Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՕԾՅԱԼ ԽԱՉԸ ԵՐԿՆԱԲԱՐՁ ԳՄԲԵԹԻՆ
ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

ունվարի 21-ն ուրախության ու բերկրանքի օր էր եւ յուրահատուկ խորհուրդ ուներ հայկաձորցիների համար: Այն նշանավորվեց, 10-րդ դարում կառուցված, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի օծմամբ եւ տեղադրմամբ, որ կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

Դարերի հոլովույթում մեր ժողովուրդն անցել է բազում նեղությունների ու տառապանքների, ջարդերի ու կոտորածների միջով, սակայն երբեք չի վհատվել եւ, հույսով, հավատով ու աղոթքով, հաղթականորեն վեր է հառնել ամեն փորձությունից՝ ամենուր եկեղեցի ու դպրոց կառուցելով, կազմակերպելով ազգային-եկեղեցական իր կյանքը:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Թուրքիային սահմանակից Անի համայնքի Հայկաձոր գյուղը գտնվում է Գյումրիից 35 կմ հյուսիս-արեւմուտք, բարձրադիր սարալանջի վրա՝ շրջապատված քարքարոտ լեռնալանջերով ու արգավանդ սեւահողային դաշտերով: Նախկինում ունեցել է մի շարք անուններ եւ մտել Երեւանի նահանգի Ալեքսանդարպոլ գավառի մեջ: Հայկաձոր է կոչվել 1947 թվականին:

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Գտնվում է հայկական տարածքում, սակայն սահմանամերձ գոտում, բարձրադիր բլրակի վրա եւ Հոռոմոսի վանական համալիրի բաղկացուցիչ մասերից է: Այն կառուցված է սրբատաշ կարմիր քարերից եւ նման է Մարմաշենի վանքին: Շքեղ գմբեթը եւս կարմիր քարից է, որի համար էլ տեղաբնակներն անվանել են Ղզրքիլիսա, այսինքն՝ Կարմիր Վանք: Հիմնադիրն է Հոռոմոսի վանահայր Սարգիս եպիսկոպոսը կամ նույն ինքը՝ Սարգիս Ճոնը: Վանքի շինարարական աշխատանքները, Սրբազան Հոր հրահանգով, սկսվել են 980 թվականին եւ ավարտվել հինգ տարում՝ Սամեհան ճարտարապետի ձեռքով:

Աղոթատունը քառանկյունի հատակագծով, գմբեթավոր, սրահատիպ կառույց է: Կողերի պատերի ներսի երեսներին կից ձգվող գլանաձեւ կիսասյուները միանում են կամարներով՝ իրենց վրա կրելով գլանաձեւ թմբուկ եւ սրածայր վեղար ունեցող գմբեթը: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով ու կից խորաններով: Արեւելյան, հարավային եւ հյուսիսային ճակատների վրա կան երկուական եռանկյունաձեւ խորը խորշեր: Եկեղեցին հարդարված է բուսական եւ այլ ձեւերի զարդաքանդակներով, որոնցով ավելի է շեշտվում վերջինիս հմայքն ու գեղեցկությունը: Այն անսյուն կառույց է, ունի Ս. Պատարագի սեղան, երկու խորան եւ մեկ դուռ հարավային կողմից:

Սարգիս Ճոնի վախճանումից հետո կառուցողական աշխատանքներն ի կատար է ածել նրա աշակերտը՝ Սողոմոն վարդապետը՝ «ի թուին Հայոց ՆԼԴ (985)»: Եկեղեցու հարավային պատի արձանագրությունն ավանդում է, որ այն կառուցվել է «յամս Աստուածապաշտութեան եւ ի թագաւորութեանս Սմբատայ Բագրատունւոյ Շահն-շահիս»: Վանքը Բագրատունյաց թագավորության օրոք ուներ մեծաթիվ հարստություններ, որոնք ավարառվել են Շահ Աբասի ու Լենկ Թեմուրի հրոսակախմբերի ձեռքով: 13-րդ դարասկզբին ամբողջապես վերակառուցվել է, վերականգնվել են գմբեթը, ինչպես նաեւ ճակատների երեսապատումը, տանիքի սալաքարերը:

ԽԱՉԻ ՕԾՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Միասնական Տերունական աղոթքից հետո, տեղի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը սաղմոսասացությամբ, համաձայն Մաշտոց ծիսարանի, նախ ջրով, ապա եւ գինով լվաց տեղադրվելիք խաչը, որից հետո թեմակալ Առաջնորդը սրբալույս Մյուռոնով օծեց այն: Ապա, բնակիչների օգնությամբ, նորաօծ խաչը տեղադրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթին:

Սրբազան արարողակարգից հետո Առաջնորդ Սրբազանը, ներկաներին ուղղած իր խոսքում, բացատրեց կատարվածի կարեւորությունը՝ շեշտելով հատկապես եկեղեցու դերը հավատացյալների փրկության գործում. «Ահավասիկ խաչի օրհնույթունը, օծումը կատարեցինք, որով խնդրեցինք, որ Աստված զորություն հաղորդի այս խաչի նշանին, որովհետեւ խաչը զորավոր է Տիրոջով: Եթե խաչին Տերը զորություն չհաղորդեր, խաչը պարզապես կմնար իբրեւ մահվան գործիք: Ինչո՞ւ ենք խաչը պաշտում. որովհետեւ խաչը Խաչյալով է զորավոր: Եվ երբ սրբալույս Մյուռոնով օծում ենք, հայցում ենք. «Տե՛ր, Քո խաչելության շնորհիվ, որ տվեցիր իբրեւ փրկություն մարդկությանը, տուր զորություն նաեւ այս խաչի նշանին, որպեսզի երբ տեղադրվի եկեղեցվո գմբեթին, նրան նայողները զորություն, ապահովություն, օրհնություն ունենան, նայելիս խաչակնքվեն եւ, խաչի զորությանը հավատալով, ապրեն այս աշխարհում ու բարիք գործեն: Բարիք գործեն այս գյուղի, մեր հայրենիքի, պետության, ժողովրդի եւ Եկեղեցվո համար, որպեսզի երբ մեր ախոյանը, թշնամին նայի, տեսնի, որ մենք ոչ թե տառապած, քարկոծված, գնդակոծված, ջարդրտված խաչ ենք պաշտում, այլ հաղթանակած:

Քանի որ, ցավոք, այսպես հապշտապ եղավ ամեն ինչ եւ շտապում ենք, շատ բան չեմ կարող ասել: Շնորհավում եմ բոլորիս այս առիթով, շնորհակալություն ներկաներին, շնորհակալություն մարզպետին, փոխմարզպետին՝ իրենց ներկայության համար՝ այս պատմական եկեղեցու վրա խաչ տեղադրելու գեղեցիկ արարողության առիթով: Դարձյալ կրկնում եմ՝ շատ լավ կլիներ, եթե ավելի խաղաղ, հանգիստ ու լավ եղանակային պայմաններում եւ հենց եկեղեցու մոտ անեինք օծումը, բայց փառք Աստծո կամեցածին:

Հիմա որպեսզի ժամանակ չկորցնենք, կարող եք մոտենալ, օծված խաչը համբուրել, որից հետո դնել մեքենան, տանել եւ արդեն բարձրացնել ու տեղադրել եկեղեցվո գմբեթին. շնորհակալություն»:

Հավելենք նաեւ, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը պատրաստվել է Շիրակի թեմի նախաձեռնությամբ:

Խաչի օծման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանը, Հայկաձորի վարչական ղեկավար Նվեր Վարդանյանը, համայնքի բնակիչները:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները