Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ԽԱՉ ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ»
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

«Ամեն մի եկեղեցի, որ նորոգվում է կամ կառուցվում, ամեն մի խաչ, որ օծվում է,
ես նրանց հետ վերստին ծնվում եմ եւ դարձյալ կրկնում եմ ամենակարեւորը՝
իմ կյանքն անիմաստ չեմ համարում»:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

յս հավատքով ու հուզմունքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ վերաօծելու կամ օծելու յուրաքանչյուր աղոթատուն: Ի դեպ՝ 45-րդ եկեղեցին է օծվել ձեռամբ թեմակալ Առաջնորդի:

Բնականաբար, այդ եկեղեցիների կամարների ներքո հավատացյալ հայորդիներն իրենց աղոթքն են բարձրացնում առ Աստված եւ իրենց հավատարմության ուխտը կատարում առ ազգային սրբությունները, շարունակում դարեր ձգվող անհատնում մեր ընթացքը՝ որպես ազգ ու ժողովուրդ, պետություն ու Եկեղեցի:

Մայիսի 25-ը պատմական օր էր մայիսյանցիների համար: Մարդաշատ էր գյուղի Տիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը: Ներկաներն ի մի էին եկել՝ ականատես լինելու եկեղեցու խաչի օծման հանդիսավոր արարողությանը, որ կատարվեց ձեռամբ Միքայել Սրբազանի:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ախուրյանի տարածաշրջանի Մայիսյան գյուղը գտնվում է Գյումրիից հինգ կմ հյուսիս-արեւելք: Այն Ախուրյանից մեկ կմ հյուսիս-արեւելք է՝ Գյումրի-Թբիլիսի երկաթուղու եւ Գյումրի-Աշոցք խճուղու մոտ:

Ենթադրվում է, որ գյուղն ավերվել է մոնղոլական արշավանքների հետեւանքով եւ երկար ժամանակ մնացել ամայի: 1820-30 թթ. բնակեցվել է Ղարսից, Մուշից, Բասենից եկած գաղթականներով: 1988 թ., Սպիտակի երկրաշարժից հետո, այստեղ բնակություն են հաստատել նաեւ Վրաստանի Հանրապետությունից եկածները: Մայիսյանը, հովասուն կլիմայով, սառնորակ աղբյորներով ու երփներանգ ծաղիկներով հարուստ, գեղատեսիլ վայր է: Նաեւ ծառաշատ է:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Տիրանավոր աղոթատունը 7-րդ դարի կառույց է: Չնայած աստվածամերժության տարիներին եղել է հացահատիկի պահեստ, սակայն հավատավոր մա-յիսյանցիների համար մշտապես մնացել է որպես սրբազան աղոթատուն: Խաչաձեւ, գմբեթավոր հորինվածքով այս եկեղեցին բարձրանում է բազմաստիճան որմնախարիսխների վրա եւ կառուցված է սեւ տուֆի սրբատաշ քարից, իսկ վերակառուցված մասերը՝ կարմիր կիսաշար փոքր քարերից: Հավելենք նաեւ, որ այն վերանորոգվել է խորհրդային իշխանությունների վերջին տարիներին եւ վերաբացվել վերջերս:

Եկեղեցու թմբուկը գլանաձեւ է, ծածկված բութ վեղարով՝ վրան խաչ: Գմբեթը հանգչում է ներսում դրված ութակող մույթերի, վերջիններիս հանդեպ պատերին կից ձգվող կիսամույթերի վրա: Հյուսիսային խաչթեւի արեւելյան պատի մեջ՝ ներսից խորանաձեւ խորշ է փորված: Արեւելյան ծայրում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով եւ երկու կողմերի խորաններով:

Եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսային եւ հարավային: Բաց է միայն հարավային դուռը, որից ներս մտնողին ավագ խորանից մեղմ ժպտում է Տիրամայրը՝ Մանուկ Հիսուսը գրկին: Յուրաքանչյուր խաչթեւի ճակատային մասում բացվում է մեկական կամարակապ լուսամուտ՝ զարդանախշ բուսական պատկերներով, իսկ արեւելյանը՝ երկրաչափական է: 1872 թ. այն վերանորոգվել է, որի մասին վկայում է Տիրանավոր եկեղեցում գտնվող մի արձանագրություն: Աղոթատունը շրջապատված է քարե պարսպով:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Համաձայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ Հայրապետների կանոնակարգած արարողության, Ախուրյան համայնքի հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանը նախ ջրով ու գինով լվաց խաչը, ապա, Սուրբգրային համապատասխան ընթերցվածներից եւ «Տէր Աստուած մեր» աղոթքից հետո, հանդիսադիր Սրբազան Հայրը սրբալույս Մյուռոնով տյառնագրեց խաչի «զակն», «զթագն», «աջ եւ ահեակ թեւսն ու զբունն…»:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ «Խաչի Քո Քրիստոս» շարականի երգեցողությամբ, հոգեւորականաց դասը եւ ներկա բարեպաշտ հավատացյալները խոնարհվեցին նորաօծ Ս. Նշանի առջեւ եւ երկյուղով ու ակնածանքով համբուրեցին: Վերջում ներկաներին իր հայրական պատգամ-հորդորը հղեց Սրբազան Հայրը:

Թեմակալ Առաջնորդի խոսքից հետո օրհնված եւ օծված Սուրբ Խաչը բազմելու է եկեղեցու գմբեթին՝ որպես հաղթության ու փրկության նշան, որի զորությամբ պիտի շարունակվի կյանքը՝ ի բարօրություն բարեպաշտ ու հավատավոր մայիսյանցիների:

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Սրբազան արարողակարգին ներկա էին համայնքի վարչական ղեկավար Արգինա Բաղդասարյանը, հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ, ինչպես նաեւ մեծաթիվ տեղաբնակներ:

ԿԱՐԳ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹՅԱՆ

Հավարտ սրբազան արարողության, տեղի եկեղեցասեր երիտասարդաց միության կողմից կատարվեց մատաղօրհնություն: Այնուհետեւ, հենց եկեղեցու բակում գեղեցիկ ու հեզաճկուն պարով հանդես եկավ Մայիսյանի մշակույթի «Հայուհի» պարի համույթը (պարուսույց՝ Հրանուշ Մալխասյան):

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները