Սիրո ակնաղբյուրն Աստծու մեջ է. ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

ԵՐԱՆԻ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ
ԱՐԺԱՆԻ ԳՈՐԾԵՐ
ՕԾՎԵՑ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ

կեղեցին Բարձրյալի ներկայությունն է մեր կյանքում, ուր ամեն հավատացյալ՝ աշխատավոր, թե իշխանավոր, այր, թե կին, երիտասարդ, թե տարեց, խոնարհությամբ է մուտք գործում եւ իր հոգու հայցը բարձրացնում առ Աստված, գոհաբանություն մատուցում Տիրոջը՝ անգին պարգեւների, հայրական խնամքի եւ օրհնությունների համար:

Այս հավատքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ օծելու կամ վերաօծելու յուրաքանչյուր աղոթատուն: Երբեք չի լքում նրան ներքին այն համոզմունքը, թե այդ եկեղեցիների կամարների ներքո հավատացյալ հայորդիներն աղոթք կբարձրացնեն եւ հավատարմության ուխտ կկատարեն ազգային նվիրական սրբությունների հանդեպ, կշարունակեն դարեր ձգվող անհատնում մեր ընթացքը՝ որպես ազգ, ժողովուրդ, պետություն ու Եկեղեցի: Հոկտեմբերի 29-ը՝ աշնանային այդ գեղեցիկ օրը, պատմական էր կամոցիների համար: Մարդաշատ էր գյուղի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակը: Ներկաներն ի մի էին եկել՝ ականատես լինելու նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը, որ կատարվեց ձեռամբ թեմակալ Առաջնորդի:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ախուրյանի տարածաշրջանի Կամո (նախկինում՝ Հաջինազար) գյուղը գտնվում է Գյումրիից տասը, իսկ շրջկենտրոնից ինը կմ հյուսիս-արեւելք: Այն հիմնադրվել է 17-րդ դարավերջին: Թե հնում ինչպես է կոչվել, հայտնի չէ: 1829-29 թթ. այստեղ բնակություն են հաստատել հիմնականում Մուշից գաղթած հայերը: Մինչ 1935 թ. կոչվել է Հաջինազար, որ բացատրվում է հետեւյալ կերպ: Ըստ տեղաբնակների պատմածի՝ Նազար անունով մեկն ուխտի է գնացել Երուսաղեմ եւ ստացել հաջի անվանումը եւ ի պատիվ նրա էլ գյուղն են այդպես անվանել: Կա նաեւ անվան բացատրության երկրորդ տարբերակը, ըստ որի գյուղի հիմնադիրները եղել են երկու եղբայրներ՝ Հաջի եւ Նազար անուններով: Այնուհետեւ, ի պատիվ Անդրկովկասում ակտիվ հեղափոխական գործունեություն ծավալած Սիմոն Տեր-Պետրոսյանի, վերանվանվել է Կամո:

Հնագիտական հետազոտությունների շնորհիվ Կամոյի սահմաններում հայտնաբերվել է զարգացած երկաթե դարի դամբանադաշտ, իսկ գյուղի հարավկողմի բլրի գագաթին պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Կամոյի հարավ-արեւմտյան եզրին՝ բլրի ստորոտում, կա մի գերեզմանատուն, որը գոյություն է ունեցել դեռեւս վաղ միջնադարում: Այստեղ որպես տապանաքար օգտագործված են, յուրահատուկ զարդաքանդակներ ունեցող, մի շարք խաչքարեր: Գյուղի ճամփեզրին վեր են խոյանում, 1941-45 թթ. Մեծ հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող, հուշակոթողը, որի դիմաց նորակառույց եկեղեցին է, իսկ արեւելյան կողմում՝ 1988-ի ահեղ երկրաշարժի եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչ-հուշակոթողը: Ի մոտո գտնվում է նաեւ Սիմոն Տեր-Պետրոսյանի (Կամո) կիսանդրին: Կամոն ժամանակին ունեցել է եկեղեցի:

Ի դեպ՝ 1935-37 թթ. մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը գյուղի դպրոցում դասավանդել է հայոց լեզու եւ հայ գրականություն:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2021 թ. մայիսի 29-ին, դարձյալ ձեռամբ Սրբազան Հոր: Ճիշտ մեկ տարի անց արդեն հավատավորին է ներկայանում ամբողջական կառույցը: Նշենք նաեւ, որ 2021 թվականի հունիսի 11-ին օծվեց եկեղեցու խաչը, իսկ այժմ այն օծվելու է ամբողջությամբ:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Աղոթատունն ուշագրավ է իր կառուցվածքային ձեւերով, ճարտարապետական լուծումներով: Կառուցված է դեղնավուն սրբատաշ տուֆաքարով: Ունի երկու դուռ: Հարավային կողմում կան երեք մեծ կամարակապ լուսամուտներ, դռան աջ եւ ձախ կողմերում են գտնվում եւս երկուսը, որոնք նեղ են ու երկարավուն: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ երկու խորաններով եւ մեծ լուսամուտը՝ սեղանը լուսավերու համար: Հյուսիսային կողմում է գտնվում մկրտության ավազանը:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Առավոտյան մարդաշատ էր Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակը: Հավատավոր կամոցիները, հարակից գյուղերի բնակիչները եւ գյումրեցի ուխտավորները եկել էին՝ ներկա գտնվելու նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողակարգին: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի եւ ուղեկցությամբ Տ. Նարեկ քհն, Անտոնյանի, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանի, Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամանդարյանի, Գյումրու Ս. Նշան եկեղեեցու հոգեւոր հովիվ Տ. Նշան քհն. Պանֆյորովի, մուտք գործեց եկեղեցի, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը:

Թեմակալ Առաջնորդը, սրբազան արարողակարգից առաջ, դիմելով ներկա հավատացյալներին, ի մասնավորի ասաց. «Այսօր բոլորիս համար ուրախալի օր է. եկեղեցին կառուցվեց, պատրաստ է եւ հիմա պիտի օծենք: Օծման կարգը հետեւյալն է. նախ պիտի դռնբացեքի արարողություն անենք, աղոթենք, որպեսզի այս եկեղեցու դռները բացվեն եւ այլեւս երբեք չփակվեն, ինչպես եղավ մոտ հարյուր տարի առաջ, երբ ձեր եկեղեցու դռները փակվեցին եւ ոչ միայն փակվեցին, այլեւ եկեղեցին քանդվեց, հողին հավասարեցվեց չար ուժերի կողմից, որոնց մենք էլ եղանք գործակից: Այնպես չէ, որ մենք գործակից չեղանք: Այսօր արդեն նոր եկեղեցին պիտի բացենք եւ պիտի աղոթենք, որ այլեւս երբեք չփակվի, ոչ մի ուժ չկարողանա փակել:

Երբ եկեղեցու դռները բացվեն, եւ մենք ներս մտնենք, մեր հետեւից կարող եք մտնել բոլորդ, բայց առանց աղմուկի: Ով պիտի աղմկի, թող մնա դրսում, այնտեղ աղմկի: Պարզ է՝ տղամարդիկ գլխարկներով, սիգարետները ձեռքներին չմտնեն եկեղեցի: Երբեմն այդպիսի բաներ էլ են պատահում, տարօրինակ է, բայց պատահում է: Ցանկալի է, որ կանայք գլխաշորերով լինեն եւ լուռ: Ուրեմն՝ երբ մտնենք ներս, օծելու ենք եկեղեցվո սյուները, հետո մկրտության ավազանը, ապա սեղանը, որից հետո եկեղեցուն անուն պիտի տանք: Եկեղեցին անուն պիտի ունենա, պիտի կոչվի որեւէ սրբի անունով, իսկ վերջում ես իմ հիմնական խոսքը կասեմ եկեղեցվո բեմից»:

Սրբազան Հոր ներածական խոսքին հաջորդեց դռնբացեքի ավանդական արարողակարգը: «Բաց մեզ Տեր» հոգեթով շարականի երգեցողությունից հետո հանդիսավորաբար բացվեց աղոթատան դուռը, որ ցայսօր փակ էր: Այնուհետեւ սաղմոսասացությամբ ու շարականների երգեցողությամբ, ձեռամբ Միքայել Սրբազանի, կատարվեց նախօրոք ջրով եւ գինով լվացված եկեղեցու նորաօծումը: Սրբալույս Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու չորս անկյունները, սյուները, սրբապատկերները, զանգը, սեղանն ու մկրտության ավազանը: Ուրախառիթ հանդիսությունից հետո ներկաներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Սրբազան Հայրը:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏԳԱՄԻՑ

Սիրելինե՛ր, Կամո գյուղի բնակիչներ եւ հյուրեր, ահավասիկ որոշակի սպասումից, ակնկալիքից հետո եկեղեցին կառուցվեց գեղեցիկ, շքեղ, եւ մենք կատարեցինք օծումը: Ինչպես տեսաք՝ օծեցինք եկեղեցվո սյուներն առաքյալների, մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, օծեցինք մկրտության ավազանն ու սեղանը եւ եկեղեցին, եթե ուշադրություն դարձրեցիք, կոչեցինք Ս. Գրիգոր Նարեկացու անունով: Այս բոլոր նախորդող օրերին ես մտորում էի, թե ինչպես պետք է անվանեմ այս եկեղեցին: Երկու անուն ունեի մտքումս՝ մեկը Ս. Հովհան Ոսկեբերանն էր, որ այսօր Եկեղեցին տոնախմբում է նրա հիշատակը եւ երկրորդը մեր մեծագույն Սուրբը՝ Ս. Գրիգոր Նարեկացին էր, որովհետեւ Շիրակի տարածաշրջանում Գրիգոր Նարեկացու անունով եկեղեցի չունեինք: Այս երկուսի մեջ տատանվում էի, բայց երբ եկա եւ տեսա, որ Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերներ էին նվիրվել եկեղեցուն, իմ մտածումը թեքվեց դեպի Ս. Նարեկացին եւ եկեղեցին անվանակոչեցինք նրա անունով: Երբ բոլորս հավաքվենք այս եկեղեցում, նախ եւ առաջ Սրբի բարեխոսությունը պիտի խնդրենք:

Ուրեմն՝ այսօր մեծ ուրախություն է Կամո գյուղի համար, որովհետեւ աղոթքի վայր չունեիք եւ ահավասիկ ունեք, իսկ վաղն արդեն Տեր Հայրն անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցելու:

Տեր Հայրը թերեւս չի կարողանա ամեն կիրակի այստեղ պատարագել, որովհետեւ ուրիշ գյուղերում էլ է հովիվ, բայց դա չի նշանակում, որ կիրակի օրը չպիտի գաք եկեղեցի: Անկախ այն բանից Ս. Պատարգ կլինի կամ ոչ, պիտի գաք եկեղեցի, ձեր ներկան պիտի ստանաք երկնքի ատյանի առջեւ, ձեր աղոթքն անեք: Ահավասիկ զանգն էլ կախվելու է, եւ կիրակի օրը երբ զանգը հնչեց, բոլոր գործերը պիտի թողնեք ու եկեղեցի շտապեք, որովհետեւ եկեղեցի գնալը շատ ավելի մեծ գործ է, քան մնացածները: Եթե մի գործ շաղախված չէ աղոթքով, այդ գործի տերն Աստված չէ:

...Վաղը Տեր Հայրը պիտի պատարագի եւ իր խոսքն ասի, որով նաեւ եկեղեցվո սրբագործումն ավարտին կհասնի, քանի որ օծումը մի բան է, բայց քանի դեռ այս Ս. Սեղանի վրա Ս. Պատարագ չի մատուցվել եւ Տիրոջ Մարմինն ու Արյունը չեն բաշխվել, այդ օծումը դեռ թերի է: Ս. Պատարագն է ամբղջացնում եկեղեցվո օծման, սրբագործման արարողությունը: Ուրեմն՝ ինչպես ասացի, սիրելի՛ Կամոյի բնակիչներ, սկսվեց ձեր աստվածահաճո կյանքը: Մենք եկեղեցին չենք կառուցում ինքնանպատակ, չենք կառուցում իբրեւ շինություն, որպեսզի հարյուր տարի հետո մշակույթի նախարարությունն ասի՝ սա մշակույթի հուշարձան է: Մենք ոչ թե հուշարձան, այլ աղոթքի տուն ենք կառուցում: Այս գյուղում ոչ ոք անկնունք չպիտի մնա, որովհետեւ մկրտության ավազանը կա, պիտ մկրտվեք: Ոչ մեկն առանց քահանայի օրհնության չպիտի պսակադրվի, եւ ոչ մեկը հավիտենական հանգիստ, առանց այս եկեղեցով անցնելու, չպիտի գնա: Ուստի աստվածահաճո կյանքի սկիզբը դնենք այսօրվանից: Այս ամենը կարող էի ասել խոքիս վերջում, բայց ասացի սկզբում: Իսկ հիմա գոհություն ու փառք ընծայենք Աստծուն, որ այս հնարավորույթունը մեզ տրվեց:

Հիսուս ասում է. «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել»: Երբեմն մենք, որ հաջողության ենք հասնում, մեզ ենք վերագրում այն: Ես էլ կարող եմ այսօր ասել, որ կառուցեցի 45-րդ եկեղեցին իմ առաջնորդության օրոք: Այո՛, քա-ռասունհինգերորդ եկեղեցին օծեցի այսօր իմ առաջնորդության օրոք, բայց Աստված է, որ կառուցեց, Աստված է, որ տվեց այդ հնարավորությունները, Աստուծո շնորհիվ եղավ այդ ամենը եւ փառքը միայն Իրենն է: Փառքը միայն Աստծունն է, մյուսներինը շնորհակալությունն է: Գոհություն եւ փառք ընծայելով Աստծուն՝ դրանից հետո շնորհակալություն հայտնենք նախ մեր սիրելի Արմեն Հարեյանին, որ այստեղ է: Թեեւ ինքը չի ուզում, որ իր անունը հնչեցնեմ, բայց ես պիտի հնչեցնեմ. դա իմ պարտականությունն է: Իր պարտականությունն է խոնարհ ու համեստ լինել, իսկ իմ պարտականությունն է գովել նրա համեստությունն ու խոնարհությունը: Եկեղեցվո կառուցման համար պարտական ենք իրեն: Ինքը հոգաց դրամի հայթայթումը, իսկ բարերարը, ով տվեց գումարը, մնաց անհայտ, չկամեցավ իր անունը հրապարակել:

Հաջորդ շնորհակալությունն անշուշտ շինարարինն ու ճարտարապետինն է: Շինարարն այստեղ է, մեր սիրելի պրն. Լամբարյանը, ճարտարապետին չեմ տեսնում, չնայած հրավիրել էի եւ կամեցել, որ տիկին Մերի Դանիելյանն էլ լինի, ով Մայր Աթոռի ճարտարապետներից է եւ այս գեղեցիկ եկեղեցվո նախագծի հեղինակը: Շնորհակալություն նրան եւ պրն. Լամբարյանին ու վերջինիս վարպետներին, որոնք արդեն որերոդ եկեղեցին են կառուցում եւ կառուցում են որակով, նվիրվածությամբ եւ որեւիցե շահույթ չեն հետապնդում, այլ ընդհակառակը՝ իրենց կողմից էլ մի բան են ավելացնում:

Հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ նաեւ Տեր Նարեկին, որ կողքս կանգնած է: Նա, որ այս գյուղի քահանան է արդեն բավական ժամանակ, հետեւեց եկեղեցվո շինարարությանը, ուղիղ եթերներով դրամահավաք կազմակերպեց եւ կարողացավ եկեղեցին զարդարել նաեւ ձեր օգնությամբ: Կամո գյուղի բնակիչնե՛ր, բոլորիցդ նույնպես շնորհակալ ենք, քանի որ ինչ-որ կերպ մասնակցեցիք եկեղեցու ե՛ւ կառուցմանը, ե՛ւ բարեզարդմանը: Բոլոր-բոլորին հատուկ շնորհակալություն եւ աստվածային օրհնություններ: Մեր շնորհակալությունը նաեւ ուխտավորներին, ովքեր եկան ու իրենց աղոթքով մասնակցեցին եկեղեցվո սրբագործմանը: Շնորհակալություն Տեր Հայրերին, սարկավագներին, Տեր Կորյունին, որ այստեղ ժամանակին ծառայել է, հիմա վայելում է Տեր Նարեկը: Այդպես է՝ բոլոր հաջորդները պիտի վայելեն նախորդների աշխատանքը եւ ոչ թե գան ու ասեն՝ ոչին չի արված: Ես ուրախ կլինեմ, եթե թեմի հաջորդ առաջնորդը գա, գոհություն հայտնի Տիրոջը եւ ինձ էլ ողորմի տա, որ մեր առաջնորդության տարիներին վերակառուցել կամ հիմքից կառուցել ենք այսքան եկեղեցիներ ու մատուռներ: Աստված օրհնի ամենքիս, Կամո գյուղը, բնակիչներին, ողջ լինեք:

Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք խաղաղութեամբ եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն:

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Թեմակալ Առաջնորդի ուսանելի պատգամ-հորդորից հետո ներկա բարեպաշտ հավատացյալները մոտեցան եւ համբուրեցին օրհնված ու օծված զանգը, ապա այն բարձրացվեց ու տեղադրվեց զանգակատանը, որից հետո հնչեցին զանգի առաջին ղողանջները: Հավարտ հոգեւոր արարողակարգի, կատարվեց մատաղօրհնություն ու տրվեց սիրո ճաշ՝ ագապե:

Ներկա էին եկեղեցու բարերար Արմեն Հարեյանը, Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը, Վարդան Իկիլիկյանը, եկեղեցու ճարտարապետը, հանրակրթական դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը, աշակերտներ, մեծաթիվ տեղաբնակներ եւ ուխտավորներ:

Հոկտեմբերի 30-ին նորաօծ Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց անդրանիկ Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Նարեկ քհն. Անտոնյանի:

ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները