Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

«Ի ՅԵՐԿՆԻՑ ԵՐԵՒԵԱԼ ՆՇԱՆՆ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ ԱՅՍՕՐ,
ՀԵԹԱՆՈՍԱՑ ԾԱԳԵԱՑ ԼՈՅՍՆ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ»
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԿԱՊՍԻ ԵՐԵՎՄԱՆ
ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆԸ

հավասիկ, Տիրոջ օրհնութան հանգույն, Տիրոջ հրաշափառ Հարության նման, այս եկեղեցին էլ հարություն առավ: Մեր Տերը երեք օր եւ երեք գիշեր մնաց գերեզմանում եւ հարություն առավ, իսկ այս եկեղեցին ավելի քան 70-80 տարի սպասեց իր հարությանը:

Բայց Աստծո համար 100 տարին, 1000 տարին մեկ վայրկյան է, այդ մեզ համար է ինչ-որ ժամանակ, որովհետեւ Տերը ժամանակից դուրս է եւ ժամանակի ստեղծիչը: Ժամանակը չկար, երբ կար Տեր Աստված: Այս եկեղեցին, այքան տարիներ լքվելուց, մոռացվելուց հետո այսօր բացում է վերստին իր դռները եւ հրավիրում ձեզ աղոթքի: Ինձ համար մեծագույն մխիթարություն է, որովհետեւ ես ոչ միայն տեսնում եմ այն այսպես պայծառ, այլեւ տեսել եմ, թե ինչ վիճակում էր: Գուցե ոմանք հիշում են, որ ես եկել եւ այս խոնարհված տաճարում երկու անգամ Ս. Պատարգ եմ մատուցել:

Ներկաներ գուցե եղել են այստեղ հավաքվածներից: Այն ժամանակ աղոթել ենք, որ Աստված ուժ, կարողություն, հնարավորություն տա, որպեսզի եկեղեցին վերակառուցվի, լքված, մոռացված տաճարը վեր հառնի: Կապսեցիներդ եւս կարող եք ասել, թե չենք մոռացել. գալիս, ուխտ էինք անում, մոմ վառում: Բայց դա նման է, ինչպես դրսում ակնարկեցի, ծերանոցում լքված մորը, ում զավակը տարին մեկ անգամ է այցելում եւ համարում է, թե մեծ բան արեց:

Արդյո՞ք մեծ բան է անում զավակը, որ ծերանոցում լքված մորն այցելում է տարին մեկ անգամ: Ամո՛թ նման զավակին, այդ զավակը չպիտի հպարտանա եւ հպարտանալու առիթ չպիտի ունենա՝ ասելով. «Ես ամեն տարի այցելում եմ իմ մորը, որ գտնվում է ծերանոցում»:

Ուրեմն՝ մի ծածկեք ձեր մեղքը՝ ասելով. «Բայց այցելել ենք, մոմ ենք վառել»: Իսկ ե՞րբ եք այցելել, ե՞րբ եք մոմ վառել. երբ ինչ-որ խնդիր, հարց, կարիք, խնդրանք եք ունեցել չէ՞: Այլապես մնացած օրերն Աստված էլ, եկեղեցին էլ, մանավանդ տղամարդկանց համար, ա՛հ, կսպասեն:

Բայց, անկախ այն բանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք, Տերը գործում է: Քրիստոս ասում է. «Աստված միշտ գործում է, եւ ես միշտ գործում եմ»: Ահավասիկ Նա գործեց Սպարտակի միջոցով: Սպարտակի մեջ խոսեց Տերը եւ ասաց. «Գնա ու այս եկեղեցին վերակառուցիր»: Ինքը կարող էր լռեցնել Աստծո ձայնը, Աստված տվել է այդ ազատությունը մեզ: Շատ անգամ մենք հենց լռեցնում ենք Աստծո ձայնը, թեպետ հաճախ է բոլոիս հետ խոսում, բոլորիս ինչ-որ ցուցում տալիս, ուղղորդում, իսկ մենք մերժում ենք:

Սպարտակը եւս կարող էր մերժել: Բայց ոչ: Շնորհակալ ենք, որ նա Տիրոջ խոսքին, ձայնին ընդառաջեց: Եվ, ինչպես ասացի, ծնողների հիշատակին եւ գալիք սերունդներին ի նվեր, վերակառուցեց այս եկեղեցին այսպես գեղեցիկ, մաքուր, կոկիկ եւ նվիրեց ձեզ: Ձեզ նվիրեց նախեւառաջ, ոչ թե մեզ, որովհետեւ սա համայնքի եկեղեցին է, համայնքի, Կապսի, կապսեցու համար է: Նվիրեց, որպեսզի այս եկեղեցում ձեր փոքրիկները մկրտվեն, զույգերը պսակվեն եւ նաեւ հավիտենական հանգիստ գնան ձեր մեծերն այս եկեղեցով եւ այս եկեղեցուց: Եկեղեցին իբրեւ հուշարձան չկառուցվեց, որպեսզի ասենք՝ մենք գյուղում եկեղեցի ունենք եւ մենակ զատկից զատիկ եկեղեցի գնանք: Ո՛չ, այս ճանապարհն այլեւս բանուկ պետք է լինի, խոտ չպետք է աճի այս ճանապարհին եւ այն կիրակի օրերը, երբ Տեր Հայրը գալու եւ Ս. Պատարագ է մատուցելու, պետք է գաք, ձեր աղոթքն առաքեք առ Տերը: Վաղն առաջին Ս. Պատարագն է մատուցվելու, եւ վաղը Երեւման Ս. Խաչի տոնն է, ինչի համար էլ եկեղեցին անվանեցի Երեւման Ս. Խաչ: Թե ի՞նչ է Երեւման Ս. Խաչը, վաղը Տեր Հայրը կբացատրի, ես չեմ մտնի այդ տոնի մանրամասնությունների մեջ:

Վաղը կգաք եկեղեցի, որպեսզի իմանաք, թե ինչո՞ւ այս եկեղեցին կոչվեց Երեւման Ս. Խաչ: Սա չի վերաբերում միայն կանանց, վերաբերում է նաեւ տղամարդկանց: Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի Սպարտակին, որ այս եկեղեցին նվիրեց ձեզ, բայց նվիրեց, որպեսզի դուք այն լցնեք, ոչ թե դատարկ թողնեք, դատարկ եկեղեցին հուշարձան է, բայց դարձյալ լքված: Իսկ գործող եկեղեցին կենդանի օրգանիզմ է, ապրում է, աշխատում: Կապսեցիներդ երբեք չասեք, թե գիտեք՝ հեռու է, այսքան ճանապարհ ամեն կիրակի ինչպե՞ս ենք անցնելու: Պետք է անցնեք իբրեւ ապաշխարություն այն բոլոր տարիների համար, որ այս եկեղեցին մոռացաք: Մոռացաք ոչ միայն դուք, այլեւ ձեր նախորդները: Ձեր հայրերի, մայրերի, պապերի, տատերի համար պետք է աղոթեք այստեղ, որ իրենք մեղքի տակից դուրս գան: Իրենց օրոք այս եկեղեցին, որ գործող էր, հանկարծ պահեստի վերածվեց, քանդվեց, ավերակ դարձավ: Թուրքը չավերեց: Թուրքը շատ եկեղեցիներ է ավերել, բայց շատ ավելի ցավալի է, երբ հայի կողմից է ավերվում: Այս եկեղեցին մենք ավերեցինք: Ես կարող եմ ասել՝ ինքս կապ չունեմ, կապսեցի չեմ, ոչ էլ հայրս ու մայրս են Կապսից: Բայց ես վերցնում եմ այդ մեղքն ինձ վրա եւ ասում եմ. «Ես մեղավոր եմ, որ Կապսի եկեղեցին այսքան ժամանակ մնաց քանդված»: Եթե նույնիսկ եպիսկոպոս չլինեի, թեմի Առաջնորդ չլինեի, դարձյալ մեղավոր կլինեի:

Ուրեմն՝ այս եկեղեցին պետք է ապրեցնել: Ես վաղը՝ կեսօրից հետո, պիտի զանգեմ Տեր Հորը եւ հարցնեմ, թե քանի՞ մարդ կար Ս. Պատարագին եւ հուսամ, որ պիտի պատասխանի. «Ավելի շատ, քան երեկ էր», որպեսզի ես ուրախանամ: Կարող եք մտածել՝ ինչո՞ւ պիտի ուրախանամ, ի՞նչ եմ դրանից ստանում, ո՞րն է իմ օգուտը, որ ես ուրախանում եմ: Երբ ժողովուրդը շատ է եկեղեցում, ինչո՞ւ պիտի ուրախանամ, կարող եմ անտարբեր լինել: Դրանից ո՛չ հասակս է բարձրանում, ո՛չ սպիտակ մազերս են սեւանում, ո՛չ էլ առողջությունս է բարելավվում, ինչո՞ւ եմ ուրախանում: Ուրախանում եմ, որովհետեւ իմ պարտականությունն ու պարտքը կատարած եմ զգում եւ զգում եմ, որ իմ ցանածն արդյունք տվեց: Դուք գյուղի մարդիկ եք, ձեզ հաճելի չէ, երբ սերմանում եք եւ չի ծլում, ծլարձակում է, բայց չի հասունանում եւ կամ հասունանում է, բայց պտուղ չի տալիս, պտուղ է տալիս, բայց պտուղը որդն է ուտում: Գոհ կլինե՞ք: Չեք լինի:

Դուք էլ մեր այգու պտուղներն եք, եւ մենք ձեզանով ենք ուրախանում: Երբ տեսնում եմ եկեղեցին լեցուն, Աստծո Սուրբ Սեղանի շուրջ հավաքված հավատացյալներին, ասում եմ. «Իզուր չեմ ապրել, ողորմի ծնողներիս, որ ինձ կյանք տվեցին՝ այս ժողովրդին ծառայելու»: Այս է իմ ուրախությունը, այլապես հոգեւորականներս անձնական ուրախություն չունենք, անանձնականով ենք ուրախանում: Դարձյալ ասում եմ՝ եկեղեցին, որ բացում ենք, չենք բացում հանգստանալու համար: Եկեղեցու բացումով սկսվում է ձեր հոգեւոր կյանքը: Շատ հաճախ մեր ժողովրդի մոտ այս մտածումը կա՝ ինչ լավ է, արդեն եկեղեցի ունենք, կարող ենք ուտել, խմել, ուրախանալ: Ո՛չ, դրանով սկսվում է պարտականությունը: Պարտքի զգացումը պիտի արթնանա մեջներդ՝ կիրակի օրն այս ճանապարհն անցնելու եւ Աստծուն ներկայանալու: Դրա համար չարչարվեց Սպարտակը: Չէ՛, հուշարձան չկառուցեց, այլ կառուցեց աղոթքի տուն: Նա դրամը, միջոցները կարող էր ծախսել եւ հուշարձան կառուցել, մեկ այլ բան կառուցել, բայց կառուցեց աղոթատուն, որպեսզի դուք աղոթքի, Աստծուն ներկայանալու հնարավորություն ունենաք: Դրա համար ենք մենք իրեն շնորհակալ: Դուք եւս պիտի շնորհակալ լինեք եւ պիտի մաղթենք, որ Աստված օրհնի իրեն, իր երկար ձեռքը չկարճացնի, որ շարունակի օգտակար լինել ե՛ւ Կապսին, ե՛ւ ընդհանրապես Հայ Եկեղեցուն, ե՛ւ մեր Հայրենիքին ու պետությանը: Գլխավոր շնորհակալությունը մեր սիրելի Սպարտակինն է: Մենք լավ, մտերիմ բարեկամներ ենք արդեն քանի տարի շարունակ, չնայած մեր հարաբերությունները զերծ չեն վեճերից: Ինքն էլ է սիրում վիճել, ես էլ, բայց բարեկամությունն ու հոգեւոր հաղորդակցությունն ավելի կարեւոր են, քան ցանկացած վիճաբանություն կամ բանավեճ: Մեր լավագույն մաղթանքներն իրեն, իր ընտանիքին, զավակներին, թոռներին:

Մյուս շնորհակալությունն անշուշտ տեղի քահանայինն է՝ սկսելով նախկին քահանաներից: Այստեղ Տեր Եզնիկն է ներկա, որ տարիներ շարունակ ձեզ ծառայել է, պիտի հիշեք նրան: Երեխաները կարող են չհիշել, բայց մեծերը կհիշեն, Տեր Հակոբին եւ այժմ Տեր Փառենին, որ անձանձրույթ կատարում է իր պարտականությունը: Նախկին բոլոր քահանաների աղոթքի ու աշխատանքի արդյունքն է այս եկեղեցին: Ուստի մենք շնորհակալություն ենք հայտնում մեր քահանա հայրերին, որ այդ համառությունը, հաստատակամությունը դրսեւորեցին: Ես հիշում եմ իրենց մատուցած Ս. Պատարագներն ու քարոզները՝ ինչպես այս խոնարհված եկեղեցում, այնպես էլ դպրոցի փոքր դահլիճում: Դահլիճ էլ չէր, փոքր սենյակ էր: Այնտեղ Ս. Պատարագ էին մատուցում, հավաքում էին ժողովրդին վառարանի շուրջ: Այդ ամենը հիշում ենք, չենք մոռացել: Մենք էլ ներկա ենք եղել, մասնակից ենք եղել, եւ դրա արդյունքն է այսօրվա այս լուսավոր, գեղեցիկ եկեղեցին:

Հաջորդ շնորհակալությունը գյուղական իշխանություններինն է, ո՛չ մարզային, ո՛չ հանրապետական, որովհետեւ ո՛չ Հանրապետությունը, ո՛չ էլ մարզը հետաքրքրված չեն եղել այս եկեղեցով: Հետաքրքրված են եղել զուտ գյուղական, համայնքային իշխանությունները, այն էլ երբեմն օգնում են, երբեմն՝ ոչ: Համայնքապետը քիչ առաջ այստեղ էր, հետո դուրս եկավ: Նրանից պետք է պահանջեք, որ եկեղեցի բերող ճանապարհը սարքվի, կանոնավորվի ու դառնա բանուկ, որպեսզի ե՛ւ ձմռանը, ե՛ւ ամռանը կարողանաք անարգել, թե՛ մեքենայով, թե՛ առանց մեքենայի, գալ, ներկա գտնվել արարողություններին, ձեր աղոթքն անել: Ձեր նախկին գյուղապետին մասնավոր շնորհակալություն, որ այստեղ է: Ինչո՞ւ եմ մասնավոր շնորհակալություն հայտնում. որովհետեւ տարիներ շարունակ մենք շատ լավ աշխատել ենք եւ իր կողմից շատ լավ ըմբռնում ու փոխհասկացողություն ենք ունեցել: Շնորհակալություն հայտնելով մենք չենք ցածրանում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր շինարարներին, բանվորներին, որոնք այստեղ աշխատել են, ճարտարապետին, բոլոր-բոլորին: Ոմանց հիշում ենք, ոմանց չենք հիշում եւ ի վերջո շնորհակալություն ձեզ՝ ներկաներիդ, ժողովրդիդ, կապսեցիներին եւ ոչ կապսեցիներին, որոնք այսօր իրենց նեղություն են տվել գալ այստեղ: Ձեզ պիտի օրհնի Տերը, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ըմբռնման համար: Թե չէ կարող էիք ասել՝ վաղը կգնանք, մոմ կվառենք: Ինչպես ասում եք մեծավ մասամբ՝ երբ ժամանակ ունեցա, կգնամ: Բայց դուք զգացիք, որ այսօր կարեւոր օր է մեր կյանքում: Այս ներկա երեխաները, որ աղմկում են մանկական անմեղությամբ, վաղը պատմելու են, որ այս եկեղեցու բացման ժամանակ ներկա են եղել: Այսպես է կերտվում պատմությունը, պատմությունը սերունդներին այս ամենը փոխանցելն է: Ուրեմն՝ շնորհակալություն բոլորիդ, եւ փառք Աստծո, որ այս եկեղեցին նույնպես վերաբացվեց: Իսկ ես երջանիկ եմ, որ այն վերաբացվեց իմ առաջնորդության օրոք: Իբրեւ մեղքերիս փոքր թողություն, թող Ասված ընդունի այս եկեղեցու շինարարությունը, որ երբ ներկայանամ Իր ահեղ դատաստանին, ասի. «Շատ մեղքեր ես գործել, բայց այս մի լավ գործն էլ ես արել Սպարտակի օգնությամբ»:

Քրիստոս Հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:


Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք, ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսդ. ամէն:

ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆԸ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները