| ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ
Է ՉԱՓԱՎՈՐՈՒՄ ԶԳԱՅԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ահքը
հաստատվեց դեռեւս դրախտում: Ադամն ու Եվան, իրենց ազատ կամքով, պետք
է ընտրեին պահել, թե չպահել արգելված պտուղը չուտելու Աստծո պատվիրանը:
Պահքն ազատ կամքով Աստծուն ընտրելն է, այն, ինչ Ադամից էր ակնկալվում:
Այն, ինչ ստեղծված է մարդու համար, չպիտի խանգարի, շեղի, որ մարդու
ներքին հայացքը բեւեռվի Աստծո եւ Նրա Խոսքի վրա: Հիշենք, թե ինչպես
40-օրյա պահքով ու ծոմապահությամբ Մովսեսն ստացավ Աստծո պատվիրանները,
իսկ Եղիան 40 օր քայլեց անապատով եւ, ի վերջո, մեր Տեր եւ Փրկիչ
Հիսուս Քրիստոս 40 օր ծոմ պահեց: Բնականաբար, այս օրինակներն իրենց
սկզբնակետն ու վերջնակետն ունեին, որովհետեւ Մովսեսը, պահեցողության
արդյուքնում, տասը պատվիրաններն ստացավ Աստծուց, Եղիան Աստծո ներկայությունն
ունեցավ, Նրա հետ հանդիպեց, իսկ Քրիստոս մեզ ցույց տվեց սատանային
հաղթելու կերպը. «Հիսուս, Հոգով լցված, քաշվեց անապատ եւ քառասուն
օր փորձվեց սատանայից, ոչ կերավ եւ ոչ էլ խմեց այդ օրերին» (Ղուկ.
Դ 1-2):
Փրկչի քառասնօրյա պահեցողության պես Եկեղեցին եւս, պահք պահելով
եւ հաստատելով պահքի աստվածատվությունը, արժանանում է Հարուցյալի
հետ երանական ուրախության մասնակցելուն: Հիսուսի ծոմապահությունն
օրինակ է մեզ՝ քրիստոնյաներիս: Նրա ուսուցումը Լեռան քարոզում շատ
դիպուկ է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի եղեք կեղծավորների նման,,,,
այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի
չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը գաղտնաբար, եւ քո
Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. Զ 17-18):
Հիսուս պահանջում է, որ մարդը սուրբ եւ օրինապահ չձեւանա, իրեն պահեցող
ցույց չտա, այլ մանավանդ հետեւի, որ իր պահեցողությունը միայն Աստված
իմանա եւ ոչ մարդիկ: Դրա համար է ասում, որ չլվացվելը եւ չօծվելը
պահքի պայմաններ չեն: Հակառակը՝ պահք պահող մարդը կարող է դրանք
անել եւ հետեւել, որ մարդիկ իր պահքի մասին չիմանան: Արդ, պահոց
այս օրերին ջանանք մեր անձերով արտափայլեցնել մեր հոգու մեջ զեղված
ողորմության շնորհը, եւ, հոգեւոր ու մարմնավոր ողորմություններով,
պայծառացնենք մեր Սուրբ Եկեղեցին՝ երջանիկ ու աղոթապարգեւ պահեր
շնորհելով նրա յուրաքանչյուր անդամին. ողորմություն, որը բացում
է երկնքի դռները եւ լի օրհնությամբ լցնում ոչ միայն արդյունքը վայելողի
հոգին, այլեւ այն կատարողի:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|