Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը:

ժողովի նիստերն ատենապետեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, ԳՀԽ անդամներն աղոթեցին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության եւ հանգստության համար:

Այնուհետեւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ժողովականներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նորին Սրբությունը ողջունեց նաեւ ԳՀԽ կազմում ընդգրկված նոր անդամներ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Գուգարաց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին եւ Տիար Հայկ Իգնաթյանին:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին ազգային, եկեղեցա-վարչական, կանոնական, կարգապահական, հայեցակարգային եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր: Քննարկման առարկա դարձան Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը եւ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Եկեղեցու առաքելությունը, Մայր Տաճարի օծման, Մյուռոնօրհնության եւ հարակից այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները:

Հայաստանում եւ Արցախում 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված կացության ու առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գեւորգ Դանիելյանը: Զեկուցողը, հանգամանորեն ներկայացնելով Հայաստանում եւ Արցախում ստեղծված կացությունը, անդրադարձ կատարեց երկրի շուրջ ընթացող աշխարհա-քաղաքական զարգացումներին, մասնավորաբար՝ անվտանգային մարտահրավերներին:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչությամբ կարեւորվեց համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը եւ մասնավորաբար այդ ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը:

Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Մայր Տաճարի հիմնանորոգության եւ ամրակայման աշխատանքների վերաբերյալ: Ծանուցվեց, որ բարեհաջող ընթացքի մեջ են Մայր Տաճարի ներքին հարդարման, որմնանկարների վերականգման, օդափոխության համակարգի տեղադրման եւ արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբեր ամսին:

Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ-ն գոհունակությամբ արձանագրեց, որ, տեւական դադարից հետո, Մայր Տաճարն իր դռները կբացի հուրախություն եւ ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:

Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության եւ հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրեց, որ, արարողություններն ու միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար, ձեւավորվել են հանձնախմբեր, որոնք կհամակարգեն ծիսական, արարողակարգային, հրատարակչական, քարոզչական եւ տեղեկատվական ոլորտների աշխատանքները:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը գոհունակությամբ ընդունեց ներկայացված տեղեկությունը եւ ծրագրեց Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություներն ու հարակից միջոցառումները կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ եպիսկոպոսական ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ժողովականներին ներկայացրեց, Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների շրջանականերում, նախատեսված հոգեւոր, կրթական, մշակութային միջոցառումների ծրագիրը: Նշվեց նաեւ, որ առաջիկա կիրակի՝ մարտի 5-ին, բոլոր եկեղեցիներում կընթերցվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի 850-րդ տարելիցին նվիրված Հայրապետական Կոնդակը:

Նաթան Սրբազանը տեղեկացրեց, որ, ի նշանավորումն երանաշնորհ Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի, ս.թ. դեկտեմբերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին Վատիկանում կկազմակերպեն համատեղ միջոցառումներ: Սրբազան Հայրը նշեց նաեւ, որ Ս. Ներսես Շնորհալու հիշատակի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս ներառել է հատուկ նշվող տոների շարքում:

Ժողովականները ծանոթացան նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2022 թվականի գործունեության տեղեկագրին: Արձանագրվեց, որ Մայր Աթոռի եկեղեցականների ընդհանուր թիվը 721 է՝ 49 արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 72 կուսակրոն քահանա (ծայրագույն վարդապետ, վարդապետ եւ աբեղա), 504 քահանա, 96 սարկավագ: Անցնող տարում իրականացվել են տարբեր հոգեւոր-քարոզչական, կրթական, մշակութային ծրագրեր՝ ՀՀ զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում եւ համայնքներում:

Կարեւորությամբ անդրադարձ կատարվեց, 2022 թվականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված, սոցիալական աջակցության եւ օժանդակության ծրագրերին: Հիշյալ ծրագրերն ուղղված են եղել ի նպաստ զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքների, պատերազմի հետեւանքով Արցախից եւ սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ու սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված հայորդիների:

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին, կրթական ծրագրերին եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության ու գնահատանքի խոսքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները