Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ՏԷՐ, ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ...»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՅՐԻՎԱՆՔ ԵՎ ԱՅԼ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

խտագնացությունները բարեպաշտ քրիստոնյայի կյանքի մի մասն են, որոնց միջոցով յուրաքանչյուրս փոքրիկ քայլերով մոտենում ենք Աստծուն, մասնակից եւ արժանի դառնում Նրա Սուրբ խորհուրդներին, զորություն ստանում սուրբ վայրերից, որպեսզի կարողանանք դիմակայել կյանքի փորձությունները, արժանանալ Տիրոջ ողորմությանն ու շնորհներին:

Մայիսի 9-ին՝ Համբարձման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մեկնեցին Գեղարդավանք: Այս տոնը եւս մեկ հնարավորություն է ինքնանորոգման, խոկման եւ Տիրոջ կողմից մեզ տրված ճանապարհով անցնելու համար՝ քաջալերվելով համբարձյալ Քրիստոսի՝ «եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. Ի) ավետաբեր խոստմամբ:

Հավելենք նաեւ, որ 1441 թ. Ազգային եկեղեցական ժողովի ավելի քան 300 մասնակիցներ նախ հավաքվեցին Երեւանում, ապա, տեղի մահմեդական կուսակալի համաձայնությամբ, մեծ թափորով ուղեւորվեցին Վաղարշապատ: Ժողովը բացվեց Համբարձման տոնին, որի որոշմամբ Կիրակոս Վիրապեցին դարձավ Ս. Էջմիածնում վերահաստատված Աթոռի առաջին գահակալը:

ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՁԱԳԱՎԱՆՔԻ) ՍՈՒՐԲ ՆՇԱՆ

Ուխտավորների առաջին կանգառը Գետարգելի Ս. Նշան եկեղեցին էր, որ 13-րդ դարի կառույց է: Այստեղ է հոգեւոր ծնունդ ստացել Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը: Ձագավանքը ոչ միայն հոգեւոր-կրթական, այլեւ ազգային կարեւոր կենտրոն է եղել առավելապես 1293-ից հետո, երբ Կիլիկյան Հայաստանից՝ Սսից, Գրիգոր Անարվազեցի Կաթողիկոսի ջանքերով, այստեղ տեղափոխվեց Գետարգելի Ս. Նշանը՝ Խաչափայտի մասունքը, որի շնորհիվ մեծաթիվ հրաշքներ տեղի ունեցան 11-րդ դարում եւ որի պատճառով էլ կոչվեց Ս. Նշան:

Այստեղ է գործել Սիմեոն Րաբբունապետը, ում շիրիմը հանգչում է եկեղեցուց դեպի հյուսիս- արեւելք ընկած հատվածում: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, վառեցին իրենց հավատքի մոմերը:

ՍՈՒՐԲ ԱՅՐԻՎԱՆՔ (ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ)

Հաջորդ հանգրվանը Գեղարդավանքն էր: Հայ ճարտարապետության վանական համալիրների շարքում հատուկ տեղ է գրավում Հայաստանի ամենանշանավոր վիմափոր կառույցը՝ Գեղարդավանքը: Համաձայն Հովհան պատմագրի վկայության՝ հիմնվել է մոտավորապես 4-րդ դարում: Վիմափոր խցերից մեկում ապրել է 13-րդ դարի անվանի պատմաբան Մխիթար Այրիվանեցին: Պատմությունն ավանդում է, որ Թադեոս Առաքյալն է իր հետ Հայաստան բերել այն գեղարդը, որով խոցել էին Տիրոջ կողը:

Համբարձման տոնը Գեղարդավանքում սկսվեց առավոտյան ժամերգությամբ, ապա մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Կյուրեղ վրդ. Դավթյանը: Հընթացս սրբազան արարողակարգի ուխտավորները նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

Ս. ՊՈՂՈՍ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտավորները դարձյալ ճանապարհին են… Շարժվում են դեպի 19-րդ դարի վերակառուցված Ս. Պողոս եւ Ս. Պետրոս եկեղեցիներ: Այստեղ նրանք աղոթք առաքեցին առ Աստված, վառեցին իրենց հավատի մոմերը եւ խնկարկեցին:

ՆՈՐ ԳԵՂԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Նոր Գեղիի Ս. Աստվածածին եկեղեցում եւս բարեպաշտ հավատավորները վառեցին մոմեր, աղոթք առաքեցին առ Աստված՝ Հայոց Առաքելահիմն Սուրբ Եկեղեցու եւ Հայաստան աշխարհի շինության ու բարեկեցության համար:

ԿԱՊՏԱՎԱՆԻ Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

Կառուցվել է 1348 թվականին: Այստեղ նույնպես ուխտավորները միասնական աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով գթություն Իր արարածների եւ հայոց երկրի համար, վառեցին իրենց հավատի մոմերը:

ԱԿՈՒՆՔԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Վերջին կանգառը Ակունքի Ս. Հովհաննես եկեղեցին էր, որ կառուցվել է 2018 թվականին: Այստեղ եւս բոլորը համատեղ աղոթեցին, իսկ երեկոյան գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները