Լուսաւորչի կանթեղն անմար է, որովհետեւ իւղն անոր մէջ
անպակաս է...
Իւղը աստուածային շնորհին եւ իւղը հայ ժողովուրդի հաւատարմութեան մշտադալար ձիթենիին
:
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    Սրբազան Պատմություն (մաս II )  


 

 
       

Մաս I >>>

ԱՍՏԾՈՒ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱՊԱՆԱԿԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԱՐԿՂԸ

րեաներն անապատում բնակվում էին վրանների տակ: Աստված Մովսեսին հրամայեց, որ Իր համար եւս վրան պատրաստի: Այնտեղ պետք է բնակվեր նաեւ Ինքը: Այդ վրանը կոչվեց ՏԱՊԱՆԱԿ:

Տապանակի կենտրոնում պահվում էր սուրբ արկղը, որ հարգի փայտով շինված ոսկեպատ փոքրիկ կուժ էր՝ երկու քերովբեներից պահպանված: Սուրբ արկղի մեջ պահվում էին Աստծու Օրենքի երկու տախտակները, Սուրբ Գրքերը՝ գրված Աստծու ներշնչմամբ եւ մանանայով լեցուն մի սափոր:

Սուրբ Տապանակն Աստծու եւ ժողովրդի միջեւ կնքված դաշինքի նշանն էր: Այնտեղից էր խոսում Աստված Մովսեսի եւ մեծ քահանայապետի հետ: Տապանակի հանդիսավոր օծման առիթով Տերը ցույց տվեց, թե որքան գոհ է մնացել իր ժողովրդի այս ելույթից: Մի լուսավոր ամպ իջեցրեց Տապանակի վրա եւ այն լցրեց Իր փառքով:

Հրեաներն արդեն հասել էին խոստացված երկրի սահմաններին: Շատ դյուրությամբ կարող էին տիրանալ դրան: Բայց Աստված չուզեց, որովհետեւ նրանք, հակառակ այնքան հրաշքներ տեսնելուն, հաճախ տարակուսում էին Իր կարողության վրա եւ ըմբոստանում Մովսեսի դեմ:

Աստծու կարողության վրա տարակուսողներից ոչ մեկը չմտավ խոստացված երկիրը: Մովսեսը եւս չմտավ: Սակայն Աստված կամեցավ, որ նա հեռվից տեսնի այն՝ Նաբավ լեռան վրայից: Մովսեսն այնտեղ էլ մեռավ: Մովսեսը Հին Ուխտի ամենամեծ մարգարեն է:

ՀԵՍՈՒՆ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐԸ


Որպես ժողովրդի առաջնորդ՝ Հեսուն հաջորդեց Մովսեսին: Աստված ասաց նրան. «Ինչպես Մովսեսի հետ էի, քեզ հետ եւս պիտի լինեմ. միայն քաջ եղիր՝ Մովսեսի ասածները պահելու մեջ: Մի՛ վախեցիր եւ մի՛ տկարացիր, որովհետեւ Քո Տեր Աստված քեզ հետ պիտի լինի միշտ»:

Խոստացված երկիրը կամ Պաղեստինը գրավելու համար անհրաժեշտ էր անցնել Հորդանան գետը: Աստծուց զորացած՝ Հեսուն հրամայեց քահանաներին, որ, տապանակն ուսերին առած, անցնեն Հորդանանը: Այն ժամանակ կրկնվեց Կարմիր ծովի հրաշքը. ջրերը զատվեցին, եւ ամենքն անցան մյուս ափը:

Երիքովը պաշարված էր ամուր պարիսպներով: Հեսուն հրամայեց, որ յոթն օր ողջ ժողովուրդը, առջեւն ունենալով տապանակը, քաղաքի շուրջը պտտվեր: Յոթներորդ օրը քահանաները փողեր հնչեցրին, եւ ժողովուրդը խլացուցիչ ձայնով աղաղակեց դեպ երկինք: Եվ ահա Երիքովի պարիսպները տապալվեցին: Իսրայելցիները գրավեցին քաղաքը:

Մյուս բոլոր քաղաքները հավաքվեցին՝ ջնջելու Իսրայելին, սակայն Աստված օգնության հասավ, եւ Հեսուն կարողացավ հաղթել բոլոր թշնամիներին:

Աստծու հայտնի օգնությամբ Հեսուն գրավեց ողջ Պաղեստինը եւ այն բաժանեց Իսրայելի 12 ցեղերի միջեւ:

Այս երկրում է, որ մի օր պիտի ծնվեր Մեսիան՝ մեր Փրկիչը:

ԻՍՐԱՅԵԼԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ.

ՍԱՄՍՈՆ

Դատավորներն անսովոր մարդիկ էին, որոնց Աստված ուղարկում էր իսրայելցիներին, երբ ժողովուրդը մասնավոր դժվարության առջեւ էր գտնվում: Ամենանշանավոր դատավորները եղան Գեդեոնը, որ միայն 300 քաջերով պարտության մատնեց մադինացիների հզոր բանակը, Սամուելը, որ փայլեց իր բարեպաշտությամբ, Սամսոնը, որ նշանավոր եղավ իր արտակարգ ուժով:

Տակավին երիտասարդ էր Սամսոնը, երբ մի առյուծ հարձակվեց վրան: Նա բացեց գազանի բերանը եւ մեջտեղից պատռեց: Նա դարձավ փղշտացիների պատուհասը: Մի օր, նրանց պատժելու համար, 300 աղվես բռնեց, երկու-երկու պոչերն իրար կապեց, նրանց մեջտեղում վառվող ջահեր դրեց եւ բաց թողեց փղշտացիների հասուն արտերի մեջ՝ այրելով ողջ ցորենը:

Մի անգամ թշնամիները բռնեցին Սամսոնին եւ հաստ պարանով կապեցին ձեռքերը: Նա շատ դժվարությամբ կտրեց այն եւ մի էշի կզակ վերցնելով՝ մեծաթիվ մարդիկ սպանեց: Այս բացառիկ ուժի գաղտնիքը Աստծուն նվիրված լինելն էր, որի նշանը նրա երկար մազերն էին: Բայց մի խարդախ կին կտրեց դրանք: Փղշտացիները բռնեցին Սամսոնին, կուրացրին եւ ստիպեցին պտտել աղորիքի երկանաքարը: Երբ մազերն աճեցին, Սամսոնը վերստացավ ուժը:

Թշնամիները նրան Դագոնի տաճարը տարան: Այնտեղ բազուկներով շենքի սյուները կործանեց՝ բացականչելով. «Թող Սամսոնը մեռնի բոլոր փղշտացիների հետ»: Տաճարը կործանվեց, եւ բոլորը մեռան Սամսոնի հետ:

Մեր ուժը Աստծու մեջ է. Նրանով պիտի հաղթենք բոլոր թշնամիներին:

ՍԱՎՈՒՂ ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՀՈՎԻՎ ԴԱՎԻԹԸ


Հրեաները կամենում էին թագավոր ունենալ: Սամուել մարգարեն, Աստծու խորհրդով, երիտասարդ Սավուղին թագավոր օծեց: Հրեաներն ուրախությամբ ողջունեցին նրան: Սավուղը քաջարի էր. շատ անգամներ հաղթեց թշնամիներին:

Բայց նա Աստծուն հավատարիմ չմնաց: Ուստի Տերը պաատվիրեց Սամուելին, որ բեթղեհեմցի հովիվ Դավթին թագավոր օծի: Մինչ այդ, փղշտացիները կրկին պատերազմի էին ելել հրեաների դեմ:

Ամեն օր Գաղիաթ անունով հսկան փղշտացիների բանակից առաջ էր գալիս եւ մենամարտի հրավեր կարդում նրանց, սակայն ոչ մի իսրայելցի չէր համարձակվում նրա դեմ դուրս գալ:

Երբ Դավիթը տեսավ նրան, բացականչեց. «Ե՛ս պիտի գնամ կռվելու նրա դեմ»: Վերցրեց գավազանը, պարսատիկը եւ հինգ քարեր: Գողիաթը ծիծաղեց՝ տեսնելով միամիտ պատանուն եւ ասաց. «Մի՞թե շուն եմ ես, որ իմ դեմ ես գալիս գավազանով»: «Դու իմ դեմ ես գալիս սրով ու վահանով,- պատասխանեց Դավիթը,- բայց ես գալիս եմ Աստծու անունով, ում դու նախատեցիր»:

Այս ասելով՝ մի քանի անգամ դարձրեց պարսատիկը եւ արձակեց քարը, որ եկավ ու ծակեց Գողիաթի ճակատը եւ գետնին փռեց նրան: Դավիթն արագ վազեց, քաշեց նրա սուրը եւ կտրեց գլուխը: Փղշտացիները փախան: Հրեաները հետապնդեցին նրանց եւ անգթորեն ջարդեցին:

Պատերազմից վերադարձին, ժողովուրդը երգեց. «Սավուղը հազար ջարդեց, Դավիթը՝ բյուր»:

Աստծուն հուսացողը միշտ հաղթող է լինում:

ԴԱՎԹԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դավիթը թագավոր կարգվեց երեսուն տարեկանում: Նա հաղթեց բոլոր թշնամիներին: Քանի որ մինչեւ իր թագավորելը Իսրայելի ցեղերը բաժան եւ անջատ էին իրարից, նրանց բոլորի համար մայրաքաղաք ընտրեց Երուսաղեմը, որ ողջ թագավորության սիրտը եղավ:

Դավիթն Աստծու սուրբ տապանակը Երուսաղեմ փոխադրեց մեծ հանդեսներով: Տերը խոսեց Դավթի հետ՝ ասելով, թե նրա թագավորությունը հավիտենական պիտի լինի եւ նրա սերնդից պիտի ծնվի Մեսիան՝ Փրկիչը:

Դավիթն Իսրայելի մեծագույն թագավորը եղավ: Սուրբ եւ բարի էր, որի համար սիրվեց Տիրոջից: Նա նաեւ բանաստեղծ էր: Դավթի գրչին են պատկանում սաղմոսները, որոնք միչեւ այսօր երգվում են եկեղեցում: Սակայն Դավիթը եւս մեղանչեց: Աստված Նաթան մարգարեին ուղարկեց՝ հանդիմանելու նրան:

Թագավորը գլուխը խոնարհեցրեց եւ զղջացած սրտով ասաց. «Մեղա քեզ, Աստված... ողորմիր ինձ, Տե՛ր, Քո մեծ ողորմությամբ»:

Աստված ներեց Դավթին, բայց նա խստորեն ապաշխարեց: Անսպասելիորեն հանկարծամահ եղավ որդիներից մեկը: Մյուս որդին՝ Աբիսողոմը, հոր դեմ պատերազմի ելավ, սակայն պարտվեց: Եվ մինչ փախչում էր, մազերը կաղնու ճյուղին փաթաթվեցին եւ կախված մնաց: Զինվորներից մեկը նետով սպանեց նրան, հակառակ հոր հրամանին, որ արտասվելով ասել էր. «Ազատեցե՛ք Աբիսողոմ զավակիս»:

Դավիթը, մեռնելուց առաջ, թագավոր օծել տվեց իր որդուն՝ Սողոմոնին:

ՍՈՂՈՄՈՆ ԱՐՔԱ

Սողոմոնը շատ երիտասարդ հասակում ժառանգեց հոր գահը: Նա նշանավորվեց իր համեստությամբ: Մի օր երկու կանայք ներկայացան նրան: Երկուսն էլ մի քանի օրական մանկիկներ էին գրկել: Նրանցից մեկը գիշերը մահացել էր: Երկուսն էլ երդմամբ հաստատում էին, թե ողջ մանուկը իրենցն է:

Սողոմոնը հրամայեց, որպեսզի ողջ մանկանը սրով մեջտեղից կիսեն եւ տան երկուսին: Սակայն կանանցից մեկն աղաչեց. «Գթա՛, տեր արքա, խնդրում եմ նրան տվեք զավակիս, բայց մի՛ սպանեք»: Մինչ մյուսն ասում էր. «Ո՛չ, թող կիսեն եւ երեխան ո՛չ իմը, ո՛չ էլ իրենը լինի»: Այն ժամանակ Սողոմոնը վճռեց. «Իսկական մայրը նա՛ է, որ չի կամենում մանկան մահը. նրան տվեք երեխային»:

Իմաստության հետ Աստված Սողոմոնին տվեց նաեւ հարստություն, պատիվ եւ փառք:

Նա գեղեցկացրեց Երուսաղեմը, ընդարձակեց պետության սահմանները, հիմնեց նավատորմիղ: Սակայն նրա մեծագույն գործը կարող ենք համարել Երուսաղեմի տաճարի շինությունը, որ Իսրայելի պարծանքը եղավ:

Բացի տաճարից՝ նա կառուցեց իր թագավորական պալատը, ուր դիմում էին աշխարհի թագավորներն ու գիտնականները: Սակայն, հակառակ իր իմաստությանն ու փառքին, Սողոմոնը կյանքի վերջում ընկավ մեծ մեղքերի մեջ: Աստված բարկացավ եւ ասաց, որ մահվանից հետո նրա թագավորությունը երկուսի պիտի բաժանվի:

Սողոմոնի իմաստուն խոսքերից է. «Աշխարհում ամեն ինչ ունայն է»:

Դու վախեցիր Աստծուն վշտացնելուց, որպեսզի արժանի լինես Նրա օրհնությունը վայելելուն:

ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Սողոմոնին հաջորդեց որդին՝ Ռոբովամը: Արդեն Սողոմոնի օրոք ժողովուրդն սկսել էր դժգոհել, որովհետեւ տուրքերը չափազանց շատ էին: Ռոբովամը, նվազեցներու փոխարեն, ավելացրեց դրանք: Այն ժամանակ տասը ցեղեր բաժանվեցին նրանից եւ կազմեցին Իսրայելի թագավորությունը՝ մայրաքաղաք ունենալով Սամարիան: Երկու ցեղեր միայն հավատարիմ մնացին նրան, որոնք եւ կազմեցին Հուդայի թագավորությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով:

Իսրայելի թագավորության արքաներն անորեն ու չար գտնվեցին: Իրենց հպատակներին արգելեցին Երուսաղեմ գնալ եւ հալածեցին Աստծու ուղարկած մարգարեներին: Աստված հոգնեց նրանց չարություններից, եւ թույլ տվեց, որ Իսրայելի թագավորությունը ջնջվի ասորեստանցիների կողմից: Գերեվարվեցին իսրայելիցիները. նրանց տարան ասորեստանցիների երկիր, ուր եւ աղքատացան, չարչարվեցին ու մատնվեցին հետին աղքատության: Շատերը մեռան այնտեղ:

Մինչդեռ Հուդայի թագավորությունն ունեցավ բազմաթիվ բարի արքաներ, ուստի երկար գոյատեւեց: Չպակասեցին, սակայն, չար ու կռապաշտ թագավորները, որոնք Աստծու բարկությունը հրավիրեցին ժողովրդի վրա: Մովսեսը, մեռնելուց առաջ, կրկին ու կրկին հանձնարարել էր պահել Աստծու հետ ունեցած իրենց դաշինքը, որովհետեւ այն օրը, երբ հակառակվեին այդ ուխտին, Տերը պիտի նրանց մատներ թշնամիների ձեռքը:

Այդպես էլ եղավ: Աստված Իսրայելի պես պատժեց Հուդայի թագավորությանը եւս: Բաբելունի արքան հարձակվեց Երուսաղեմի վրա եւ կործանեց այն: Սքանչելի տաճարը հրի ճարակ դարձավ, իսկ հրեաները գերի տարվեցին Բաբելոն:

Հավատարիմ եղիր Աստծուն եւ միշտ պիտի վայելես Նրա օրհնությունը:

ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ

Մարգարեներն արտասովոր մարդիկ էին, որ խոսում էին Աստծու անունով եւ ժողովրդի մեջ կենդանի էին պահում գալիք Մեսիայի հույսը:

Մեծաթիվ էին նրանք: Ամենամեծը Եսային էր: Նա Երուսաղեմի տաճարի աստիճաններից գոչում էր. «Լսի՛ր, երկինք, ականջ դիր դու էլ, երկի՛ր, որովհետեւ Աստված խոսեց եւ ասաց. Որդինե՛ր մեծացրի, եւ նրանք ինձ արհամարհեցին, լքեցին իրենց Տիրոջը եւ հայհոյեցին Իսրայելի Սրբերին..., ուստի իրենց քաղաքները պետք է կրակի բաժին դառնան եւ իրենց հարստությունները պիտի հափշտակվեն օտարներից»:

Եսային մարգարեացավ, թե իսրայելցիները պիտի գերեվարվեին Բաբելոն եւ մանավանդ գուշակեց, որ Հիսուս պիտի ծնվեր կույս մորից, Իր վրա պիտի վերցներ մեր բոլոր մեղքերը եւ պիտի մեռներ անգութ չարչարանքներով ու սաստիկ ցավով:

Եսային մեռավ մարտիրոսի նման: Նրա մարմինը փայտե սղոցով կիսեցին:

Երեմիան Երուսաղեմի կործանման վրա լացող մարգարեն է: Ինքը եւս նահատակվեց:

Եզեկիելն իր պաշտոնը կատարեց Բաբելոն աքսորվածների մեջ: Քաջալերեց նրանց՝ հայրենիք վերադարձի հույսով:

Դանիելը եւս իր առաքելությունը կատարեց Բաբելոնում: Նա ճշգրիտ կերպով գուշակեց Հիսուսի գալստյան ժամանակը:

Եսային, Երեմիան, Եզեկիելը եւ Դանիելը մեծագույն մարգարեներ են: Կան բազմաթիվ փոքրիկ մարգարեներ եւս:

Ինչ ասել էին մարգարեները Հիսուսի մասին, ժամանակին բոլորն էլ կատարվեցին:

ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԵ


Եղիան Իսրայելի թագավորության ամենանշանավոր մարգարեն է: Աքաբ անօրեն թագավորը խորաններ էր շինել Բահաղ չաստծու համար: Եղիան սպառնաց նրան՝ թվարկելով Աստծուց գալիք պատիժները. «Աստված ո՛չ ցող եւ ո՛չ անձրեւ պիտի տեղացնի այս տարիներին»: Թագավորը ծիծաղեց, բայց այդ վայրկյանից ոչ մի կաթիլ ջուր չիջավ եւ սոսկալի երաշտ եղավ:

Եղիան թագավորի բարկությունից փախչելով՝ ծածուկ ապրում էր Գարիթի հեղեղատի մոտ: Այնտեղ խմում էր հեղեղատի ջուրը եւ ուտում էր Աստծու հրամանով ագռավների բերած հացն ու միսը:

Երեք տարի տեւեց երաշտն ու սովը: Եղիան կրկին ներկայացավ թագավորին եւ քաջությամբ հանդիմանեց նրան, թ ինչո՞ւ թողեց ճշմարիտ Աստծուն: Խոստացավ անձրեւ բերել, բայց նախ կամեցավ ամենքի առջեւ խայտառակել Բահաղ չաստծու սուտ քահանաներին:

Կարմեղոս լեռան վրա երկու խորաններ կանգնեցնել տվեց եւ վրան դրեց զոհերը: Հետո ասաց Բահաղի քահանաներին. «Դուք կանչեցեք ձեր աստվածներին, ես էլ իմին կանչեմ: Նա, ով երկնքից կրակ իջեցնի՝ սպառելու այս զոհերը, նա՛ է ճշմարիտ Աստված»:

Բահաղի քրմերը բղավեցին, կանչեցին իրենց աստվածներին, բայց լսող չեղավ: Եղիան ձեռքերը երկինք կարկառեց եւ պարզապես ասաց. «Աստված իմ, այսօր ցույց տուր ժողովրդին, որ դո՛ւ ես ճշմարիտ Աստված»:

Շուտով երկնքից կրակի բոց իջավ եւ սպառեց զոհերը:

ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ

Հովնանը եւս պատկանում էր Իսրայելի թագավորությանը: «Վե՛ր կաց, մինչեւ Նինվե քաղաքը գնա՛,- ասաց նրան Աստված,- եւ քարոզիր բոլորին, որ ետ կանգնեն իրենց անօրեն գործերից»:

Նինվեն՝ Ասորեստանի մայրաքաղաքը, մեղքի մեջ էր ապրում: Հովնանը չլսեց Աստծուն եւ վախեցավ գնալ այդ կռապաշտների քաղաքը: Նինվե գնալու փոխարեն, Տարսոն գնացող մի նավ նստեց:

Բայց հազիվ բաց ծով ելան, երբ մի կատաղի փոթորիկ բռնեց: Սարսափած նավաստիները վիճակ գցեցին՝ հասկանալու համար, թե ո՞վ է հանցավոր: Վիճակն ընկավ Հովնանի վրա, որ նավի մի անկյունում պառկած՝ խոկում էր: Արթնացրին նրան եւ ստիպեցին խոստովանել իր հանցանքը: Երբ ծովը նետեցին, մի խոշոր ձուկ կուլ տվեց նրան:

Երեք օր հետո ձուկը Հովնանին փսխեց Նինվեի մոտերքում: Այս անգամ Հովնանը չփախավ, այլ շրջելով ողջ քաղաքով՝ բղավում էր. «Եթե չապաշխարեք, քառասուն օրից Նինվեն կկործանվի»:

Նինվեցիները հավատացին Աստծուն: Առաջինը թագավորը քուրձ հագավ, գլխին մոխիր ցանեց եւ հրամայեց, որ ամենքը ծոմ պահեն եւ ապաշխարեն՝ ընդունելու համար Տիրոջ գթությունը: Եվ Տերը, տեսնելով նրանց դարձն ու բարի կյանքը, գթաց ու ներեց:

Հովնանի հետ պատահածը Հիսուսի Հարության մի պատկերն է. «Ինչպես Հովնանը երեք օր մնաց մեծ ձկան բերանում, այնպես Հիսուս երեք օր պիտի մնար գերեզմանի մեջ»:

ԱՐԴԱՐ ՏՈՎԲԻԹԸ

Ասորեստան տարված իսրայելցի գերիների մեջ մաքուր սրտով մարդ կար՝ Տովբիթ անունով: Նա աքսորականների պահապան հրեշտակը եղավ. քաջալերում ու ամեն կերպ օգնում էր բոլորին: Հավաքում էր մինչեւ իսկ դիակները եւ գիշերը թաղում դրանք:

Մի առավոտ, հոգնած գիշերային գործերից, մի պատի կռթնեց ու քնեց: Վերեւից ծիծեռնակի ծերտ թափվեց աչքերին եւ կուրացրեց նրան: Ազգականները, փոխանակ մխիթարելու, ասում էին նրան. «Դու բարիք էիր գործում, փոխարենն ի՞նչ ստացար»: Իսկ Տովբիթը պատասխանում էր. «Այդպես մի՛ խոսեք, որովհետեւ մենք սրբերի որդիներ ենք»:

Մի օր Տովբիթը կանչեց իր որդի Տուբիային, պատվիրեց, որ ընկերակից գտնի եւ միասին գնան Մարաստան: Այնտեղ կար մեկը, որ իրեն բավականին դրամ էր պարտք: Եթե այդ դրամը չվերցնեին, քաղցից պիտի մեռնեին: Ներկայացավ գեղեցիկ ու ազնիվ մի երիտասարդ եւ առաջարկեց ընկարակցել Տուբիային: Նա Ռաֆայել հրեշտակապետն էր:

Սքանչելի ճամփորդություն եղավ: Հրեշտակը Տուբիային ազատեց բոլոր վտանգներից: Մի գետից անցնելիս ձկան լեղի վերցրեց՝ Տովբիթի աչքերը բժշկելու համար: Իր համար բարի եւ հարուստ հարսնացու գտավ: Վերցրեցին փոխ տված դրամները եւ ողջ ու առողջ վերադարձան իրենց ծերունի ծնողների մոտ: Մեծ էր նրանց ուրախությունը:

Մեկնելուց առաջ ընկերակիցը մերժեց ամեն տեսակի վարձատրություն եւ ասաց. «Ես Աստծու առջեւ կանգնող յոթը հոգիներից մեկն եմ. դուք օրհնեցեք Աստծուն՝ Նրա բոլոր սքանչելիքների համար»:

ՀՈՒԴԻԹ

Բաբելոնի թագավորը հրամայել էր իր ամենակատաղի զորավարին՝ Հողեփեռնեսին, որ գրավեր Հուդայի ողջ երկիրը: Հողեփեռնեսն իր ձեռնարկն սկսեց Բետիղվայի պաշարմամբ: Քաղաքի գլխավորներն արդեն որոշել էին անձնատուր լինել: Բայց հանկարծ նրանց ներկայացավ սուրբ եւ քաջարի մի կին՝ Հուդիթ անունով եւ խնդրեց համաքաղաքացիներից աղոթք եւ ապաշխարանք:

Ինքն էլ մի տեղ քաշվեց՝ աղոթելու համար: Հետո տեղից վեր ելավ վճռաբար, հագավ իր ամենաճոխ ու փայլուն զգեստները, շպարվեց եւ, աղախնին կանչելով, միասին գնացին թշնամու բանակը:

Հուդիթը պատմեց նրանց իր քաղաքի մոտալուտ հանձնվելու մասին: Հողեփեռնեսն ասաց նրան. «Եթե Տերն ինձ տա քո ժողովրդին, ապա քո Աստվածն իմ Աստվածը պիտի լինի..., որովհետեւ աշխարհում քեզ նման ազնվական եւ իմաստուն կին չկա»: Այնուհետեւ ճոխ սեղան պատրաստեց՝ ի պատիվ Հուդիթի: Ճաշի ժամանակ Հողեփեռնեսը խմեց գինովնալու աստիճան, ապա իր վրանը գնաց՝ քնելու: Հուդիթը կամացուկ ներս մտավ եւ նրա սուրը վերցնելով՝ աղոթեց. «Տե՛ր, ինձ ուժ տուր այս վայկյանիս»:

Երկու հարվածով կտրեց Հողեփեռնեսի գլուխը, կանչեց աղախնին, զորավարի գլուխը պարկի մեջ դրին ու քաղաք վերադարձան: Բետիղվայի բնակիչներն ուրախության կանչերով ողջունեցին հերոսուհուն: Հետո բոլորը մեկից դուրս եկան քաղաքից եւ հարձակվեցին անզորավար բանակի վրա: Թշնամին փախավ խուճապահար:

«Դու Երուսաղեմի պարծանքն ես, Իսրայելի ուրախությունը եւ մեր ազգի պատիվը»,-ասում էին հրեաները Հուդիթին:

Այս նույն խոսքերն այժմ մենք ենք ուղղում Մարիամ Աստվածածնին, ում պատկերն է Հուդիթը:   

ԵՍԹԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ

Պարսկաստանի արքայից արքան գրավել էր Ասորեստանը եւ հրեաներին հայրենիք վերադառնալու կամ կայսրության ներսում մնալու ազատություն շնորհել: Շատերը մնացին: Նրանց մեջ էր մի խղճմիտ մարդ՝ Մուրթքե անունով: Նա որդեգրել էր որբ թոռնուհի, ում անումը Եսթեր էր: Աղջիկը շատ գեղեցիկ էր եւ ուներ առաքինի վարք: Արտաշես թագավորը սիրահարվում է նրան եւ ամուսնանում հետը: Հորեղբայրը տեւաբար հսկում էր մանկամարդ թագուհուն եւ իմաստուն խորհուրդներ տալիս: Բայց շուտով ատելի դարձավ գոռոզ Համանին, որ նախարար էր: Այս մարդը կամենում էր, որ ամենքն իր առջեւ խոնարհվեն եւ ծնկի գան՝ Աստծու նման: Մուրթքեն չկամեցավ այդպես անել եւ աղոթում էր՝ ասելով. «Աստված չանի, որ ես Տիրոջից զատ ուրիշ մեկին եւս երկրպագեմ»:

Անպարկեշտ Համանը սաստիկ բարկացավ եւ թագավորից հրովարտակ վերցրեց, որով դատապարտում էր Մուրթքեին ու բոլոր հրեաներին: Այս տխուր պայմաններում Եսթերը ներկայացավ արքայից արքային իր ողջ գեղեցկությամբ եւ թագուհու շքեղությամբ ու ասաց նրան դողալով. «Եթե շնորհք գտա քո առջեւ, ո՛վ արքայ, խնդրում եմ՝ ազատի՛ր ինձ եւ իմ ժողովրդին: Մենք մի թշնամի ունենք, որ քո թագավորությանը նույնպես թշնամի է»: «Ո՞վ է նա»,- հարցրեց արքայից արքան խռոված: Եսթերը չար նախարարին մատնացույց արեց՝ ասելով. «Մեր թշնամին անպարկեշտ Համանն է»:

Թագավորը հրամայեց, որ անմիջապես կախեն Համանին: Ետ վերցրեց ջարդի հրովարտակը եւ Մուրթքեին բարձրացրեց վարչապետի աստիճանին:

Եսթեր թագուհին եւս գեղեցիկ պատկերն է Մարիամ Աստվածածնի:

ԵՂԻԱԶԱՐԸ ԵՎ ՄԱԿԱԲԱՅԵՑԻ ՅՈԹ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Հրեաները հազիվ վերադարձան գերությունից, սկսեցին վերաշինել տաճարը եւ Երուսաղեմի պարիսպները: Շատ նեղություններ էին կրել սուրբ քաղաքից հեռու: Ուստի կարիք ունեին Տիրոջ հետ իրենց ուխտը նորոգելու եւ ծառայելու Նրան մաքուր սրտով: Սակայն միշտ կատարելապես ազատ չեղան օտար տիրապետություններից: Նախ ստիպվեցին հարկ վճարել պարսիկներին եւ Սիրիայի թագավորին: Վերջիններս անգթորեն հալածեցին հրեաներին: Նրանցից մեկը՝ Անտիոքոս Եպիփանը, պղծեց տաճարը եւ հրամայեց հրեաներին փոխել իրենց կրոնը, եթե կամենում են ապրել:

Շատերը նախընտրեցին մեռնել: Ծերունի Եզիաղարը, ում կամենում էին խոզի միս կերցնել հակառակ օրենքի, նրանցից մեկն էր: Բարեկամները խորհուրդ էին տալիս, որ գառան միս ուտեր՝ հավատացնելով, թե խոզի միս է կերածը: Բայց նա չկամեցավ. «Անկարելի բան է,- ասաց,- իննսուն տարեկանում չեմ կարող հավատքս ուրանալ կեղծիքով եւ երիտասարդներին գայթակղեցնել: Հետո, եթե մարդկանց չարչարանքից ազատվեմ, չեմ կարող Աստծու ձեռքից ազատվել»: Եվ ուրախությամբ նահատակվեց:

Նրա օրինակին հետեւեցին շատերը, այդ թվում եւ մեկ մայր՝ իր յոթը զավակներով: Նրանք մեկիկ-մեկիկ անգթորեն սպանվեցին իրենց մոր աչքերի առջեւ, որ քաջալերում էր նրանց՝ հավատարիմ մնալ իրենց հավատքին: Սպանեցին նաեւ քաջարի մորը, ում անունը Շամունե էր, իսկ զավակները՝ յոթը մակաբայեցի երիտասարդներ էին:

ՄԵՍԻԱՆ Է ԳԱԼԻՍ

Աստծու ժողովրդին պաշտպանելու համար հերոսների մի ընտանիք հաստատվեց: Այն Մակաբայեցիների ընտանիքն էր, որ մուրճի պես հարվածեց թշնամիների գլխին:

«Ով Աստծու օրենքների նախանձն ունի, թող ինձ հետեւի»,- ասել էր Մակաբայեցիների հայրը: Իր եւ իր հինգ զավակների շուրջ հավաքվեց քաջարի մի բանակ, որ անողոք կերպով պատերազմեց Սուրիայի թագավորի դեմ:

Հոր մահից հետո «Սուրբ պատերազմի» ղեկը ձեռքն առավ Հուդան՝ մակաբայեցիների ամենակրակոտ հերոսը: Մի անգամ Աստված տեսանելի կերպով օգնության հասավ նրան: Հինգ բոցազգեստ մարտիկներ իջան երկնքից: Երկուսը Հուդայի կողքին մնացին, իսկ մյուսները տեգերով ու կայծակներով հարվածեցին թշնամիներին եւ կուրացրած գետնին տապալեցին:

Հուդային հաջորդեցին եղբայրները, ովքեր քաջասիրտ էին: Երբ վերջին եղբայրն էլ մեռավ, ժառանգորդների մեջ սուր վեճեր ծագեցին: Այդ ժամանակ միջամտեց հռոմեացի Պոմպեոս զորավարը, որ Պաղեստինը հռոմեական գավառի վերածեց, իսկ Հուդայի թագավորությունը տվեց Հերովդեսին, որ անգութ եւ խառնակիչ օտարական էր:

Արքայական մականը վերցված էր Հուդայի թագավորությունից: Հետեւաբար՝ Հակոբի մարգարեության համաձայն, Մեսիայի գալուստը մոտ էր: Նրա գալստյանն էին սպասում աշխարհի բոլոր ազգերը: Անգամ Հռոմն էր սպասում Նրան: Նրան էին սպասում մանավանդ բարիները, խոնարհները եւ ստրուկները:

Ու եկավ Մեսիան: Հին Կտակարանը (Ուխտը) պատրաստում է աշխարհի Փրկչի գալուստը, որ մեր սիրելի Հիսուս Քրիստոս է:

Շարունակությունը >>>

  >>>

 
     
 

 


 


 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ