Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

«ՃԱՆԱՉԵԼ ԶՆԱ ԵՒ ԶԶՕՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Չարագործների ամբոխն ինձ պաշարեց: Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ,
հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ:
Հագուստներս բաժանեցին իրար մեջ եւ պատմուճանիս վրա վիճակ գցեցին»:
ՍԱՂՄ. ԻԱ 17-18

իսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը Եկեղեցու մեծագույն տոներից է եւ արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության ու մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: Քրիստոնեական տոների շարքում Ս. Հարությունն առանձնահատուկ տեղ է գրավում, եւ գուցե բացատրվում է նաեւ նրանով, որ այն մեզ ավանդվել է դեռեւս առաքելական ժամանակներից: Քրիստոսի Սուրբ Հարությունը մարդկության պատմության ամենակարեւոր ու առանցքային իրադարձությունն է:

Աստծո Միածին Որդին մեղավոր մարդկության փրկության համար հանձն առավ խաչի անարգ ու ստորացուցիչ մահը, ճաշակեց չարչարանքների ու մահվան ողջ դառնությունը, թաղվեց եւ գերեզման դրվեց, սակայն, ինչպես խոստացել էր Իր հետեւորդներին, երրորդ օրը հարություն առավ մեռյալներից՝ մեզ հարության հույսը պարգեւելով: Քրիստոս Իր մահվամբ եւ հրաշափառ Հարությամբ հաղթեց մահվանը՝ ասելով՝ «Ո՞ւր է մահ յաղթութիւն քո, ո՞ւր է գերեզման քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55): Նույնիսկ անշունչ արարածները չկարողացան տանել Անմահի մահը՝ սգալով ու ողբալով Նրա համար, քանզի Նրա հետ միասին չարչարվում է ողջ բնությունը: Երբ Հիսուս Իր Հոգին ավանդեց, արեգակն անմիջապես խավարեց՝ թաքցնելով լույսը, որպեսզի չտեսնի փառքերի Թագավորին խաչին գամված: Երկնային մեծ լուսատուն, լույսն իր մեջ ունենալով, կրկին լուսավորեց, որպեսզի քարոզի ողջ երկրով ու երկնքով, թե երրորդ օրն իր Արարիչը դարձյալ ծագելու է դժոխքից եւ հարություն է առնելու մեռելներից: Բնությունն աղաղակեց, որ արդար ու անմեղ է Նա, Ում անարգ մահվամբ սպանեցին եւ դասեցին ավազակների շարքը:

Հիսուսի մահվամբ Հին Ուխտը խախտվեց ու կործանվեց, եւ Նոր Ուխտի դռները բացվեցին: Քրիստոսի Հարությունը վեմն է մեր հավատքի: Առանց հարության հրաշքի, չէին կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերութունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը: Մթագնած երկնքում բոցավառվող արեւի պես է ճառագայթում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը՝ բարի լուրը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության կյանքը: Քրիստոսի անձնուրաց հետեւորդ, հեթանոսաց Առաքյալ Պողոսը բովանդակազուրկ է համարում քրիստոնեական հավատքը՝ առանց Հարության հրաշքի ճանաչման. «Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է նաեւ ձեր հավատքը» (Ա Կորնթ. ԺԵ 14): Հիրավի, անիմաստ ու աննպատակ կլինի Քրիստոսի Հարության հանդեպ մեր հավատը, եթե չհավատանք համընդհանուր հարությանը, որ լինելու է աշխարհի վախճանին, երբ Տերը գա՝ դատելու մարդկությանը: Այս մասին բազում վկայություններ կան Աստվածաշնչում:

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ»
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ (9 ԱՊՐԻԼԻ)

«Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի», քանզի այսօր քո լույս խորաններից Հարության ու կյանքի շնորհ է բաշխվում: Գերեզմանի քարը գլորված է: Քրիստոսի Հարությամբ կյանքի խավարը փարատվեց եւ մահը պարտվեց՝ ծնունդ տալով անմահության, որ դարձավ հոգեւոր փրկության երաշխիք: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Ամենափրկիչ, Ս. Սարգիս եկեղեցիների զանգերի ղողանջներն ազդարարեցին Ս. Հարության Սուրբ Պատարագի սկիզբը: Օրվա պատարագիչներն էին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Տ. Եզնիկ քհն. Գալստյանը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Տ. Փավստոս քհն. Սարգսյանը, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը, Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը, Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս սրբազան արարողակարգի, թեմակալ Առաջնորդն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը: Սուրբ Պատարագին ներկա էին Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, խաչքավոր Արմեն Տոնոյանը, մեծաթիվ հավատացյալներ:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
(10 ԱՊՐԻԼԻ)

Մայր Եկեղեցում առավոտյան մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները