Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

ՄԻՋԻՆՔ ԵՎ ՄԻՋԻՆՔԻ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:
ՄԱՏԹ. Ե 48

եծ պահքի ճիշտ կեսը հատկանշող օրը կոչվում է Միջինք: Այն նշվում է Մեծ պահքի քսանչորսերորդ օրը, այսինքն՝ Անիրավ տնտեսի կիրակիից հետո, չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Այս տարի մարտի 15-ին էր:

Միջինքն զգաստության եւ ժուժկալ կյանք թելադրող կրոնական ամենաերկար պահեցողության՝ Մեծ պահքի կես ժամանակաշրջանը նվաճված լինելու ավետումն է, որ նկատվում է նաեւ խնդության առիթ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ այն հատուկ նշանակությամբ կրոնական տոն չէ: Ուրեմն՝ առավելաբար ժողովրդական համախմբման առիթ է, որով կորով ու բարոյական քաջալերանք է ներշնչվում հավատացյալներին, որպեսզի նրանք իմաստալից պահեցողությունը նույն ոգով շարունակեն երկրորդ կեսին եւս, մինչեւ պահքի լրումը կամ Զատիկ:

ՄԻՋԻՆՔԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջինքի եկեղեցական արարողություններն այնքան էլ հարուստ չեն, քանի որ կրոնական հատուկ արարողություններ չկան, հատուկ տոն չէ: Միայն այդ օրվանից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում, սկսում են երգել «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ: Համապատասխան չորեքշաբթվա արարողությունները նույնն են, ինչ նախորդ չորեքշաբթիների Արեւագալի ժամերգությունը եւ հրաժարման ու խոստովանանքի արարողությունները: Միակ հատկանշականն ավելի հանդիսավարությունն է եւ ճոխ խմբերով երգեցողության կատարումը:

ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայիս միջինքը դարձել է առավելաբար հայ կնոջ ուշադրության առարկա: Մասնավորաբար կինն է ճիգ թափում, որպեսզի դարերի ավանդույթները վերհիշվեն եւ հարգվեն նախնյաց սովորություններն ու բարքերը:

Եկեղեցական արարողություններից հետո ամենուրեք կազմակերպվող միջինքի հավաքույթները, Մեծ պահքին հատուկ ուտելիքներով սեղանները վկայություններն են հայ կնոջ կողմից ցուցաբերված նախանձախնդրության եւ հարատեւող կամքի:

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 
ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԲԱՐՔԵՐ

Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը. երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին եւ կտրում էր: Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին եւ հողին: Ում բաժնից նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում: Տներում պատրաստում են միջինքի բաղարջ հաց, կարկանդակ, «կուտապ» եւ այլն: Բաղարջ հացի մեջ ընդհանրապես պահվում է մանր մետաղադրամ: Ընտանեկան ճաշի կամ ընկերային հավաքույթի ժամանակ հացը մաս առ մաս բաժանվում է: Ամենքն ուշադրությամբ հետեւում են՝ գտնելու տարվա բախտավորին, այսինքն՝ նրան, ում բաղարջհացի կտորի միջից դուրս կգա թաքցրած դրամը:

Միջինքի «կուտապը» եւս նույն նպատակով է պատրաստվում: Այն պահեցողությանը բնորոշ հացեղենի տեսակ է, որի խմորը պատրաստվում է ձեթով, բաժանվում հավկթի մեծության գնդիկների՝ հավկթաձեւ կամ տափակեցված, ներփակյալ խաշած լոբի, բակլա, սոխ ու այլ բանջարեղեն: Դրանցից մեկի մեջ դրվում է գունավոր ուլունք, որի օգնությամբ որոշվում է տարվա բախտավորը:

Այդ օրն ամենուր առանց նվագակցության երգեր ու պարեր են լինում, բայց զուսպ եւ միայն տղամարդկանց մասնակցությամբ: Այս օրվա արարողություններից է նաեւ «պուպուշիկ» քշելը: Կանայք սուր երկաթով խաչեր են դնում տան մեջ՝ ամեն տեղ ասելով. «Պուպուշիկ դուս»: Պուպուշիկը երեւակայական էակ է, որի բնութագիրն այսպիսին է. գանգրահեր, ճարպիկ ու փոքր սատանայաճուտ:

Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր եւ ձեթ, որում մինչեւ առավոտ վառվում է խաչաձեւ պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաներին, որոնք էլ այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են Միջինքի բաղարջը:

ՆՎԵՐՆԵՐ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐԻՆ

Միջինքին անհամբերությամբ էին սպասում հատկապես նոր նշանված աղջիկները: Սովորություն էր ընտանիքներում, որ նշանված տղաները կամ տղայի ընտանիքի անդամները նվերներ ուղարկեին հարսնացուին:

Միջինքին, նշանված երիտասարդի տնից հարսնացուի տուն հատուկ նվեր (խոնչա) էին ուղարկում, որի տեսականին ձեթով պատրաստված գաթաներ էին, մի կուլա գինի եւ մի շիշ օղի:

ՄԻՋԻՆՔՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՎ
ՀԱՐՍՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Միջինքն ազդարարում է գարնան գալուստը: Սովորություն էր նաեւ տարին մեկ անգամ՝ Միջինքին, աղջիկներին եւ նորահարսներին ազատ թողնել: Նշանված աղջիկներն իրավունք են ստանում դուրս գալ եւ կանաչ դաշտերում շրջել, կանաչ տրորել: Նրանք եփած «կուտապը» վերցնելով՝ տարիքոտ կանանց եւ մանավանդ սկեսուրների հսկողությունից զերծ, իրենց մտերիմ ընկերուհիների հետ գնում էին բացատ՝ անկաշկանդ զրույցներով, երգերով ու պարերով հաճելի ժամանակ անցկացնելու:

Միջինքի այդ ազատությունը բացառիկ պատեհություն էր, որպեսզի մտերիմ ընկորուհիներն օգտագործեն առիթը եւ միմյանց հետ խոսեն ընտանեկան դժվարությունների մասին կամ առատ արցունք թափեն իրենց հուսախաբ սիրո համար:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները