Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

«ՄԻՇՏ ԱՂՈԹԵԼ ԵՎ ԱՂՈԹԵԼՈՒՑ ՉՁԱՆՁՐԱՆԱԼ»
ՄԵԾԻ ՊԱՀՈՑ ՀԻՆԳԵՐՈՐԴ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

արտի 19-ին՝ Մեծի պահոց 5-րդ՝ Դատավորի կիրակի օրը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հովվական այցով եղավ Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցում:

Սրբազան Հոր մասնակցությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Ազատանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի:

Ընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը, ըստ ավետարանական հատվածի, մեկնեց Միքայել Սրբազանը: Ի մասնավորի խոսելով անձանձրույթ աղոթքի մասին՝ թեմակալ Առաջնորդն առանձնակի նշեց. «Միշտ աղոթել եւ աղոթելուց չձանձրանալ: Այսօրվա ավետարանական պատգամն ամփոփված է այս խոսքերի մեջ: Այսօրն անվանում ենք Դատավորի կիրակի: Ինչո՞ւ Դատավորի կիրակի, որովհետեւ այսօր ընթերցվում է Անիրավ դատավորի մասին առակը: Ասվում է, որ քաղաքում կար մի դատավոր՝ անամոթ, անպատկառ, որ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Այսօր էլ կան այդպիսի դատավորներ: Պարզվում է, որ դատավորների մոտ այդ վիճակը հարատեւ է, 2000 տարի: Ուրեմն՝ այդ անպետք, անպատկառ դատավորը լսում էր այն դատերը, որոնք իրեն ձեռնտու էին, լուծում էր այնպես, ինչպես իրեն ձեռնտու էին:

Եվ կար մի այրի կին այդ քաղաքում: Դե այրի կին, պարզ է, նշանակում է արդեն պահապան չունի, տեր չունի, լքված է, երեւի թե զավակ էլ չունի: Եվ ինչ-որ մեկն այդ քաղաքում մնայուն կերպով զրկում էր այդ այրի կնոջը: Այսօր էլ լեցուն այդպիսի դեպքեր ունենք չէ՞. պատն են առաջ բերում, անասուններն են մտցնում խեղճ կնոջ պարտեզը, տան պատերն են բարձրացնում, մարդու լույսն են փակում: Այսօր էլ նման երեւույթներ լեփ-լեցուն ունենք մեր իրականության մեջ: Եթե որեւիցե մեկը հզոր է, իր կողքի տկար հարեւանին փոխանակ պաշտպան կանգնի, փոխանակ օգնի, ավելիով զրկում է, մտնում նրա տարածք, գրավում, նվաստացնում, ստորացնում է: Ուրեմն՝ այս կինը բողոքում է դատավորին՝ ասելով. «Փրկիր իմ ոսոխից, որ ինձ նեղացնում է, ստորացնում, իմ իրավունքի մեջ մտնում, իմ ստացվածքը գողանում, իմ ունեցածը յուրացնում»:

Դատավորը, բնականաբար անպատկառ եւ անամոթ, ոչ մի շահ չունի, ստանալիք չունի այրի կնոջից, մերժում է, չի լսում տարիներ շարունակ: Բայց առակն ասում է՝ այրի կինը շարունակաբար, համառորեն ծեծում է անիրավ դատավորի դուռը եւ խնդրում. «Օգնիր ինձ, տես իմ դատը, փրկիր ինձ իմ ոսոխից»: Եվ առակն ասում է. եղավ մի պահ, որ դատավորը հոգնեց այդ կնոջ թախանձանքները լսելուց: Ո՛չ թե ցանկացավ ընդառաջել, ո՛չ թե սիրտը փափկեց, պարզապես հոգնեց, մեղմեց եւ ասաց. «Գլուխս ազատելու համար այս դատը տեսնեմ, այս կնոջ հարցը լուծեմ եւ փրկեմ իրեն ոսոխից»:

Այնուհետեւ Սրբազան Հայրը հավելեց. «Թեպետ երեւի դատավորն այդ կնոջ ոսոխի հետ ընկերական հարաբերությունների մեջ էր՝ ինչպես այսօր. բոլոր իրավունք գողացողները դատավորների եւ իշխանավորների հետ մտերիմ, սեղանակից են: Բայց դատավորը տեղիք տվեց այդ թախանձանքներին, որոնցից հոգնեց: Երեւի մի օր առանձին խորհեց եւ ասաց. «Օձիքս ազատեմ այս կնոջից, լավ է դատը տեսնեմ, այդ մարդուն էլ բացատրեմ, որ հերիք է՝ այդ կերպ ինձ ազատելու համար»: Շարունակելով ասելիքը՝ քարոզխոս Սրբազանը շեշտեց անձանձիր աղոթքի կարեւորությունը հավատացյալի կյանքում. «Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս է ասում՝ «աղոթեցեք եւ աղոթելուց մի ձանձրացեք»: Տերը գիտի, որ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր մարդիկ ամեն անօգուտ զբաղմունքի եւ խոսքի համար ժամեր են ծախսում, չեն ձանձրանում, բայց աղոթելուց ձանձրանում են»:

Ընդգծելով աղոթքի կարեւորությունը՝ Սրբազան Հայրը մանրակրկիտ բացատրեց նաեւ աղոթքի էությունն ու հոգեւոր շերտերը. «Աղոթքը պետք է լինի հարատեւ… Եթե անիրավ դատավորն ընկրկեց այրի կնոջ անդադրում աղաչանքների առջեւ, ուստի, անիրավ դատավորի հետ անհամեմատելի, մեր Երկնավոր բարեգութ Հայրը միանշանակ կլսի եւ կկատարի մեր աղոթական խնդրանքները»:

Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները