Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ
ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից: Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում, հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած, մեր սրտերը: Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել: Հավատքով ու առ Աստված ապավինությամբ միասնաբար օրհնաբանենք Տիրոջը ժամասացի խոսքերով. «Սուրբ եւ հրաշալի եւ հաղթող Քո Հարությունը օրհնում ենք եւ փառավորում»:

Քրիստոս Իր Հարությամբ մարդկությանն ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման եւ սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու եւ Աստծո միջեւ եւ ընծայել հավիտենական կյանքի հույսն ու շնորհը: Աստվածորդու ողորմածությամբ կյանքի արշալույսն է տարածվել մահվան խավարի վրա: Կենարար խաչը, որի վրա հեղվեց Տիրոջ Սուրբ Արյունը, մահվան հանդեպ հաղթության նշան է դարձել, Հարության հավատը՝ չարին պարտության մատնելու երկնապարգեւ ուժ:

Այո, սիրելինե՛ր, հաղթող է, սուրբ եւ հրաշալի Քրիստոսի Հարությունը: Աշխարհի հարափոփոխ իրադարձությունների եւ հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են՝ վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երեւույթներն ու կործանարար մտածումներն ու գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները, նորոգվելու Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. Ե 17):

Համայն մարդկությանն այսօր էլ հնչում է հրավերը՝ առաջնորդվելու աստվածադիր պատվիրաններով, մահվան հանդիման կերտելու կյանքի հաղթանակը, անվեհեր պաշտպանը լինելու ճշմարտության ու արդարության եւ առանց Աստծո մեռյալ գոյությունը փոխարինելու Տիրոջ հետ հարուցյալ կյանքի: Այս կոչին ականջալուր, «վասն հավատո, վասն հայրենյաց» սրբազան ուխտով միաբանված՝ պատմության հոլովույթներում դիմակայել ենք բազում դժվարությունների ու փորձությունների: Հարության հավատի վկայությունը նաեւ մեր օրերում հռչակումն է մեր ժողովրդի դավանանքի եւ ազգային սրբազան արժեքներին հավատարմության, որոնք դարեր շարունակ երաշխիքն են եղել հայոց ազգի ինքնության ու լինելության, դպրության ու գիտության զարգացման:

Հարկ է այս արժեքներով սերունդներ կրթել եւ անաղարտ ու անկորուստ պահպանել, մարդկության գիտամշակութային գանձարանը հարստացրած, մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը:

Սիրելի՛ բարեպաշտ զավակներ ի Հայաստան եւ ի սփյուռս, Տիրոջ Սուրբ եւ Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս՝ հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, եւ չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը: Հանցագործ դրսեւորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության եւ անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես եւ արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը:

Դատապարտելի այս իրողությունների հանդիման՝ մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել, ծանր կորուստներ կրած, մեր ազգի վերքերի ամոքմանը եւ կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը: Հարուցյալ կյանքը, հիրավի, սկսվում է քրիստոսավանդ պատգամներով ապրելու վճռականությամբ, արհավիրքներից ու տառապանքներից դեպի կենսանորոգ ձեռքբերումներ առաջին քայլից: Այս գիտակցությունը, այս ոգին պիտի աննկուն պահենք մեզանում, չընկրկենք մեզ պատուհասած փորձություններից, չգործենք պարտվողական հոգեբանությամբ եւ չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան եւ անկախ պետականությունը: Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում եւ ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ: Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք: Արդարեւ, մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարինն ու մահվանը չէ, այլ կյանքինն ու հարությանը: Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլեւ ազգն ու պետությունը: Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական եւ հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարկ հայրենասիրությամբ ու ազգանվիրումով: Այս հաստատակամ ընթացքով կարող պիտի լինենք կերտել նոր հորիզոնները մեր պատմության եւ վերազարթոնքը պետական, ազգային-եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի: Այսպես իրականություն պիտի լինի առաքյալի բացականչությունը նաեւ մեր ժողովրդի համար. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցըե (Ա Կորնթ. ԺԵ 55): Արդ, վառ պահենք մեր սրտերում առ հարուցյալ Քրիստոս մեր հավատը, հույսն ու սերը, գալիքի բարի ակնկալությունը: Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին եւ ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով:

Այս մաղթանքով եւ Սուրբ Հարության ավետիսով ողջունում ենք մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունն իրենց առաքելության արդյունավորման մեջ: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին ու հավատավոր համայն Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս:

Սիրելինե՛ր, Սուրբ եւ Հրաշափառ Հարության տոնի այս լուսառատ օրը մեր սրտերից աղոթք բարձրացնենք առ Ամենակալն Աստված, որ աշխարհին պարգեւի խաղաղություն ու բարօրություն, Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի մեր հայրենիքի վրա եւ օրհնի ու երկնահեղ շնորհներով պայծառացնի ազգս հայոց՝ ապրելու ապահով ու անվտանգ կյանքով եւ փառավորելու Ամենասուրբ Երրորդությանն այժմ եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները