| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
ունվարի
31-ին՝ Սուրբ Սարգսի տոնի ուրախ առիթով, մի փոքրիկ խումբ հավատացյալներ,
Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, մեկնեցին ուխտագնացության Երեւանի
5-րդ մասիվի Ս. Սարգիս, առաջնորդանիստ Ս. Սարգիս, Աշտարակի Ս. Սարգիս
եկեղեցիներ:
Սուրբ Սարգիսն այսօր իր վկայությամբ բոլորիս պատգամում է անսասան,
անկոտրում սիրո հավատք: Զորավարի կյանքը նվիրագործման եւ սրբագործության
օրինակ է, հավատքը հեղափոխիչ ու կենսագործող, իսկ արիաշունչ ոգին՝
քրիստոսասիրություն ներշնչող ու ներգործող: «Մի երկնչեք յայնցմանէ,
որ սպանանեն զմարմին եւ զհոգի ոչ կարեն սպանանել…» (Մատթ. Ժ 28):
Ավետարանական այս պատգամն իր կյանքում աներկբայորեն ընդունած Քրիստոսի
քաջասիրտ վկան, Մարտիրոս որդու եւ տասնչորս նվիրյալ զինակիցների
հետ, հավատքի սուրբ պատերազմ մղեց՝ հավաստելով հոգու անմահությունը:
Դարեր ի վեր պատմվում է, թե արագահաս Սուրբը հայցել է Տիրոջն իրականացնել
նրանց իղձերը, ովքեր իր անունով կդիմեն Աստծուն: Հայոց աշխարհում,
նահատակների հեղած արյամբ, վեր խոյացան քրիստոնեական հավատքի ընձյուղները,
դարձան ծաղկած խաչքարեր, աղոթաբույր վանքեր ու սիրո, հավատքի տաճարներ:
Այդ տաճարներից է նաեւ Երեւանի 5-րդ Մասիվի Ս. Սարգիս եկեղեցին,
ուր այցելողներն իրենց իղձերի իրականացումը կապում են արագահաս Սրբի
զորության հետ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍԻՎԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ
Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Ուխտավորները ճանապարհ ընկան վաղ առավոտյան: Տեղ հասնելով՝ Ս. Սարգիս
եկեղեցում ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա
պատարագիչն էր Տ. Նորայր քհն. Բաղդասարյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:
Հաջորդ հանգրվանն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցին էր: Այստեղ այցելուները
խոնարհվեցին Սրբի մասունքակիր աջին, որը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն
Հայոց Հայրապետի արտոնությամբ, բերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից,
ինչպես նաեւ Ս. Մաշտոցի անվան Մատենադարանից բերված ձեռագիր Ավետարանին,
որ 17-րդ դարում (1693 թ.) ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից,
նույն եկեղեցում: Այստեղ վերջիններս վառեցին իրենց հավատի մոմերը՝
մեկ անգամ եւս հայցելով արագահաս Սրբի բարեխոսությունը:
ԱՇՏԱՐԱԿԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌԸ
Վերջին կանգառը Աշտարակի Ս. Սարգիս մատուռն էր: Այն կառուցվել է
2000 թվականին: Բարձունքի վրա գտնվող աղոթատունը կարծեք թե հսկում
է հայոց աշխարհը: Ուխտավորներն այստեղ եւս խոնարհվեցին Ս. Սարգսի
մասունքին, վառեցին իրենց մոմերը՝ կրկին անգամ խնդրելով. «Երկնավոր
Թագավորի սուրբ զորապետ, մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս…»:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|