Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ՀԱՄԲԱՐՁԱՒ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ
ԵՒ ՏԷՐ ՄԵՐ ՁԱՅՆԻՒ ՓՈՂՈՅ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Համբարձէք իշխանք զդրունս մեր ի վեր,
համբարձցին դրունք յաւիտենից եւ մտցէ թագաւոր փառաց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունից քառասուն օր հետո նշվում է Համբարձման տոնը: Քրիստոսի համբարձման վայրը՝ Ձիթենյաց լեռը, Երուսաղեմի շրջակայքում եղած ամենաբարձր լեռներից է:

Սուրբ Գրիգոր Տաթեւացին գրում է. «Եվ թե ինչու Բեթանիայում համբարձավ եւ ոչ այլ տեղ. սա է պատճառը, որովհետեւ Բեթանիա նշանակում է սգո եւ չարչարանքների տուն, մատնացույց է անում մեր բնությունը, որ վայելուչ դրախտից ընկանք այս երկիր, որ սգո եւ չարչարանքների տեղ է, որտեղ մահացանք ինչպես Ղազարոսը»: Դա նաեւ այն բարձունքն էր, ուր Հիսուս աղոթում էր եւ ուր Նրան ձերբակալեցին: Այդժամ անսահման տառապանքի բովով անցնելուց եւ հանուն մարդկության փրկության մինչեւ իսկ դժոխք իջնելուց հետո, ասես, որպես ամփոփում Իր փրկչական սրբալույս առաքելության, Քրիստոս դիմում է Իր աշակերտներին՝ ասելով. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք, ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20):

Քրիստոս բարձրանում է այնտեղ, որտեղից եկել էր, որպեսզի Իր երկրային կյանքի խրատական օրինակով մեզ եւս բարձրացնի այդ լուսեղեն օթեւանները: Ամպերի միջով վեր բարձրացող Քրիստոս մեզ ներկայանում է որպես ճշմարիտ Աստված, եւ եթե մինչ այդ Նա հիմնականում թաքցնում էր Իր աստվածությունը, այժմ բացահայտորեն վկայում է, որ Ինքն իսկ է Աստծո Որդին՝ ճշմարիտ Մեսիան: Անշուշտ, մենք երբեւէ չէինք հավատա, որ Քրիստոս մեր Փրկիչն է, եթե Նա չգար եւ մեր մեջ չապրեր, մեզ նման մարդկային մարմին չունենար եւ ցույց չտար, որ Ինքն է, այո, Փրկիչն ու Ազատարարն այս աշխարհի:

Քրիստոսի համբարձումն անդրանցական խորհրդաբանություն ունի. որքան հրաշալի է Քրիստոսի վերհամբառնումը մարդկային աչքերին, նույնքան սքանչելի ու խորախուրհուրդ է այդ իրողությունը մարդկային հոգու համար: Նրա քառասնօրյա երեւումներն ու անկասկածելի ներկայությունը հաստատեցին, որ անհավատալին, անիրագործելին ու անհնարինն իրականություն են դարձել, եւ խաչի ու մահվան խավարը լուսավորվել է փրկության հավիտենական լույսով: Քրիստոս եւս մեկ անգամ հաստատում է, որ Իր Հարությունը հրաշափառ իրողություն է, եւ Ինքը հարություն է առել այն նույն մարմնով, որով անարգվեց, չարչարվեց ու խաչվեց, եւ այդ նույն փառավորված մարմնով Նա գալու է երկրորդ անգամ՝ դարձյալ մեր հանդեպ Իր անհուն սերն ու ողորմությունը, բայց նաեւ Իր արդարությունը գործադրելու:

Սրբության ճանապարհով դեպի վեր ելած արդարներից երկուսը՝ Քրիստոսի կյանքի սուրբ ընթացքին եւ համբարձմանը ներկա երկու Առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իրենց Վարդապետի սրբության օրինակով եւ առաքելագործության տեսիլքով վառված, եկան Հայաստան, որ ի կատար ածեն Տիրոջ պատգամը, թե «գնացեք, աշակերտեցեք եւ մկրտեք»՝ այդպիսով դեպի լուսեղեն երկինք բարձրանալու քրիստոսավանդ ճանապարհն ուսուցանելով նաեւ մեզ:

Համբարձման տոնը հայերիս համար առանձնահատուկ է նաեւ պատմական այն իրողությամբ պայմանավորված, որ Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Հայոց աշխարհում հիմնադրած սրբազան նախամեծար Աթոռը, որն իրադարձությունների բերումով տարագրվել էր հայրենիքից, ԺԵ դարում, հենց Համբարձման տոնի օրը, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Դեպքերին ժամանակակից Թովմաս Մեծոփեցին վկայում է. «Այն պահին, երբ որ հավատացյալները եւ արեւելյան ամբողջ աշխարհի վարդապետները հավաքվել էին այստեղ՝ այս սուրբ տաճարում, սավառնաթեւ մի արծիվ գալիս է եւ բազմում այս տաճարի խաչի վրա»: Այդժամ բացում են Ավետարանը, ընթերցում սուրբգրային մի հատված, ուր Քրիստոս ասում է. «Այս աշխարհի մեջ նեղություն կտեսնեք, բայց քաջալերվեցեք, քանի որ ես հաղթեցի աշխարհին»: Ուստի Համբարձման խորհրդով լուսազարդված՝ զգեստավորվենք սրբությամբ եւ անդադար աղոթենք ու փառաբանենք երկնքի ու երկրի Արարիչ եւ Տեր Աստծո անունը, թե՛ այստեղ՝ երկրի վրա, թե՛ այնտեղ՝ երկնքում, դեպ ուր հասնելու ճանապարհը թեպետ փշոտ ու քարքարոտ, խաչի ճանապարհ է, սակայն վերջին հանգրվանն Աստծո խաղաղարար ու բերկալի ներկայությունն է հավիտենական ու լուսառատ խորաններում:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Մայիսի 9-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին բոլոր զանգերը: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ հավատացյալներ՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեշահ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները