Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ
ՏՈՆԻՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

եկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքեալական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Այդ առիթով Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսվորիչ եկեղեցիների մի խումբ ուխտավոր հավատացյալներ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Առաքյալների տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, դեռեւս 2015 թ. հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը, հավատացելոց օրհնության համար, դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՎԱՐԴԱՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Ուրախառիթ տոնի կապակցությամբ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Հայոց Հայրապետի, մատուցվեց Ս. Պատարագ: Օրվա պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգեւոր Առաջնորդ Տ. Մովսես վրդ. Սարգսյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:

Եկեղեցական հանդիսավոր թափորը, Նորին Սուրբ Օծության նախագահությամբ, Հին Վեհարանից Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Սուրբ Պատարագի ընթացքում պատարագիչ Հայր Սուրբը մեկնեց օրվա խորհուրդը, նաեւ խոսեց Սուրբ Գեղարդի նշանակության մասին՝ շեշտելով. «Աստվածամուխ Ս. Գեղարդը կենաց զեն է, որ առատ օրհնություն եւ բարօրություն է պարգեւում դեպի իրեն եկող անկեղծ, ազնիվ, հավատով վառյալ, հույսով թեւավորյալ ու սիրով լիացյալ անձերին»:

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԵՂԱՐԴԻՆ

Վեհափառ Տերը, օրհնելով ներկա ժողովրդին, հնարավորություն ընձեռեց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին ուխտավորաբար ժամանած, հավատացյալներին երկրպագել ու համբուրել համաքրիստոնեական սրբությունը: Գյումրեցի ուխտավորները երկյուղով համբուրեցին Ս. Գեղարդը՝ խնդրելով բժշկություն, հայոց սահմաններին անսասանություն, սեր, մաքրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հզորություն, քանզի «Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն զրահանդերձն է փայլուն… եւ զանգակներն են բոմբիւն, եւ երգն է միշտ յաղթութիւն…» (Վահան Թեքեյան):

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԱՅԱՆԵ, ՄԵԾԱՄՈՐԻ Ս. ՂԱԶԱՐ,
ԴԱԼԱՐԻԿԻ Ս. ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Ս. Գայանե վանքն էր, որի լուսե կամարների ներքո նրանք մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալը՝ հայցելով Ամենակալ Տիրոջ բարեգթությունը:

Հաջորդ կանգառը Մեծամորի Ս. Ղազար եկեղեցին էր: Այստեղ եւս այցելուներն աղոթեցին եւ խնդրեցին, որ Տերը զորավիգ լինի Հայոց աշխարհին ու իրենց օջախներին:

Վերջին աղոթատունը Դալարիկի Սուրբ Վարդանն էր, ուր ուխտավորները երգեցին շարականներ եւ աղոթքով հայցեցին Սրբի բարեխոսությունը: Իսկ երեկոյան գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները