեր քաղաքում մի շարք դասախոսություններ կարդացինք հիպնոսության եւ ոգեկանչության մասին: Առաջին դասը, որին մասնակցում էի նաեւ ես, նվիրված էր հիպնոսին: Դահլիճ մտնելիս տվեցի այցետոմսս: «Փորձն» սկսելով՝ հմայողը խնդրեց, որ ներկաներն իրեն նայեն եւ իրենց ողջ կամքն իրեն տան, ձեռքը ձեռքին դնեն եւ հետեւեն, թե ինչ պիտի ասի: Որոշ ժամանակ անց ներկաներն ի վիճակի չէին ձեռքներն իրարից անջատել: Հմայողը հասավ իր նպատակին. կապը հաստատվեց: Հետո յոթ մարդու հրավիրեց եւ շարունակեց «փորձը»: Նրանց հրամայեց, որ քնեն, որից հետո անթույլատրելի բաներ արեց: Ես զարմանքից այրվում էի՝ կատարվածը տեսնելով: Որոշեցի տուն վերադառնալիս ամեն ինչ պատմել երեք քույրերիս, ովքեր ճշմարիտ հավատացյալներ էին: Քույրերս պնդեցին, որ դա սատանայի գործն է, բայց ես չհավատացի: Պառկեցի, սակայն երկար ժամանակ չկարողացա քնել: Հանկարծ սենյակիս դռները ցնցվեցին, կարծես երկրաշարժ լիներ: «Ի՞նչ է սա»,- բղավոցով հարցրեցի կողքի սենյակում պառկած քրոջս: Նա պատասխանեց, որ չգիտի: Պատերն ավելի ու ավելի ուժեղ էին ցնցվում: Վեր թռա մահճակալիցս եւ լույսը վառեցի: Բայց դրանով վիճակս չփոխվեց: Այնքան սոսկալի էր, որ խնդրեցի քրոջս՝ Աստծուն աղոթել: Քույրս կատարեց խնդրանքս, բայց ամեն ինչ մնում էր նույնը: Հետո բացեց Աստվածաշունչը եւ կարդաց այն հատվածը, որ Տերն Ինքն էր ցույց տվել: Կարդացածից ոչինչ չհասկացա, որովհետեւ այդ ողջ ընթացքում կարծես մեկը դրսից մոլեգնում էր: Հետո քույրս մեկ անգամ էլ կարդաց այն հատվածը, ուր գրված էր. «Զգույշ եղեք, որ որեւէ մեկը ձեր միտքը չգրավի իմաստասիրական տեսություններով եւ խաբեբայական խոսքերով» (ԿՈՂ. Բ 8): Սա լսելով՝ անմիջապես հասկացա, որ սատանան խաբել էր ինձ: Մարմինս սարսուռ պատեց: Ես սատանայի դեմ էի պայքարում: Այդ պահին լսեցի քրոջս ձայնը. «Հանուն Հիսուս Քրիստոսի, սատանա՛, հրամայում եմ՝ հեռացի՛ր իրենից»: Եվ խավարի ուժն անհետացավ: Հետո քրոջս եւ հավատացյալ մի մարդու հետ աղոթեցինք Աստծուն, որ օգնի ինձ՝ ազատվել սատանայի շղթաներից: Հաջորդ երեկո, երբ միասին նստած էինք իմ սենյակում, սատանան ամպրոպի տեսքով ներս մտավ, բռնեց ինձ եւ սկսեց ցնցել: Հավատացյալ ընկերս, հանուն Հիսուսի թափած արյան, դարձյալ աղոթքով արգելեց սատանային: Աստված լսեց մեր աղոթքները, եւ հիմա ազատ եմ սատանայի իշխանությունից»:

Հավատացյալներց շատերը կարծում են, թե ամեն ինչին պետք է մասնակից լինեն, ամեն ինչ պետք է փորձեն, ամեն ինչ իմանան: Այս պատմությունից ի հայտ է գալիս, թե նման մարդկանց ինչ մեծ վտանգ կարող է սպառնալ: «Մատդ տուր սատանային, եւ նա ամբողջ ձեռքդ կվերցնի»,- ասում է ժողովրդական ասացվածքը: Դա փաստ է: Սակայն սատանան ձեռքով չի բավարարվում: Նա, մարմնի հետ, ուզում է նաեւ հոգին: Ուստի մենք պետք է զգուշանանք այլազան դասախոսություններից ու փորձերից: Իմացի՛ր, որ դժոխքի կրակը շուտ է այրում եւ շատ արագ կարող ես ընկնել սատանայի շղթաների մեջ:

ՀԻՊՆՈՍ (ՔՆԵԱԾՈՒԹՅՈՒՆ)


Սաքսոնիայից ստացված մի նամակից տեղեկանում ենք, որ հիպնոսը բնավ անմեղ զբաղմունք չէ: «Պատերազմի ժամանակ, սովի պատճառով, հիվանդացա նյարդային հիվանդությամբ: Ուժասպառ եղա եւ նույնիսկ չէի կարող ծառայությունս շարունակել: Բազմաթիվ բժիշկների դիմեցի, հետեւեցի նրանց խորհուրդներին, բայց՝ ապարդյուն: Հետո թելադրեցին, որ դիմեմ մի հայտնի հոգեբույժի: Ես չհետաքրքրվեցի նրա բուժման մեթոդներով: Բժիշկը տարեց, հաճելի արտաքինով, խելացի մարդ թվաց, որ լավ էր հասկանում տառապանքներս:

Առաջին օրը մոտեցավ մահճակալիս եւ խնդրեց, որ իր աչքերի մեջ նայեմ: Հետո բարձրացրեց աջ ձեռքս եւ սկսեց ներշնչել. «Հիմա դու ինձ կնայես եւ հանգստություն կիջնի վրադ: Դու շատ լուռ եւ հոգնած ես: Երբ ձեռքս ճակատիդ դնեմ, կքնես: Ամեն ինչ կավարտվի, եւ դու քեզ շատ առողջ եւ ուժեղ կզգաս: Կուզես ձեռքդ ետ քաշել, բայց չես կարողանա: Դու խորունկ քնի մեջ ես...»: Ես կամենում էի ծիծաղել, որովհետեւ քնած էի եւ բնավ էլ լավ չէի զգում, ձեռքս էլ ցանկացածս ժամանակ կարող էի ետ քաշել:

Այդ օրից, երբ բժիշկն սկսեց փորձել ինձ քնեցնել, չար ոգին ու սարսափելի երազներն ամեն առավոտ՝ ժամը չորսին, ինձ սկսեցին տանջել եւ հանգիստ չէին տալիս: Մի անգամ՝ առավոտյան, երբ արթնացա, այնպիսի վախ համակեց ինձ, որ կարծես ոգիները միացել էին եւ իմ դեմ դուրս եկել, թեպետ ես անկողնու մեջ մենակ էի: Բժիշկը բացատրեց նրանով, որ հիպնոսի պատճառով հիվանդությանս ճգնաժամային պահն սկսել է եւ շուտով կանցնի: Ըստ իրեն՝ մյուս հիվանդներն այդպես չեն տառապում: Բացատրությունն ինձ չգոհացրեց: Յուրաքանաչյուր նոր օր սարսափով էի դիմավորում եւ աղոթում էի Աստծուն, որ ինձ լուսավորի՝ իմանալու համար, թե այս բոլորն ի՞նչ են նշանակում եւ ի՞նչ պիտի պատահի ինձ հետ: Ես խոստացա ամբողջությամբ Իր տրամադրության տակ լինել, միայն թե պաշտպանի ինձ ամեն տեսակ չարիքից: Հիպնոսի ամեն փորձից առաջ ջանադրաբար մաղթում էի, որ Տերը բարեգութ լինի իմ հանդեպ: Նաեւ ահավոր երազների ժամանակ էի կանչում. «Հիսուս, օգնի՛ր ինձ»: Այդ խոսքերից չար ոգիներն անհետանում էին: Աստված լսեց աղոթքներս եւ շուտով հետեւյալ պատասխանն ուղարկեց. «Դու խոստովանել ես մեղքերդ եւ կամենում ես Տիրոջը ծառայել: Հիմա մեկը փորձում է քեզ իր կողմը դարձնել եւ իշխել: Աստված դա չի ուզում եւ թոյլ պիտի չտա: Բայց վախի միջոցով ցույց կտա, թե ի՛նչ վիճակի մեջ կընկնես, եթե չդադարեցնես հիպնոսը»:

Աստծուց շնորհակալ եմ այս պատասխանի համար: Հակառակ թուլությանս՝ բժշկին խոստովանեցի, որ հավատքիս տեսանկյունով կարող եմ բացատրել հիպնոսի վատ հետեւանքները: Նա լսեց ինձ, ժպտաց, որովհետեւ չէր հասկանում, թե ի՛նչ եմ ուզում ասել: Փորձում էր համոզել, թե դրա մեջ որեւէ վատ բան չկա: Բայց հասկացա, որ փորձում էր խաբել եւ որոշեցի հեռանալ հիվանդանոցից»:

Աստված ազատությունը չի տվել, որ մենք այն նվիրենք մեկ ուրիշի, ում նույնիսկ չենք ճանաչում եւ չգիտենք էլ, թե ինչպե՞ս եւ ո՞ւմ համար պիտի օգտագործի նա այդ իշխանությունը: Աստծու զավակներն իրենց կամքն ու գիտակցությունը պետք է Արարչին նվիրաբերեն եւ միայն Նրան վստահեն:

Ոգեհարցության եւ նրա հետեւանքների մասին կարելի է կարդալ նաեւ Շառլոթենբերգից ստացված հետեւյալ նամակում. «Պարոն Իքսն այն եզրակացության է եկել, որ տարիներ շարունակ չար ոգին խաբել է իրեն: Ընտանիքի համար հետեւանքները սարսափելի եղան: Կինն անհասկանալի հիվանդությունից կանխահասորեն մահացավ: Նրա մարմինը ծածկված էր կարմիր բծերով, որոնք ցավ էին պատճառում: Որեւէ մեկը չկարողացավ նրան օգնել: Այդ հիվանդությամբ էր տառապում նաեւ մի պարոն, որ կամենում էր ոգեհարցությունն ուսումնասիրել եւ այդ մասին դասախոսություն կարդալ:

Մի ուրիշ տիկին եւս տառապում էր հիշյալ հիվանդությամբ, եւ ես իրեն հարցրեցի, թե արդյոք կախարդությամբ չի՞ զբաղվել: Խոստովանեց, որ իրոք զբաղվել է: Անհապաղ նրա սենյակում փնտրեցի, գտա եւ այրեցի այդ մասին բոլոր գրքերը: Իսկ աղոթքներից հետո կարծես հիվանդը կենդանացավ, թեթեւացավ եւ հաջորդ օրը ելավ անկողնուց»:

Հատկանշական է նաեւ, որ ոգեհարցությամբ զբաղվողները չեն կարող լսել Աստծու խոսքը. կա՛մ քնում են, կա՛մ հորանջելով խանգարում են մյուսներին: Դիվահարների մեջ դեւերն իրենց հայտնում են՝ զանազան վայրենի ձայներ հաներով, մարմնի մասերը տենդագին քաշքշելով: Մի անգամ երիտասարդ աղջիկը, նման պահին ջղաձիգ դառնալով, մի քանի ժամ կորցրեց խոսելու ունակությունը:

Գուշակներ կան, որ կարող են մեռելահարցուկի միջոցով բոլոր հարցերին պատասխանել: Բեռլինում ապրող մի գուշակուհի դռանը ցուցանակ էր կախել, որի վրա կանչվող ոգիների համար գնացուցակ էր գրված: Եվ Աստծու զավակները, այդպիսիների հետ շփվելով, դիվոտում են: Դա արտահայտվում է սառը, անկենդան հայացքով, հավատացյալների հանդեպ արհամարհանքով, նույնիսկ՝ ծեծելով:

Այս բոլոր պատմությունները վկայում են ու հաստատում, թե որքան ահավոր կարող են լինել ոգեկանչությամբ զբաղվելու հետեւանքները:

Որ սատանան գիտի եւ կարող է հրեշտակի կերպարանք առնել, դա մեզ կարող է ցույց տալ հետեւյալ նամակը, ուր պատմվում է ոգեկանչների հավաքների մասին, երբ, իբրեւ թե, հայտնվում են Պողոս Առաքյալի եւ Լյութերի ոգիները: Սարսափելին այն է, որ հավաքվածները կարծում են, թե նման պահերին գործ ունեն միմիայն Հիսուսի հետ: Նրանք համոզված են, որ ամեն ինչ անողն Աստված է: Ի՞նչ է լինում արդյունքում: Չ՞է որ մեռելահարցությունն արգելվում է Աստծու կողմից: Իրականում որեւէ մեկը չի իմանում, թե ո՞ւմ ոգին պիտի հայտնվի:

«...Հակառակ մի քանի ժամ տեւած «աղոթքների», ու երգերի, որեւէ ոգի չէր գալիս: Բոլորը պարտավոր են սպասել, որպեսզի տեսնեն, թե ինչ պիտի կատարվի: Ներկաները պետք է «հավատացյալ» լինեն: Կասկածողներին արգելվում է ներս մտնել: Ոգեմիջնորդը յոթանասունամյա կին էր: Սովորական կյանքով ապրող, պարզ խոսող մի կին: Ես զարմանում էի, թե ոգու թելադրած բարդ նախադասություններն ինչպե՞ս է գրում: «Հանուն Աստծու՝ ձեր Փրկչի եւ ձեզ քավություն տվողի, ձեր մոտ է գալիս իմ, ձեր եղբայրը եղող Պողոսի ոգին: Լսո՞ւմ եք: Այստեղ հոգիներ կան, որոնք ճիշտ պատկերացումներ չունեն: Զգուշացե՛ք, որ ձեր սխալ տեսակետների պատճառով չմոլորվեք: Սիրելի՛ հոգիներ, մոտ եղեք Հիսուսի Հորը, թե որ սարսափի մեջ ընկնեք, որովհետեւ սիրելի եք: Որքան ժամանակ տակավինշողա երջանկության արեւը, բարի ենք ու բավարարված, եւ Քրիստոսից գոհ. բայց հազիվ հույսերը սկսում են խարխլվել եւ նեղության պահին մեր ընկերն օգնության չի հասնում, սկսում ենք կասկածել ու վախենալ մի բանից: Ուստի, սիրելիներս, եթե ձեր շուրջը երբեմն սեւ ամպեր կուտակվեն, դուք պետք է ուժեղ լինեք Հիսուսի Հորով եւ համարձակորեն դիմավորեք արեւը: Աստված ձեզ հետ: Ցտեսություն»:

Պողոս Առաքյալը կարո՞ղ է այսպես խոսել: Ով ընդունակ է քիչ թե շատ Աստվածաշունչ Մատյանի համաձայն մտածել, կհասկանա, որ դա պարզապես կոպիտ խաբեություն է: Ինչո՞ւ է սատանան իրեն իբրեւ լույսի հրեշտակ ներկայացնում եւ խոսում Պողոս Առաքյալի անունով: Ամեն ինչ շատ հստակ է: Այդ ձեւով հոգիները, որոնք ջերմեռանդորեն Կենդանի Աստծուն են փնտրում, կտրվում են ճշմարիտ քրիստոնեական կյանքից եւ Աստծու խոսքի պարզ ու շիտակ ընթերցումից: Արդեն 15 տարի է, ինչ այդ ոգեկանչները հավաքվում են: Այդ ողջ ընթացքում որքա՜ն բարի գործ կարող էին կատարել, եթե ուղիղ ճանապարհի վրա լինեին եւ իրենց կյանքն Աստծուն ծառայելուն նվիրեին: Սատանայի կեղծիքի պատճառով նրանք հեռացել են ճշմարտությունից:

ԱՍՏՎԱԾԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ


Ոգեկանչների նման՝ սատանան մոլորեցնում է նաեւ, այսպես կոչված, լորպերականներին, ովքեր ասում են, թե լսում են հրեշտակների ձայները: Վերջիններս իրենց հայրը համարվող Լորպերի գիրքն ավելի բարձր են գնահատում, քան՝ «Ավետարանի պարապ էջերը»:

Մի հավատացյալ գրում է. «Սատանան գտնում է նաեւ այնպիսիներին, ովքեր մտովի խոստանում են Տիրոջը հաճելի ձեւով ապրել: Նա այդպիսիներին է ներկայացնում աստվածիմացության շինծու տեսությունը: Ավելին՝ այդ փնտրողներին, իրենց ծանր ու անձնազոհ պայքարի համար, երբեմն պարգեւում է «գերբնական երջանիկ» պահեր: Աստվածիմացության գերագույն նպատակն ազատությունը կամ ազատագրումն է: «Գաղտնի պատմությունը» (Իմաստության գիրք) եւ Լորպերի գործերն այդ մարդկանց Ավետարանի հանդեպ դարձնում են կույր ու անտարբեր:

Ինձ հետ էլ այդպես պատահեց: Մի անգամ պատահաբար ծանոթացա ոգեմիջնորդության տեսությանը: Համապատասխան գրականության օգնությամբ կապ հաստատեցի պայծառատեսների, մեկնողների, ոգեկանչների հետ: Սկզբում սատանան ինձ այն համոզմունքին բերեց, թե ես զանազան հայտարարություններ պետք է գրեմ: Այսինքն՝ ես ձեռքս երկարեցի, իսկ նա հափշտակեց մաեւ մարմինս: Սատանան շողոմ խոսքերով ինձ համոզեց, որ առաջնորդ դառնամ: Դեւերն իշխեցին ոչ միայն լեզվիս, այլ նաեւ մարմնիս վրա: Ի վերջո այն վիճակին հասա, որ ինձ հոգեբուժարան տարան: Նրանցից ձերբազատվելու ուժ չունեի, եւ որեւէ ոգեհարցուկ այլեւս չէր կարող ինձ օգնել: Եվ եկավ ամենասարսափելի պահը. սրտիս մեջ զգացի սատանայի ներկայությունը: Ես, ճիշտ նրա պես, ծաղրում էի մերձավորներիս եւ Հիսուսին: Դժոխային տանջանքներ սկսեցին:

Դեւերն ավելի ու ավելի էին տանջում ինձ: Այդ տառապանքներից նաեւ մարմինս վնասվեց...: Ինձ հոգեբուժարանից դուրս հանեցին: Դրանից հետո առողջությունս լիովին քայքայվեց եւ հայտնվեցի անելանելի վիճակի մեջ: Երկինքն ինձ համար փակ էր: Սատանան «իմաստուն» խորհուրդ տվեց. անձնասպան լինել: Բայց վախենում էի, որովհետեւ, հակառակ ամենօրյա տառապանքներիս, սիրում էի կյանքը:

Բայց փառք Աստծու, որ Նրա բազուկը միշտ զորավոր է՝ փրկելու համար: Աստված ինձ ուրիշ ապրելակերպ մատնանշեց: Ես հավատացյալների ընկերակցության անդամ դարձա, Տիրոջ գոտեպնդող խոսքերը լսեցի: Սակայն երբ մտածում էի, որ Աստված նախկին մեղքերս գիտի, ինչ-որ վախ հալածում էր ինձ: Հակառակ դրան՝ սրտիս մեջ հետզհետե ավելի էր դրոշմվում Հիսուսի անունը: Ի վերջո ես հաստատապես հավատացի: Անսպասելի եւ աննկարագրելի ուրախություն էր դա: Ուզում էի միմիայն Հիսուսին ծառայել: Հիմա համոզված կարող եմ ասել՝ Նա կենդանի է: Շուտով Աստծու Հոգին ապաքինեց մարմինս եւ հալածեց բոլոր դեւերը: Հիսուսի Արյունն ու Նրա Հոգին ինձ ազատեցին դեւերի զորությունից, որոնց դեմ երկար եւ ապարդյուն պայքար մղեցի: Հյուծված մարմինս մի քանի օրվա մեջ ապաքինվեց, թուլությունս նահանջեց, եւ ես առողջացա: Կարծեք սիրտս պայթում է, երբ մտածում եմ մեռելահարցուկների, ոգեկանչների, աստվածիմացների, ոգեմիջնորդների, հիպնոսով զբաղվողների եւ մյուսների մասին, ովքեր իրենց փրկությունը Քրիստոսից չեն ակնկալում: Ի՞նչ է լինելու նրանց վերջը:

Նույնիսկ հիմա երբեմն սատանան փորձում է ինձ գայթակղեցնել, եւ չար ոգիները հաճախ հարձակվում են վրաս: Բայց նրանք անզոր են, քանի որ ես Քրիստոսի Արյամբ եմ փրկվե: Շարունակությունը >>>

>>>  

 
     
 

 


 


 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ