Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

ՀԱՎԱՏՔԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ

ուրաքանչյուր ուխտագնացություն մի նոր կապ է անցյալի ու ներկայի միջեւ եւ մի նոր կնիք Քրիստոսի հանդեպ հավատքի ուխտին:

Նոր կիրակին կամ Կրկնազատիկն իր մեջ ներառում է վերջին օրվա խորհուրդը եւ նոր է կոչվում, որովհետեւ Աստված այս օրն է ստեղծելու «Նոր երկինքն ու նոր երկիրը»: Կրկնազատիկ է, որովհետեւ այն նաեւ ազատության եւ հարության օր է: Մեզ՝ քրիստոնյաներիս համար կիրակին հանգստի եւ հոգեւոր մտորումների օր է: Հարկ է, որ այսօր մեզ համար վեր հանենք այս խորհրդի մեջ առկա գաղափարները:

Ապրիլի 16-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ ուխտավորաբար այցելեցին Արագածոտնի մարզի հինգ նշանավոր եկեղեցիներ՝ Մուղնու Ս. Գեւորգ, Կարպիի Ս. Աստվածածին, Հովհանավանք, Սաղմոսավանք եւ Ապարանի Ս. Խաչ:

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորների առաջին կանգառը Մուղնու 14-րդ դարի Ս. Գեւորգ եկեղեցին էր: Այստեղ նրանք ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբն ի մասնավոր նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Կրկնազատկին եկեղեցի է բերվում Շուրիշկանի 1498 թ. ձեռագիր մատյանը, որ պահվում է Մատենադարանում:

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

1970 թվականին հրաշագործ, խնդրակատար Ավետարանը, երկար դեգերումներից հետո, մնացած ձեռագիր մատյանների հետ, հանգրվանեց Մատենադարանում: Վասպուրականի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Թուրվանդա իշխանը Տեր Բասեղ քահանային պատվիրեց ընդօրինակել Ավետարանը: 17-րդ դարում՝ Շահ Աբաս 5-րդի տեղահանությունների ժամանակ, հայ գաղթականներն իրենց հետ Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրանի ամենահայաբնակ Փերիա գավառ, ուր ապրում էր Տեր Գրիգորը, ով եւ Ավետարանը տեղափոխում է Շուրիշկան: Այստեղից էլ ծագում է Ս. Գրքի անունը՝ Շուրիշկանի Ավետարան: Շուրիշկանում վանեցիները թաքցնում են Ավետարանը Ս. Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում եւ մի ծառ են տնկում այդ վայրում իբրեւ նշան:

Ավանդության համաձայն՝ Արաքսն անցնելիս, Ս. Գիրքն ընկնում է գետը եւ յոթը տարի շարունակ մնում այնտեղ: Երբ կրկին հաջողվում է Արքասի ջրերից հանել Մատյանը, այն ունենում է սկզբնական տեսքը: 322 թերթերից միայն առաջին երեք էջերի թերթերի եզրերն են փոքր-ինչ թրջված լինում: Ջրի հետքերն առ այսօր նկատելի են, սակայն չեն վնասվել մանրանկարները, կիսախորան-անվանաթերթիկները եւ լուսանցքազարդերը: Սուրբ Գրքի կաշեպատ կազմը պատված է արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով՝ ընդելուզված թանկարժեք քարերով: Ըստ ավանդույթի՝ այդ քարերը պարսիկ փաշայի նվիրատվությունն են՝ իր որդուն Ավետարանի միջոցով բժշկելու համար:

ԿԱՐՊԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Երկրորդ սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցին էր, որ իր պարզությամբ ու գեղեցկությամբ մեզ է հասել 14-րդ դարից: Վերանորոգվել է 1999 թ. եւ վերաօծվել Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու կամարների տակ ուխտավորների շուրթերից հնչեցին շարականներ ու աղոթքներ, վառվեցին հավատքի մոմեր:

ՕՀԱՆԱՎԱՆՔ ԿԱՄ ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔ

Հաջորդ ուխտավայրը Հովհանավանքն էր, որը, ըստ ավանդության, հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ այստեղ բերելով Հովհաննես Մկրտչի նշխարների մի մասը: Եկեղեցու համալիրի մեջ մտնում են 4-5-րդ դարերի Ս. Կարապետ եւ 13-րդ դարի Կաթողիկե եկեղեցիները, ժամատուն գավիթը (1247-1250), տապանատունը եւ 5-րդ դարի հուշասյունը:

Այստեղ այցելուներին դիմավորեց Տ. Օշին քհն. Հայրապետյանը եւ բարի գալուստ մաղթեց: Ապա բոլորը միասնական աղոթք առաքեցին առ Ամենակարող Տերը: Փոքր-ինչ հանգստից հետո ճանապարհն ուխտավորներին տարավ Սաղմոսավանք:

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Սաղմոսավանք համալիրի բաղկացուցիչ մասերն են Ս. Սիոն եւ Ս. Աստվածածին եկեղեցիները: Իսկ մանրաքանդակ խաչքարերը, որոնք եկեղեցու գավթում պատնդուս կանգնած էին, իրենց քարե համանվագով լրացրին եկեղեցում հնչող երաժշտությունը: Ըստ ավանդության՝ վանական համալիրը հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: 13-րդ դարի այս կառույցն ինչպես տեղաբնակների, այնպես էլ Հայաստանի մյուս շրջանների հավատացյալների համար եղել է սիրելի ուխտավայր: Այցելուներն աղոթեցին շքեղ տաճարի հոյակերտ կամարների ներքո՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանավորությունը:

ԱՊԱՐԱՆԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին հանգրվանը Ապարանի 4-րդ դարի Ս. Խաչ եկեղեցի էր: Այստեղ եւս երգեցինք մի քանի շարականներ, մեր հոգու աղոթքն առաքեցինք առ Տերը՝ խնդրելով խաղաղություն աշարհին, առողջություն հիվանդներին, արքայություն ննջեցյալներին, անսասանություն Հայ Առաքելական մայր Եկեղեցուն եւ բարօրություն հայ ժողովրդին: Երեկոյան, զորացած հոգիներով, շարժվեցինք Գյումրի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները