Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻՆ ԵՎ ՏԻԲԵՐԻՈՍ ԿԱՅՍՐԸ

նոջ մանրիկ քայլերը, հաղթանդամ զորականի քայլվածքի պես, աղմկոտ էին հնչում ընդարձակ պալատում՝ ընդելուզված ոսկեկոփ սյուներով, լուսասփյուռ ջահերով, տարերային աստվածություններ ներկայացնող կուռքերով: Պալատի սրահներն առհասարակ մեհյանի տպավորություն էին թողնում: Զինվորն արձակեց կնոջ ձեռնակապերը, պատվիրեց ներս մտնելիս խոր գլուխ տալ արքաների արքային, ապա բարբարոսի բրտությամբ քարշ տվեց նրան դատաստանի սրահ: Այստեղ աջ եւ ձախ դրված կրակարանների կողքերին շարվել էին սպիտակազարդ քուրմերը՝ ներկած դեմքերով: Նրանցից այն կողմ բազմած էին ինչ-որ մարդիկ, որոնց միջից կայսրը աչքի էր ընկնում արտասովոր զարդարանքով ու պատվանդանի վրա նստած լինելու հանգամանքով:

Շեփորներն ազդարարեցին դատավարության սկիզբը: Կապույտ թիկնոցով մի մարդ մոտեցավ կայսերը, շշնջաց ականջին եւ հանձնեց պապիրուսի գալարը:

- Նորի՞ց,- վրդովվեց արքան,- հոգնել եմ արդեն. առանց հապաղելու է պետք վերացնել այս ոչնչություններին՝ իրենց ռամկական հավատքի հետ միասին: Մո՛տ եկ,- հրահանգեց նա:

Կինը հիշեց զինվորականի պատվերն ու առաջ գնալով գլուխ տվեց:

- Անունդ ի՞նչ է, որտեղի՞ց ես:

- Մարիամ, տե՛ր իմ, Մարիամ է անունս, Մագդաղայից եմ,- կմկմաց կինը:

- Քեզ պետք է հայտնի լինի, թե ինչո՞ւ ես հիմա այստեղ:

- Ամենեւին, արքա՛. շուկայում առեւտուր էի անում Զատկի համար, եկան քո զինվորներն ու շղթայելով այստեղ բերեցին: Այժմ դատաստանի եմ կանգնած, սակայն ինչո՞ւ, չգիտեմ:

Տիբերիոսը հեգնանքով ոտքից գլուխ չափեց խեղճացած կնոջը: «Դու այստեղ ես, որովհետեւ նրանցից ես, ովքեր մահացածի միս ու արյուն են ուտում իրենց գաղտնի հավաքատեղիներում, մանուկներ են զոհաբերում եւ ինչ-որ մեռելի են պաշտում: Բայց սրանք տակավին այնքան էլ լուրջ զանցառություններ չեն, որքան այն, որ դու եւ քո ընկերները արհամարհում եք Օլիմպոսի բարձրյալ աստվածներին, հրաժարվում զոհ մատուցել նրանց: Ճի՞շտ եմ…»: «Ճշմարիտ է այն, արքա՛, որ ոսկին ու արծաթը, փայտն ու քարը չեն կարող աստված լինել. ես ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ` կենդանի Աստծուն, երկնքի եւ երկրի Արարչին, որ իշխանություն ունի բոլոր մարմնավոր էակների վրա»:

- Իսկ արքա՞ն, մի՞թե կայսրն էլ աստված չէ…

Մագդաղենացին խոնարհեց աչքերն ու մրմնջաց. «Մեկ բան գիտեմ միայն. պետք է կայսրինը տալ կայսերը, իսկ Աստծունը` Աստծուն»: Կայսրը կատաղի աչքերը ցոլացրեց կնոջ վրա: «Չե՞ս վախենում, ո՛վ ողորմելի,- բղավեց նա,-որ քեզ նետեմ գազանների առաջ քո լպիրշության պատճառով»:

Մագդաղենացին մեղմիկ ժպտաց. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ»: Լռություն տիրեց: Նյարդայնացնող լռությունը խախտեց կայսեր ջղաձիգ հռհռոցը.

- Լսո՞ւմ եք՝ ինչ է ասում… Քեզ պես քանի՞ համարձակի են խժռել առյուծներս, քեզ պես քանի՞ մեծախոս է զրկվել լեզվից, աչքերից, մատներից, քեզ նման քանի՞ տոկուն է հեծեծել կրակի ու կուպրի մեջ… Ես կխղճամ քեզ ու ազատություն կշնորհեմ ի փառս աստվածների, եթե դու հենց հիմա, այստեղ երկրպագես կուռքերին ու զոհ մատուցես: Խոստանում եմ, արքայի խոսք եմ տալիս. դրանով դու կքավես մեղքդ:

Քուրմերն արագորեն Մարիամի դիմաց բերեցին փոքրիկ կրակարանը: «Դե՛, քեզ տեսնեմ, փրկիր ինքդ քեզ»,- նենգորեն վրա բերեց Տիբերիոսը:

- Իմ Փրկիչը մեկն է, արքա՛, Խաչյալ Հիսուս, ում մահն ու հարությունն է ինձ կյանք տալիս: Ով հավատա Քրիստոսին, թեպետեւ մեռնի, կապրի, ով հավատա Նրան, հավիտյան կապրի ինչպես Ինքը մեռավ ու հարություն առավ մեռյալներից:

Բազմականները միաբերան դժգոհության ձայներ հանեցին: Տիբերիոսն առաջ երկարեց ձեռքը, եւ աղմուկն իսկույն սանձվեց:

- Ձեր անմտությունը սահմաններ չունի,- սպառնալից դեպի կինը գալով մռմռաց կայսրը: - Ավելի շուտ զամբյուղիդ միջի ձուն կկարմրի, կի՛ն, քան մեռածը հարություն կառնի,- բղավեց բարձր, եւ հռհռոցն արձագանքեց դղյակով մեկ:

Մագդաղենացու ձեռքը գնաց դեպի հավկիթը... «ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ, արքա՛»,- բացականչեց նա՝ արքային մեկնելով արյուն-կարմիր ձուն… Իսկ դահլիճը սառեց համրությամբ…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները