Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

«ԵՐԿՐԱՎՈՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎՈՐ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ԽՈՍՔԸ ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ

իրելինե՛ր, երկու օր է, որ հուզմունքի մեջ ենք եւ ապրում ենք այն խորհուրդը, որ տեղի ունեցավ երկու հազար տարի առաջ: Այսօր ապրիլի 7 է՝ Ավետման տոնը, որ այս տարի զուգադիպել է Ավագ ուրբաթի հետ: Հազվադեպ է պատահում, բայց պատահում է, երբ Ավագ ուրբաթը համընկնում է Ավետման տոնի հետ, եւ այն մի պահ երկրորդ պլան է մղվում՝ առաջին պլան թողնելով Ավագ ուրբաթը: Ահավասիկ այսօր մենք գրեթե հիշելու առիթ չունեցանք Ավետման տոնը, թեեւ երեկ գիշեր ընթերցեցինք Ավետման Ավետարանը, երգեցինք Ավետման շարականն ի շարս ուրիշ շարականների՝ մեր մտքի մեջ արթնացնելով նաեւ այն, որ Ավետման տոնը մնում է անփոփոխ: Անշուշտ, Ավետման տոնը երկրորդ պլան մղելով, չեմ կարծում, թե տղամարդիկ մոռացան իրենց մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին շնորհավորել, թեպետ այս տարվա շնորհավորոնքը պետք է լիներ ավելի չափավոր:

Ավետման տոնը եւս Եկեղեցին է տվել մեզ, կանանց: Հետեւաբար՝ եթե Եկեղեցին ասում է՝ այս տարի կարելի է ավելի չափավոր նշել մայրության եւ գեղեցկության տոնը, ուրեմն կարելի է եւ պետք է ընդառաջել Եկեղեցվո խնդրանքին, որովհետեւ Եկեղեցվո խնդրանքն օդի մեջ խնդրանք չէ: Եթե, Աստված մի արասցե, մեր ծննդյան օրն ինչ-որ դեպք էր պատահում հարեւանի տանը, այն չէինք նշում եւ դրանից խնդիր չէինք ստեղծում, թե ինչո՞ւ այսպես եղավ, եւ ինչո՞ւ պետք է հարեւանը վատ զգա, որ ես իմ ծննդյան տոնը նշեմ:

Ուրեմն՝ եթե որեւիցե մի ուրախալի տարեդարձի օրն ինչ-որ դժբախտ դեպք է պատահում, ասում ենք՝ լավ այս տարի զսպենք մեզ, չափի մեջ մնանք, ուրիշին չվիրավորենք, չնեղացնենք, հարեւանը, բարեկամը չնեղանան: Իսկ այս պարագային մի՞թե հարմար չէ, անհրաժեշտ չէ զսպել մեր ուրախությունը, քանի որ այսօր Քրիստոս խաչվեց եւ թաղվեց: Այս տարի այսպես ստացվեց: Ես ինչ-որ ասում եմ, կանանց չի ուղղված, որովհետեւ կանայք շատ ավելի չափավոր եղան իրենց զգացումների ու արտահայտությունների մեջ:

Տղամարդիկ է, որ չափազանցրեցին, չափազանցությունների մեջ ընկան եւ հենց հիմա էլ չափազանցությունների մեջ են: Ես հիմա խոսում եմ, սակայն ոմանք ռեստորաններում քեֆերի եւ ուրախությունների մեջ են: Այդպես են որոշում պատվել իրենց կանանց, բայց ոչ թե կանանց, այլ իրենց ստամոքսն են պատվում, որովհետեւ, ինչպես մի քանի օր առաջ ասացի, նրանց Աստվածը ստամոքսն է: Իրենց կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին չէ, որ պատիվ են մատուցում, սուտ է:

Կանայք շատ ավելի հասկացող, ընկալող են այսպիսի պարագաներում, շատ ավելի հավասարակշիռ, չափավոր, ըմբռնող: Այդ տղամարդիկ են նման ավետարանական ապառաժին, որ ինչքան ուզում ես ջրիր, ցանիր, ո՛չ ծլելու է, ո՛չ աճելու, ո՛չ էլ, առավել եւս, պտուղ է տալու: Եվ մեկ ու միակ պատճառաբանությունը, որ վաթսուն տարեկան եմ եւ վաթսուն տարի լսում եմ, սա է. «Է, չգիտեինք»: Է, իմացե՛ք: Սրբազանը պետք է գա եւ ամեն մեկիդ առանձին-առանձին հիշեցնի՞: Ես ի վիճակի՞ եմ ամեն մեկին առանձին-առանձին հիշեցնելու, նույնիսկ այսօրվա տեխնոլոգիայի պայմաններում: Ի վիճակի չեմ: Հետեւաբար՝ այսօր այն օրն է, որ ենք պիտի քննություն հանձնեինք, բայց այն ձախողեցինք: Մենք՝ տղամարդիկս, քննությունն այսօր ձախողեցինք, երկուս ստացանք, որովհետեւ ինչ տեսա ու լսեցի եւ նաեւ շարունակում եմ տեղեկանալ, թե ի՞նչ է կատարվում քաղաքի զանազան տեղերում, վկայում է այն մասին, որ մենք ազգովի երկուս ենք ստացել մեկ անգամ եւս, հերթական անգամ եւս: Սա առաջին անգամը չէ, որովհետեւ բացարձակ զսպվածություն ասվածը չկա մեզ մոտ: Գոնե մեկ օր տարվա մեջ մեզ զսպելու, որովայնը պաշտելուց հրաժարվելու ցանկություն չկա: Իսկ այդ օրն Ավագ ուրբաթն է:

Եկեղեցին ընդամենը երկու օր է թելադրում այսպես համազգային ապաշխարության, սգի, պահեցողության. մեկն Առաջավորաց պահքի ուրբաթ օրն է՝ Սուրբ Սարգսի տոնի նախորդ օրը, որ դարձյալ կանայք են հիմնականում պահեցողության մեջ եւ մյուսն էլ Ավագ ուրբաթը: Մենք զլանում ենք այս երկու օրը մեզ զսպել, Աստծունը տալ Աստծուն: Քրիստոս ասել է՝ Աստծունը տվեք Աստծուն, կայսրինը տվեք կայսեր, բայց այդ կարող ես այլ կերպ էլ ասել, Աստծունը տուր Աստծուն, մարմնինը տուր մարմնին: Է՝ երկու օր չենք կարողանում Աստծունը տալ Աստծուն: Այսօր թաղման կարգն է: Բնականաբար, այստեղ Քրիստոսի գերեզմանը չէ, խորհրդանշական գերեզմանն է, որ կարող է ունենալ Աստծո՝ հավատացյալին հաղորդելիք զորությունը: Այո, դուք եկաք եւ աղոթքով, աղոթական վիճակով հպվեցիք, կամեցաք օրհնություն, շնորհ, գուցե նաեւ բժշկություն ստանալ, եւ Աստված պիտի տա ձեզ ձեր խնդրածը: Իսկ որքան առավել պիտի Աստված տա, եթե մենք ազգովի խելքի գանք, այլ ոչ թե ընդամենն այստեղ հավաքվածները:

Ես ամեն անգամ կրկնում եմ՝ ուրախանում եմ ձեր ներկայությամբ, իմ սիրտը փառավորվում է ձեր ներկայությամբ, ոչ թե անձնական, այլ անանձնական ուրախությամբ: Սիրտս փառավորվում է, բայց նաեւ մղկտում է մյուսների բացակայությամբ: Ինչպես Ավետարանն է ասում՝ չենք կարող մոռանալ մոլորյալ ոչխարին: Աղոթենք մոլորյալ ոչխարների համար, մանավանդ, կանա՛յք, դուք աղոթեք ձեր մոլորյալ տղամարդկանց համար, որոնց պաշտամունքի առարկան հիմնականում ստամոքսն է: Դրա համար էլ մենք այս թշվառության մեջ ենք ազգովի եւ չենք հասկանում, թե ինչու ենք այս թշվառության մեջ: Կարծես թե կուշտ ենք: Է, եթե կուշտ ենք, ինչո՞ւ ենք թշվառ:

Ուրեմն՝ կուշտ լինելու մեջ չէ երջանկությունը. նույնիսկ երկրավոր երջանկությունը կուշտ լինելու մեջ չէ: Անգամ երկրավոր երջանկությունը հոգեւոր իրականություն, հոգեւոր զգացողություն է, մարմնավոր զգացողություն չէ: Հետեւաբար՝ աղոթեք բացակաների համար. թող Աստված ների նրանց մեղքերը: Այսօր փոխանակ աղոթքով մի պահ մտածեն այն մեծ զոհողության մասին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս արեց, գերադասում են ուտել-խմելով զբաղվել: Աղոթենք նրանց համար: Մենք նրանց վատը չենք ցանկանում, չենք նզովում, չենք անիծում, չենք բանադրում, այլ ցավում ենք նրանց համար, մղկտում ենք եւ վերջիններիս վերադարձն ենք ուզում, դարձն ենք ուզում ոչ թե դեպի մեզ, այլ դեպի Աստված: Մեր նկատմամբ հարգանք, ակնածանք չենք ուզում: Աստծո նկատմամբ պաշտամունք. սա է մեր ուզածը: Ահավասիկ այս ցանկությամբ, այս աղոթքով ու այս մաղթանքով էլ ավարտում ենք մեր խոսքը: Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք, ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսդ. ամէն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները