Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՁՈՒՆ

«Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգեւոր ճամփորդություն է՝ միջնորդված սրբավայրերով: Այն կապված է սրբացած տեղի գաղափարի եւ դեպի այդ սրբավայրը ձգտելու մարդկային բնական զգացման հետ»:
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնախմբում է Ս. Հովնան Իմաստասեր Օձնեցի Հայրապետի հիշատակը: Սրբի հիշատակը հարգելու նպատակով՝ Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորրդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների ցանկությունը: Թեեւ մարտի 11-ի երկինքը մռայլ էր, սակայն չէր ստվերել ուխտավորների սրտերը: Նրանք վաղ առավոտյան ճանապարհ ընկան՝ աղոթասացությամբ եւ շարակաների երգեցողությամբ:

8-րդ դարասկզբին, պատմական թոհուբոհի երկփեղկման ու քայքայման վտանգներով լեցուն շրջանում, որպես փրկության փարոս, Լուսավորչի գահին բազմեց Ս. Հովհան Օձնեցին, ում գործունեությունը հատկանշվում է ոչ միայն քաղկեդոնականների, այլեւ աղանդավորների դեմ պայքարով: Վերջիններիս դեմ Հայրապետը հանդես է գալիս վարդապետական ճառերով, որոնցում, աստվածաշնչյան դիպուկ մեջբերումներով, մերկացնում է աղանդների իսկությունը: Հայ Եկեղեցու ազգայնացմանն ուղղված Օձնեցու ջանքերը մեծապես նպաստեցին հայ ժողոովրդի աշխարհընկալման, ազգային ինքնագիտակցության ձեւավորման ու զարգացման գործին:

ՕՁՈՒՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Օձունը գտնվում է Գուգարաց թեմում: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ Գ արքան՝ մոտավորապես 303-313 թթ.: Օծել է այն Ս. Գրիգոր Լուսավորիչը: Հին եկեղեցին եղել է միանավ բազիլիկ, ունեցել ավելի փոքր չափեր եւ երկրաշարժից խոնարհվել 5-րդ դարում: Քանդված աղոթատան մոտ 25 հարթաքանդակներ 6-րդ դարում օգտագործվել են ներկայիս եկեղեցին կառուցելիս: Այժմ դրանք իրենց հնությամբ ու գեղեցկությամբ զարդարում են կառույցը եւ համաշխարհային արժեք ներկայացնում: Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի տասներկու աշակերտներից Թովմասը եւ այստեղ քահանաներ ու եպիսկոպոսներ օծել: Ըստ ավանդության՝ հենց օծել բառից էլ առաջացել է գյուղի Օձուն անվանումը:

Շիրակցի ուխտավորները, տեղ հասնելով, ներկա գտնվեցին, ձեռամբ Տավուշի թեմի սպասավոր Տ. Աբել քհն. Քարտաշյանի մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին, վառեցին իրենց հավատի մոմերը եւ, անչար սրտով ձայնակից լինելով Սրբի աղոթքին, Բարձրյալից ծնրադիր հայցեցին. «Գոհանում ենք Քեզանից, Տեր գթած, քանզի Դու պարգեւեցիր մեզ այս օրը խաղաղությամբ անցկացնել...»: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԽՈՆԱՐՀՈՒՄ ՍՐԲԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Հաջորդ հանգրվանը Արդվի գյուղն էր, ուր գտնվում է Օձնեցու գերեզմանը՝ ամփոփված փոքրիկ մատուռում: Դարեր շարունակ ուխտագնացության եւ հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել Ս. Հովհան Օձնեցու շիրիմը: Ուխտավորները Սրբի շիրմի մոտ ծնկի եկան եւ իրենց աղոթքը հղեցին առ Աստված:

Սուրբ Հովհան Օձնեցի Հյարպետն իր մեջ ամփոփում էր աստվածային ողջ սերն ու բարությունը, եւ ինքն իսկ դառնում այդ սիրո եւ բարության ճառագողը: Ուխտավորները խոնարհվեցին եւ համբուրեցին սուրբ շիրիմը՝ հավատքի կենարար ուժով զորանալով ու բաժնեկից դառնալով նրա սրբությանն ու աղոթական ներկայությանը, հայցելով բարեխոսությունը համայն հայության համար: Ապա եղան այն վայրում, ուր Օձնեցին կատարել է իր հրաշագործություններից մեկը:

Ավանդազրույցը պատմում է, որ Արդվի գյուղում, Սուրբ Պատարագ մատուցելիս, մի վիշապ մոտակա լեռից մեծ աղմուկով ներքեւ է սողում եւ սկսում բռնել գյուղ տանող ճամփան: Լսելով մարդկանց աղաղակները՝ Հովհան Հայրապետը պատուհանից խաչակնքում է՝ վիշապին տեղում անշարժացնելով: Սրբազան արարողակարգն ավարտելով՝ քահանայապետը ձեռքն է վերցնում, Գրիգոր Լուսավորչին Հռոմի Հայրապետի պարգեւած, Սեղբեստրոսի Սուրբ Նշանը եւ մյուս ձեռքում գտնվող գավազանով հարվածում վիշապին: Ս. Նշանի զորությամբ ու Սրբի աղոթքներով վիշապը քարանում է: Սեւագույն այդ քարաշերտն այժմ էլ առկա է՝ ժայռին հորիզոնական դիրքով կպած: Իսկ գավազանի հարվածի տեղից բուժիչ ջուր է հոսում:

Ս. ՆՇԱՆ ԵՎ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Երրորդ հանգրվանը, Օձունից Դանուշավան (Այգեհատ) տանող, ճանապարհի ձախ կողմում գտնվող 10-13-րդ դարերի Ս. Նշան եկեղեցին էր: Ըստ ավանդազրույցի՝ Հռոմից եկած դեսպանը Սուրբ Հովհանի ձեռքից աբեղայության կարգ է ստանում եւ առանձնանում մի այրի մեջ, որի մոտ կառուցված եկեղեցին հետագայում կոչվեց Հոռոմայրի Ս. Նշան, իսկ տեղացիներն այն անվանում են Սբնիշան:

Չորրորդ եւ վերջին հանգրվանը Ստեփանավանի 10-12-րդ դարերի Ս. Սարգիս եկեղեցին էր, ուր ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը, երգեցին հոգեպարար շարականներ:

Իրոք Հայաստանում ամեն մի քար խոսուն պատմություն ունի, իսկ գարնանային այդ օրվա ջերմությունը հնարավորություն տվեց հանգստանալ, խորհել, մի մասնիկ վերցնել օրվա խորհրդից:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼԻԶԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները