Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ԷՍՕՐ ՄԵԶ ՀԱՄԲԱՐՁԸՄԱ, ԱՍՏԾՈՒՆ ՓԱՌՔԻ ԲԱՐՁԸՄԱ»
ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշում է Քրիստոսի Հարության քառասուներորդ օրը: Հարությունից հետո Քրիստոս քառասուն օր մնում է երկրի վրա եւ երեւում աշակերտներին, իսկ քառասուներորդ օրը, Ձիթենյաց լեռան վրա, փոխանցում նրանց Իր վերջին խրատներն ու պատգամները եւ, օրհնելով, համբարձվում երկինք: Այժմ այն կոչվում է Համբարձման լեռ:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով եւ կոչվում է Ջանգյուլում (գյուլ նշանակում է վարդ, ծաղիկ): Ջանգյուլումը հնում համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալին:

Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Եթե Զատկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույները, ավարտվում ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը:

Համբարձման տոնն այս տարի նշվեց մայիսի 9-ին: Հայոց բոլոր, այդ թվում եւ Շիրակի թեմի եկեղեցիներում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, հավարտ որի թեմի երիտասարդաց միությունը եւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներն ու սաները Գյումրու կենտրոնական այգում միասին, ժողովրդական ծեսով, նշեցին Համբարձման տոնը:

Ըստ ժողովրդական սովորության՝ տոնի մասնակիցները նախ ծաղիկներ փնջեցին, այնուհետեւ կժի մեջ յոթն աղբյուրից յոթը բուռ ջուր, յոթը տեսակ ծաղկից յոթը տերեւ, յոթը տեսակ ծաղիկ, յոթը տեսակ քար հավաքեցին: Ծաղիկները հավաքելուց հետո աղջիկները առանձնացան եւ երգելով հյուսեցին ծաղկեպսակներ: Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո խումբն սկսեց երգել ու գովերգել այգու եւ հարակից տարածքում գտնվող մարդկանց: Մարդիկ մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ ներգրավվեցին ծեսի մեջ, շատերն անգամ հիշեցին իրենց մանկությունը:

Ծեսը համախմբեց ծանոթ-անծանոթի, եւ բոլորը միասին հաղորդ դարձան տոնի խորհրդին: Կատարվեց նաեւ վիճակի արարողություն, եւ մասնակիցները հանեցին իրենց բաժին ընկած վիճակը:

Ի դեպ՝ ըստ կրոնական գրականության, Համբարձմանը վիճակ գցելու սովորույթն առաքյալների` Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ դառնալու եւ Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ տիրադավ Հուդա Իսկարիովտացու փոխարեն 12-րդ առաքյալ է ընտրվում Մադաթիան:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքների թելադրանքով՝ 484 թվականից ի վեր, Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441-ին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները