Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

«ՃՆՇՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ԸՆԿՃՎԱԾ, ԿԱՐՈՏՅԱԼ,
ԲԱՅՑ ՈՉ ՀՈՒՍԱՀԱՏ, ՀԱԼԱԾՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ԼՔՎԱԾ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԸ

յդ առավոտ օրացույցը հայ ժողովրդի համար ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենասեւ էջը՝ ապրիլի 24…:

Հայոց Մեծ Եղեռնի 108-ամյակին մոլագար Թուրքիան առավել նկատելի է ջղաձգվում… Եվ դա հասկանալի է: Տասնյակ պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն: Սակայն ոչինչ չի մեղմում մեր մորմոքող ցավը, չի բթացնում կսկիծը, չի ջնջում արյան, կաթի հետ փոխանցվող հիշողությունը: Ամեն հայ ընտանիք իր հուշերի մասնատուփն ունի, իր պատմությունը՝ տառապանքի, կորստի ու դեգերումի: Պատմություն, որ ապրում է մեր աչքերում եւ վկայում հայ լինելը: Իսկ մարդասպանի բարդույթով տառապող թուրքը չգիտի՝ ուր թաքցնի արյունոտ ձեռքերը, ինչպես համոզի ինքն իրեն եւ քաղաքակիրթ Եվրոպային, թե հայոց նախճիրի մասին վկայող փաստերն ստահոդ են ու կեղծ, ինչպես խուսափի հաստատումից: Եվ ի՞նչ հասկանա դահիճը, որ անհատուցելիի դիմաց չի կարող հատուցել. ինչպե՞ս պետք է հատուցի մեր ամայացած, բզկտված հայրենիքի, անափ կարոտի, հոշոտված հանճարների, հայ մայրերի տառապանքի, մորթված անմեղ մանուկների, պղծված սրբավայրերի, կործանված ու խեղված ճակատագրերի դիմաց:

Ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը: Ճիշտ է՝ ամենացավոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան վերքեր, որ ժամանակը պարզապես անզոր է բուժել: Միայն անկեղծ զղջումն ու ներողությունը կարող են դարմանել դրանք: Հայոց ցեղասպանությունը մեր պատմության չխունացող եւ արդիականության օրակարգում մշտական տեղ զբաղեցրած հիմնահարցերից է, որ ոչ միայն հայերի պատմության ու հիշողության մի մասն է կազմում, այլ նաեւ մյուս բոլոր կարեւորագույն պատմական իրադարձությունները պտտվում են այդ առանցքի շուրջ: Հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն եւ իրավունք է՝ չմոռանալու մեկուկես միլիոն մեր նահատակներին, հարյուր-հազարավորների կրած անմարդկային տանջանքները, հազարամյակների ընթացքում կորցրած հայ ժողովրդի նյութական ու հոգեւոր ժառանգությունը:

Հայտնի է, որ թե՛ անցյալի, թե՛ ժամանակակից թուրքական պաշտոնական ու ոչ պաշտոնական պատմագրությունը, երբեմն էլ նրանց ձայնակցող արեւմտյան որոշ պատմաբաններ ճիգ ու ջանք չեն խնայում ոչ միայն ժխտելու հայոց ցեղասպանության փաստը, այլեւ շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը: Ի դեպ՝ հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը ոգեկոչելու հարցը բարձրացվել է Եկեղեցում եղեռնատես Գեւորգ Ե Կաթողիկոսի եւ գրող Վրթանես Փափազյանի դիմում-նամակին ի պատասխան՝ ապրիլի 24-ը հռչակել հիշատակի օր: 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվեցին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից՝ համարվելով հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ: Սրբադասման արարողությունը կատարվեց 2015 թ. ապրիլի 23-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսների կողմից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:Արարողությունն սկսվեց 17:00-ին եւ ավարտվեց 19:15-ին՝ խորհրդանշելով 1915 թվականը:

Արդ՝ պետք է միասնականությամբ պայքարենք ժխտողականության, ատելության ու բռնության դեմ: Մենք պարտավոր ենք գիտակից եւ ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայենք հանուն առավել հզոր Հայրենիքի՝ ազատ ու ժողովրդավար Հայաստանի, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման: Եվ գլխավոր ու գերագույն նպատակը հայրենիքի նկատմամբ մեր իրավունքների վերականգնումն է:

ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

24 ապրիլի: Հայոց եկեղեցիների Սուրբ խորաններից լսվող Սրբազան Պատարագի երգեցողությանը զուգահեռ՝ աշխարհասփյուռ ազգը հայոց աղոթք վերառաքեց առ Ամենաբարին, որ Նրա Ամենազոր Աջը հովանի լինի, սերն ու հավատքն ուժ դառնան, լինենք միակամ ու միաբան եւ խոնարհվեց, Մեծ եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող, խաչքար-հուշարձան կոթողների առջեւ:

Ապրիլի 24-ին, մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց, մեկուկես միլիոն նահատակաց հիշատակը ոգեկոչող, Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողության կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի խաղաղություն անմեղ նահատակաց հոգիների:

Ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ:

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՒՐԱԿ

Հավարտ Սուրբ Պատարագի, ի գլուխ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, ներկաներն ուղղվեցին Բագրատունյաց պուրակ, ուր վեր է հառնում «Վերածնունդ» հուշակոթող-խաչքարը՝ նվիրված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ձեռամբ Տեր Հոր կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները