Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

«Ի ՎԵՐԱՅ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԱՋԻ ՀԱՍՏԱՏԵԱԼ
ԿԱՅ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՆ ՀԱՅՈՑ»

արտի 25-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, մի խումբ հավատացյալներ, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Խորվիրապ, որտեղից եղավ փրկությունն ազգիս:

ԽՈՐԱԽՈՐՀՈՒՐԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ… ԽՈՐՎԻՐԱՊ

Դեռ հեռվից, ժայռին բազմած, մեզ իր գիրկն էր կանչում այդ սքանչելի սրբավայրը: Որքան մոտենում էինք, այնքան ավելի արագ էին խփում մեր սրտի զարկերը, ուզում էինք րոպե առաջ հասնել առասպելական վայր, ուր մատուցվում էր Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Արարատ քհն. Պողոսյանի:

Չարչարանաց վիհը մութ ու փոքր տարածություն է, իսկ հողե հատակը մշտավառ մոմերի կաթիլներով է պատվել: Մոմի լույսը, լուսավորելու փոխարեն, անհայտ խորհրդավորության շամանդաղ-քող է տարածում շուրջբոլորը: Ես էլ, հոգուս մեջ վիրապացած, ջանում եմ «տեսնել» տասնյոթ դարեր առաջ այստեղ «ապրած» մարդուն: Աչքերս դեպ վեր, դեպ ձեղունը հառած՝ խորհում եմ, թե այս աննշան բացվածքից ինչպե՞ս է արեգակի լույսը ներս թափանցել: Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Լուսավորչի տասներկու չարչարանքներն ունեն հոգեւոր խորհուրդ. «Նախ մարդն ունի 12 զգայարան, որ ապականվել էին Ադամի մեղանչումով: Ըստ այդմ՝ Գրիգորը, 12 չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը կապված է որեւէ զգայարանի հետ, մաքրեց դրանք ապականությունից: Նաեւ Քրիստոսի 12 առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող չարչարանքներով: Ս. Գրիգոր Լուսավորիչն այս 12 չարչարանքներից յուրաքանչյուրը կրել է՝ դառնալով 12 առաքյալներին չարչարանակից» (Հաճախապատում):

Հավարտ մատուցվող Սուրբ Պատարագի, եկեղեցում, Լուսավորչի մասունքակիր Ս. Աջով, վանորեից տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռամբ, կատարվեց ջրօրհնյաց կարգ: Այնուհետեւ օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին:

«ՕԹԵԱՑ ԽԱՉ» ՍՐԲԱՎԱՅՐԸ
ՄԱՐՄԱՐԱՇԵՆԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորները եղան նաեւ, Խորվիրապից արեւմուտք գտնվող, «Օթեաց Խաչ» սրբավայրում, ուր, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալները:

1869 թ. վանքի վանահայր Վարդան Ալեքսանդրապոլսեցին «Օթեաց Խաչում» կառուցել է մատուռ: Ս. Առաքյալների հանդիպման խորհրդանշական տեղում կանգնեցվել է յոթը մետրանոց խաչարձան, որը 2015 թվականին, Խաչի գյուտի տոնի օրը, օծվել է Մայր Աթոռի վանորեից տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռամբ:

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Մարմարաշենի Ս. Գեւորգ եկեղեցին էր: Այստեղ եւս վերջիններս վառեցին իրենց հավատի մոմերը՝ Բարձրյալից հայցելով բարերար շնորհներով գթալ Իր արարածներին:

Ս. ԳԱՅԱՆԵ, Ս. ՀՌԻՓՍԻՄԵ

Երրորդ հանգրվանը Ս. Գայանե եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներն էին, ուր ուխտավորները մոմեր վառեցին եւ Ս. Կույսերի գերեզմաններին ծնրադիր աղոթեցին՝ հայցելով նրանց բարեխոսությունը:

Ուշ երեկոյան ուխտավորները բռնեցին տունդարձի ճամփան՝ հոգիներում անթեղած օրվա խորհուրդը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները