Լուսաւորչի կանթեղն անմար է, որովհետեւ իւղն անոր մէջ
անպակաս է...
Իւղը աստուածային շնորհին եւ իւղը հայ ժողովուրդի հաւատարմութեան մշտադալար ձիթենիին
:
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    Քեզ համար (մաս II )  


 

 
       


ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ

Մաս I >>>

ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

ստծու կամքն իմանալու համար հրեաները նշաններ էին պահանջում: Օսեեի մարգարեության 4.12 համարում ասվում է. «Իմ ժողովուրդն իր փայտին հարցնում է եւ իր ցուպը պատասխան է տալիս»: Դա կատարվում էր այսպես. ցուպը գետնին էին նետում եւ վայր ընկած դիրքից եզրակացություններ անում: Սա նմանվում է խաղաթղթերով գուշակությանը եւ կամ կարող է համեմատվել դրամ նետելու հետ, երբ որոշիչը լինում է այն, թե որ կողմի վրա է ընկնում դրամը: Նույնն է նաեւ սրճի գավաթով գուշակությունը, ինչին հանդիպում ենք ոչ միայն Եգիպտոսում, Հովսեփի ժամանակ (Ծննդոց 44.5), այլ նաեւ մեր օրերում: Հիշենք Ամանորի նախօրյակին եւ ուրիշ առիթներով կատարվող գուշակությունները:

Հին ժամանակներում բավականին լավ էր հաջողվում տնային հոգիներին հարցում անելը, սակայն մեզ հայտնի չէ, թե ինչպե՞ս էր դա կատարվում: Այսօր որոշ հավատացյալներ գուշակության համար Աստվածաշունչ Մատյան են օգտագործում: Նրանք նախ որոշում են, թե աջ կամ ձախ էջի որ համարը կարող է տալ իրենց հուզող հարցի պատասխանը, հետո բաց են անում Աստվածաշնչի համապատասխան հատվածը եւ փորձում գուշակել Աստծու կամքը:

Հետագայում ապագան կանխագուշակելու համար սկսեցին հետեւել ու քննել նաեւ այլ երեւույթներ: Առաջին հերթին դրանք արեւի, լուսնի եւ աստղերի խավարումներն էին: Կարեւորություն էին տալիս ամպրոպին ու կայծակին՝ հատկապես երբ երկինքը պարզ էր: Գուշակների կարծիքով ամպերի ձեւը նույնպես իմաստ ու նշանակություն ունի: Այսօր եւս աստղագուշակությունը շատ տարածված է: Շատերն աստղերի դիրքով են գուշակություններ կատարում, ինչպես նաեւ կազմում բախտացույցներ: Կարծեք թե այս ցուցակների միջոցով կարելի է իմանալ բարի կամ չար օրերի մասին, որոնցից պետք է զգուշանալ: Ուսյալ մարդկանց մեջ եւս կարելի է հանդիպել այնպիսիներին, ովքեր, օրինակ, ուրբաթ եւ երկուշաբթի օրերին խուսափում են որեւէ գործ սկսել: Նրանց համոզմամբ դժբախտություն բերող օրեր են դրանք: Եւ հակառակը, երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին սկսած աշխատանքն իբր թե լավ է ընթանում:

Անցյալում թռչունները համարվում էին Աստծու պատգամաբերները, քանի որ թռչում էին երկրի ու երկնքի միջեւ: Նրանց թռիչքով ու ճիչերով նույնպես գուշակություններ էին անում: Երբ տակավին մարդիկ զոհ էին մատուցում չաստվածներին, ուշադրություն էին դարձնում, թե կրակի մեջ ի՞նչ գույն եւ ի՞նչ ձեւ են ստանում թռչունի արյունն ու լյարդը, կամ, այրվելուց հետո, ի՞նչ տեսք ունի մոխիրը: Այս ամենին կարեւորություն էր տրվում: Նույնիսկ մեկի հետ անսպասելի հանդիպումը եւ փռշտոցը որոշ նշաններ էին համարվում: Նապոլեունի եւ Վոլտերի մասին պատմում են, թե նրանք վախենում էին մի շարք թռչունների կռնչոցից:

Եթե հիմա մեզ հարց տանք, թե արդյոք ազա՞տ ենք նման զանազան սնոտի երեւույթներից, հավանաբար կխոստովանենք, որ տակավին ապրում ենք սնոտիապաշտության ու այլեւայլ խորհրդանշանների դարում, եւ սատանան ու սատանայություններն իրոք ամուր հիմքեր ունեն նաեւ մեր օրերում: Ահա մի քանի օրինակ: Ցայսօր մարդիկ վախենում են բուի կռնչոցից՝ կարծելով, թե դա մահվան կամ դժբախտության նշան է: Որսորդը կամ ճամփորդը, երբ տանից դուրս գալիս առաջինը տարեց կնոջ են հանդիպում, օրը համարում են անհաջող, մինչ տղամարդու հանդիպելը նկատվում է հաջողության նշան: Եթե նապաստակ կամ կատու, մանավանդ սեւ, կտրում է ճանապարհը, դա եւս որոշ բան է նշանակում, իսկ եթե զրուցակիցդ փռշտա, ուրեմն ասվածը ճիշտ է:

Շատ տարածված է նաեւ երազների մեկնությունը: Այս պարագային զգույշ պետք է լինել, քանի որ կարող է նաեւ հայտնություն լինել, երբ Աստված Ինքն է որեւէ բան հաղորդում մարդուն: Այդ մասին Աստվածաշունչ Մատյանում մի շարք օրինակներ կան: Հովսեփը բանտում մեկնեց մատռվակի ու հացթուխի երազները: մեկնեց նաեւ փարավոնի երազները յոթը պարարտ եւ յոթը նիհար կովերի մասին: Իսկ Դանիելը մեկնեց Նաբուգոդոնոսոր արքայի երզները: Երբեմն Աստված երազների միջոցով կամենում է պատվիրաններ տալ, կամ որեւէ բան հաղորդել: Սակյն կարող են լինել նաեւ երազներ, որոնց իմաստը մեզ հյտնի չէ: Այստեղ օգնության են շտապում գուշակները: Քիչ մարդկանց կերլի է հանդիպել, որոնք երազահան չեն տեսել: Կարելի է ասել, որ հազվադեպ մարդիկ կան, ովքեր չեն կարդացել այդ գրքերը, որոնց հեղինակներն, առանց բացառության, մեկնում են բոլոր երազները:

Անցյալում երազները համարվում էին Աստծու կանքն իմանալու ամենաապահով միջոցը: Դրա համար էլ մարդիկ ցանկանում էին երազ տեսնել:: Օրինակ՝ գիշերում էին գերեզմանատանը եւ այնտեղ տեսած երազը համարում իրենց նախնու ցանկությունը: Զանազան արբեցնող բույսեր էին գործոծում, որպեսզի երազ տեսնեն եւ բացատրություն ստանան:

Այդպիսի գուշակությունների մասին կարելի է մի քանի գիրք գրել: Ինչպես նշեցինք, Բ Օրինացի 18.9-11 համարների մեջ խոսվում է վհուկների, կախարդների ու գուշակների մասին: Դրանց թվին են պատկանում նաեւ աստղագուշակները: Հին հռոմեացիները շաբաթը բաժանում էին սեւ՝ դժբախտաբեր, ճերմակ՝ երջանիկ եւ չեզոք օրերի: Հրեաները նույնպես ունեին իրենց լավ ու վատ օրերը:

Մեկ անգամ եւս կրկնենք, որ նույնիսկ այսօր մարդիկ վախենում են «վատ» օրերից՝ երկուշաբթիից եւ ուրբաթից: Հակապես ձախորդ է նկատվում վերջինը, որովհետեւ ուրբաթը Քրիստոսի խաչելության օրն է: Մենք՝ հավատացյալներս, արդյոք պարտավոր չե՞նք այդ օրը երջանիկ համարել: Ճէ՞ որ նույն այդ օրն իրականացավ մարդկության փրկության մեծ գործը՝ Քրիստոսի մահվամբ, եւ մենք մեղքերի թողություն ու հավերժական կյանք ստացանք:

Տասներեքը ամենուր դժբախտություն բերող թիվ է համարվում, եւ որքա՜ն շատ են այդ թվից վախեցողները: Հաճախ փողոցների վրա 13-ի փոխարեն 12բ են գրում: Այդ սնոտիապաշտությունն արդյոք չի՞ գալիս նրանից, ու Հիսուս Իր տասներկու առաքյալների հետ սեղան էր նստել, իսկ խաչելությունից հետո Հուդան կախվեց:

Սակայն դարձյալ կրկնում եմ. մի՞թե Քրիստոսի խաչելությունը չէ՞ր, որ մարդկությանը փրկություն բերեց: Ակնհայտ է, որ Հիսուս երբեք չէր վախենում 13 թվից: Երեք երկարատեւ տարիներ Նա ուսուցանեց Իր 12 առաքյալներին: Միշտ եւ ամենուր Նա տասներեքերորդն էր: Մենք՝ հավատացյալներս, արդյոք իրավունք ունե՞նք խուսափել այդ թվից:

ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Նշեցինք, որ Բ Օրինացի 18-րդ գլխում խոսվում է կախարդության մասին: Ի՞նչ ենք հասկանում այդ բացատրությունից:

Գուշակի եւ կախարդի նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ Աստծուց հեռացած մարդը Նրա կողմից արգելված ճամփաներով փորձում է իմանալ այն, ինչ անհասանելի է մարդ արարածին: Կախարդության միջոցով մարդը փորձում է ներխուժել գաղտնիքների թագավորությունը եւ իմանալ այն, ինչ Աստված արգելել է: Գուշակներն ավելի հաճախ կամենում են իմանալ, թե ի՛նչ պիտի բերի ապագան, ինչպե՛ս պիտի ավարտվի այս կամ այն գործը: Իսկ կախարդը մի շարք գործողություններով աշխատում է որոշակի իշխանություն ձեռք բերել: Այնպես որ կախարդությունն Աստծու կամքին հակառակ է եւ ձգտում է իր նողկալի հետաքրքրությունները բավարարել: Դա երբեք չի կարող Աստծու զորությունը լինել, ընդհակառակը, դա խավարի ու սատանայի զորությունն է: Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթում գրված է. «Անօրենի գալուստը սատանայի ներգործությամբ է, ամենայն զորւոթյամբ եւ կեղծ հրաշքներով ու սքանչելիքներով» (Բ ԹԵՍԱՂ. 2.9):

Սատանայական ուժերը սիրով թույլ են տալիս օգտվել իրենցից: Նրանք իսկույն պատրաստ են ծառայել իրենց փնտրողներին: Չար ոգիները, հրաշտակների նման, ծառայող հոգիներ են,բայց այն տարբերությամբ, որ հրեծտակները ուղարկվում են նրանց մոտ, ովքեր Աստծու հետ ուխտի մեջ են մտել եւ հավիտենական կյանքի ժառանգորդներ են, իսկ սատանայի ոգիները ծառայում են կորստյան մատնվածներին: Պողոս Առաքյալն ասում է. «Այդպիսիները հավիտենական մահվամբ պիտի պատժվեն՝ զրկվելով Տիրոջ ներկայությունից եւ Նրա փառավոր զորությունից» (Բ ԹԵՍԱՂ. 1.9):

Ուստի ոչ միայն հնարքները, այլ նույնինքն կախարդությունը եւ նրա միջոցով ձեռք բերված ամեն մի հաջողություն չարիք է եւ գարշելի՝ Աստծու աչքին, քանի որ Տիրոջ համար անհաճո նպատակներով է օգտագործվում: Նույնիսկ այն պարագային, երբ թվում է, թե որեւէ չարիք չի գործվել, այլ բարի գործ է կատարվել: Օրինակ՝ եթե անգամ մեկը բժշկվել է, միեւնույնն է, կախարդությունը խավարի գործն է: Չարիքի դեմ նախազգուշական միջոց կարող է լինել այն, ինչ համապատասխան է Աստծու կամքին, որ ձեռք է բերվել հավատքի եւ աղոթքների միջոցով, երբ Տիրոջ խոսքն ու անունն արտասանվում են այնպես, ինչպես Աստված Ինքը պիտի ուզեր:

Երբեմն Աստուած Ինքը մարդուն խաչ է տալիս՝ կրելու: Օրինակ՝ հիվանդության միջոցով մեզ մոտեցնում է Իրեն: Սակայն մարդը հաճախ չի կամենում տանջանքներով փրկության արժանանալ եւ ազատվելու ուղիներ է փնտրում: Եւ քանի որ Աստված այդ խնդրում չի գործակցում իրեն, ուստի մարդը դիմում է սատանայի օգնությանը: Նույնն է կատարավում, երբ Աստված, Իրեն հայտնի պատճառներով, որեւէ բան մերժում է, եւ մարդը փորձում է այն ստանալ կախարդության միջոցով:

Ասվածից հետեւում է, որ կախարդության նպատակն է ձեռք բերել այն, ինչ Աստված, կանխորեն իմանալով մարդու ապագան, Իր սիրուց դրդված, կարգելում է: Մարդուն թվում է, թե ավելի դյուրին եւ ձեռնտու է դիմել կախարդության միջոցներին, քան ապաւինել Աստծուն: Սատանան բնավ զուր տեղը չէ, որ առաջարկում է իր ծառայությունները: Շատերը կարծում են, թե կախարդությունն է ստիպումսատանային անել այն, ինչ իրենք ուզում են: Մինչդեռ իրականության մեջ սատանան սիրով լսում եւ ուրախանում է, երբ իր օգնությանն են դիմում:

Կախարդության եւ սատանայի նպատակը մեկն է՝ վնասել եւ չարիք դառնալ մարդկանց հոգիներին: Սա կոչվում է «սեւ մոգություն»:

Արդյո՞ք մենք պետք է վախենանք դրանից: Փառք Աստծու՝ ո՛չ: Եթե մենք, որպես Քրիստոսի արյամբ մաքրվածներ, ամուր կանգնենք, ոչ մի ուժ չի կարող մեզ չարիք պատճառել: Եթե հետեւենք Տիրոջն այնպիսի հնազանդությամբ ինչպես գառնուկներն են հետեւում հովվին, այդ դեպքում կարող ենք համոզված լինել, որ մեզ տրվել է հանդիսավոր խոստումը. «Ես ոչխարներիս ճանաչում եմ. նրանք լսում են ձայնս եւ հետեւում ինձ, եւ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս. նրանք բնավ չպիտի կորչեն: Ոչ ոք չպիտի կարողանա նրանց հափշտակել իմ ձեռքից» (ՀՈՎՀ. 10. 7-28): Ողորմության Վեմի՝ Հավերժական Աստծու ձեռքի հովանուն ապավինած՝ Հիսուս Քրիստոսի արյամբ մաքրվածներն իրավունք չունեն վախենալու ո՛չ կախարդությունից, ո՛չ էլ սատանայի չար ոգիներից:

Դեւերի հետ կապ հաստատելու համար կախարդները զանազան երդումներ ու խոստումներ են տալիս: Սատանան հաճախ է հայտնվում հրեշտակի լուսավորությամբ եւ, քաջ տիրապետելով կախարդության «արվեստին,» այնպես է ցույց տալիս, թե հենց Աստծու կողմից է ուղարկված: Ուստի վհուկներին ու կախարդներին դիմողը չի գիտակցում, թե սատանայի հետ է գործ ունեցել: Այդ մասին միայն քչերը ճիշտ պատկերացում ունեն: Երբեմն ինքը՝ կախարդն իսկ, չի գիտակցում, որ դիվային ուժի միջոցով է աշխատում, եւ սատանայից ստացածը վերագրում է Աստծուն, թեեւ այդ պարագաներին Աստծուն չէ, որ դիմում են: Նա հաջողությունը զանազան հմայական խոսքերի եւ միջոցների հետեւանք է համարում:

Ցանկացած տեսակի հմայություն կամ կանխագուշակում կախարդության ձեւ է, որով ձգտում են լավ արդյունքի հասնել, սակայն ոչ թե Աստծու միջոցով, Նրան ապավինելով, այլ՝ ինքնագլուխ ճամփով: Կամենում են չարիքից ձերբազատվել, բայց ոչ թե Աստծու, այլ դիվական ուժերով: Ինչ մերժում է Բարձրյալը, մարդը ձեռք է բերում սատանայի շնորհիվ: Ամենեւին նշանակություն չունի այն, որ հմայության ժամանակ Աստվածաշնչից հատվածներ, աղոթքներ են ասվում: Այդ ամենը շղարշված կախարդություն է: Որքան էլ աստվածաշնչյան խոսքեր օգտագործվեն, միեւնույնն է, սատանան մնում է սատանա: Նա այդ ապացուցեց անապատում, երբ աշխատում էր Քրիստոսին փորձության մատնել: Ինչպես արդեն նշեցինք, փիլիպեցի գուշակ կինը եւս աստվածավախ խոսքեր էր ասում, սակայն նրա միջոցով գործողը չար ոգին էր (ԳՈՐԾՔ 16.16-18):

Որ հմայությունը մութ ուժերի հետ է կապված, երեւում է նաեւ նրանից, երբ կախարդության միջոցով ապաքինված անձը դիմում է Աստծուն, կրկին հիվանդանում է:

Հին ժամանակների կախարդության մասին շատ բան կարելի է ասել: Աստվածաշնչում բազում նման օրինակներ կան: Կախարդությունը ծաղկում էր Եգիպտոսում, Բաբելոնում, Հունաստանում: Թեեւ Իսրայելի ժողովուրդը ճանաչոչւմ էր Կենդանի Ասծուն, սակայն զերծ չէր նաեւ կախարդությունից: Փիլիպպոսը քարոզության ժամանակ հանդիպեց Սիմոնին, որ գուշակություն էր անում եւ զարմացնում մարդկանց (ԳՈՐԾՔ 8.9): Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղած նամակի մեջ ասում է, թե կախարդությունն անմաքուր ուժերի գործերից է եւ «այսպիսի բաներ ընդունողներն Աստծու արքայությունը պիտի չժառանգեն» (5.21): Հովհաննեսի Հայտնության վերջին գլխում ասվում է, թե կախարդների ու կռապաշտների վերջը կրակե լիճը պիտի լինի եւ թե նրանք երկնային քաղաքից դուրս պիտի մնան (ՀԱՅՏՆ. 22.15):

Հակառակ այս ամենին, հակառակ Աստծու Խոսքի լուրջ նախազգուշացումներին, քրիստոնյաների մեջ եւս հանդիպում ենք զանազան կախարդություններով զբաղվողների: Այդ մասին են վկայում բազմաթիվ քարոզիչներ: Օրինակ, Հովհան Ոսկեբերանն ասում է. «Դու ոչ միայն հուռութքներից ես օգտվում, այլ նաեւ կախարդությամբ զբաղվում, չես ամաչում պառավներին դիմելուց եւ նրանց Աստծու տուն ես բերում: Արդարացում չէ այն, որ կանայք քրիստոնյա են եւ գործում են Աստծու անունով: Ճիշտ դրա համար ատում եմ նրանց, որովհետեւ Տիրոջ անունը վարկաբեկում են եւ, իրենք իրենց քրիստոնյա կոչելով հանդերձ, Աստծու առջեւ գարշելի գործեր են անում»:

Հուռութների (թալիսման) եւ այլ պահպանիչ միջոցների դեմ պայքարը որեւէ օգուտ չտվեց: Մինչ այսօր դրանք գործածվում են: Զինվորները պատերազմի ժամանակ զանազան «երկնային գրություններ», հմայիլներ են կրում՝ կարծելով, որ դրանք շնորհիվ փամփուշտը չի դիպչի կամ թշնամու սուրը չի խոցի իրենց: Շատ-շատերը հուռութքներ, մատանիներ, ականջօղեր են կրում՝ հուսալով, որ դրանց միջոցով կպաշտպանվեն մութ ուժերից, բնավ իրենց մտքից չանցկացնելով, որ այդպիսիով կապվում են սատանայի հետ: Մնում է ողջ հոգով հուսալ, որ Ինքը՝ Աստված, խելքի կբերի մեղքերի մեջ մոլորված նման մարդկանց:

ՈԳԻՆԵՐԻ ՀՄԱՅՈՒԹՅՈՒՆ


Բ Օրինացի ԺԹ գլխի 10-11 համարներում մեղքերի շարքում նշված է նաեւ «ոգի կանչելը»: Սա արդեն կախարդության այլ ոլորտ է: Ոգիներ հմայողն այն մարդն էր, որ զանազան նշանների միջոցով հրաշքներ էր գործում, խունկ ծխելով եւ այլ մտացածին ծեսերով ապաքինում էր հիվանդբերին, քշում էր չաար ոգիները եւ այլն: Ավելի հաճախ նրանք օձեր էին հմայում, ինչը ցայսօր եւս տեսնում ենք:

Կան նաեւ մեռելահարցուկներ, որոնք մեռած մարդկանց հոգիներն են կանչում, որպեսզի ապագայի մասին իմանան: Սավուղը երկրից քշեց բոլոր կախարդներին ու գուշակներին, բայց հետո ինքը դիմեց նրանց օգնությանը (Ա ԹԱԳ. ԻԸ 3-10): Մանասեն ընդունում ու պատվում էր գուշակներին ու կախարդներին (Դ ԹԱԳ. ԻԱ 6): Յոշիյահու թագավորը քքշեց կախարդներին, ոչնչացրեց ընտանի աստվածիկներին ու կոռքերին եւ բոլոր գարշությունները, բայց սատանան նորից ետ բերեց դրանք (Դ ԹԱԳ. ԻԳ 24):

Քրիստոսի ժամանակ շատերը ծածուկ զբաղվում էին այդ գործով՝ կախարդությունը կիրառելով որպես արհեստ: Նրանք սիրում էին կրկնել, թե Սողոմոնն է իրենց ուսուցիչը՝ իբրեւ թե նրա գրքերով են սովորել: Սակայն իրականում Սողոմոնը որեւէ կապ չունի դրա հետ ճիշտ այնպես, ինչպես Մովսեսի անունն են կրում նրա հետ որեւէ կապ չունեցող կախարդության 6-րդ եւ 7-րդ գրքերը: Սրանցում ամփոփված են մարդկանց եւ կենդանիների զանազան հիվանդությունների բուժման դեղատոմսեր, որոնք ուժ են ստանում միայն այն պարագային, երբ Աստծու անունն են տալիս, Կույս Մարիամին կամ չար ոգիներին են կանչում: Գրքի առաջին մասը կոչվում է «Սեւ ագռավ», իսկ վերջինը՝ «Ճշմարիտ կրակե վիշապ կամ իշխանություն երկնքի ու դժոխքի ոգիների վրա»:

Մեռելահարցուկների մասին ասենք նաեւ, որ նրանք սովորաբար հանգուցյալների հոգիները կանչում են հենց վերջիններիս շիրիմների վրա: Եսայի 65.3-4 համարներում ասվում է. «Իմ ձեռքը երկարացրի այնպիսի ժողովրդի, որ միշտ բարկացնում է ինձ, պարտեզներում զոհում են եւ աղյուսների վրա խունկ ծխում, գերեզմանների վրա են նստում եւ գիշերն առանձին տեղերում անցկացնում»:

Հոգի կանչողները ցածրաձայն, փսփսալով են խոսում: Թվում է, թե ձայնը գետնի տակից է լսվում: Ուստի շատերը համոզված են, որ այդ մարդիկ խարդախ են, անարդար ու ստախոս, երբ ասում են, թե մեռյալները զրուցում են իրենց հետ:

Ավելացնենք նաեւ, որ ոգեհարցությունը կամ դյութությունը կեղծիք չէ: Այն լիովին իրագործելի է: Եթե անկարելի լիներ, ապա Աստված այն չէր արգելի:

Շատերը կարծում են, թե այդ ամենը խաբեություն է: Հասկանալի է՝ երբեմն խաբեբաներ եւս հանդիպում են: Այդ են ապացուցում բազմաթիվ կախարդների դատավարությունները: Օրինակ՝ հայտնի դարձավ, որ շատերին քաջածանոթ Աննա Ռոդենը կեղծարար է: Բայց դա բնավ չի նշանակում, թե այն ամենը, ինչ վերաբերում է ոգեհմայությանը, այսինքն՝ հոգեհարցությանը, դատարկ բան է: Այստեղ անմիջական կապ կա ոգիների ախշարհի հետ:

Աստվածաշունչ Մատյանում ներկայացված է ոգեհմայության մի նիստ: Սավող թագավորը մտահոգված էր եւ կամենում էր գալիք պատերազմի ելքն իմանալ: Այդ մասին հարցնում է Տիրոջը, սակայն Տերը չի պատասխանում նրան ո՛չ երազով, ո՛չ տեսիլքով, ո՛չ էլ մարգարեների միջոցով: Այն ժամանակ նա գնում է Ենդորի ձոր՝ մի վհուկ կնոջ մոտ եւ պահանջում, որ Սամվելի ոգին կանչի: Սամվելը դուրս է գալիս գետնի տակից եւ, դիմելով Սավուղին, ասում է. «Տերը քեզ հետ նաեւ Իսրայելը պիտի մատնի փղշտացիների ձեռքը: Վաղը դու եւ քո որդիները ինձ մոտ պիտի լինեք, եւ Տերն Իսրայելի բանակւ եւս պիտի փղշտացիների ձեռքը մատնի» (Ա ԹԱԳ. ԻԹ 19): Այդպես էլ եղավ: Սավուղն ու իր որդիները հաջորդ օրը սպանվեցին պատերազմի դաշտում:

Արդյո՞ք Սամվելի ոգին հայտվեց, թե՝ ոչ,- ահա այս հարցում կարծիքները տարբեր են: Օրինակ՝ ըստ Լութերի Սամվելի ոգու հայտնությունը սատանայական ուժերի խաբեություն էր, պարզապես՝ տեսիլք: Նա այս միտքը հիմնավորում է նրանով, թե Աստված չէր կարող թույլ տալ, որ որեւէ վհուկ անհանգստացնի Սամվելի ոգին: Ուրիշները պնդում են, որ Սամվելը հայտնվեց ոչ թե կախարդուհու, այլ՝ Ամենակարող Աստծու կամքով, քանի որ «կինը, Սամվելին տեսնելով, մեծ ձայնով աղաղակեց» (Ա ԹԱԳ. ԻԹ 12): Այս խոսքերից կարելի է դատել, որ կինը եւս զարմացած եւ ապշած էր կատարվածից: Ակնհայտ է, որ նա չէր սպասում, թե Սամվելը կգա: Հավանաբար ինքը ուզում էր խաբել այցելուին եւ որեւէ բան հնարել, բայց Աստված կամեցավ, որ Սավուղը ճիշտ պատասխանն իմանա:

Այս հարցի կապակցությամբ ցայսօր էլ տարակարծություններ կան: Իսկապես, Սամվելի ոգին հայտնվե՞ց, թե՝ ոչ: Այս խնդիրն այսօր եւս քննարկվում է: Ոգեհմայությամբ զբաղվող շատ անձեր համոզված են, որ խոսել են Պողոսի, Լութերի եւ ուրիշների ոգիների հետ: Բայց ակնառու է այն իրողությունը, որ նշված ոգիները ոգեհմայությամբ զբաղվողների հետ զարմանալիորեն խոսում են ստոր երեւույթներից: Օրինակ՝ Պողոս Առաքյալն իր երկրավոր կյանքի ընթացքում համակված էր մի մտքով՝ ազատվել սեփական մարմնից եւ լիներ Քրիստոսի հետ: Հիմա, որ վայելում է Աստծու որդի լինելու ուրախությունը, մի՞թե նրա հոգին հրաշալի, վեհ խոսքեր պիտի չասեր: Բայց երբ մեռելահարցութկները «նրա ոգին» են կանչում, որեւէ բարձր գաղափարի մասին չի խոսում, այլ՝ հակառակը, հաճախ կոպիտ ու անպարկեշտ բաներ է ասում:

Պայծառակերպության լեռան վրա, երբ Մովսեսն ու Եղիան Հիսուսի Քրիստոսին հայտնվեցին, խոսեցին Նրա հետ այս աշխարհից ելքի մասին: Սակայն այն ոգիները, որոնց կանչում են մեռելահարցուկները, առաջին հերթին իրենց ներկայացնում են իբրեւ վերոհիշյալ մարդկանց ոգիներ:

Պետք է խոստովանել, որ ոգեհմայությամբ զբաղվողների շնորհիվ շատերն սկսեցին հավատալ անդրշիրիմյան կյանքի գոյությանը: Սակայն հավատացյալն անդրշիրիմյան կյանքի մասին նման ապացույցների կարիքը չունի: Այդ մասին պետք է իմանանք Սուրբ Գրքի շնորհիվ: Անշուշտ, Աստված հոգիներն արթնացնելու համար կարող է զանազան միջոցներ կիրառել, իսկ մենք պետք է վարվենք այնպես, ինչպես թելադրում է Սուրբ Գիրքը. «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստված քեզ կտա... ձեր մեջ թող չգտնվի որեւէ մեռելահմա, որովհետեւ այսպիսի բաներ անողը Տիրոջ աչքին գարշելի է» (Բ ՕՐԻՆԱՑ ԺԸ 11-12):

Այստեղ չի ասվում, որ դրանով զբաղվողները վախով ու սարսափով կհամակվեն: Այլ գրված է, թե ով դրանով զբաղվի, գարշելի է: Այսինքն՝ ոչ միայն զբաղմունքը, այլ այդ գործն անողը եւս գարշելի է Աստծու աչքին: Ուր հավաքվում են ոգեկանչության համար, այդ տան պատերին ու դռներին պետք է գրել հետեւյալ խոսքերը. «Այր թե կին, ով վհուկ է կամ հմայող, անպայման պետք է մահապատժի ենթարկվի. քարերով պետք է քարկոծեն նրանց...» (ՂԵՎՏԱՑ. 20.27):

Աստված դեռ ավելին է ասում: Նա սպառնում է ոչ միայն կախարդներին ու գուշակներին, այլ նաեւ նրանց հետ առնչված մարդկանց. «Վհուկներին մի՛ լսեք եւ հմայողներին բան մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը, ձեր Աստվածը» (ՂԵՎՏԱՑ. 19.31): Ուրեմն, ով դիմում է գուշակին, երես է թեքում Աստծուց եւ մութ ուժերից է օգնություն հայցում: Ո՞վ կարող է պնդել, թե անմեղ զբաղմունք է ոգեհմայությունը կամ հմայությունն ու կախարդությունը մեղք համարելը չափազանցություն է: Այն ժողովրդական բժշկություն չի կարելի համարել, անշուշտ մեղք է, գարշելի Աստծու աչքին եւ անընդունելի յուրաքանչյուր հավատացյալի համար:

ԻՆՉՊԵՍ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՅԴ

Աստծու Խոսքը կարդալով եւ Նրանում խորանալով՝ հասկանում ենք, թե որքան տհաճ է խավար ուժերի աշխարհը եւ որքան տարածված է այդ մեղքը: Ցավով պիտի ընդունենք, որ այսօր եւս այս հարցում դեռ շատ մշուշոտ կողմեր կան:

ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐԻ «ԲՈՒԺՈՒՄ»


Շատ հաճախ տեսնում ենք, որ հմայողներն օգնում են մարդկանց՝ ազատվելու գորտնուկներից: Բերեմ մի քանի օրինակ, թե աշխարհի զանազան կողմերում ինչպես է կատարվում այդ:

Համբուրգցի մի կին իր նամակում գրում է. «Աջ ձեռքիս վրա գորտնուկներ կային: Մեր նախկին սպասուհին ասաց, որ եթե նոր մահացածի դիակ լինի, կօգնի՝ ազատվեմ դրանցից: Եվ իսկապես, երբ սկսեցի նրա խորհուրդներին հետեւել, գորտնուկներն անհետացան»:

Մեկ այլ նամակում ասվում է. «Երբ դեռ 11-12 տարեկան դպրոցական էի, ձախ ձեռքիս շատ գորտնուկներ ունեի: Ամեն կերպ փորձում էի դրանք վերացնել, բայց ապարդյուն: Այն ժամանակ ինձ խորհուրդ տվեցին դիմել պառավի: Քրոջս հետ գնացինք: Նա թել վերցրեց, օղակներ շինեց, անհաասկանալի բաներ շշնջաց եւ օղակներն ամրացրեց բոլոր գորտնուկների վրա: Հետո ասաց, որ որեւէ մեկի թաղման ժամանակ այդ թելը գերեզմանի մեջ պիտի նետի, եւ ես կազատվեմ: Այսպես էլ եղավ. գորտնուկներն անհետացան»:

Որքա՜ն քիչ են նրանք, որ հասկանում են, թե ինչ է նշանակում դրանով հրապուրվել: Այդ մասին կարելի է դատել Շլեքիի մանկատան տնօրինուհու նամակից. «Տասնչորս տարեկան տղայի ձեռքերը ծածկված էին գորտնուկներով: Բամաթիվ միջոցներ փորձեցին՝ ազատվելու համար, բայց անօգուտ: Եվ ահա մի կին փոքրիկին գաղտնի միջոց էր սովորեցրել. նորալուսնի ժամանակ պետք էր ձեռքերը շփեր եւ ասեր.«Ինչ որ տեսնում եմ, թող անի, ինչ որ շփում եմ թող անհետանա: Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի»: Կինը զգուշացրել էր տղային, որ որեւէ մեկին չպատմի: Ես այդ մասին բնավ չէի իմանա, եթե չնկատեի, որ գորտնուկներն անհետացել են: Հարցրի, թե ի՞նչ եղավ, չպատասխանեց: Միայն որոշ ժամանակ անց ամեն ինչ պատմեց»:

Մեկ այլ նամակում կարդում ենք. «Միայն Աստված գիտի, թե մեծ մայրս որքան բուժման միջոցներ գիտի: Սակայն չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է Աստված տանջում իրեն հոգեպես ու ֆիզիկապես: Կախարդության մեղքի պատճառով հանգիստ չուներ: Երբ հավատում է, թե նորալուսնի ժամանակ, որեւէ բան ասելու կամ անելու դեպքում, պիտի անցնի աչքիս կամ ատամիս ցավը, այդպես էլ լինում էր: Բայց հիմա կարող եմ վկայել, որ ավելի լավ կլիներ չդիմեի հմայությունների օգնությանը, որովհետեւ արդեն անկարող եմ ձերբազատվել լուսնի ազդեցությունից: Լիալուսնի ժամանակ կորցնում եմ կենսախնդությունս, լավ տրամադրությունս, եւ ինձ թվում է, թե շուրջս դեւեր կան»:

Մի կին գրում է. «Արդեն երկու տարի է, ինչ գտել եմ Փրկչիս: Բայց հավատքս չի ավելանում: Կարծում եմ, որ կախարդության մեղքի հետեւանքն է: Երիտասարդ ժամանակ գորտնուկներիս համար հմայողների եւ խաղաթղթով բախտ գուշակողների էի դիմել»:

Մեկ ուրիշը գրում է. «Ես եւս զբաղվում էի կախարդությամբ, եւ ուրիշներին էլ էի դիմում, որ ապագաս գուշակեն: Այդ ժամանակ շահագործում էի Ս. Երրորդության անունը եւ խաչակնքվում էի: Ձեռքիս վրա բավականին գորտնուկներ կային: Դրանցից ձերբազատվելու համար «Հայր մերն» էի ասում: Գորտնուկների թվին համապատասխան թելով օղակներ էի սարքում եւ կապում, աղոթում էի եւ թելը թաղում տան շեմի մոտ: Գորտնուկներ ունեցող մի աղջիկ կար: Իրեն ասել էի, որ պետք է երկար թել վերցնի, օղակներ անի եւ հուղարկավորների թափոր տեսնելուն պես՝ թելը նետի ճամփի վրա, որպեսզի մարդիկ վրայից անցնեն: Հետեւել էր խորհրդիս եւ ազատվել էր դրանցից»:

Այս ամենից հետո ի՞նչ եզրակացության կարող ենք հանգել: Առաջին՝ հստակ է այն, թե որքան է տարածված այդ մեղքը: Երկրորդ՝ աշխարհի բոլոր կողմերում զբաղվում են դրանով: Երրորդ՝ թե՛ հարուստների եւ թե՛ աղքատների համար այն հրապուրիչ է: Եւ միշտ էլ շահագործվում է «Հայր մերը» կամ Սուրբ Երրորդության անունը: Միաժամանակ կախարդությամբ զբաղվողները եւ նրանց դիմողներն ասում են. «Դա վատ բան չէ: Մենք Աստծու անունն ենք տալիս»: Սակայն դա աղոթք չէ: Տերունական աղոթքն այս պարագային օգտագործվում է իբրեւ կախարդական խոսք: Աստծու անվան տակ քողարկվում է կախարդության մեղքը: Հմայողների տարօրինակ արարքները ապացուցում են, որ բարի ու աստվածային որեւէ բան չկա դրանում: Ստիպում են գորտնուկների թվի համաձայն թելով օղակներ անել, հետո այն նետել փողոց, որպեսզի սգո թափորը անցնի վրայից կամ գերեզմանի մեջ նետել եւ կամ թաղել սեմի մոտ: Արդյոք դա կարո՞ղ է Աստծուց լինել: Երբե՛ք: Հետո այն խիստ գաաղտնիությունը, որ պետք է պահպանեն նրանք՝ հմայողին դիմելուց հետո: Հմայությունը կատարվում է նորալուսնի ժամանակ: Այս ամենը պարզ ու հստակ ցույց են տալիս, որ գործ ունենք ո՛չ թե Աստծու, այլ մութ ուժերի հետ: Այն հանգամանքը, որ այդ միջոցներով մարդիկ գործնականում բուժվում են, ապացուցում է ինչ-որ ուժի գոյությունը: Եթե այդ բոլորն անիմաստ բաներ լինեին, որեւէ արդյունք չէին ունենա: Սակայն գորտնուկներն իսկապես անհետանում են, որովհետեւ ինչ-որ բան կատարվում է: Հստակ է, որ գործ ունենք դիվային ուժի հետ, եւ դա է նպաստում ապաքինմանը:

Անշուշտ շատերն այդ մասին ոչինչ չգիտեն եւ չեն գիտակցում: Բայց կան նաեւ անձինք, ովքեր գիտեն եւ գիտենալով հանդերձ՝ գիտակցաբար մեղք են գործում: Մի անգամ պատմեցին, թե մեկի երեխան հիվանդացել էր քոսով եւ ստիպվել էին դիմել բուժակին (հեքիմ): Մայրն ասել էր. «Ուզում է սատանան լինի, ուզում է Աստված, միայն թե օգնեն»: Երբ այդ մասին լսեցի, կամեցա ողջ կոկորդով բղավել: Այդ զրույցը տեղի է ունեցել Բրանդենբուրգում: Սիրտս սարսափից նվաղում է, երբ հիշում եմ այդ խոսքերը: Շատերն են այս կարծիքին, թե ինչ գնով էլ լինի, միայն օգնի: Կարող ենք ասել, որ տվյալ դեպքում Աստծուն վիրավորելու եւ ծանր հանցանք գործելու միջեւ որեւէ տարբերություն չկա:

ԱԱՏԱՄՆԱՑԱՎԻ ՀՄԱՅՈՒՄ


Գրեթե նույն միջոցներով մարդիկ ձերբազատվում են աչքի կամ ատամի ցավից: Պատմում են մի աղջկա մասին, ում ատամները անտանելի ցավում էին: Նրան խոորհուրդ են տալիս լուսնի լույսի տակ հմայել ցավը: Աղջիկը հետեւում է խորհրդին, եւ ցավերն այլեւս չեն կրկնվում:

Շպանտաու քաղաքից մի երիտասարդ գրում է. «Փոքր տարիքում հաճախ աչքերիս վրա կարիկներ (աչքի հիվանդության տեսակ) էին լինում: Տատս խորհուրդ տվեց դիմել հմայողի: Հետեւեցի խորհրդին, եւ ամեն ինչ անցավ: Հետո ես անձամբ սովորեցի բժշկել կարիկը»:

Մեկ ուրիշ նամակում կարդում ենք. «Տասնհինգ ամսական զավակիս սպառնում էր «Անգլիակնա հիվանդություն»: Ինձ խորհուրդ տվեցին դիմել բուժակի (հեքիմ), որ շատերին էր բժշկել: «Բուժումը» կատարվեց լուսնի նվազման ժամանակ, մի ուրբաթ օր: Երեխայի մազերն ու եղունգները կտրեցին. թղթով փաթաթեցին, խաչակնքեցին եւ ինչ-որ մի տեղ դրեցին: Հետո շշնջացին անհասկանալի խոսքեր: Միայն լսում էի Աստծու անունը»:

«Չորս տարեկան զավակիս ստիպեցի, որ հմայողի մոտ գնա: «Կարմիր քամի» հիվանդությամբ էր տառապում: Ամեն ինչ կատարվում էր շատ պարզ: Լիալուսնի ժամանակ պետք էր ձեռքս հիվանդ մասի վրա տանեի ու բերեի»,- կարդում ենք մեկ այլ նամակում: Իսկ ո՞րն էր արդյունքը: Այդ մասին իմանում ենք շարունակությունից. «Տղաս այնպես դիվոտեց, որ գիշերը չէինք կարողանում նրան մենակ թողնել: Հաճախ հարձակումների էր ենթարկվում, որի պատճառով բոլորովին հյուծվել էր: Վախը համակում էր նրան եւ մի ձայնով բղավում էր, մարդկանց մեջ փրկություն էր որոնում: Նրան այնպես էր թվում, թե մահը հարձակվել է իր վրա եւ կամենում էր ինքնասպան լինել: Սարսափելի է մտածել, թե զավակս որքան տանջվեց»:

Կախարդության հետեւանքների մասին պիտի խոսենք նաեւ ստորեւ:

Բոլոր դեպքերում բնորոշն այն է, որ մարդը ձգտում է ցանկացած գնով առողջ լինել՝ առանց հարցնելու՝ արդոք Աստու կամքի համաձա՞յն է դա, թե՝ ոչ: Կամենում է ազատվել իր բեռից՝ հիվանդությունից: Երբ Տերը չի ցանկանում անել այն, ինչ մարդն է միտքը դրել, ապա, կամա թե ակամա, սատանայի օգնությանն է դիմում:

Շատ հաճախ մարդիկ գնահատում են ֆիզիկական ամրությունը: Աստված առաջին հերթին զբաղվում է մեր հոգով: Տիրոջ համար մարդու հոգին շատ ավելի կարեւոր է, քան՝ կյանքը: Իր հերթին՝ սատանան մարմինն ու առողջությունն այնքան կարեւոր է դարձնում մարդու համար, որ վերջինս զոհաբերում է հոգին ու հավերժական երանությունը: Սա անհեթեթություն ու խելահեղություն է:

Մի՞թե գրված չէ. «Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչվեցին Նրա նախասահմանումով» (ՀՌՈՄ. 8.28): Սակայն մարդիկ այդ մասին լսել չեն ուզում: Որեւէ մեկը չի ցանկանում համբերությամբ կրել հիվանդությունը, այլ ամեն գնով ձգտում է ազատվել դրանից՝ խտրություն չդնելով միջոցների միջեւ: Այո՛, ցավը դուրս են մղում, բայց դժվարությամբ են տանում մեղքի բեռը:

Որեւէ մեկը չի կասկածում բուժակների մեծ հաջողությանը: Ռուր քաղաքից մի հավատացյալ կին գրում է. «Լսե՞լ եք, որ կախարդության շնորհիվ կարելի է ազատվել հարբեցողությունից: Ես դրա ականատեսը եղա: Մի անգամ ինձ մի հավատացյալ կնոջ հասցե տվեցին, որի ամուսինը մոլի հարբեցող էր: Երբ գնացի, կինը տանը չէր: Ամուսինը կատաղած էր եւ անբարեհամբույր: Հակառակ դրան, նստեցի եւ սկսեցի զննել իրեն: Կարծես համր լիներ. որեւէ խոսք չասաց: Կինը չվերադարձավ: Ամուսնուց խնդրեցի, որ հաղորդի, թե կնոջն սպասում եմ իմ տանը: Երբ կինը եկավ, նկատեցի, որ նա եւս սիրալիր չէ. վախեցած էր, չվստահող: Երբ ամուսնուց հարցրեցի, պատասխանեց, որ նախապես շատ էր խմում, սակայն հիմա կաթիլ իսկ չի գործածում: Կասկածեցի, զգացի, որ դրա տակ ինչ-որ բան է թաքնված: Ուստի եւ հարցրի. «Ի՞նչ է, Կապույտ Խաչի ընկերության անդա՞մ է դարձել»: «Ո՛չ»,- պատասխանեց կինը եւ պատմեց, թե ինչ է պատահել: Կնոջը խորհուրդ էին տվել դիմել մի պառավի, որ կարողանում էր գինովությունը բուժել: Գնացել էր: Սկզբում վճարել էր: Հետո պառավը մտել էր կողքի սենյակը եւ մեկ ժամ այնտեղ մնացել: Դուրս գալուց հետո ասել էր, որ կարող է հանգիստ տուն վերադառնալ, ամուսինն այլեւս բնավ խմիչք չպիտի գործածի: Տունդարձին ամուսնուն գտել էր անկողնուն գամված, տանջալից կերպով փսխելիս: Բառի բուն իմաստով պայքարում էր սատանայի դեմ: Որոշ ժամանակ անց ամուսինը մի գավաթ գարեջուր էր խմել եւ նույնը կրկնվել էր: Այդ օրից սկսյալ այլեւս չէր խմում: Ուշադրությամբ լսելուց հետո ասացի, որ անմիջապես պետք է ձերբազատվի դրանից, որովհետեւ այդ միջոցով նա կապվել է սատանայի հետ: Կինը լսել իսկ չկամեցավ: Ընդհակառակը, ուրախ էր, որ ի վերջո հանգստացել է հարբեցող ամուսնու քմահաճույքներից: Ի՜նչ սարսաափելի ինքնախաբեություն»:

Այո՛, կախարդներին դիմողների համար փոփոխությունն ակնհայտ է: Բայց դա ոչ թե Աստծու ուժի դրսեւորումն է, այլ՝ սատանայի իշխանության: Աստված հարբեցողներին օգնում է Ս. Հոգու զորությամբ, իսկ սատանան՝ կախարդության ու պիղծ ոգու, որպեսզի զոհին պահի իր իշխանության տակ:

Թուրինկիայից գրում են. «Շատերը կախարդներին խնդրում են՝ իրենց տանը հմայություններ անել, որպեսզի խուսափեն հրդեհից: Հատուկ գրություններ կան, որոնք պետք է դրվեն գերանների տակ կամ վրան եւ այդ դեպքում բնակարանին ոչինչ չի պատահի: Նույնն անում են նաեւ ամբարների, գոմերի համար, որպեսզի անասուններն անվնաս մնան»:

Վերջերս մի կին մահացավ, որ հաճախ էր հոգեւոր հավաքների մասնակցում: Ծեր էր: Երբ հիվանդացավ, ինքն իրեն «ցանեց»: Դա անելու համար մոխրով լցված ծաղկամանի մեջ սերմեր լցրեց: Գործողությունը կատարելիս որոշ բաներ պիտի ասվեր: Եթե սերմերը ծիլ տային, կապաքինվեր, այլապես՝ ոչ: Երբ իրեն ասացին, որ դա մեղք է. պատասխանեց. «Բայց սա միշտ օգնել է ինձ»: Նրա մահը սարսափելի եղավ: Մահվանից առաջ կրկին խոսեց կախարդության մասին, եւ ասաց, որ զղջում է ու ապաշխարում: Սարսափելին այն է, որ նա մինչեւ վերջին վայրկյանը պայքարեց սատանայի դեմ՝ թեպետ ապաշխարել էր: Երբ իրեն հարցրին, թե կրակե գրություն կամ նման բան չունի՞, պատասխանեց, որ բոլորն այրել է: Մահվանից հետո, երբ զննեցինք տունը, կախարդության համար գործածված իրեր գտանք եւ «հրդեհի դեմ թուղթ ու գրություն»: Դրանց պատճառով այդքան սարսափելի չարչարանքներ կրեց՝ հոգին ավանդելիս:

Հաճախ մանուկներին տանում են հմայողների մոտ: Նրանք ձեռքով շոյում են, սպեղանի քսում, հետո երեխայի աջ ձեռքից բռնած՝ հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու խաչակնքում են: Վերջերս հիվանդացել էր մի մարդ, որին խորհուրդ էին տվել, որ պատուհանի կենտրոնում երեք խնձոր դնի: Եվ երբ դրանք չորացան արեւի տակ, հիվանդությունը նույնպես անմիջապես «չորացավ»: Ամենասարսափելին այն է, որ մարդիկ նույնիսկ չեն մտածում, որ այդ «բարի խորհուրդների» միջոցով սատանայի շղթաների մեջ են ընկնում:

Զրույցներից մեկի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց. «Եթե պատահի, որ, խղճահարությունից դրդված, մարդիկ նույնիսկ կախարդության դիմեն եւ անվճար օգնեն մեկին, ապա դա մեղք չէ: Մեղք է, երբ դրա համար դրամ են վերցնում»: Այն տպավորությունն է ստեղծվում, որ եթե կախարդությունը ձրի կատարվի, ապա ընդունելի է Աստծու կողմից: Սա պարզապես վկայում է, որ այդ «քարոզիչը» ճիշտ կողմնորոշում չունի կախարդության վերաբերյալ:

Մի ծեր մարդ իր կնոջ մասին գրում է. «Երիտասարդ տարիքում դիմել էր «հավատացյալ» հմայողի, որպեսզի բուժի գլխացավը: Այդ մարդը գլուխը կապեց, երեք հանգույց արեց եւ Աստծուն նվաստացնող կախարդական խոսքեր ասաց»: Ահավոր է, երբ մարդիկ մութ նպատակներով շահագործում են Աստծու անունը: Ի՜նչ սարսափելի է, որ պարզապես գլխացավից ազատվելու համար մարդիկ սատանայի հետ կապի մեջ են մտնում, որպեսզի հետո իրենց ողջ կյանքի ընթացքում նրանից կախյալ լինեն:

Նախկին մի վհուկ գրում է. «Կախարդության միջոցով աչքի հիվանդություններ էի բուժում: Դա կատարվում էր արեւածագից առաջ կամ մայրամուտից հետո, ծառի շուքի կամ լուսնի լույսի տակ: Անհրաաժեշտ էր մատն աչքի շուրջը քսել եւ որոշ խոսքեր արտաբերելով՝ երեք անգամ խաչակնքել եւ ասել Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի»:

Մոտավորապես նույն բովանդակությամբ բազմաթիվ նամակներից մեջբերենք միայն որոշ հատված. «Դիմեցի հմայողներին, որպեսզի ատամիս ցավը բուժեն: Ինձ մի գրություն տվեցին, որ այտիս կապեի: Խստիվ արգելվեց ընթերցել այն: Երրորդ օրը, մայրամուտից հետո, պետք է հանեի եւ ուսիս վրայից նետեի կրակի մեջ»:

ԵՐԿՆԱՅԻՆ ԵՒ ԿՐԱԿԵ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ժամանակին «Երկնային թագավորության յոթը բանալիներ» գրքից վերցված կրակե խոսքեր եւ երկնային գրություններ էի պահում կրծքիս վրա: Ուրիշներին եւս խորհուրդ էի տալիս նույնն անել: Մի անգամ փորձեցի երկնային գրություն դնել հիվանդ մանկան սնարին, նա մեռավ»:

Իրականության մեջ այդ գիրքը՝ «Երկնային յոթը բանալիներ (կամ՝ նետեր)», այն բանալիներն են, որոնք երկնքի դռները փակում են բոլոր նրանց առջեւ, ովքեր չեն բաժանվում այդ գրքից եւ հավատում են, որ «Երկնային յոթը բանալիները» կօգնեն իրենց:  Շարունակությունը >>>

>>>

 
     
 

 


 


 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ