Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱԲԳԱՐ ՆԱԽԱՎԿԱ ԵՎ
ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՈՆԸ

Երկրի թագավորի հավատքը եւ դրանից բխող գործերը ոչ միայն իր,
այլեւ սեփական ժողովրդի փրկության գրավականն են,
իսկ անհավատությունը կամ մեռած հավատքը՝ կործանման սկիզբ:
Տ. ՄԱԿԱՐ ՔՀՆ. ԳԱԼԱՄԴԱՐՅԱՆ

եկտեմբերի 5-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Սուրբ Աբգար նախավկա եւ հայոց քրիստոնյա առաջին թագավորի տոնը:

Այդ օրն Ազատանի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ տեղի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի:

Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորն առաջին հայ արքան է, ով, Քրիստոսի կենդանության օրոք, լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է: Աբգարը՝ առաջին դարի քրիստոնյա առաջին թագավորը, պարթեւ Արշակունի Արշամի որդին էր, որ նաեւ իմաստուն ու հանճարեղ էր: Նրա թագավորության օրոք է ծնվում աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս: Երբ Աբգարը հիվանդանում է, լսած լինելով Հիսուսի հրաշքների ու սքանչելագործությունների մասին եւ հավատալով նրան, իր պատգամավորների միջոցով, նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի Նա գա եւ բժշկի իրեն, ապա թագավորի Եդեսիայում: Սուրհանդակ Անանիայի հետ, բացի նամակից, թագավորն ուղարկում է նաեւ Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե Հիսուս չկամենա գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը եւ բերեն իրեն:

Թագավորի սուրհանդակը Երուսաղեմում գտնում է Հիսուսին եւ հանձնում նամակն ու մեծագին ընծաներ: Փրկիչն անպատասխան չի թողնում Աբգար թագավորի նամակը: Նա արժանանում է Հիսուսի պատասխանին՝ գրված Թովմաս Առաքյալի ձեռքով. «Երանի՜ նրան, ով առանց տեսնելու կհավատա Ինձ, որովհետեւ գրված է. Ինձ տեսնողները պիտի չհավատան Ինձ, բայց նրանք, որ չեն տեսել Ինձ, պիտի հավատան եւ հավիտյան պիտի ապրեն….»: Ապա նամակի շարունակության մեջ Հիսուս հաստատում է, որ Ինքը չի կարող գալ, պետք է ավարտի առաքելությունն Իսրայելում, այնուհետեւ կառաքի Իր աշակերտներից մեկին՝ բժշկելու արքային եւ պարգեւելու հավիտենական կյանքի ավետիսը:

Անանիան պատասխան նամակի հետ թագավորին է բերում նաեւ Փրկչի կենդանագիր պատկերը: Այն երկար ժամանակ պահվում էր Եդեսիայում, իսկ այժմ գտնվում է Ջենովայի Ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում: Քրիստոսին ուղղված Աբգար թագավորի նամակի բնօրինակը գտնվում է Հռոմի Պապի անձնական հավաքածուում եւ պահպանվում է մինչ այսօր:

Քրիստոսի համբարձումից հետո Թադեոս Առաքյալը եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին եւ քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին՝ ազատորեն քարոզելով Ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին, դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից ու մկրտվեց:

«Որքան լավ է, երբ արքան՝ երկրի առաջնորդը, իր ընթացքը Տիրոջ հետ է կապում ոչ միայն խոսքով, այլեւ կենցաղով եւ սեփական օրինակով հորդորում իր ժողովրդին, այդ հորդորով փոխում ազգի պատմությունը: Այսօր արքունիքներ ու արքաներ չկան, սովորական ընտանիքներ են, բայց պետք է ամեն մեկս մեր ընտանիքներում դաստիարակենք աբգարներ:

Տոնախմբելով Սուրբ Աբգար թագավորի հիշատակը՝ նրա բարեխոսությունը հայցենք մեր ազգի, մեր պալատների՝ ընտանիքների համար, որպեսզի այդ պալատներում դաստիարակվեն ոչ միայն աբգարներ, այլեւ տրդատներ, վարդաններ, որոնք իրենց քրիստոնեական ու աստվածահաճ գործերով կփոխեն մեր ազգի ընթացքը: Այս գիտակցումը պետք է բոլորս ունենանք, որ ամեն մեկիս պալատի զավակները դաստիարակվեն Աստծո օրենքներով»,- իր քարոզն ավարտեց Տեր Հայրն այս խոսքերով:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները