Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:
 
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Նորոգվեցեք ձեր մտքով եւ հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է
ըստ Աստծու»:
ԵՓ. Դ 23-24

իրելի՛ բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս,

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու: «Նորոգվեցեք ձեր մտքով եւ հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով: Արդարեւ, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջեւ չընկրկող հոգիները եւ մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները պարգեւում են մարդկությանն օրհնյալ կյանք՝ խարսխված աստվածպաշտության, բարության, ճշմարտության ու արդարության վրա, հույսով ու լավատեսությամբ են զինում կորուստներից ու ցավերից վշտահար ու հուսաբեկ հոգիներին, ապաքինում եւ լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը եւ զորացնում դժվարություններին դիմակայելու, անգամ անվճռելի թվացող ճգնաժամերն ու պատուհասները հաղթահարելու:

Փրկչի Ծննդյամբ մարդկության կյանքում հնչող նորոգության հրավերի անտեսումը, Աստվածորդու պատվիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու ավեր են սփռում եւ այսօր էլ պատճառ են դառնում, հասարակության մեջ, ընտանիքներում, գժտությունների ու անհանդուրժողության, ազգերի ու պետությունների միջեւ հակամարտության ու թշնամանքի: Հիրավի, առաքյալի խոսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռ. Զ 23):

Սիրելինե՛ր, Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդն առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների: Արցախյան պատերազմի եւ ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան: Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ: Տեւական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի:

Այս ծանր իրավիճակում, մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար, մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգության, սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու եւ միախորհուրդ ու միակամ դառնալու՝ ազգի եւ հայրենիքի առջեւ մեր հանձնառությունների մեջ: Այսպիսի նորոգությամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կյանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնության, ատելության ու հարմարվողականության կործանարար դրսեւորումները եւ հայրենիքի բարվոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմյանց հանդեպ հարգանքն ու սերը, վստահության հաստատուն հիմքերի վրա խարսխել Հայաստան-սփյուռք գործակցությունը: Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ: Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով՝ մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. Ը 37):

Սիրելի՛ զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ եւ աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգեւոր ապրումը: Զորանանք հայրենիքի սիրով եւ, ամեն կարելի հնարավորությամբ, սատարենք, Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող, մեր քույրերին ու եղբայրներին: Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջեւ եւ վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը: Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության եւ միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը:

Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին հայրապետական Մեր խոսքն ենք հղում խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր Մեր զավակներին: Սիրելի՛ արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքներն այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված: Դուք, որ դժվարությունների առջեւ երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման: Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք՝ հայրենի հողում ապրելու եւ արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին, աշխարհասփյուռ իր թեմերով, ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ: Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով եւ միջազգային հանրության սատարումով: Հավատում ենք, որ, Աստծո ողորմածությամբ, մեր ժողովուրդն իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի եւ դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին:

Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանին՝ մաղթելով Աստծո զորակցությունը տերունավանդ ծառայության մեջ: Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների պետերին՝ հայցելով մանկացյալ Փրկչի օրհնությունն իրենց աստվածապատվեր առաքելությանը եւ հավատավոր հոտին: Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս:

Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատեւ շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում:

Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը: Թող, հավատքով պայծառացած, աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը եւ փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով.

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները