| «ՈԳԻ
ԱՌԱՒԵԼ Է, ՔԱՆ ԶԿԵՐԱԿՈՒՐ ԵՒ
ՄԱՐՄԻՆ, ՔԱՆ ԶՀԱՆԴԵՐՁ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ
«Վարդանանց եւ Ղեւոնդյանց
նահատակությունը դարձավ մեր ժողովրդի ճակատագիրը: Եվ այդ օրեն ի
վեր ամբողջ հազար եւ հինգ հարյուր տարիներ շարունակ մեր նախնիք նույն
հերոսական մարտը շարունակեցին «վասն Հիսուսի, վասն հայրենյաց», նույն
«զի բարձրասցի կողմն ճշմարտութեան» ոգիով, միշտ «մահը մահով հաղթելու
հավատքով»:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
արդանանց
պատերազմը քրիստոնեության եւ ընդհանրապես համաշխարհային պատմության
մեջ հոգեւոր կյանքի անկախության, հավատի եւ խղճի ազատության համար
մղված փառապանծ պատերազմ էր: Սուրբ Վադանանց հավատավոր հոգով եւ
անձնազոհ ոգով առ Քրիստոս ու հավերժություն իր ընթացքի մեջ զորացել
է հայոց կյանքն ու դիմակայել հետագա դարերի բազմաթիվ այլ փորձությունների:
Ավարայրի դաշտում սկիզբ առած «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» գոյամարտն
իր շարունակությունն ունեցավ դարերի ընթացքում՝ Դավիթ Բեկի, Անդրանիկի
ու ֆիդայինների, Սարդարապատի ու Արցախի հերոսամարտերում: Այսօր Վարդանանց
պատերազմն է շարունակվում, երբ «վասն հաւատոյ» մերժվում են բազում
աղանդների, կրոնական տարբեր շարժումների եւ ուղղությունների սուտ,
ազգավեր ու կործանարար ուսմունքները, որոնք բացահայտ, զենքով ու
հալածանքներով չեն ուղեկցվում, այլ Հիսուսի ու Ավետարանի անունով
են հանդես գալիս, սակայն բերում են հավատափոխություն, ուրացում,
հոգեւոր պառակտում, ազգային գիտակցության ու արժեքների ոչնչացում,
ազգի ջլատում:
Ավարայրի դաշտում, «նորահրաշ պսակաւորներ»-ի հեղած վարդագույն արյամբ,
մեկօրյա հերոսամարտն անշուշտ դարձավ հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու
պատմության պանծալի ու հավերժ հիշատակելի ոսկյա էջերից մեկը: Վարդանանց
ոգին էր, որ ի զեն կոչեց ողջ միջնադարի հայ ազատագրական պայքարի
մասնակիցներին եւ ունեցավ թե՛ ազգային եւ թե՛ կրոնական մեծ նշանակություն:
Վարդանանք մեր ժողովրդի այն զավակներն են, որ իրենց ապրած կյանքով
կենդանի քարոզ ու անգերազանցելի օրինակ ապահովեցին առարկայականորեն՝
համաձայն Տիրոջ հետեւյալ խոսքի. «Եթե հավատաք, ավելի մեծ գործեր
պիտի կատարեք»: Հիրավի, Վարդանանք «կենդանի նահատակությամբ» համալրեցին
Քրիստոսի ավետարանական հրավերը: Կասկածի ենթարկել այս իրողությունը
համարժեք է ճշմարտությունն ուրանալուն:
Ս. Վարդան զորավարի անվան հետ է կապվում նաեւ Իջեւանի Սարի գյուղի
վիթխարի կաղնին, որը, ըստ ավանդության, տնկել է Վարդան զորավարը:
Հսկա ծառի բնի ներքեւի մասում կա մեծ բացվածք, ուր կարող է տեղավորվել
մի քանի մարդ: Ծառի տակից հոսում է աղբյուր, որ կոչվում է Զորավարի
աղբյուր: Այն համարվում է առողջություն, ինչպես նաեւ պատերազմ գնացողներին
պահպանություն պարգեւող:
ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Փետրվարի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին ոգեկոչեց Վարդանանց 1036
նահատակների խնկելի հիշատակը, որոնք, հանուն հավատի, ընտրեցին գիտակից
ըմբոստացման ճանապարհը՝ մերժելով ե՛ւ չարը, ե՛ւ ապազգայինը:
Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց հիշատակի
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզով
դիմելով ներկա հավատացյալներին, պատարագիչ Տեր Հայրն ի մասնավորի
շեշտեց, որ իմացյալ մահով, հայրենասիրական խոսքի հզոր ուժով Հովսեփ
Կաթողիկոսն ու Ղեւոնդ Երեցն իրենց հետեվից մարտի տարան հայ ժողովրդին:
Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանուն հավատքի
ու հայրենիքի նահատակվածների հիշատակի: Սրբազան արարողակարգի ավարտին
կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու բարեպաշտ ժողովուրդն
աղոթք բարձրացրին առ Աստված՝ Ամենայն Հայոց Հայրապետության պայծառության
եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության ու երկարամյա
արգասավոր հայրապետության համար:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|