Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ԱՄԵՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ Է»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունից հիսուն օր անց նշում է Հոգեգալստյան տոնը, որը մեզ հիշեցնում է առաքյալների վրա Սուրբ Հոգու՝ կրակե լեզուների տեսքով իջնելու դեպքը:

Առաքյալները վերնատանն էին միախորհուրդ եւ միասիրտ, երբ կատարվեց Հոգեգալուստը, եւ նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով, իսկ Երուսաղեմում գտնվող տարբեր ազգությունների մարդիկ հասկացան նրանց՝ յուրաքանչյուրն իր լեզվով:

Հոգեգալստյան տոնը համարվում է Ղարիբջանյանի Սուրբ Հոգի եկեղեցու ուխտի օր: Մայիսի 19-ին՝ Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով, Ղարիբջանյանի Սուրբ Հոգի եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի:

«Հիմա Ս. Երրորդության երրորդ անձի՝ Սուրբ Հոգու դարաշրջանն է, երբ Նրա միջոցով է կայանում մեր աստվածճանաչության ողջ ընթացքը: Սուրբ Հոգու շնորհները մենք ստանում ենք Դրոշմի միջոցով, եւ մեր քրիստոնեական կյանքում ինչ որ կատարում ենք, դա Սուրբ Հոգու միջոցով է: Սուրբ Հոգին նման է աղի, որ համ է տալիս ուտելիքին՝ ներծծվելով ջրի եւ այլ բաղադրիչների մեջ: Մեր կյանքում էլ ամեն բան իր համն է ստանում Սուրբ Հոգու շնորհների միջոցով…

Այսօր՝ Հոգեգալստյան այս տոնին, երբ մենք մեկտեղված ենք՝ ներկա լինելու մատուցվող ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին Սուրբ Հոգու անունը կրող այս գողտրիկ եկեղեցում, մեր բոլորի աղոթքն առ Աստված սա պետք է լինի. «Տեր Աստված, մեր ժողովրդին Սուրբ Հոգու շնորհների գիտակցումը տուր՝ միատեղվելու, միախորհուրդ լինելու եկեղեցու կամարների ներքո, միասին լինելու, որպեսզի ճշմարտության շնորհն ստանանք եւ այդ ճշմարտության շնորհի քարոզիչը լինենք մեր կյանքում, որպեսզի մեր կյանքից ներս թագավորեն Աստծո խոսքը, ճշմարտությունը, մեր կյանքից վանվեն սուտը, կեղծիքը, չարի ու սատանայի բոլոր կապանքները»:

Թող Աստված զորացնի ամենքիս, Սուրբ Հոգու շնորհները մեր կյանքից անպակաս լինեն, ջերմացնեն մեր հոգիները, մեր միտքը, որպեսզի մենք այդ ջերմությունը միմիայն մեր ներսում չպահենք, այլ կարողանանք մեզանից դուրս բխեցնել եւ շատերին ջերմացնել, ճշմարիտ խոսքի առաջնորդությամբ միասիրտ, միախորհուրդ դարձնել: Թող Տիրոջ սերն ու ողորմությունը, Սուրբ Հոգու շնորհները մեր կյանքից անպակաս լինեն»,- իր քարոզում նշեց պատարագիչ Տեր Հայրը:

Ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին ուխտավորներ Գյումրիից, ովքեր եկեղեցի էին հասել ոտքով՝ իրենց ուխտն Ամենակարող Աստծո հետ նորոգելու:

Սրբազան արարողակարգից հետո եկեղեցու բակում ներկաներն ազգային երգ ու պարով նշեցին Հոգեգալստյան տոնը:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները