Լուսաւորչի կանթեղն անմար է, որովհետեւ իւղն անոր մէջ
անպակաս է...
Իւղը աստուածային շնորհին եւ իւղը հայ ժողովուրդի հաւատարմութեան մշտադալար ձիթենիին
:
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    Հիսուսի կյանքը (մաս III )  


 

 
       

Մաս II >>>

ԱՎԵՏԱՐԱՆԸ

վետարանը մեզ պատմում է Հիսուսի կատարած գործերի մասին, ինչպես նաեւ փոխանցում Նրա ասած գեղեցիկ ու իմաստալից խոսքերը: Այն գրել են չորս Ավետարանիչները՝ Մատթեոսը, մարկոսը, Ղուկասը եւ Հովհաննեսը: Ավետարանը գրված է Աստծու ներշնչմամբ, այսինքն՝ Սուրբ Հոգին ասել է, թեինչ եւ ինչպես պիտի գրեն Ավետարանիչները: Ավետարանը մեզ տեղեկացնում է, որ Հիսուս Քրիստոս Աստծու Որդին է եւ մեր հանդեպ ունեցած սիրո համար մարդացավ, մարմնացավ եւ ծնվեց Մարիամ Աստվածածնից:

Մինչեւ երեսուն տարեկան դառնալն ապրեց Նազարեթում, հետո Իր շուրջը հավաքեց Առաքյալներին եւ նրանց հետ շրջեց Պաղեստինով մեկ ու քարոզեց Աստծու խոսքը, հրաշքներ գործեց, հուսկ չարչարվեց, խաչվեց եւ մեռավ Գողգոթայի բարձունքում դարձյալ մեր նկատմամբ տածած սիրո պատճառով:

Մահվանից երեք օր անց հարություն առավ եւ, հաստատելով Իր Եկեղեցին, երկինք համբարձվեց:

Ավետարանը մի գիրք է, որ ամեն քրիստոնյա պիտի կարդա, համբուրի ու ճակատին դնի:

Երբ մեկը հիվանդանում է, նրա բարձի տակ են դնում Հիսուսի Ավետարանը, որպեսզի շուտ ապաքինվի:

ԳԱԼԻՔ ՓՐԿԻՉԸ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Պաղեստինում ապրում էր մի ժողովուրդ, որը շատ էր սիրում Աստծուն: Դա հրեա ժողովուրդն էր:

Աստված ընտրել էր հրեաներին, որպեսզի երկրի վրա պահպաներ ճշմարիտ կրոնը եւ որպեսզի այդ ժողովրդից ծնվեր խոստացված Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս:

Հրեաները դարերով սպասեցին Հիսուսի օրհնաբեր գալստյանը: Սակայն նրանք կարծում էին, թե Հիսուս պիտի գար փառավոր ու հզոր թագավորի նման եւ պիտի տիրեր ամբողջ աշխարհին, իսկ հրեաները պիտի լինեին ամենամեծ ազգը:

Բայց նրանք ճիշտ չէին մտածում: Հիսուս աշխարհ պիտի գար, պիտի տիրեր համայն մարդկության հոգիներին եւ պիտի հաստատեր հոգիների թագավորություն:

Եվ, իսկապես, եկավ սպասված Փրկիչը՝ անուշիկ մանկան կերպարանքով եւ Նրա սիրելիները եղան պարզ մարդիկ՝ նախ հովիվները եւ ապա աղքատները, փոքրիկ երեխաները եւ խոնարհ ու բարի մարդիկ:

Մենք նույնպես Հիսուսի զավակներն ենք: Նա սիորւմ է մեզ: Մենք էլ Նրան ենք շատ սիրում:

ՄԱՐԻԱՄ ԿՈՒՅՍԸ

Յուրաքանչյուր հրեա ընտանիք ամբողջ սրտով փափագում էր, որ Փրկչին իր դուստրը ծներ: Երբ մոտեցավ Հիսուսի աշխարհ գալու ժամանակը, Աստված Գաբրիել հրեշտակապետին ուղարկեց Մարիամ անունով կույսի մոտ, որ ապրում էր Նազարեթ քաղաքում եւ պսակված էր արդար Հովսեփ անունով մարդու հետ:

Երբ հրեշտակը տուն մտավ, Մարիամն աղոթում էր: Մոտեցավ նրան եւ ասաց. «Ողջույն քեզ, Մարիամ, շնորհներով լի, Տերը քեզ հետ, օրհնված ես դու կանանց մեջ եւ օրհնված է քո որովայնի պտուղը՝ Հիսուս»:

Մարիամը մի քիչ զարմացավ գովասանքի այս խոսքերից, բայց հրեշտակը հանգստացրեց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիամ, դու Որդի պիտի ունենաս եւ անունը Հիսուս պիտի դնես. Նա մեծ պիտի լինի եւ Աստծու Որդի պիտի կոչվի»:

Մարիամը հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս կարող է դա ինձ հետ պատահել, քանի որ ես կուսության ուխտ եմ արել»: «Սուրբ Հոգին պիտի իջնի քո վրա եւ նրա զորությամբ պիտի ունենաս որդուդ. մայր պիտի լինես, բայց միշտ կույս պիտի մնաս»:

Այն ժամանակ Մարիամը խոնարհվեց հրեշտակի առջեւ եւ ասաց. «Ահավասիկ ես Աստծու աղախինն եմ. ասածիդ պես թող լինի ինձ»:

ՄԱՐԻԱՄՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԵՂԻՍԱԲԵԹԻՆ

Մարիամը հրեշտակից լսել էր, թե իր զարմուհին՝ Եղիսաբեթը, զավակ պիտի ունենա: Քրոջական սիրուց մղված՝ թողնում է Նազարեթը եւ աճապարանքով զարմուհու մոտ գնում՝ օգնելու նրան:

Եղիսաբեթը հենց տեսնում է զարմուհուն, Աստծու շնորհով անմիջապես հասկանում է, որ Մարիամն Աստծու մայրը պիտի լինի եւ ողջունում է նրան՝ ասելով.

-Օրհնյալ ես դու կանանց մեջ, եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը. այս ինչպե՞ս է լինում, որ Տիրոջս մայրը ինձ մոտ է գալիս:

Մարիամը չի հպարտանում եւ Եղիսաբեթի գովասանքի խոսքերին այսպես է պատասխանում.

- Իմ անձը փառավորում է Տերը եւ հոգիս ցնծում է՝ իր աղախնի խոնարհությանը նայելով. սրանից հետո բոլոր ազգերն ինձ երանի պիտի տան:

Այդ օրերին ծնվում է Եղիսաբեթի զավակը՝ Հովհաննես Մկրտիչը: Ամենքն ուրախանում են, որովհետեւ ապագայում մեծ մարգարե պիտի լիներ եւ պիտի մկրտեր մարդկանց, մանավանդ՝ Հիսուսին:

Մարիամը շուրջ երեք ամիս մնում է Եղիսաբեթի մոտ եւ օգնում նրան տնային գործերում: Մասնավորապես սիրով ու գուրգուրանքով է խնամում նորածին Հովհաննես մանկիկին, որ իր Հիսուսի սիրելի բարեկամը պիտի լիներ: Ապա տուն է վերադառնում:

ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

Հռոմի Օգոստոս կայսրը հրամայեց, որ իր երկրի բոլոր սահմաններում մարդահամար անցկացվի: Այս հրամանի պատճառով ամեն ոք իր ծննդավայրը պիտի գնար՝ հաշվառվելու:

Մարիամն ու Հովսեփը նույնպես, Բեթղեհեմում ծնված լինելով, Նազարեթից այնտեղ գնացին: Դեռ նոր էին հասել, երբ սկսեցին տուն փնտրել իրենց ազգականների եւ ծանոթների շրջանակում, բայց չգտան: Ստիպված ապաստանեցին քաղաքից դուրս գտնվող մի քարայրում:

Երբ արդեն գիշեր էր, եւ աստղերն էին փայլում երկնքում, այդ քարայրում ծնվեց Հիսուս՝ աշխարհի Փրկիչը: Մարիամը ձեռքերի մեջ առավ մանկանը եւ պաշտեց Նրան՝ որպես իր Տեր եւ Աստված, ապա լաթերի մեջ փաթաթեց եւ դրեց մսուրում՝ հարդի վրա:

Քարայրից քիչ այն կողմ հովիվներ կային, որ ոչխարներ էին պահում: Լուսավոր հրեշտակը նրանց ավետեց, թե Բեթղեհեմում ծնվել է Մեսիան: Վերջիններս փութով վազեցին՝ տեսնելու Նրան եւ քարայրում գտան Հիսուս մանկանը՝ Մարիամի ու Հովսեփի հետ: Երկրպագեցին Աստվածորդուն եւ նվերներ տվեցին:

Հրեշտակների խմբերն իջան երկնքից եւ շրջապատեցին քարայրը՝ երգելով. «Փառք Աստծուն բարձունքներում եւ խաղաղություն երկրի վրա...»:

ՀԻՍՈՒՍ ՏԱՃԱՐ Է ՏԱՐՎՈՒՄ

Մովսեսի օրենքը պատվիրում էր, որ անդրանիկ զավակները, ծննդից քառասուն օր հետո, տաճար տարվեն եւ Աստծուն նվիրվեն: Այդ առիթով մայրը, եթե հարուստ էր, դրամ էր տալիս, իսկ եթե աղքատ էր, երկու աղավնի կամ երկու տատրակ էր նվիրում:

Հիսուսի մայրը թեեւ պարտավոր չէր պահել այդ օրենքը, սակայն տաճար տարավ իր զավակին եւ, քանի որ հարուստ չէր, նվիրեց երկու աղավնի:

Այն ժամանակ Երուսաղեմում ապրում էր Սիմոն անունով մի սուրբ մարդ, ում Սուրբ Հոգին խոստացել էր, թե Փրկչին չտեսած պիտի չմեռնի: Անծանոթ ուժից մղված՝ այդ օրը Սիմոն ծերունին տաճար գնաց եւ, հազիվ մանկանը տեսնելով, զգաց, որ Նա էր խոստացված Մեսիան:

Ձեռքերի մեջ առավ Հիսուս մանկանը եւ բացականչեց. «Հիմա, Ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային, որովհետեւ խոսքիդ համաձայն աչքերս տեսան Փրկչին»:

Նույն վայրկյանին հասավ նաեւ ութսունչորս տարեկան Աննա մարգարեուհին, եւ ինքը նույնպես փառաբանեց Աստծուն ու Նրա մասին պատմեց բոլոր նրանց, ովքեր սպասում էին Մեսիային:

ՄՈԳԵՐԻ ԱՅՑԸ ԵՎ ՓԱԽՈՒՍՏ ԵԳԻՊՏՈՍ

Հիսուսի ծննդից քիչ անց մի շատ փայլուն աստղ երեւաց արեւելքի կողմերում: Այնտեղի ժողովուրդները եւս փրկչի էին սպասում: Երեւացող աստղը նրանն է ասելով՝ երեք մոգեր ճանապարհ ընկան՝ փնտրելու նորածին Փրկչին՝ Մեսիային: Նրանք իրենց հետ ճոխ նվերներ վերցրին եւ շողարձակ աստղին հետեւելով՝ հասան Երուսաղեմ:

Մոգերը ներկայացան Հերովդես թագավորին եւ հարցրին, թե ո՞ւր է նոր ծնված թագավորը: Հերովդեսը, որ շատ չար էր, վախեցավ, թե մի օր այդ մանուկը կարող է իր թագավորական աթոռը գրավել: Նա ասաց մոգերին, թե «դուք գնացեք Բեթղեհեմ, երկրպագեք նորածին մանկանը եւ հետո ինձ իմաց տվեք, որ ես նույնպես գամ եւ երկրպագեմ նրան»:

Մոգերը, կրկին փայլատակող աստղի առաջնորդությամբ, Բեթղեհեմ հասան, գտան Հիսուս Մանկանը եւ Նրա մեջ Աստծուն ճանաչելով՝ պաշտեցին Իրեն ու թանկագին ընծաներ տվեցին՝ ոսկի, ազնիվ խունկ եւ զմուռս: Ապա հետեւելով հրեշտակի խորհրդին՝ մեկ այլ ճանապարհով վերադարձան իրենց երկիրը:

Հերովդեսը երբ տեսավ, որ խաբվել է մոգերից, սաստիկ բարկացավ ու հրամայեց, որ սրի քաշեն Բեթղեհեմի բոլոր մանուկներին, ովքեր դեռ երկու տարեկան չկան: Սակայն Հիսուս այդ մանուկների մեջ չէր, որովհետեւ հրեշտակը նախապես զգուշացրել էր Հովսեփին, որ վերցնի Հիսուսին ու Մարիամին եւ փախչի Եգիպտոս, որպեսզի ազատի Նրան մանուկների ջարդից:

ՀԻՍՈՒՍ ՏԱՃԱՐՈՒՄ

Երբ Հիսուս տասներկու տարեկան էր, Մարիամի եւ Հովսեփի հետ Երուսաղեմ գնաց՝ զատկական տոները նշելու: Տոներից հետո Մարիամն ու Հովսեփը բռնեցին վերադարձի ճանապարհը, բայց Հիսուս հետները չէր: Նրանք չանդրադարձան դրան, որովհետեւ տղամարդիկ եւ կանայք տարբեր խմբերով էին ճամփորդում, իսկ երեխաները կարող էին հոր կամ մոր խմբի մաս կազմել:

Երբ երեկոյան երկու խմբերը միացան, Մարիամն ու Հովսեփը նկատեցին, որ Հիսուս բացակայում է: Փնտրեցին Նրան եւ անհանգստացած հարցրեցին բոլորին, թե արդյոք չէի՞ն տեսել իրենց որդուն: Ոչ ոք ոչինչ չգիտեր: Այն ժամանակ վերադարձան Երուսաղեմ եւ շարունակեցին փնտրել: Երեք օր որոնելուց հետո վերջապես գտան տաճարի մեջ: Այնտեղ իմաստուն ծերունիների հետ նստած՝ հարցնում ու պատասխանում էր, եւ ամենքը զարմացած էին տղայի՝ այսքան գիտելիքներ ունենալու վրա:

Մարիամը մոտեցավ Հիսուսին եւ ասաց. «Որդյա՛կ, այս ինչպե՞ս վարվեցիր մեզ հետ: Ահավասիկ հայրդ ու ես անձուկով փնտրում էինք քեզ»:

Հիսուս պատասխանեց. «Ինչո՞ւ էիք փնտրում ինձ, չգիտեի՞ք, որ Հորս տանը պետք է լինեմ»:

Ապա դուրս եկավ տաճարից եւ նրանց հետ գնաց Նազարեթ, ուր եւ մնաց մինչեւ երեսուն տարեկան դառնալը. «աճում էր հասակով, իմաստությամբ եւ շնորհքով եւ հնազանդ էր նրանց»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ

Հովհաննես Մկրտիչը որդին էր Զաքարիայի եւ Եղիսաբեթի: Նա հրաշքով ծնվեց: Հազիվ փոքր-ինչ մեծացած՝ անապատ գնաց եւ այնտեղ էր ապրում աղոթքով ու ապաշխարությամբ: Հագնում էր ուղտի մորթուց պատրաստած զգեստ, մեջքին ուներ կաշվե գոտի եւ ուտում էր վայրի մեղր ու մորեխ:

Երեսուն տարի ճգնելուց հետո անապատից եկավ Հորդանան գետի եզերքը եւ սկսեց քարոզել ժողովրդին, որ ապաշխարեն, մկրտվեն ու պատրաստվեն Փրկչի գալստյանը:

Նրա անունը տարածվեց բոլոր կողմերում: Ամենքը գալիս էին, մկրտվում նրանից ու ապաշխարում:

Մի օր էլ Հիսուս եկավ Գալիլիայից, խառնվեց մեղավորներին եւ կամեցավ Ինքն էլ մկտրվել Հովհաննեսից: Հովհաննեսը ճանաչեց Նրան եւ ասաց խոնարհությամբ. «Ե՛ս պետք է Քեզնից մկրտվեմ, դու ինձ մո՞տ ես գալիս»: Հիսուս պատասխանեց. «Թող որ այսպես կատարենք Աստծո կամքը»:

Այն ժամանակ Հովհաննեսը մկրտեց Հիսուսին: Հանկարծ երկինքը բացվեց եւ երեւաց աղավնակերպ Սուրբ Հոգին ու իջավ Հիսուսի վրա: Նույն վայրկյանին երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, Նրա՛ն լսեք»: Աղավնին Սուրբ Հոգին էր, իսկ խոսողը՝ Հայր Աստված:

Դրանից հետո Հովհաննեսը շարունակեց իր քարոզչությունը, մինչեւ չար Հերովդեսը նրան բանտում գլխատել տվեց իր անպատիվ կնոջ խորհրդով:

ՀԻՍՈՒՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Երբ Հիսուս սկսեց քարոզել, շատերը հետեւեցին Նրան եւ բնավ չէին բաժանվում Նրանից: Հիսուս կամեցավ վերջիններից տասներկուսին ընտրել, որպեսզի Իրեն հավատարիմ լինեն եւ, մեռնելուց հետո, շարունակեն Իր սուրբ գործը:

Մի օր, երբ շրջում էր Գալիլիայի ծովեզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Պետրոսին եւ Անդրեասին, որ ուռկան էին նետում ծովը՝ ձուկ որսալու ակնկալիքով: Իր մոտ կանչեց նրանց եւ ասաց. «Հետեւիցս եկեք. սրանից հետո դուք մարդկանց որսորդ պիտի լինեք»: Եղբայրները, տեսնելով Հիսուսի աստվածային դեմքը եւ լսելով անուշ խոսքերը, թողեցին ամեն ինչ եւ Նրա հետեւից գնացին: Մի քիչ էլ քայլեցին ծովեզերքին եւ հանդիպեցին Հակոբոս ու Հովհաննես եղբայրներին, ովքեր իրենց հոր հետ ուռկաններն էին նորոգում: Հիսուս նրանց նույնպես կանչեց: Երկու եղբայրները, Աստծո շնորհից ազդված, անմիջապես թողեցին իրենց հորն ու նավակը եւ հետեւեցին Հիսուսին:

Մի անգամ, մաքսատան առջեւից անցնելիս, Մատթեոս մաքսավորին տեսավ եւ ասաց. « Հետեւիցս եկ»: Նա եւս թողեց ամեն ինչ եւ Հիսուսի հետեւից գնաց:

Այս կերպ Հիսուս հավաքեց ուրիշների նույնպես՝ Փիլիպպոսին, Բարդուղիմեոսին, Թովմասին, Հակոբոսին, Սիմոնին, Թադեոսին եւ Հուդային, որ Իր մատնիչը եղավ:

Ահա տասներկու Առաքյալների անունները՝ Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Փիլիպպոս, Բարդուղիմեոս, Թովմաս, Հակոբ, Սիմոն, Թադեոս եւ Հուդա:

ՀԻՍՈՒՍ ՔԱՐՈԶՈՒՄ Է

Հիսուս աշխարհ էր եկել՝ մարդկանց Աստծուն մոտեցնելու համար: Եվ որպեսզի ցույց տար Աստծու բարությունը, քարոզում էր ժողովրդին: Այնքան գեղեցիկ բաներ էր խոսում, որ ամենքը սիրով ունկնդրում էին Իրեն եւ ասում. «Սրա նման գեղեցիկ խոսող մարդ չենք տեսել»:

Հիսուս քարոզում էր ժողովարանների մեջ, դաշտերում եւ լեռների վրա: Երբեմն ծովեզերքն էր հավաքում ժողովրդին եւ առակներ պատմում: Ամենքն այնքան էին հուզվում, որ շատ անգամներ մոռանում էին ուտելու մասին եւ հետեւում էին Նրան:

Հիսուս Իր ամենագեղեցիկ քարոզներից մեկը խոսեց մի լեռան լանջի: Ողջ ժողովուրդը նստել էր խոտի ու ժայռերի վրա: Հիսուս ասաց. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է Երկնքի Արքայությունը: Երանի՜ սգավորներին, երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմություն պիտի գտնեն: Երանի՜ խաղաղություն սիրողներին, երանի՜ արդարություն փնտրողներին: Երանի՜ նրանց, որ սուրբ են սրտով, որովհետեւ նրանք պիտի տեսնեն Աստծուն»:

Այսպես Հիսուսի քարոզները մեղմ անձրեւի պես իջնում էին մարդկանց հոգիներին եւ տալիս բարի պտուղներ:

ԲԱՐԻ ՀՈՎՎԻ ԱՌԱԿԸ

Որպեսզի աշխարհի բոլոր մարդիկ հասկանան, որ Աստված սիրում է ամենքիս, նույնիսկ մեղավորներին, Հիսուս պատմեց բարի հովվի պատմությունը:

«Մի բարի հովիվ կար, որ հարյուր ոչխար ուներ: Ամեն օր դրանց արածեցնելու էր տանում կանաչ դաշտերի եւ բլուրների վրա: Երբեմն որեւէ ծառի տակ էր հավաքում եւ սրինգ նվագելով՝ զվարճացնում:

Մի դժբախտ օր, երբ մայրամուտին հավաքեց իր ոչխարներին, տեսավ, որ մեկը պակասում է: Սիրտը շատ նեղվեց: Նայեց այս ու այն կողմ, բայց կորածին չգտավ:

Այդ ժամանակ թողեց 99 ոչխարներին ծառի տակ եւ, գավազանը վերցնելով, վազեց դաշտերով ու բլուրներով եւ փնտրեց նրան ամենուր:

Հանկարծ ձորի խորքից մայունի ձայն լսեց: Անմիջապես դեպի այնտեղ շտապեց ու տեսավ, որ ոչխարը խճճվել է փշերի մեջ: Ազատեց նրան փշերից, ուրախությամբ ուսին առավ եւ երգելով դեպի ծառը վերադարձավ:

Շուտով հավաքեց իր հովիվ ընկերներին եւ պատմեց կորած ու գտնված ոչխարի մասին: Եվ բոլորն ուրախացան այդ գիշեր»:

Հիսուս ավելացրեց. «Այսպես կուրախանան երկնքում, երբ մեղավոր մեկն ապաշխարի եւ դեպի Աստված դառնա»:

Մենք Աստծու ոչխարներն ենք, իսկ բարի հովիվն Աստված է:

ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ

Հիսուս ասաց. «Ահա մի սերմնացան ելավ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունները եկան ու կերան: Մի ուրիշ մասն ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար: Իսկույն բուսեց, քանի որ հողը խորություն չուներ. երբ արեւը ծագեց, խանձվեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ: Փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: Իսկ մյուս մասն ընկավ պարարտ հողի մեջ եւ պտուղ տվեց. կար, որ մեկին՝ հարյուր. եւ կար, որ մեկին՝ վաթսուն. եւ կար, որ մեկին՝ երեսուն»:

Աշակերտները չհասկացան այս առակի իմաստը եւ բացատրություն խնդրեցին:

Հիսուս այսպես բացատրեց. «Երբ մեկը լսում է Աստծու խոսքը եւ չի հասկանում, սատանան գալիս է եւ հափշտակում է նրա սրտում սերմանվածը. դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց:

Ապառաժի, քարուտ տեղում ընկածը նա է, որ երբ լսում է խոսքը, ընդունում է ուրախությամբ, բայց քանի որ ինքն իր մեջ արմատ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հավատում, երբ խոսքի համար նեղություն ու հալածանքներ լինեն, իսկույն սայթաքում, ընկնում է եւ մոռանում լսած խոսքերը:

Փշերի մեջ սերմամնվածը նա է, որ լսում է խոսքը, բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, եւ լինում է անպտուղ:

Իսկ լավ հողի մեջ սերմանվածը նա է, որ երբ լսում է խոսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կա, որ մեկի դիմաց հարյուր, կա, որ մեկի դիմաց վաթսուն եւ կա, որ մեկի դիմաց երեսուն»:

ՀԻՍՈԻՍԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Հիսուս, ցույց տալու համար, թե Աստված է, բազմաթիվ հրաշքներ գործեց: Միայն Աստված կարող է հրաշքներ գործել: Պատմենք դրանցից երկուսի մասին:

ՀՐԱՇՔ Ա.- Մի օր Հիսուս Առաքյալների հետ նավակ նստեց՝ Գեննեսարեթի լիճն անցնելու համար եւ նավի մեջ քնեց: Հանկարծ ուժգին մրրիկ բարձրացավ: Առաքյալները թիավարեցին ողջ ուժով եւ դիմադրեցին կատաղի ալիքներին, բայց, ի վերջո, տեսնելով, որ պիտի ընկղմվեն, արթնացրին Հիսուսին՝ բղավելով. «Վարդապե՛տ, փրկիր մեզ, ահավասիկ կործանվում ենք»: Հիսուս ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»: Ապա ոտքի ելավ եւ իշխանի նման հրամայեց քամուն, որ հնազանդվի: Այն անմիջապես հանդարտվեց, եւ լիճը խաղաղվեց:

ՀՐԱՇՔ Բ.- Մի ուրիշ օր, երբ Հիսուս Երիքով քաղաք էր գնացել, ճամփի եզերքին նստած մի կույր մուրացկան տեսավ: Ժողովրդի անցնելն իմանալով՝ կույրը հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Պատասխանեցին, որ Հիսուս Նազովրեցին է անցնում: Կույրը մեծ հավատքով սկսեց բացականչել. «Հիսուս՝ Դավթի Որդի, ողորմիր ինձ»: Ժողովրդից ոմանք կամենում էին լռեցնել նրան, բայց նա ավելի բարձր էր բղավում:

Հիսուսի սիրտը շարժվեց եւ, մոտենալով կույրին, հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ»: Կույրը պատասխանեց. «Տե՛ր, աչքերս բաց, որ տեսնեմ»: Հիսուս ասաց. «Քո հավատքի համաձայն թող լինի քեզ»:

Նույն վայրկյանին աչքերը բացվեցին, եւ ուրախությամբ ինքն էլ քայլեց Հիսուսի հետեւից:

ՀԱՑԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ

Հազարավոր մարդիկ օրերով հետեւում էին Հիսուսին եւ ուտելու ոչինչ չունեին: Հիսուս մի քանի անգամ հրաշքով կերակրեց նրանց:

Մի երեկո աշակերտները մոտեցան Նրան եւ ասացին.

- Այստեղ անապատ է, արձակիր ժողովրդին, որպեսզի շրջակա գյուղերը գնան եւ կերակուր գտնեն:

Հիսուս պատասխանեց.

- Դո՛ւք նրանց ուտելիք տվեք:

Փիլիպպոս Առաքյալն ասաց.

- Մոտներս միայն հինգ հաց եւ երկու ձուկ ունենք:

Բայց այսքանն ի՞նչ է հինգ հազար մարդու համար:

Հիսուս չորս կողմ նայեց, խղճաց այնքան քաղցած, ծարավ ժողովրդին եւ հրամայեց, որ բազմությանը խումբ-խումբ նստեցնեն խոտի վրա: Ապա բերել տվեց հինգ հացը եւ երկու ձուկը, օրհնեց դրանք ու տվեց առաքյալներին, որ բաժանեն: Ամենքը կերան, կշտացան եւ բավական հաց ավելացավ: Որպեսզի Աստծու հացը չնետվի, Հիսուս հավաքել տվեց ավելացածները տասներկու զամբյուղների մեջ:

Ժողովուրդը չափազանց ուրախացավ այս հրաշքի շնորհիվ եւ խանդավառված կամեցավ թագավոր դարձնել Հիսուսին, բայց Նա հեռացավ եւ բարձրացավ լեռը՝ աղոթելու:

ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուս մտել էր Կափառնաումի տներից մեկը, երբ խուռներամ ժողովուրդը եկավ եւ լցրեց տան առջեւը, ներսն ու դուրսը:

Մինչ այդ՝ տեղ հասան նաեւ չորս մարդիկ, ովքեր մի անդամալույծ էին բերում: Եվ քանի որ չէին կարող ներս մտնել դռնից, տանիքը քանդեցին եւ անկողնով միասին վար իջեցրին անդամալույծին:

Հիսուս տեսնելով նրանց հավատքը՝ ասաց անդամալույծին. «Որդյակ, ներված են քո մեղքերը»: Փարիսեցիներն սկսեցին տրտնջալ եւ ասել. «Այս մարդը հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերը ներել, եթե ոչ՝ Աստված»:

Հիսուս կարդաց նրանց միտքը եւ ասաց. «Ինչո՞ւ եք այդպես խորհում. ո՞րն է ավելի դյուրին՝ ասել անդամալույծին ներված են քո մեղքերը, թե ասել՝ վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ եւ գնա՛ տունդ: Արդ՝ որպեսզի իմանաք, թե իշխանություն ունեմ մեղքերը ներելու, քեզ ասում եմ. ո՛վ անդամալույծ, վերցրո՛ւ անկողինդ եւ տուն գնա՛»:

Նա ոտքի ելավ, վերցրեց մահիճը եւ գնաց: Բազմությունը զարմացած փառավորում էր Աստծուն՝ ասելով. «Այսօր սքանչելի բաներ տեսանք»:

ՀՐԱՇԱԼԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Հիսուս խոսքն ավարտեց, Պետրոս Առաքյալին ասաց. «Մի փոքր դեպի բաց տարածություն տարեք նավակը եւ ուռկանները նետեք ջուրը՝ ձուկ որսալու համար»:

Պետրոսն առարկեց. «Վարդապե՛տ, ողջ գիշեր աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց Քո խոսքի համաձայն ուռկանները ջուրը կնետենք»:

Այդպես էլ արեցին եւ այնքան ձուկ բռնեցին, որ նավակը չէր դիմանում ծանրությանը: Այն ժամանակ Պետրոսը նշան արեց մյուս նավակի մարդկանց, որպեսզի օգնության հասնեն: Ընկղմվելու աստիճան ձկներով լցվեցին երկու նավակներն էլ:

Երբ Պետրոսը սա տեսավ, Հիսուսի ոտքն ընկավ եւ ասաց. «Հեռացի՛ր ինձնից, Տե՛ր, քանզի ես մեղավոր մարդ եմ»: Արդարեւ՝ այդ հրաշքները տեսնելով՝ մի զարմանալի վախ էր մտել թե՛ իր եւ թե՛ մյուսների սիրտը:

Հիսուս պատասխանեց Պետրոսին. «Մի՛ վախեցիր՝ այսուհետեւ մարդկանց պիտի որսաս՝ արքայության համար»: Այս խոսքերով Հիսուս նշում էր Պետրոսի նոր առաքելությունը (պաշտոնը):

Սրանից զատ Հիսուս բազմաթիվ հրաշքներ գործեց: Ավետարանը պատմում է դրանցից շատերի մասին: Դու եւս Ավետարան վերցրու եւ կարդա Հիսուսի գեղեցիկ խոսքերը, ինչպես նաեւ Նրա կատարած հրաշքների մասին, որպեսզի այս կերպ ավելի լավ ճանաչես ու սիրես Տիրոջը:

ՀԻՍՈՒՍԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուս կամեցավ աշակերտներին ցույց տալ Իր Աստվածային փառքի մեկ նշույլը, որպեսզի երբ հետագայում տեսնեին Իր՝ չարագործի նման մահանալը, չտարակուսեին Իր Աստվածության վրա եւ ամուր մնային իրենց հավատքին:

Մի օր, հետը վերցնելով Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս Առաքյալներին, բարձրացավ Թաբոր լեռը եւ նրանց առջեւ այլակերպվեց: Դեմքն արեւի նման պայծառացավ, զգեստները ձյան պես սպիտակեցին եւ Իրեն երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Իր հետ: Աշակերտները վախից շփոթվել էին:

Հանկարծ Պետրոսը բացականչեց. «Վարդապետ, որքա՜ն գեղեցիկ է այստեղ. երեք վրաններ կանգնեցնենք՝ մեկը Քեզ, մեկը Մովսեսի եւ մեկն էլ՝ Եղիայի համար»:

Եվ հանկարծ մի ամպ պարուրեց նրանց: Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Սա է իմ սիրելի Որդին, Նրան լսեք»:

Այս խոսքերը լսելով՝ Առաքյալները սարսափած երեսնիվայր գետնին ընկան: Քիչ անց Հիսուս ասաց նրանց. «Վե՛ր կացեք, գնանք»:

Հրաշալի տեսիլքը շուտով ավարտվեց: Երբ իջնում էին լեռից, Հիսուս երեք Առաքյալներին պատվիրեց, որ, մինչեւ Իր հարություն առնելը, ոչ ոքի ոչինչ չպատմեն այդ տեսիլքի մասին:

ՀԻՍՈՒՍ ՄՏՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄ

Քանի որ Զատիկն արդեն մոտեցել էր, ուստի Հիսուս Իր Առաքյալների հետ Երուսաղեմ ուղղվեց: Երբ Ձիթենյաց լեռը հասավ, աշակերտներից երկուսին ասաց. «Գնացեք դիմացի գյուղը եւ պիտի տեսնեք մի էշ, որի վրա տակավին մարդ չի նստել. արձակեք այն եւ Ինձ բերեք»:

Առաքյալները գնացին եւ բերեցին այդ էշը եւ վրան իրենց զգեսները գցեցին: Ապա Հիսուս հեծավ այն: Երբ Երուսաղեմի ժողովուրդն անդրադարձավ, որ Մեսիան է գալիս, ձիթենու եւ արմավենու ճյուղեր կտրեց ու սկսեց երգել. «Օվսաննա՜, օվսաննա՜, օրհնյալ լինի Տիրոջ անվամբ եկողը»:

Մյուս կողմից երեխաները զիլ ձայնով երգում էին. «Օրհնություն երկնքի բարձունքներում»: Այս հաղթական տեսարանի առջեւ փարիսեցիները կատաղությունից ատամներն էին կրճտացնում: Նրանք երդվեցին սպանել Հիսուսին:

Մինչ այդ արդեն սատանան մտել էր Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ: Նա ներկայացավ քահանայապետին ու փարիսեցիներին եւ հարցրեց. «Ի՞նչ կտաք ինձ, եթե Վարդապետին մատնեմ»: Պատասխանեցին. «Երեսուն արծաթե դրամ»:

Հուդան գոհ մնաց, վերադարձավ Հիսուսի մոտ եւ առիթի էր սպասում՝ իր Վարդապետին մատնելու համար:

ՀԻՍՈՒՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուս ուղարկեց երկու Առաքյալներին, որպեսզի պատրաստեն զատկական ընթրիքը: Սա մի սովորություն էր, որի ժամանակ հրեաներն անարատ գառնուկ էին ուտում: Երբ ամեն ինչ պատրաստ էր, Հիսուս աշակերտների հետ սեղան նստեց:

Մինչ ուտում էին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց եւ դառնացած սրտով ասաց. «Այս գիշեր ձեզանից մեկն ինձ պիտի մատնի»:

Աշակերտներն ապշած միմյանց երեսի նայեցին եւ հարցրին. «Արդյոք ե՞ս եմ, Տեր»:

Հուդան եւս հարցնելու քաջություն ունեցավ. «Արդյոք ե՞ս եմ, Տեր»:

Հիսուս հասկացրեց, որ նա է: Մի քանի վայրկյան հետո Հիսուս հաստատեց Սուրբ Հաղորդությունը: Վերցրեց հացը, օրհնեց եւ տվեց աշակերտներին՝ ասելով. «Վերցրե՛ք, կերե՛ք, սա է իմ մարմինը»:

Ապա նրանց տվեց գինու բաժակը՝ ասելով. «Վերցրե՛ք, խմե՛ք, սա է իմ արյունը, որ թափվում է ձեր եւ շատերի մեղքերի համար»:

Սիրո մեծ հրաշքը կատարվել էր: Մինչ մարդիկ աշխատում էին սպանել Հիսուսին, Նա նրանց նվիրեց Իր Անձը եւ կամեցավ նրանց հետ մնալ մինչեւ աշխարհի վերջը: Եվ հավերժացրեց Սուրբ Հաղորդության խորհուրդը՝ ասելով. «Սա արեք իմ հիշատակի համար»: Այս խոսքի ուժով են քահանաներն ամեն անգամ Ս. Պատարագ մատուցում եւ նորոգում վերջին ընթրիքը, ինչպես նաեւ Հիսուսի՝ խաչի վրա զոհվելու հիշատակը:

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Ընթրիքից հետո Հիսուս վերջին խրատները տվեց Առաքյալներին: Մանավանդ հանձնարարեց միմյանց սիրել, եւ մեկը մյուսի բարին կամենալ. «Իրար սիրեցեք՝ ինչպես ես ձեզ սիրեցի»:

Հետո վեր կացավ սեղանից եւ գնաց Ձիթենյաց պարտեզը. ծնկեց եւ այսպես աղոթեց. «Հա՛յր, եթե ուզում ես, հեռացրու ինձնից չարչարանքի դառը բաժակը. բայց ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»:

Հոգեվարքի մեջ մտավ եւ աղոթեց սրտագին ու այնքան ցավ զգաց, որ, քրտինքի փոխարեն, արյան կաթիլներ հոսեցին ճակատից: Հիսուս քաջալերանքի խիստ անհրաժեշտություն ուներ, սակայն Առաքյալները Նրա մասին չէին մտածում, այլ քնած էին:

Եվ ահա հեռվից լսվեց բազմության աղաղակը, որ գնալով մոտենում էր: Զինվորներ էին, որ, Հուդայի առաջնորդությամբ, գալիս էին Հիսուսին բռնելու: Նա նշան էր տվել զինվորներին. «Ում համբուրեմ, Նա՛ է, Նրա՛ն բռնեցեք»: Մոտեցավ Հիսուսին եւ կեղծ համբույր տալով՝ ասաց. «Ողջույն, վարդապետ»:

Հիսուս հանդարտորեն պատասխանեց. «Հուդա, համբուրելո՞վ ես մատնում վարդապետիդ»:

Այն ժամանակ զինվորները հարձակվեցին Հիսուսի վրա, կապեցին եւ քաշեցին, տարան դատավորի մոտ, որ դատվի: Հետո Հուդան շատ զղջաց իր վատ արարքի համար, բայց, Հիսուսի ոտքն ընկնելու եւ ներողություն խնդրելու փոխարեն, ամոթից իրեն կախեց:

ՀԻՍՈՒՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուս ուղարկեց երկու Առաքյալներին, որ պատրաստեն զատկական ընթրիքը: Սա մի սովորություն էր, որի ժամանակ հրեաներն անարատ գառնուկ էին ուտում: Երբ ամեն ինչ պատրաստ էր, Հիսուս աշակերտների հետ սեղան նստեց:

Մինչ ուտում էին, մի պահ Հիսուս աչքերը վեր բարձրացրեց եւ դառնացած սրտով ասաց. «Այս գիշեր ձեզանից մեկն ինձ մատնելու է»:

Աշակերտներն ապշած միմյանց երեսի նայեցին եւ հարցրին. «Արդյոք ե՞ս եմ, Տե՛ր»:

Հուդան եւս քաջություն ունեցավ հարցնել. «Արդյոք ե՞ս եմ, Տե՛ր»:

Հիսուս հասկացրեց, որ հենց նա է: Մի քանի վայրկյան անց Հիսուս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը: Վերցրեց հացը, օրհնեց եւ տվեց աշակերտներին՝ ասելով. «Վերցրե՛ք, կերե՛ք, սա է իմ մարմինը»:

Ապա վերցրեց գինու բաժակը եւ դարձյալ տվեց նրանց՝ ասելով. «Վերցրե՛ք, խմե՛ք, սա է իմ արյունը, որ ձեր եւ շատերի մեղքերի թողության համար է թափվելու»:

Սիրո մեծ հրաշքը կատարվել էր: Մինչ մարդիկ աշխատում էին սպանել Հիսուսին, Ինքը նրանց նվիրեց Իր անձը եւ կամեցավ նրանց հետ մնալ մինչեւ աշխարհի վախճանը: Եվ հավերժացրեց Սուրբ Հաղորդության խորհուրդը՝ ասելով. «Սա արե՛ք իմ հիշատակի համար»: Այս խոսքի ուժով են քահանաներն ամեն կիրակի Սուրբ Պատարագ մատուցում եւ նորոգում վերջին ընթրիքն ու Հիսուսի՝ խաչի վրա զոհաբերվելը:

ՀԻՍՈՒՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԸ

Հազիվ էր արշալույսը ծագել, երբ զինվորները Հիսուսին տարան Պիղատոսի մոտ: Պիղատոսը հարցաքննեց Հիսուսին եւ տեսավ, որ արդար էր, պարզապես թշնամիներն ամբաստանել էին Նրան: Սակայն իմանալով, որ Հիսուս Գալիլիայից է, Հերովդեսի մոտ ուղարկեց, քանզի վերջինս Գալիլիայի իշխանն էր:

Հերովդեսը նախատինքներով ետ՝ Պիղատոսի մոտ ուղարկեց Հիսուսին: Պիղատոսը տեսնելով, որ ժողովուրդը դրսում կատաղած բղավում է, հրամայեց խարազանով ծեծել մեծ Վարդապետին: Այնուհետեւ ներկայացրեց ժողովրդին: Հիսուս անճանաչելի էր դարձել: Դեմքից ու մարմնից արյուն էր հոսում, իսկ գլխին փշե պսակ կար:

Հրեաներն, անմեղ Փրկչին խղճալու փոխարեն, սկսեցին բղավել. «Վերցրո՛ւ մեջտեղից, վերցրո՛ւ մեջտեղից եւ սպանի՛ր Նրան»:

Պիղատոսը ձեռքերը լվաց ամենքի առջեւ եւ ասաց. «Ես անմասն եմ այդ մարդու արյունից»:

Սակայն ամբոխը կատաղած գոչում էր. «Նրա արյունը թող ընկնի մեր եւ մեր զավակների վրա»:

Վատ ու թույլ Պիղատոսը դատապարտեց Հիսուսին եւ հանձնեց Նրան թշնամիներին, որ խաչեն:

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ ԽԱՉԻ ՎՐԱ

Գողգոթա բարձրանալիս Հիսուս երեք անգամ վայր ընկավ խաչի ծանրությունից: Ժողովուրդը հետեւում էր Նրան եւ նախատում: Միայն մի քանի կանայք էին արտասվում Նրա ապրած ցավերի համար: Մարիամը՝ Հիսուսի մայրը, քաջությամբ հետեւեց Որդուն՝ լալով ու հեծեծալով: Երբ գագաթը հասան, զինվորները հանեցին Հիսուսի հագուստները, պառկեցրին խաչին եւ գամեցին ձեռքերն ու ոտքերը: Որից հետո խաչը վեր բարձրացրին եւ ամրացրին հողի մեջ: Հիսուս երեք ժամ անպատմելի ցավեր ապրեց մեզ համար:

Մի պահ Իր մոտ տեսավ մորը՝ Մարիամին եւ սիրելի աշակերտին՝ Հովհաննեսին: Նայելով մորը՝ ասաց. «Ահա՛ քո սիրելի որդին»: Այնուհետեւ շրջվեց դեպի Հովհաննեսը եւ ավելացրեց. «Ահա քո մայրը»: Այդ պահից Հովհաննեսը տեր կանգնեց Մարիամին մինչեւ կյանքի վերջը:

Փարիսեցիներն ու անցորդները նախատում էին Հիսուսին եւ ասում. «Ուրիշներին ազատեց, հիմա թող իրեն ազատի, թող խաչից վար իջնի եւ կհավատանք, որ Աստված է»:

Բայց Հիսուս աղոթում էր նրանց համար՝ խնդրելով Հորը. «Հայր ներիր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»: Հետո ասաց. «Ծարավ եմ»: Մի զինվոր Նրան քացախի մեջ թաթախած սպունգ տվեց: Երբ ճաշակեց, բացականչեց. «Ամեն բան կատարյալ է, Հայ՛ր, Քո ձեռքն եմ հանձնում հոգիս»: Ապա ավանդեց հոգին:

Մենք փրկագնված էինք: Հիսուս Իր չարչարանքով ու խաչի մահվամբ փրկել էր մարդկությանը մեղքից՝ բացելով Երկնքի Արքայության դռները:

ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉ

Հիսուս խաչվեց երկու ավազակների միջեւ: Նա խաչի վրայից ասաց. «Հա՛յր, ներիր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»: Վեցերորդ ժամն էր, երբ խավարը պատեց երկիրը եւ տեւեց մինչեւ իններորդ ժամը: Արեւը խավարել էր: Այն ժամանակ Հիսուս գոչեց բարձրաձայն. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում հոգիս»: Եվ ավանդեց հոգին: Պահապան հարյուրապետը տեսնելով պատահածը՝ զարմացած ասաց. «Հիրավի այս մարդն արդար էր»: Ողջ ժողովուրդը, որ ներկա էր այս տեսարանին, եղածների մասին խորհելով եւ կուրծքը ծեծելով տուն էր վերադառնում: Հիսուսի բարեկամներն ու բարեպաշտ կանայք, որ Նրան հետեւել էին Գալիլիայից, հեռվից դիտում էին այս ամենը:

Հիսուս աշխարհ եկավ՝ մարդկությանը փրկելու: Նրանք Իր եղբայրներն էին: Բեթղեհեմից մինչեւ Գողգոթա Հիսուսի կյանքը սիրո ու քավության մի շղթա եղավ: Նա մարդկանց ազատեց մեղքի կապանքներից եւ ցավագին չարչարանքներով ու խաչի վրա մեռնելով՝ նրանց առջեւ վերստին բացեց երկնքի դռները:

Խաչը հիշեցնում է, թէ Հիսուս որքան տառապանք կրեց՝ մեզ փրկելու համար: Երբ խաչ ենք տեսնում, պարտավոր ենք կրկնել շարականագրի խոսքերը. «Մեծ է զորությունը Սուրբ Խաչի»:

Ի՞նչ արեց Հիսուս՝ մեզ փրկելու համար: Նա չարչարվեց մեր մեղքերի պատճառով եւ զոհվեց խաչի վրա՝ մեզ ուսուցանելով Աստծուն հաճոյանալու կերպը: Մենք սիրում ենք Հիսուսին, քանի որ Նա մեզ ազատագրեց չարի կապանքներից եւ մի օր էլ արքայություն պիտի տանի:

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Հիսուս հոգին ավանդեց խաչի վրա, Հովսեփ Արիմաթացին՝ այդ հրեա իշխանը, Պիղատոսից խնդրեց Նրա մարմինը: Պիղատոսը կատարեց վերջինիս փափագը: Հովսեփն իր հետ վերցնելով Մարիամին՝ Հիսուսի մորը, Հովհաննես Առաքյալին եւ մի քանի բարեպաշտ կանանց, խաչից իջեցրեց Փրկչին: Նրանք Տիրոջ մարմինը պատեցին մեծ լաթով, որ վարշամակ է կոչվում, դրեցին նոր գերեզմանի մեջ ու դուռը փակեցին:

Հաջորդ օրը փարիսեցիները Պիղատոսից խնդրեցին, որ պահապաններ կարգի գերեզմանի վրա, որպեսզի աշակերտները սիրելի Վարդապետի մարմինը չգողանան ու չասեն, թե հարություն առավ: Պիղատոսը հրամայեց կնքել գերեզմանը եւ պահպանել:

Կիրակի առավոտյան (թաղվել էր ուրբաթ գիշեր) Մարիամ Մագդաղենացին եւ բարեպաշտ կանայք գերեզման գնացին՝ օծելու Հիսուսի մարմինը: Ճանապարհին միմյանց հարցնում էին. «Ո՞վ պիտի գլորի գերեզմանի մեծ քարը»: Երբ գերեզման հասան, տեսան, որ արդեն քարը գլորված է, իսկ շիրիմը՝ բաց: Ճերմակ հագուստներով մի հրեշտակ ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, բարի կանայք, գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում. ինչո՞ւ եք ողջին մեռածների մեջ փնտրում, այստեղ չէ, հարություն առավ: Գնացեք, ասացեք աշակերտներին ու Պետրոսին, որ Հիսուս հարություն է առել»:

Կանայք ուրախությամբ քաղաք վերադարձան՝ սքանչելի ավետիսն Առաքյալներին հաղորդելու:

ՀԻՍՈՒՍ ԵՐԵՎՈՒՄ Է ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒՆ ԵՎ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ

Պետրոսն ու Հովհաննեսը կանանցից լսելով Հիսուսի հարության լուրը՝ իսկույն գերեզման վազեցին ու տեսան, որ իրավ հարություն էր առել եւ վերադարձան Առաքյալներին պատմելու:

Իսկ Մարիամ Մագդաղենացին մնաց գերեզմանի մոտ: Արտասվելով կռացավ եւ գերեզմանից ներս նայեց: Տեսավ երկու հրեշտակների. մեկը Հիսուսի գլխի, մյուսը՝ ոտքերի կողմը: Հրեշտակները հարցրին Մարիամին. «Կի՛ն, դու ինչո՞ւ ես արտասվում»:

Մարիամը պատասխանեց. «Որովհետեւ Տիրոջս տարել են եւ չգիտեմ, թե ո՞ւր են դրել Նրան»: Այս ասելով՝ ետ դարձավ եւ տեսավ Հիսուսին, առանց, սակայն, ճանաչելու Նրան: Հիսուս հարցրեց. «Կի՛ն, դու ինչո՞ւ ես արտասվում, ո՞ւմ ես փնտրում»:

Մարիամը կարծելով, թե տեղի պարտիզպանն է, ասաց. «Տեր, եթե դու ես վերցրել Նրան, ասա, թե ո՞ւր ես դրել, որ ես վերցնեմ»: Այդ ժամանակ Հիսուս ձայնեց. «Մարիա՛մ»:

Մարիամն իսկույն ճանաչեց իր Վարդապետին եւ ուրախությամբ բացականչեց. «Վարդապե՛տ» եւ գետնին խոնարհվելով՝ երկրպագեց Նրան:

Այնուհետեւ Հիսուս շատ անգամներ երեւաց Առաքյալներին, աշակերտներին եւ Սուրբ Թովմասին: Իր երեւումներով ցույց տվեց, որ իսկապես հարություն է առել: Հարությունից հետո քառասուն օր մնաց երկրի վրա եւ Առաքյալներին ուսուցանեց ժողովրդին հովվելու կերպը: Ամրացրեց նրանց հավատքը եւ հաստատեց սուրբ խորդուրդները, որ դեռեւս չէր հաստատել խաչվելուց առաջ:

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ

Հարությունից քառասուն օր հետո Հիսուս Առաքյալներին Ձիթենյաց լեռը տարավ եւ պատվիրեց նրանց, որ Երուսաղեմից չհեռանան, քանի դեռ Սուրբ Հոգին չի իջել նրանց վրա: Ապա բարձրացրեց ձեռքերը եւ օրհնեց վերջիններիս: Իսկ մինչ այդ սկսեց երկրից բարձրանալ դեպի երկինք:

Աշակերտներն աչքերը երկինք հառած՝ կանգնել էին, երբ երկու հրեշտակներ երեւացին ու ասացին.

-Ո՜վ գալիլեացիներ, ինչո՞ւ եք ապշած երկինք նայում: Այն Հիսուս, Ում երկինք համբառնալը տեսաք, նույն կերպ պիտի երկիր վերադառնա:

Այս ասելով՝ հրեշտակներն աներեւույթ եղան: Առաքյալները մնացին մենակ: Լեռից իջան եւ վերնատուն գնացին, ուր աղոթում էին եւ սպասում Սուրբ Հոգու գալստյանը՝ ինչպես ասել էր Հիսուս:

Վարդապետն այլեւս տեսանելի կերպով նրանց հետ չէր, սակայն իրենց սրտերում միշտ վառ էին պահում ինչ-որ լսել էին: Նրանք վերհիշում ու վերապրում էին այն բոլոր սքանչելի բաները, որոնք կատարել էր Հիսուս իրենց աչքի առջեւ:

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ

Երբ Հիսուս երկինք վերադարձավ, Առաքյալները տասն օր վերնատանը մնացին եւ աղոթեցին Մարիամ Աստվածամոր հետ: Տասներորդ օրվա առավոտյան հանկարծ փոթորկի ու որոտի ձայները լցրին տունը: Երեւացին կրակե լեզուներ, որոնք իջան յուրաքանչյուրի գլխին: Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել զանազան լեզուներով:

Քաղաքի ժողովուրդը խռնվեց տան շուրջը եւ զարմանքով դիտում էր նրանց: Պետրոսը մի քարոզ խոսեց եւ նույն վայրկյանին երեք հազար մարդ քրիստոնյա դարձավ ու մկրտվեց:

Այդ օրվանից Պետրոսն ու մյուս Առաքյալները շարունակեցին Հիսուսի վարդապետությունը քարոզել մեծ եռանդով: Աստված նրանց խոսքերը հաստատում էր հրաշքներով:

Սուրբ Հոգին բոլորովին փոխել էր Առաքյալներին: Առաջ նրանք երկչոտ ու վախկոտ էին, իսկ հիմա դարձել էին եռանդուն, արի ու իմաստուն: Ամենուրեք քարոզեցին Հիսուսին եւ պաշտպանեցին Նրան դատավորների ու ժողովուրդների առջեւ: Ամեն տեսակի նեղությունների ու հալածանքների դիմացան եւ իրենց կյանքը զոհեցին՝ նահատակվելով հանուն Հիսուսի սիրո:

Սկիզբը >>>

  >>>

 
     
 

 


 


 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ