Եթե Եկեղեցին տապանն է, ապա ապաշխարությունը տապանից դուրս ընկած եւ ծովում խեղդվողին նետված այն փրկօղակն է, որով նա վերադառնում է տապան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 2 (314), փետրվար 2026 թ.  


 

       

«ԱՐԻ, ԾԵՐ, ԵԿ Ի ՏԱՃԱՐՆ ԵՒ ԱՌ ԸՆԿԱԼ, ԶՈՐ ՀԱՅՑԷԻՐ,
ԱՀԱ ԿՈՅՍՆ ԵՒ ՈՐԴԻ ԻՒՐ»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Արդ, արձակեա զծառայս քո, Տէր, ըստ բանի քում ի խաղաղութիւն, զի տեսին
աչք իմ զփրկութիւն քո, զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՎԱՆԴՈՒՄ Է

րուսաղեմում ապրում էր Սիմեոն անունով մի մարդ, ով արդար եւ աստվածապաշտ էր: Ավանդությունը Սիմեոն ծերունու մասին պատմում է, որ նա, Եգիպտոսի Պտղեմեոս թագավորի հրամանով, Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանողներից մեկն էր: Մի անգամ, թարգմանության ժամանակ, Սիմեոնը կարդում է Եսայու մարգարեության այն հատվածը, ուր խոսվում է կույսի հղիանալու եւ Որդի ունենալու մասին: Թարգմանիչը մտածում է, որ մարդիկ կարող են չհավատալ գրվածին եւ ջնջում է այդ տողերը: Շուտով քուն է իջնում Սիմեոնի աչքերին եւ երբ արթնանում է, տեսնում է ոսկյա տառերով նորից գրված է. «Ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի» (Եսայի Է 14): Սիմեոնը փառաբանում է Աստծուն եւ երանի տալիս նրանց, ովքեր կտեսնեն Կուսածին Մանկանը եւ կգրկեն Նրան: Աստծուն տեսնելու այդ անմար փափագի համար Աստծո Սուրբ Հոգին նրան խոստանում է, որ նա մահ չի տեսնի՝ մինչեւ Տիրոջ Օծյալին տեսնելը: Իր հավատի շնորհիվ Սիմեոնն առաքյալների նման արժանանում է այն երանությանը, որի մասին Տերն է ասում. «Երանի է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան» (Մատթ. ԺԳ 16-17):

Երբ Սիմեոնը, Սուրբ Հոգով առաջնորդված, տաճար է գնում ու տեսնում Մանուկ Հիսուսին, փառավորում է Աստծուն եւ հենց տաճարում էլ ավանդում հոգին: Այստեղ Տիրոջը գոհություն է հայտնում նաեւ Աննա մարգարեուհին եւ, դուրս գալով քաղաք, բոլորին պատմում հրաշք Մանկան մասին: Ըստ Եկեղեցու Հայրերի մեկնության՝ Սիմեոնն ու Աննան խորհրդանշում են Փրկչին ընդառաջ դուրս եկած Հին Ուխտի ողջ մարդկությանը: Տյառնընդառաջն անվանում են նաեւ Լույսի տոն, քանզի մեկ անգամ եւս փաստվում եւ շեշտվում է Քրիստոս Աստծո Լույս լինելը, որովհետեւ առանց աստվածային Լույսի ամեն ինչ խավարի մեջ է, իսկ քրիստոնյաներիս համար առավել եւս, քանզի առանց Տիրոջ Լույսի մեր հոգեւոր, ընկերային, հասարակական կյանքը չի կարող գոյություն ունենալ:

Հովհաննես աստվածաբան ավետարանիչն ասում է. «Աստված Լույս է, եւ Նրա մեջ խավար չկա» (Ա. Հովհ. Ա 3): Ահավասիկ, առաջին հայացքից շատ պարզ ու հասկանալի մի պատմություն է թվում Տիրոջ ընծայման ավետարանական պատգամը, սակայն իրականում խորախորհուրդ ու իմաստալից է:

Աննկարագրելի ու անպատմելի են Սիմեոն ծերունու երկարամյա սպասումն ու Հիսուսին իր գիրկն առնելու նրա անբնութա-գրելի ուրախությունը: Անվարան, առանց դույզն-ինչ տատանվելու՝ գնանք Տիրոջ կենսատու եւ անմար Լույսին ընդառաջ եւ ամեն ժամ աղոթենք, որ Աստված մեզ էլ ողորմի եւ արժանացնի այն անհուն խնդությանն ու բերկրանքին, որ ապրեց Սիմեոն ծերունին՝ Հիսուս Մանկանը գրկելու ժամանակ:

ՀՆԱԳՈՒՅՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ

Տյառնընդառաջն իր ծիսակատարությամբ զուտ կրոնական տոն չէ: Այն միախառնված է ազգային հնավանդ այլ սովորույթների, ավանդույթների, հավատալիքների հետ, որոնք դարերի ընթացքում վայելել եւ ցայսօր վայելում են մեծ ժողովրդականություն: Տյառնընդառաջի նախատոնակից անմիջապես հետո եկեղեցու շրջակայքում տեղի է ունենում խարույկահանդես: Այդ խարույկից տարված կրակից են իրենց տների բակում խարույկներ վառում հատկապես նորապսակներ ունեցող ընտանիքները: Ամեն ոք եկեղեցուց կամ խարույկից վառած մոմ կամ լամպ է տուն տանում ու մինչ առավոտ վառ պահում, որպեսզի լույսն ու իմաստությունը թագավորեն սեփական հարկից ներս եւ փարատվեն խռովությունները:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ «ԱՆԻԾՅԱԼՆԵՐ,
ՀԵՌԱՑԵՔ ԻՆՁՆԻՑ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՐԱԿԸ…»

Փետրվարի 13-ին Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում երեկոյան ժամերգությանը ներկա էին մեծաթիվ հավատացյալներ, հավարտ որի կատարվեց նախատոնակ, ինչը եւ ավետեց Տերունի տոնի սկիզբը: Հնչեց «Լոյս զուարթ» հոգեզմայլ շարականը: Այնուհետեւ հանդիսավոր թափորը, Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագանի գլխավորությամբ, ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց անդաստան: Համապատասխան շարականների երգեցողությունից, սաղմոսասացությունից եւ Սուրբգրային ընթերցվածներից հետո օրհնվեց աշխարհի չորս կողմը: Ապա, արդեն վառած խարույկի շուրջը, բոլորեց ուրախ շուրջպարը: Եռամեծ Վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրում Տյառնընդառաջը. «Կրակը ծուխ ու այրում ունի, որոնք աչքերի լացն ու մեղավորների տանջանքներն են խորհրդանշում, իսկ լույսը պայծառության ու լուսավորելու հատկություն ունի, որ արդարների պայծառության խորհրդանիշն է, եւ Քրիստոս որպես Լույս եկավ ու աշխարհում ծագեց»:

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր այն հույսով ու համոզումով, որ նորակազմ ընտանիքները, ստանալով Աստծո օրհնությունը, Հովսեփի ու Մարիամի օրինակով, ամուր շաղախված սիրով ու վստահությամբ կկառուցեն իրենց ամրոցը՝ հավատարիմ մնալով հայրերից ավանդված մեր սրբություններին ու նվիրագործված ավանդույթներին: Նորապսակների օրհնությունը կատարվեց սրբազան արարողակարգից հետո: Ապա յուրաքանչյուր զույգ իր հետ տուն տարավ վառված մոմեր՝ սեփական բակում տոնի խարույկը մայր խարույկի կրակով բոցավառելու համար:

«ՏԵՐՆ ԸՆԴ ՁԵԶԻ» ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին՝ Տյառնընդառաջի լուսեղեն խորհրդով բացված այդ օրը, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց եւ տոնի խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները