Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ամայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով:

Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձություններն անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման եւ մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում: Հայոց Ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարի ելավ եւ կերտեց իր փառապանծ հաղթանակները:

Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների եւ գոյաբանական հիմնախնդիրների առջեւ ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին եւ արտաքին մարտահրավերների:

Սիրելինե՛ր, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ, հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման ու արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ եւ առ հայրենին սիրով, ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը եւ հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը: Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն ու խաղաղություն:

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը պահապան ու օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստվածապարգեւ մեր ազատությունն ու անկախ պետականությունը եւ համազգային ներուժով շեն ու բարօր դարձնելու մեր նվիրական հայրենիքը:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները