Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ
ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԸ

եկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնը:

Դեռեւս 2015 թվականին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը, հավատացյալների օրհնության ու երկրպագության համար, դուրս է բերվում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող, համաքրիստոնեական սրբությունը:

Շնորհառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգեւոր Առաջնորդ հոգեշոնրհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ եւ մեծաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում, եկեղեցական թափորի առաջնորդությամբ, Ամենայն Հայոց Վեհափառը մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին:

Իր քարոզում պատարագիչ Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի՛ հավատացյալներ, պատմության ընթացքում, երբ հայ ազգը շեղվել է Առաքյալների քարոզած հավատքից, հեռացել նրանց հիմնած Առաքելական Սուրբ Եկեղեցուց եւ դադարել է լսել հոգեւոր առաջնորդներին, ընկել է փորձությունների մեջ: Երբեմն որոշ շրջանակներ տարածում են այն թեզը, թե հայ ազգը թուլացավ, երբ քրիստոնեա դարձավ: Սակայն իրականում ճիշտ հակառակն է. հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու, այլ չլինելու պատճառով: Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը եւ Առաքյալների քարոզած մաքուր հավատի ու քրիստոնեության պակասը:

Սուրբ Գրքում հստակորեն ասվում է, որ եթե Աստծո կողմից տրված օրենքները չպահեք, ապա բոլոր ազգերից վերջինը կլինեք, դուք կցանեք, ուրիշները կուտեն, պատերազմների մեջ կընկնեք, ձեր զավակները գերի կլինեն, կսփռվեք աշխարհով մեկ (Ղեւտ. ԻԶ 14-33), իսկ եթե Աստծո պատվիրանները պահեք, ապա պիտի հաջողեք ու հզորանաք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին, եւ Տերը ձեր երկրին խախաղաղություն կպարգեւի (Ղեւտ. ԻԶ 3-8)»:

Հայր Մովսեսն ընդգծեց նաեւ, որ Առաքյալների տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու եւ մեր հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցել Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի մեր ժողվրդին, եւ աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի շինություն Հայրենիքի:

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով եւ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագել ու համբուրել համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում մնաց մինչեւ Երեկոյան ժամերգության ավարտը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները