«ԶՈՐ
ՄԱՐԳԱՐԷՆ ԵՍԱՅԻ ՅԱՌԱՋԱԳՈՅՆ ԳՈՒՇԱԿԵՑ
ՅԵՐՈՒՍԱՂԷՄ ՔԱՂԱՔԻ ՍԻՄԷՈՆԻ ԾԵՐՈՒՆՒՈՅՆ»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ
«Բարբառ եղեւ գալստեան եւ
ահագին որոտման, տաճարապետն Քրիստոս,
որ յընծայումն էր եկեալ»:
ՇԱՐԱԿՆՈՑ
 յառնընդառաջը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է Հիսուս
Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնից քառասուն օր հետո՝
փետրվարի 14-ին: Այն հայտնի է նաեւ ժողովրդախոսակցական տարբեր անվանումներով՝
Տերընդեզ, Տերնտես, Տերնտաս եւ այլն:
Տոնը Հիսուսի մանկության շրջանից մեզ հասած կարեւոր իրադարձություններից
է, որ մեկ անգամ եւս հաստատում է փրկագործության խորհուրդը: Ըստ
ավանդության՝ Քրիստոսի քառասնօրյա գալստյան տոնը կարգել է Ս. Հակոբ
Տյառնեղբայրը՝ պատվիրելով, որ Քրիստոնեական Եկեղեցին ամեն տարի,
Փրկչի հրաշափառ Ս. Ծննդից քառասուն օր հետո, նշի Տիրոջ Երուսաղեմի
տաճար գալու հիշատակը:
ԸՍՏ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ
Երբ Հիսուս ծնվեց, Նրան, ընդունված կարգի համաձայն, Երուսղեմի տաճար
տարան, քանի որ, ըստ Մովսիսական օրենքի, «պետք է Տիրոջը նվիրվի ամեն
արու զավակ, որ իր մոր առաջին զավակն է, ինչպես նաեւ, Տիրոջ Օրենքի
համաձայն, զոհ մատուցվի մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ»
(Ղուկ. Բ 23-24, Ղեւտ. ԺԲ 8):
Տաճար
բերած Հիսուսին ընդառաջ գնացին Սիմեոն ծերունին եւ Աննա մարգարեուհին:
Այս երկու բարեպաշտ տարեցները ոչ միայն վկայեցին Փրկրչի մասին, այլեւ,
իրենց կենդանի ներկայությամբ, խորհրդանիշը եղան Ադամի ու Եվայի,
նրանց մեղքով եւ ի դեմս նրանց՝ դատապարտված մարդկության: Սիմեոնն
ընդառաջ ելավ Տիրոջը՝ իր գիրկն առնելու եւ Նրանով արձակվելու մեղքի
կապանքներից, Հին Ուխտից Նորին եւ մահկանացու կյանքից հավիտենականին
անցնելու: Նա գիրկն առավ մանուկ Հիսուսին, օրհնեց Աստծուն եւ խնդրեց.
«Այժմ, ով Տեր, համաձայն քո խոստման, թող որ քո ծառան մեռնի խաղաղությամբ,
քանզի աչքերս տեսան Փրկչին» (Ղուկ. Բ 29-32): Եվ, դիմելով Աստվածամորը,
շարունակեց. «Ահա սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի
անկման ու բարձրացման եւ նշան հակառակության: Իսկ քո հոգու միջով
էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»
(Ղուկ. Բ 29-35):
Սիմեոնի մարգարեացումով հայտնի է դառնում Հիսուսի՝ խոստացված Փրկիչ,
աշխարհի Լույս լինելը ոչ միայն հրեաների, այլեւ բոլոր հեթանոս ժողովուրդների
համար:
«ԵՎ ՀՈՒՐԸ ԲՈՐԲՈՔԵԼՈՎ՝ ՆՐԱ ՍԻՐՈ
ՀՈՒՐՆ ԵՆՔ ԽՆԴՐՈՒՄ…»
ՆԱԽԱՏՈՆԱԿ
Տյառնընդառաջի ծիսակատարություններում մաս կազմող կրակը Գ դարից
հետո է Հայ Եկեղեցու ծիսակարգ ներմուծվել՝ նկատի ունենալով կրակի
աստվածաշնչային խորհրդաբանությունը: Հուրն աստվածաշնչում խորհրդաբանվում
է իբրեւ ամենազոր Աստծո հատկություններից մեկը, երկնային երեւույթ:
Այն իր պայծառությամբ ու լույսով նշանակում է նաեւ Հիսուս Փրկչի
Աստվածությունը, որն անտեսանելի է հերետիկսոներին ու հերձվածներին,
սակայն երեւելի է սրբության ու կատարելության՝ խաչի ճանապարհով գնացածներին,
ըստ այդմ՝ Աստծուն հաճոյացած ադամորդիներին, «…քանի որ վախճանի ժամանակ
Քրիստոսի հաջորդ եւ վերջին գալուստը հրով է լինելու»:
Ինչպես
ասում է մարգարեն՝ «մեր Աստված հայտնապես է գալու եւ Նրա առաջ հուր
է բորբորքվելու» (Սաղմ. Թ 3): Քրիստոս հրով պիտի երեւա, որպեսզի
սրբերին լուսավորի, պսակի եւ անստվեր լույսն առաջնորդի, իսկ մարդկանցից
չարերին ու անհավատներին՝ սատանայի հետ հավիտենական հուրն ուղարկի
ու տանջի:
Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան
ժամերգությամբ: Կատարվում է նախատոնակ, որի ժամանակ երգվում է «Լոյս
զուարթ» շարականը:
Փետրվարի 13-ին Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ի մի էր եկել հավատացյալների
հոծ բազմություն: Հավարտ երեկոյան ժամերգության հագեւորականաց հանդիսավոր
թափորը, հոգենորոգ շարականների երգեցողությամբ, ուղղվեց դեպի Գյումրու
Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց տարվա առաջին անդաստանը: Օրհնվեցին
աշխարհի չորս կողմերը, հայրենիքն ու Ամենայն Հայոց Հայրապետությունը,
բնակավայրերն ու դրանց բնակիչները, վանքերն ու եկեղեցիները եւ տարվա
պտղաբերությունը: Օրնվեցին նաեւ այն մոմերը, որոնց կրակով, ձեռամբ
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, վառվեց, հրապարակի
կենտրոնում պատրաստված, ավանդական խարույկը:
ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Տյառնընդառաջի
հնօրյա ավանդույթներին մեր օրերում հավելվել է եւս մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջի
տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր:
Սուրբ Յոթվերք Եկեղեցի եկած նորապսակ զույգերը ոչ միայն օրհնություն
ստացան, այլեւ տուն տարան վառվող ճրագներ՝ իրենց բակերում խարույկներ
վառելու համար:
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Փետրվարի 14-ին մեծաթիվ հավատացյալներ Ս. Յոթվերք մայր եկեղեցում
ներկա գտնվեցին Տյառնընդառաջի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն
էր Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող
հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով նաեւ տոնի
խորհուրդը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|