ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Գնանք Տիրոջն ընդառաջ, Վառենք
ջահեր ու կրակ, Կրակը գետնին առնի,
Որ գարնան ճամփան բացվի»:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ
 այ
Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տյառնընդառաջը՝
40-օրյա Քրիստոսի տաճարընծայման տոնը: Փետրվարի 15-ին՝ «Երեխայի
եւ ընտանիքի աջակցության կենտրոն»-ում, երեխաները (ուսուցիչներ՝
Էլյա Սահակյան, Արմինե Առաքելյան, Ալվարդ Կաղզվանցյան), իրենց աղոթքներով
եւ տոնին առնչվող բեմականացված դրվագներով, ներկա հյուրերին ու ծնողներին
ծանոթացրին տոնի նշանակությանն ու խորհրդին:
Անսովոր հմայք ուներ մանկական անմեղ շուրթերից հնչող Տերունական
աղոթքը, որով բացվեց հայտագիրը: Այնուհետեւ աջակցության կենտրոնի
բակում վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, որի շուրջ բոլորեց
ուրախ շուրջպարը, ինչը մեծ հրճվանք ու ոգեւորություն պատճառեց ներկաներին:
Ոչ
ոք չի կարող հերքել, որ հաստատուն է հայ մարդու հավատն առ Տերը,
առ Հիսուսի նախանշած Եկեղեցին: Այդ անսահման հավատով է նա ամեն Տյառնընդառաջի
տոնի գնում եկեղեցի եւ Ս. Խորանին վառվող կանթեղից լույսի իր մասը
տանում հարազատ օջախ՝ այն Աստծո լույսով լուսավորելու համար:
Հանդիսության վերջում ներկաներին իր սրտի խոսքը հղեց աջակցության
կենտրոնի տնօրեն Գոհար Յայլոյանը: Բաժանվեցին նաեւ, տոնի ժողովրդական
մաս կազմող, աղանձի փոքրիկ կապոցներ, որոնք պատրաստել էր կենտրոնի
աշխատակազմը: Այնուհետեւ երեխաները, Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության
եւ քաղաքային կենցաղի թանգարան»-ի (Ձիթողցոնց տուն) բակում մասնակցեցին
Տյառնընդառաջի ուրախ տոնին նվիրված միջոցառմանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
>>>
|
|