Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

պրիլի 7-ին՝ Կրկնազատիկի տոնի ուրախ առիթով, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ուղեւորվեցին դեպի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին:

ՍՐԲԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայ ժողովուրդը հայացրել կամ ազգայնացրել է Ս. Գեւորգ Զորավարին եւ կառուցել Սրբի անունը կրող մեծաթիվ եկեղեցիներ: Մուղնու Ս. Գեւորգը 17-րդ դարի կառույց է: Եղել է հայ գրչության ու դպրության կենտրոններից մեկը: Ճարտարապետն է Սահակ Հիզանեցին: Պատմությունը վկայում է, որ եկեղեցում ամփոփված զորավարի մասունքը Հայաստան է բերվել 350 թ., Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից:

Ուխտավորները ճանապարհ ընկան աղոթասացությամբ եւ շարականների երգեցողությամբ: Այդ օրը, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն, Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից Ս. Գեւորգ եկեղեցի բերվեց Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը:

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հին ձեռագրերն այսօր «ապրում» են Մատենադարանում: Նրանք ժողովրդի հետ մարտնչել են թշնամիների դեմ, նրա հետ անցել տառապանքի ճամփան: Ժողովուրդը տեղահանությունների ու կոտորածների ժամանակ ամենից առաջ փրկում էր գիրքը: Այդ հրաշագործ եւ խնդրակատար գրքերից է Շուրիշկանի Ավետարանը: «Ս. Բարսեղ Կեսարացի» կամ Շուրիշկանի Ավետարանն սկսել են գրել է 1498 թ. փետրվարի 5-ից, Քաջբերունիք գավառի Ասպինակ գյուղում: Պատվիրատուն է Թուրվանդան, ով Բարսեղ քահանայից խնդրել է ընդօրինակել այն: Շուրիշկանի Ավետարանը բաղկացած է 322 թերթից եւ ունի 3 մանրանկար: Ստվարաթղթե կազմը կաշվեպատ է, արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, որի աստառը թղթից եւ մետաքսից է: 1603-1604 թ.թ., Շահ Աբասի արշավանքների ժամանակ, հայ գաղթականներն իրենց հետ Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրանի ամենահայաբնակ Փերիա գավառ, ուր ապրում էր Տեր Գրիգորը, ով եւ Ավետարանը տեղափոխում է Շուրիշկան: Շուրիշկանում վանեցիները թաքցնում են Ավետարանը Ս. Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում եւ մի ծառ տնկում այդ վայրում՝ իբրեւ նշան, ուր Ավետարանը մնում է յոթը տարի: Երբ գնում են ձեռագիրը հանելու, տեսնում են, որ Ավետարանի թաքցված վայրում աղբյուր է գոյացել, եւ ջուր է հորդում: Սակայն, ի զարմանս շուրիշկանցիների, Ավետարանը պահպանվել էր անվնաս: Բազմիցս ցանկացել են Ավետարանը գողանալ, սակայն չեն կարողացել: Միայն մեկ անգամ կարողացել են կազմը գողանալ: Հետագայում մի պարսիկ կազմ է նվիրաբերել Ավետարանին՝ որպես շնորհակալություն իր որդու բժշկության: Հինգ հարյուր եւ ավելի տարի Պարսկաստանում գտնվելուց հետո՝ 1973 թ., ձեռագիրը հանգրվանել է Մատենադարանում:

Սուրբ Գեւորգ եկեղեցում՝ մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծ. վրդ. Անանյանի: Սրբազան արարողության ընթացքում հավատավոր ուխտավորներն ու շուրիշկանցիները հնարավորություն ունեցան համբուրել Ս. Ավետարանը, ինչպես նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:

ՓԱՐՊԻԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ

Ուխտագնացները եղան նաեւ Փարպիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այստեղ երգեցին շարականներ, հնչեցրին աղոթքներ: Հաջորդ կանգառը Ղազարավանի Ս. Նարեկ եկեղեցին էր: Ուխտավորները մոմեր վառեցին եւ խնդրեցին Տիրոջ սիրասուն Սրբի բարեխոսությունը:

Վերջին հանգրվանը Կոշի Ս. Գեւորգն էր: Այն կառուցվել է 1881 թ: Այստեղ ամփոփված է Ս. Գեւորգի մասունքը: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, վառեցին իրենց հավատքի մոմերը՝ խնդրելով սրբի բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները