Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապույտ,
ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ
կը գործես»:
ԵԼՔ ԻԸ 33

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Հայոց Եկեղեցու աստվածապաշտական համակարգում հաստատվել է եւս մեկ բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեք:

Արդեն իններորդ տարին է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը, գոհաբանական աղոթքից հետո, կատարվում է նռան օրհնության կարգ: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին եւ սկսվում նորը: Քանի որ հոգեւոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա եւ գալիք կյանքի խորհրդանիշ, ուստի եւ հենց Ամանորի սեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է եւ հոգեշահ, որովհետեւ այն անուշահամ է ու բժշկարար եւ միայն այդպես է «աճում Աստծոյ ներկայութիւնը մեր մեջ» (Ս. Գր. Նարեկացի): Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռն առաջին հերթին աշխարհի խորհրդանիշն է, որի վրա, ինչպես բացատրում է Ս. Գրիգոր Տաթեւացին, առկա է հավատի թագը, իսկ պտղի հաստ կեղեւի մեջ պարփակված հատիկների բազմաքանակությունը խորհրդանշել է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով:

Նռան սիմվոլիկան նաեւ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր հեղած արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է Աստծո շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով՝ գլուխ ունենալով թագակիր Տիրոջը: Արարչաստեղծ պտղաբեր ծառերից նռնենու պտուղը եւս այն խորհրդանիշերից է, որ հիշատակվում է Աստվածաշունչ Մատյանում: Հին Ուխտում նռան ծաղկաբողբոջները մաս են կազմել քահանայապետական զգեստի՝ զարդարելով ներքին պատմուճանների քղանցքները. «…Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն» (Ելք ԻԸ 33): Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից», իսկ որմնաշարվածքի որոշակի տեսակը՝ նռան հատիկների միմյանց ագուցվելու կերպից: Ըստ հին հույների՝ նռնենին աճել է բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության հովանավոր Դիոնիսիոսի արյան միջից, իսկ փյունիկեցիների համար ունեցել է կենաց ծառի խորհրդանիշ:

Նուռը, խորհրդանշական իմաստով, նաեւ առկա է հայոց դիցարանում: Նռան հատիկներն անձի առաքինի գործերն են: Ինչպես նռան հատիկներն են անտեսանելի կեղեւի պատճառով, այնպես էլ առաքինությունները պետք է ծածկված լինեն մարդկանցից եւ տեսանելի լինեն միայն Աստծուն. «Աստուծոյ ընտրեալները դոյզն-ինչ բարի գործեր երեւելիով են ցոյց տալիս, իսկ ներսում՝ սրտի ու մտքի մէջ առաքինութեան եւ աստուածասիրութեան անչափ ամբարումները լռութեամբ ծանուցում» (Ս. Գր. Նարեկացի): Հայ Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները նմանեցվում են մարգարեների խոսքին, որոնք, առակի նման, իրենց հաստ ու դառը կեղեւով ծածկում են քաղցրության Ավետիսը, անմահության Պտուղը՝ Քրիստոսին: Հայկական գինեգործության մեջ մշտապես իր ուրույն տեղն է ունեցել նռան գինին:

Դեկտեմբերի 31-ին՝ ճիշտ ժամը 00:00-ին, Գյումրու Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ:

Տարեմտին Ս. Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ: Արարողակարգից հետո թեմակալ Առաջնորդը, դիմելով ներկա հավատացյալներին, ի մասնավորի կարեւորեց օրվա խորհուրդն ու օրհնության նշանակությունը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ ՆՌՆՕՐՀՆԵՔԻՆ

Սիրելի՛ հավատացյալներ, երբ ես առաջին անգամ կեսգիշերին իջա եկեղեցի՝ դիմավորելու Նոր տարին, մի քանի մարդ կար ընդամենը: Եվ այդ մի քանիսը մեր աշխատակիցներն էին, ովքեր դժգոհ էին, որ ես կտրել էի իրենց ընտանեկան միջավայրից եւ բերել եկեղեցի: Քսանչորս տարի առաջ ես պարզապես միայնակ ու լուռ աղոթում էի եւ հետո բարձրանում իմ սենյակ: Տարեց-տարի ժողովուրդն ավելացավ, եւ այսօր եկեղեցին լեփ-լեցուն է: Բայց ես չէի ցանկանա, որ եկեղեցին լեփ-լեցուն լիներ ինչ-որ բան ստանալու համար: Հիմա պիտի մոտենաք եւ օրհնված նուռ ստանաք: Միայն դրա համար չէ, որ պիտի գաք, այլ նաեւ տարին աղոթքով, Աստուծո հետ սկսելու, Աստուծո հետ լինելու համար: Մեր ձեռքը դեպի Աստված երկարելու համար է: Երկարելիս պարտադիր չէ, որ Աստված մեր ձեռքում անպայման շոշափելի ինչ-որ բան դնի:

Օրհնությունը հաճախ շոշափելի չէ, բայց մենք ուզում ենք, որ շոշափելի լինի: Մարդ ենք, հողեղեն ենք, շոշափելիքը կարեւոր զգայարանն է մարդու, բայց մարդը միայն մարմին չէ, այլ նաեւ հոգի, նախ եւ առաջ հոգի, որովհետեւ մարմինն անցողիկ է, իսկ հոգին՝ հավիտենական: Ուրեմն՝ չենք կարող անցողիկին ավելի կարեւորություն տալ, քան հավիտենականին: Եթե անցողիկին ավելի կարեւորություն ենք տալիս, քան հավիտենականին, նշանակում է՝ թույլ, տկար, միամիտ, անմիտ մարդ ենք կամ որ փորձում ենք արդարանալ, ասում ենք՝ չենք հավատում հավիտենական կյանքին, չենք հավատում հոգու անմահությանը: Չհավատալով որեւիցե բան փոխել մարդը չի կարող: Հավատքով կարող է շատ բան փոխել, չհավատալով ոչինչ չի կարող:

Հետեւաբար՝ ինչքան գեղեցիկ է, երբ հայ մարդն իր տարին բացում է աղոթքով, Աստուծո հետ լինելու, Աստուծո հետ ապրելու, Աստուծո կամքը կատարելու, Աստուծո հետ հաշտ լինելու ցանկությամբ, որ նշանակում է՝ միմյանց հետ սիրով լինելու ցանկությամբ, որովհետեւ Աստված ասում է. «Ինձ չես կարող սիրել, եթե եղբորդ չես սիրում: Եթե մերձավորիդ չես սիրում, չես կարող Ինձ սիրել, ստում ես, խաբում ես, խաբեբա ես»: Չպետք է լինենք խաբեբա: Ուրեմն՝ եթե այս գիշեր հավաքվել ենք՝ Աստուծո հետ հաշտություն կնքելու, անցած տարիների մեղքերից թոթափվելու եւ 2023 թ. մաքուր, անմեղ մտնելու, անմեղ մնալու ցանկությամբ, ուստի պետք է ներենք մեկս մյուսի մեղքերը, սիրենք միմյանց, սիրելով հզորանանք, սիրելով ամրանանք, սիրելով հաղթենք մեր թշնամիներին: Բզկտված, տանջված, հազար ու մի կտոր եղած, բայց հազար ու մի կտորով դեպի Աստված ձգտելով՝ Աստված պիտի նայի ու զարմանա ու խորհի, թե այս ժողովուրդն ի՞նչ է ուզում: Եթե ամեն մեկն իր անձնական շահն է հետապնդում, ուրեմն պիտի մաղթենք, որ 2023 թվականը դառնա համազգային համերաշխության, սիրո, միաբանության ու հաղթանակի տարի:

Երբ ասում եմ հաղթանակ, անպայման պետք չէ ամենավերջին հաղթանակը պատկերացնել: Փոքր հաղթանակներ կերտելով՝ պետք է հասնենք մեծագույն հաղթանակի: Այդ փոքր հաղթանակներն ստանալով՝ չպիտի մսխենք, փչացնենք, ինչպես միշտ արել ենք: Այս զգացումներով եմ ես դիմավորում 2023 թվականը եւ այս զգացումներով եմ շնորհավորում բոլորի, ներկաների ու բացակաների եւ ողջ հայ ժողովրդի, աշխարհի Նոր տարին: Թող աշխարհին խաղաղություն լինի եւ, ինչպես սիրում եք ասել, մեր ազգի մեջ էլ սեր, միություն լինի: Այդ իմաստով 2023-ը թող լինի շահեկան, եւ եթե Աստված կյանք տա, մի տարի հետո հավաքվենք, չասենք՝ ինչ լավ էր, այսքան գումար ավելի շահեցի, այսքան գույք ավել գնեցի, այսքան խորոված ու խաշլամա ավել կերանք: Ոչ թե այս թվարկածով մխիթարվենք, որոնք անցողիկ են, այլ մխիթարվենք մեր հայրենիքի ավելի հզորացմամբ, ժողովրդի ավելի բարոյականացմամբ, հավատքի ավելի զորացմամբ եւ Աստծո կողմից մեզ վրա իջած բյուր եւ բյուր օրհնությունների բազմապատկությամբ: Ուրախանանք ոչ թե անձնական, այլ համազգային հաջողություններով:

Շնորհավոր Նոր տարի: Թող 2023 թվականը բարի տարի լինի բոլորիս համար: Եվ այժմ իբրեւ նմուշ, իբրեւ օրհնության նշխար՝ ձեզանից յուրաքանչյուրին տրվելու է մեկ նուռ, ոչ թե երկու, երեք, չորս, այլ յուրաքանչյուրիդ մեկ նուռ եւ բոլորիդ կբավականացնի: Հիմա, երբ Մենք իջնենք Ս. Խորանից, մոտեցեք, ստացեք օրհնված պտուղը եւ մյուս կողմից դուրս եկեք շատ սիրով, համերաշխությամբ՝ առանց իրար հրմշտելու եւ տարին առանց հրմշտոցի սկսելու: Սիրո եւ միաբանության մասին խոսեցինք: Ահավասիկ ինքս վերցնում եմ ընդամենը մեկը եւ հեռանում: Քահանաներն էլ թող մեկական նուռ վերցնեն եւ իջնեն: Մեկ անգամ եւս շնորհավոր Ամանոր:

Ի ԴԵՊ

Բարեպաշտական արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին: Հավելենք նաեւ, որ նուռը եկեղեցուն նվիրել էր տարվա խաչքավոր Արմեն Տոնոյանը:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները