Եթե Եկեղեցին տապանն է, ապա ապաշխարությունը տապանից դուրս ընկած եւ ծովում խեղդվողին նետված այն փրկօղակն է, որով նա վերադառնում է տապան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 2 (314), փետրվար 2026 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակը: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում եւ եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ եւ մեծաթիվ հավատավոր հայորդիներ:

Օրվա պատարագիչն էր Մասյացոտնի թեմից Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը: Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցեց, որ, Սուրբ Ղեւոնդյանց բարեխոսությամբ, Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգեւորականաց դասին եւ աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին:

Սուրբ Պատարագի ավարտին՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ քահանաների պարգեւաբաշխություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Տ. Մուշեղ եպս. Բաբայանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում նվիրյալ ու արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք:

Շիրակի թեմից ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Տ Տաթեւ քահանա Մարուքյանին, իսկ քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Տ. Կորյուն քահանա Մաթեւոսյանը եւ Տ. Սարգիս քահանա Սարդարյանը:

Պարգեւաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը հղեց ներկա եկեղեցականներին՝ անդրադառնալով, առ Քրիստոս հավատի վկաներ, Սրբոց Ղեւոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին:

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջեւ է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում եւ հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին: Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է: Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգեւոր-եկեղեցական կյանքին: Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը, պետական լծակների չարաշահմամբ, միջամտում է ներեկեղեցական կյանքին: Հոգեւորականներ՝ սարկավագներից մինչեւ եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների»,- ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգեւոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելն ամենքի հավաքական պարտականությունն ու պատասխանատվությունն է Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջեւ:

Դիմելով ներկա հոգեւոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամեց. «Որպես Աստծո ծառաներ եւ մեր ժողովրդի հոգեւոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրեւ «կենդանի Աստծո Եկեղեցի, սյուն եւ հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. Գ 15): Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերը՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության: Ղեւոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրասիրությամբ եւ ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգեւոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»:

Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղեւոնդյանց տոնի առիթով, ինչպես եւ պարգեւի արժանացած քահանաներին՝ Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված, Սրբոց Ղեւոնդյանց եւ Վարդանանց բարեխոսությամբ, խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգեւոր դասի վճռականությունը՝ ծառայելու եւ գործելու ի սեր եւ ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի եւ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի Պահպանիչ աղոթքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները