Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

Տոնախոսական

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ

ինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր կիրակին է, որ հաջորդում է Ս. Զատկի տոնին: Արեւմտյան Եկեղեցին այն կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգեւոր մաքրագործումը: Օրթոդոքս եւ Կաթոլիկ Եկեղեցիներում ընդունված է անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել եւ հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ մինչեւ չտեսավ, չհավատաց:

Առաքյալներն անսովոր ուրախություն ապրեցին եւ նրանց կասկածը փարատվեց, երբ Հիսուս Հարությունից հետո հայտնվեց նրանց: Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, այդ պահին այնտեղ չէր: Նա քիչ էր համարում առաքյալների վկայությունը Քրիստոսի հարության մասին, հավատալու համար պետք է տեսներ. «Մինչեւ մեխերի հետքերը չտեսնեմ Նրա ձեռքերի մեջ եւ մատներս չդնեմ մեխերի տեղերն ու ձեռքս չդիպցնեմ նրա կողին, չեմ հավատա»: Ութ օր հետո Հիսուս նորից հայտնվեց առաքյալներին: Թովմասը եւս այնտեղ էր եւ, մոտենալով նրան, ասաց. «Բե՛ր քո մատը, դի՛ր այստեղ եւ տե՛ս Իմ ձեռքերը. բե՛ր քո ձեռքը եւ դիպցրո՛ւ Իմ կողին. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Թովմասը տեսավ, հավատաց եւ բացականչեց. «Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ»: Հիսուս նրան ասաց. «Դու հավատացիր, որովհետեւ Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են՝ առանց Ինձ տեսնելու»: Քրիստոսի խոսքերը, թե՝ «երանի՜ նրանց, որոնք հավատում են՝ առանց Ինձ տեսնելու», նոր կյանքի, նոր կիրակիի սկիզբը դրեց:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, թե՛ Իրեն հավատացողներին ու հետեւորդներին եւ թե՛ անհավատ հեթանոսներին ու հակառակորդներին, հավաստիացնում է, որ հարությունից հետո Նա ուներ ոչ թե հրեշտակների պես թվացյալ ու թափանցիկ մարմին, այլ Ս. Աստվածածնից ծնված այն մաքուր մարմինը, որ խաչելության վերքերն էր կրում հարությունից հետո: Այսպիսով՝ Փրկչի հարության տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ «վասն երեք պատճառի. վասն ազատութեան, վասն հարութեան եւ վասն փրկութեան» (Ս. Գրիգոր Տաթեւացի, Ձմեռան հատոր): Կրկնազատիկը քրիստոնյային հիշեցնում է, որ այս կիրակի կրկնվում են զատկական ուրախությունները, տոնի ժամանակ տիրող հոգեւոր ու ընկերային մթնոլորտը:

«Կիրակի» հունարեն բառ է, որ նշանակում է «տերունական»: Նախկինում գործածվում էր միայն միաշաբաթ բառը, այսինքն՝ շաբաթվա առաջին օրը, քանի որ Քրիստոս հարություն առավ Միաշաբաթ օրը: Հետագայում էր, որ տարածում գտավ հունական կիրակի բառը: Ս. Զատկին հետեւող առաջին շաբաթ օրը նշվում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը: Այս տոնը սրբոց հիշատակություններից միակն է, որ հանդիպում է Հինանց շրջանում:

Օրվան նվիրված «Նորոգեալ կղզիք» շարականը պատկանում է Ներսես Լամբրոնացուն: Նոր կիրակիին նվիրված շարականում կա անդրադարձ մարդկային կյանքի վերանորոգության խորհրդին: Ձմռան մեռելությունից հետո գարնանը բնությունն ու կենդանական աշխարհի վերանորոգումը կենսուրախություն եւ հրճվանք են պարգեւում յուրաքանչյուր մարդու: Մարդկային կյանքում էլ անչափ կարեւոր եւ կենսական է վերանորոգությունը: Եթե ծառերն ու ծաղիկներն անձրեւի ու արեւի շնորհիվ արթնանում են եւ կենդանանում, ապա մարդու ներքին կյանքը կազմող գաղափարները, համոզմունքները, սերը, հավատքը, որոնք չեն երեւում, նույնպես կարիք ունեն նոր «արեւի ու անձրեւի»:

Մարդկության պատմության մեջ մարդկային բանական կյանքի գերագույն վերանորոգիչը դարձավ Քրիստոս: Նա Հին Ուխտը լրացրեց Նոր Ուխտով: Հին պատվիրանները լրացրեց նորով՝ սիրո պատվիրանով: Այդ պատճառով Նրան լսողներն ու տեսնողները զարմանում էին. «Ի՞նչ է այն նոր վարդապետությունը» (Մարկ. Ա 27): Հոգեպես նորոգված՝ առաքյալները Քրիստոսի Ավետարանով վերանորոգություն էին քարոզում ողջ աշխարհին: Ս. Պողոս Առաքյալն իր մի քանի նամակներում անդրադառնում է նոր մարդ լինելու կարեւորությանը (Գաղ. Զ 15): «Ուստի մոռացե՛ք ձեր հին ինքնությունը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականված էր խաբուսիկ ցանկություններով, վերանորոգվեցե՛ք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղե՛ք նոր մարդ՝ ստեղծված Աստծո պատկերի համաձայն, եւ ճշմարիտ կյանքն ապրեցե՛ք արդարությամբ եւ սրբությամբ» (Եփես. Դ 22-25):

Ավանդույթի համաձայն` կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում եւ Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի հրաշագործ Սուրբ Ավետարանը (1498 թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ: Այդ օրը շատերն ուխտի են գնում Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները