Եթե Եկեղեցին տապանն է, ապա ապաշխարությունը տապանից դուրս ընկած եւ ծովում խեղդվողին նետված այն փրկօղակն է, որով նա վերադառնում է տապան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 2 (314), փետրվար 2026 թ.  


 

       

«ԼՍՕՂ ԱՂՕԹԻՑ ԵՒ ԿԱՏԱՐԻՉ ԽՆԴՐՈՒԱԾԱՑ,
ԵՐԱԳԱՀԱՍ ՍՈՒՐԲԴ ՍԱՐԳԻՍ…»
ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

այ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Այն խորհրդանշում է սերը, քանզի «սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում…» (Ա Կորնթ. ԺԳ 4), համամարդկային արժեքներից ամենագեղեցիկն է ու վեհը: Ս. Սարգիսը մեր պատմության հոլովույթում ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս Սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող: Արագահաս զորավարն օգնում է բոլոր նրանց, ովքեր աղոթքով եւ աներեր հավատքով դիմում են նրա բարեխոսությանը:

Սուրբ Սարգիսն իր վկայությամբ բոլորիս պատգամում է անսասան, անկոտրում սիրո հավատք, քանզի այս է ակունքն աստվածային գերագույն պատգամի, որ կոչվում է կյանք: Սերն ամեն մարդկային էակի հիմնարար եւ ներքին կոչումն է: Սուրբն այսօր էլ հովանավորն ու բարեխոսն է հայ զորավարի ու զինվորի: Նա վկան է, քրիստոնեական հավատքի համար նահատակված, միլիոնավոր մարդկանց, մեկն այն բազմաթիվ մարտիրոսներից, որոնց քրիստոսանվեր կյանքի նկարագրությամբ են զարդարված վկայաբանության էջերը: Սուրբ Սարգիսն իր վաղեմի կերպարով գալիս է կրկին հաստատելու հավատքի համար նահատակվելու եւ սրբանալու պայծառ կերպը: Նա հուշում է, որ հավատքի համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում ու դարերով ճառագում: Նահատակության լուսե պսակը նա կիսեց իր որդու՝ Մարտիրոսի եւ տասնչորս զինվորների հետ: Սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն ծեսով, աղոթքներով ու Սուրբ Պատարագով, այլ նաեւ ժողովրդական գեղեցիկ եւ յուրօրինակ ավանդույթներով:

ՏՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տոնի խորհրդանշական ուտեստը փոխինձն է, որի գործածությունը տոնին նախորդող հինգ օրերին արգելվում է: Տոնի նախորդ օրվա երեկոյան տանտիրուհիները՝ հատկապես տարեցները, վերցնում էին սկուտեղները, փոխինձ կամ ալյուր լցնում, դնում դռան հետեւը կամ կտուրին՝ հուսալով, որ Սուրբը կայցելի եւ իր ձիու պայտի հետքը կթողնի փոխինձի կամ ալյուրի վրա: Անսահման երջանկություն էր, երբ առավոտյան ստուգում եւ փոխինձի վրա հայտնաբերում էին ձիու պայտի հետքը: Սուրբ Սարգսի օգնությունն էին հայցում նաեւ այն սիրահար զույգերը, որոնք, իրենց ծնողների կամքին հակառակ, փախել էին միասին: Նրանք գիշեր ու զօր աղոթում էին, որ բարեգութ Սուրբը մեղմացնի, հանդարտեցնի զայրացած ծնողների սրտերը՝ իրենց ներելու ակնկալիքով: Սրբին աղոթում եւ նրա օգնությունն էին խնդրում նաեւ հղի կանայք:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Հունվարի 30-ին առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մեծաթիվ երիտասարդներ էին ի մի եկել այն նվիրական երազանքով, թե հայցելով Սուրբ զորավարի բարեխոսությունը եւ ուտելով ավանդական աղաբլիթը (որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի աղերս չունի, այլ ժողովրդական սովորույթ է միայն), անպայման երազում տեսնելու են նրան, ով դառնալու է իրենցից յուրաքանչյուրի կյանքի հավատարիմ ուղեկիցը: Հավարտ երեկոյան ժամերգության Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանն օրհնեց բոլոր ներկաներին, իսկ վերջում աղաբլիթներ բաժանվեցին: Ի դեպ, աղաբլիթները պատրաստել եւ գեղեցիկ փաթեթավորել էին Ս. Յոթվերք եկեղեցու եկեղեցասեր երիտասարդները:

ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 31-ին առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցուց, հավարտ առավոտյան ժամերգության, հանդիսապետությամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի եւ առաջնորդությամբ Արտաշես, Արման, Սարգիս սարկավագների, մի խումբ երիտասարդներ խաչերթով ուղղվեցին Ս. Սարգիս մատուռ: Առջեւից տարվում էին խաչվառներ, իսկ Սուրբ Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորն ուրախություն ու ոգեւորություն էր պատճառում մասնակիցներին ու անցորդներին: Հասնելով մատուռ՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին ու ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Իսահակյանի հովվության հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում ներկա հավատացյալները հաղորդվեցին մեր Տիրոջ Մարմնին ու Արյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Սարգսի տոնը նվիրական է նաեւ երիտասարդների համար, քանզի տարիներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ եւ օրհնությամբ, այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այդ առիթով՝ հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, Տ. Սարգիս քհն. Սարդարյանն իր հայրական բարեմաղթանքն ու օրհնությունը բաշխեց ներկա երիտասարդներին, ինչպես նաեւ ուխտավորներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները