Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

«ՕՐՀՆԵՑԷՔ, ԳՈՎԵՑԷՔ ԵՒ ԲԱՐՁՐ ԱՐԱՐԷՔ ԶՆԱ ՅԱՒԻՏԵԱՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Զգալուստ Քո, Քրիստոս, այսօր Երուսաղէմ՝ նոր եկեղեցի սուրբ,
Յաղթական երգով բարեբանեմք. Օրհնեալ, եկալ անուամբ Տեառն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եծ Պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ՝ ի հիշատակ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Իր երկրային կյանքում Աստվածորդին բազում անգամներ էր եղել Սուրբ քաղաքում, սակայն այդ այցելություններն Ավետարանում ներկայացված չեն որպես «հաղթական մուտքեր»: Հիսուս, ուրիշ առիթներով եւս, ժողովրդական խանդավառության պատճառ էր դարձել, բայց այսպիսի հորդ զգացումների հորձանք դեռ չէր ստեղծել Իր շուրջ: Եվ ահա զատկական օրերն էին, մոտենում էր ժամը Տիրոջ խաչելության, երբ Նա, որպես Դավթի թագավորության մեծազոր թագաժառանգ, հոծ բազմության խանդավառ ուղեկցությամբ, մուտք գործեց Երուսաղեմ: Այստեղ՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով բողբոջած ոստերը, բացականչում էին. «Օրհնություն Դավթի Որդուն» (Մատթ. ԻԱ 15), իսկ ներկաները բարձրաձայնում էին. «Ահա ես եւ իմ մանուկները, որ Աստված ինձ պարգեւեց» (Եսայի Ը 18). «Բոլորս կանք եւ ակնկալում ենք տեսնել Քրրիստոսին եւ լսել Նրա երանավետ խոսքը» (Մաշտոց):

Հիսուս շատ է սիրում մանուկներին եւ հորդորում է, որ նրանց պես մաքուր ու անարատ լինենք, որպեսզի արժանանանք Իր տեսությանն ու երկնքի արքայությանը. «Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ եւ արգելք մի եղեք նրանց» (Մարկ. Ժ 14): Երուսաղեմ Իր հաղթական մուտքով Փառաց Թագավորն ազդարարեց փրկագործության սկիզբը: Հիսուս ներկաներին ցույց տվեց, որ Ինքն է Աստծո Գառը, Ով, կամավոր հանձնառությամբ, պատարագվելու է մարդկության փրկության համար: Պահեցողության այս օրերի մեջ արմավենիներով Տիրոջն ընդառաջ գալը խորհրդանշական է յուրաքանչյուրիս համար: Ամենքս էլ Հիսուսի առջեւ պիտի ելնենք զանազան առաքինություններով հանդերձավորված՝ ունենալով, սիրով ու բարությամբ արարված, մեծաթիվ գործեր: Ծաղկազարդի կիրակի օրը եկեղեցիներում օրհնվում եւ հավատացյալ ժողովրդին են բաժանվում ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղեր՝ ի հիշատակ Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 1-ին, հընթացս երեկոյան ժամերգության, բացվեցին հայոց բոլոր, այդ թվում եւ Շիրակի թեմի Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Ամենափրկիչ, Ս. Հակոբ, Ս. Գրիոր Լուսավորիչ, Ս. Սարգիս, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե եկեղեցիների Սուրբ խորանների վարագույրները, որ փակված էին Մեծ պահքի քառասնօրյա շրջանում:

Ապրիլի 2-ը՝ Ծաղկազարդի կիրակին, նշանավորվեց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագով: Առաջնորդանիստ Ս. Աստվածածնում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը հանգամանալից մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ծաղկազարդի ցնծագին երթով Քրիստոս մտնում է Երուսաղեմ՝ օրհնաբանվելով մանուկների բերանով. «Օվսաննա, օրհնություն Նրան, որ գալիս է Տիրոջ անվամբ»: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը սահմանել է մանուկների օրհնության օր:

Ս. Յոթվերքում ներկա երեխաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

«ԶՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՔՈ ԶԴՈՒՌՆ ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ»

Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք, աշխարհի վախճանին սպասվող, այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռները, եւ արդարները մուտք գործեն այնտեղ: Նույն օրը, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց «Դռնբացեք»-ի գեղեցիկ արարողությունը, որի իմաստն ու խորհուրդը բացահայտող «Բաց մեզ, Տէր, զդուռն ողորմութեան» աղաչանքն անպատասխան չի մնում:

Ի դեպ, հնում եկեղեցու դռները փակվում էին եւ ժողովուրդը մնում էր դրսում: Դրսում էր մնում նաեւ մի քահանա, իսկ մյուս քահանան մնում էր ներսում: Դրսում գտնվողը թակում էր դուռը՝ խնդրելով բացել, ներսում եղողն ասում էր այն պայմանները, որոնց շնորհիվ նա կարող էր ներս մտնել: Մեր օրերում, Դռնբացեքի արարողությունը կատարվում է ներսում՝ երկխոսության ձեւով, փակ խորանի առջեւ ծնկած եւ վարագույրից այն կողմ գտնվող հոգեւորականների միջեւ: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը: Դռնբացեքի խորհրդով ցույց է տրվում, թե ովքեր կարող են դրախտ մտնել կամ ժառանգել երկնքի արքայությունը: Անշուշտ, դրախտ կարող են մտնել ինչպես արդարները, այնպես էլ մեղավորները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները