Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

ԱՎԱԳ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

վագ շաբաթվա իրադարձությունները ներկայացնում են Հիսուսի՝ հանուն մարդկության սիրո ու փրկության կատարած, ինքնազոհողությունը, չարչարանքները՝ խաչին գամվելը, մահը եւ թաղվելը: Հիրավի, Ավագ շաբաթը Քրիստոս Աստծո մարմնավոր կյանքի վերջին շաբաթն է, որտեղ յուրաքանչյուր օր նվիրված է մի ավետարանական հիշատակի:

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
(3 ապրիլի)

Ավագ երկուշաբթի օրը չորացած թզենու հիշատակն է: Քրիստոս, երկրավոր կյանքի ընթացքում, բոլորին բուժում էր եւ կյանք պարգեւում, սակայն միայն մեկ անգամ Նա զորությունը հակառակ գործածեց եւ չորացրեց թզենին՝ ցույց տալու համար, որ Իր խոսքը կենդանարար է, Ինքն է կենդանացնում, նաեւ դատում:

Քրիստոս չորացրեց կանաչ թզենին եւ բուժեց չորացած ձեռքը: Սուրբ Հայրերն ասում են, որ հենց այդ թզենին Քրրիստոս չորացրեց, որովհետեւ Փրկիչը եկել էր եւ ամոթը պետք է վերցներ մարդու վրայից:

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
(4 ապրիլի)

Հիսուս Երկնքի արքայությունը նմանեցրեց կույսերի: Ավետարանական առակում տասը կույսերից հինգը համարվում են հիմարներ, հինգը՝ իմաստուններ: Իմաստունները խորհրդանշում են այն հավատավոր քրիստոնյաներին, ովքեր հարատեւում են հոգեւոր արթնության մեջ ու միշտ պատրաստ են Փրկչի գալստյանը: Իսկ հիմարները, որ խոհեմ չէին գտնվել եւ պատրաստ չէին Փեսայի գալստյանը, օգնություն խնդրեցին իմաստուններից, բայց, մերժվելով, մնացին ձեռնունայն:

ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
(5 ապրիլի)

Հիշատակվում է մեղավոր կինը, որ օծեց Քրիստոսի գլուխը թանկագին յուղով եւ համբուրեց ոտքերը՝ ի հակադրություն Հուդայի, որ մատնեց Տիրոջը երեսուն արծաթով: Խորհրդանշական այս օծումը մատնանշում է Հիսուսի՝ ամենայնի Տեր եւ Թագավոր լինելը, ինչպես նաեւ նախագուշակում Նրա չարչարանքներն ու մահը: Բայց Աստվածորդին կարեւորեց այդ կնոջ արածը, որովհետեւ, հավատով օծելով Հիսուսի գլուխը, նախքան Հարությունը, վկայեց Նրա Օծյալ Փրկիչ լինելը:

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
(6 ապրիլի)

Ավագ հինգշաբթի հիշատակվում է Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը, որով այսօր եւ մինչեւ աշխարհի վախճանը, քրիստոնյաներս ունենք նորոգվելու եւ Տիրոջը միանալու հնարավորություն: Առանց Քրիստոսի Մարմինն ու Արյունը պարբերաբար ճաշակելու, չենք կարող հավիտենական կյանք ունենալ: Այս խորհուրդը քրիստոնեության հարատեւությունն է ապահովում եւ մեզ Իրենով միավորված է պահելու մինչեւ Տիրոջ գալուստը:

Սուրբ Աստվածածին եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ հավուր պատշաճի եւ ամենայն հանդիսավորությամբ: Հավատացյալ բազմությունն ի մի էր եկել՝ մայր եկեղեցում ներկա գտնվելու, Սուրբ Խորհրդի հաստատումը խորհրդանշող, սրբազան արարողակարգին: «Հավատամք»-ի ընթերցման ժամանակ բացվեց Սուրբ Խորանի վարագույրը, որ փակվել էր նույն օրը: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս Սուրբ Պատարագի թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ընթերցեց, Սուրբ Հաղորդության մասին, Ս. Բարսեղ Հայրապետի ճառը:

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ

Երուսաղեմում, Վերնատանն աշակերտների հետ զատկական սեղան նստելուց առաջ, Հիսուս մեկ առ մեկ լվաց աշակերտների ոտքերը: Աստված լվաց Իր արարածների ոտքերը՝ ցույց տալով Իր կատարյալ սերը նրանց հանդեպ եւ, խոնարհության ու հեզության օրինակ դառնալով, հորդորեց նրանց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ:

Երեկոյան՝ Ոտնալվայի մեծախորհուրդ արարողության ընթացքում, որ հիշատակն է մեր Տիրոջ տված խոնարհության ամենամեծ դասի, Առաջնորդ Սրբազանը լվաց եւ յուղով օծեց տասներկու ընտրյալների ոտքերը՝ մեր Տիրոջ օրինակով: Ոտնալվայի արարողությունից հետո ներկա հավատացյալներին բաժանվեց օրհնված յուղը՝ տուն տանելու համար: Յուղը եկեղեցուն նվիրաբերել էր խաչքավոր Արմեն Տոնոյանը:

Ի դեպ՝ այս կարգը հիշատակել է Սուրբ Եփրեմ Ասորին Դ դարում եւ հայերեն է թարգմանվել ԺԱ դարի Հայրապետ Գրիգոր Բ Վկայասերի կողմից, իսկ հետագայում ճոխացվել է զուտ հայկական շարականների ու աղոթքների հավելումով:

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ

Օրը եզրափակում է «Խավարման կարգ»-ը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մատնվելը հրեաների ձեռքը, որ տեղի ունեցավ Գեթսեմանիի պարտեզում: Հրեական իրականության մեջ օրվա սկիզբը գիշերն էր, ուստի դեպքը թեեւ համարվում է կատարված ուրբաթ օրը, բայց, մեր ընկալմամբ, այն հինգշաբթիի իրադարձություններից վերջինն է, ուստի եւ այս խորհրդի կատարումով էլ ավարտվում են օրվա ծիսական արարողությունները:

Նույն օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց հսկման՝ Խավարման կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է տասներկու մոմ, իսկ մի մեծ մոմ դրվում է կենտրոնում: Ավետարանական յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո ամեն կողմից մեկական մոմ են հանգցնում, վերջում մնում է միայն մեծ մոմը, որ խորհրդանշում է Քրիստոսին, որ մենակ էր մնացել:

Խավար էր, «եւ գիշեր էր» (Հովհ. ԺԳ 30)՝ չարի գործելու ժամանակը: Արարողությունն ավելի ազդեցիկ դարձավ, երբ խավարում հնչեց «Ուր ես, մայր իմ» հոգեզմայլ տաղը, ընթերցվեց «Կտակը» (Եբր. Թ 16-17), որն ուղեկցվեց տաղերի ու շարականների երգեցողությամբ: Այնուհետեւ լսվեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի ազդեցիկ քարոզը՝ «Եւ հիմա իշխանութիւն խաւարի» բնաբանով: Սրբազան արարողակարգին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: «Փառք ի բարձունս» երգի ավարտին եկեղեցու լույսերը վերստին վառվեցին:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ
(7 ապրիլի)

Ավագ ուրբաթը խաչելության եւ չարչարանաց օրն է, ամենատխուր օրը հավատավոր քրիստոնյայի համար: Երեկոյան՝ ժամը 17:00-ին, բարեխնամ Առաջնորդ Սրբազանի հանդիսապետությամբ, կատարվեց թաղման կարգ, հընթացս որի Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, ծաղիկներից ու դալար ոստերից հյուսված, որի մեջտեղում քողածածկ պատանքված խաչն էր, մեծաթիվ հավատացյալների ուղեկցությամբ, դուրս բերվեց Ս. Յոթվերքից՝ ի խոնարհություն հավատացյալների: Այն պտտեցվեց եկեղեցու շուրջը եւ երբ նորից եկեղեցի բերվեց, հոգեւորականները երգեցին «Խաչի քո Քրիստոս» օրհներգը: Վերջում Սրբազան Հայրը քարոզ խոսեց:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ԽՈՍՔԸ

Սիրելինե՛ր, թող մատնված եւ չարչարված մեր Փրկիչը հաշվի առնի ձեր այս հոգնությունը, որ հանձն առաք, ինչպես Տեր հայրը քարոզի մեջ ասաց, կցորդակից լինել Իր չարչարանքներին: Այն, ինչ Ինքը կրեց մեզ համար, համեմատելի չէ այս հօգնության հետ: Սա մանկական խաղ է այն չարչարանքի հետ համեմատած, ինչն Ինքը կրեց: Բայց ուղղակի մենք ասում ենք, որ մեր մարմնական տկար բնությամբ, ինչպես Ինքն ասաց՝ հոգիս հոժար է, բայց մարմինս՝ տկար, այսքանը թերեւս կարող ենք ընծայել Տիրոջը: Աղոթենք ոչ միայն մեզ համար, այլեւ բացակաների, ովքեր նվազագույն ցանկություն անգամ չունեցան այստեղ գտնվել: Աղոթենք, որպեսզի Աստված նրանց միտքն ու հոգին բացի՝ հասկանալու ճշմարտությունը, ինչի մասին դարձյալ այսօրվա Ավետարանում ընթերցվում է. «Ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությամբ ազատ կդառնաք, այլապես մեղքի գերի եք»: Մենք եւս մեղքի գերի ենք, բայց գոնե դրանից ազատվելու, այդ կապանքները պոկելու ցանկություն ունենք: Այսօր դրա համար ենք հավաքվել, այլապես մենք էլ կարող էինք ուրիշ զբաղմունքմներ ունենալ: Այդ ցանկությունը թող Տերը յուրաքանչյուր մարդու մեջ ծագեցնի, որովհետեւ մենք, կարծես թե, ի վիճակի չենք ինքներս անել դա:

Այսօր նաեւ իմ խոսքն ուղղելով մեր կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին՝ նշեմ, որ այս տարի զուգադիպեց Ավագ ուրբաթն ապրիլի 7-ի՝ մայրության տոնի հետ, Աստվածամոր Ավետման տոնի հետ, եւ ահավասիկ դարձյալ կանայք առաջին շարքերում են՝ մեր հավատքը պահպանելու եւ փոխանցելու մյուսներին: Թող Աստվածամայրը, որ այսօր հետեւում է Որդու չարչարանքներին եւ վաղը կանգնելու է խաչի ներքեւ ու վկա է դառնալու սիրասուն Զավակի թաղմանը, Ավագ ուրբաթ այս օրը թող իր բարեխոսությունը, հովանին տարածի բոլոր կանաց, մայրերի, դուստրերի, քույրերի վրա, որ նրանք էլ իրենց աղոթքով խնդրեն ամուսինների, որդիների, հայրերի համար՝ այն հոգեւոր փնտրտուքն ունենալու, ինչը վերջիններիս բերել է այստեղ:

Շատ չերկարացնեմ խոսքս, որպեսզի գնաք եւ հանգստանաք՝ այսքան երկար ու հոգեշահ օրվանից հետո, ինչը որքան էլ ցավալի, սակայն նաեւ շատ կարեւոր է: Մենք առավելություն ունենք առաքյալների նկատմամբ: Նրանք հարությունը չէին տեսել այն ուրբաթ օրը, դրա համար փախան, ուրացան Տիրոջը: Մենք նրանցից ավելի լավ դիրքի վրա ենք, մենք գիտենք, որ հարություն է լինելու: Ոչ թե գիտեինք, այլ գիտենք, որ եղավ: Ուստի մեր սպասումը շատ ռեալ է. երկու օր հետո մենք դիմավորելու ենք Տիրոջ հրաշափառ Հարությունը: Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք, ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսդ. ամէն:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ. ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

Ապրիլի 8-ին Սուրբ Զատկի խթման օրն էր կամ Ճրագալույցը: Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, Քրիստոս, գերեզման դրվելով, իջավ դժոխք եւ ավերեց այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին. «Ո՞ւր է մահ, զօրութիւն քո, եւ ո՞ւր է դժոխք խայթոց քո» (Օսէէ ԺԳ 14): Ավագ շաբաթը սգո եւ տրտմության օր է: Երեկոյան ժամերգությունից հետո, ժամը 20:00-ին, մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Նախ ընթերցվեց Դանիելի թուղթը: Երեք ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված երեք երիտասարդներին, ինչպես առավոտյան ժամերգության ժամանակ ասվում է. «Էջ ի բոց հնոցին եւ փրկեաց զերիս մանկունսն ի քաղդեացւոց անտի»: Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Սուրբ Հարության նախատոնակը: Գիշերվա խորհրդավոր լռության մեջ հաղթականորեն հնչեց ցնծության եւ հույսի մեծագույն ավետիսը «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Սուրբ Պատարագից հետո ներկա հավատացյալները վառվող մոմեր տուն տարան՝ որպես Հիսուսի կենսատու լույսի խորհրդանիշ: Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո պահքը լուծվում է ձվով եւ այլ ոչ պահոց կերակուրներով, բացի մսից:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները