Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

«ՈՐ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ ՀՕՐ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԷԻՆ ԱՆԵՂԻ...»

ոկտեմբերի 8-ի աշնանային արեւշատ օրը Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ստանալով թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, օրվա խորհրդով լցված, մեկնեցին Օշական՝ ներկա լինելու եւ հաղորդակից դառնալու Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Ս. Թարգմանչած տոնի ուրախ առիթով, մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ աբղ. Սմբատյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Շահե ծայրագույն վրդ. Անանյանը:

ՀԱՅՈՑ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ ՈՍԿԵԴԱՐԸ

Հայ ժողովրդի քրիստոնեական կյանքի ու պատմության անբաժան մասն է կազմում Հայ Գիրը, որ ստեղծվեց Աստվածաշունչը հայերենով ուսուցանելու նպատակով: Այդ մեծ նպատակի նախաձեռնողները՝ Սահակ Պարթեւ Կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոց Վարդապետը եւ նրանց համամիտ ու գործակից Վռամշապուհ թագավորը, ջանքեր ներդրեցին աղոթքով ու այն հավատով, որ մայրենի լեզվով Աստծո Խոսքը, առավել լսելի դառնալով ժողովրդին, օրհնությամբ է լցնելու նրա կյանքը: Գիրն ու դպրությունը հայ ժողովրդի համար դարձան ճանապարհ՝ նախ եւ առաջ Աստծո Խոսքին ունկնդիր լինելու, Աստծուն ճանաչելու եւ հավատի մեջ հաստատուն մնալու համար: Բնական է, որ Աստվածաշունչը հայ իրականության մեջ ամենաշատն էր ընդօրինակվում եւ հետո նաեւ տպագրվում՝ ջանալով անխաթար պահպանել 5-րդ դարից ավանդված հայերեն «Թագուհի թարգմանությանց» Մատյանը: Հավատի լույսը, որ առատաբուխ ճառագում էր մեկնողական, ջատագովական, վարքագրական, պատմական ու բնագիտական, ճանաչողական, նաեւ գեղարվեստական գրականությունից, մեր ժողովրդի համար դարձավ փրկության առագաստ:

Օշականում ուխտավորները ոչ միայն ներկա գտնվեցին մատուցվող ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին, այլեւ երկյուղածությեամբ խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին: Հստակ է, որ մեզանից յուրաքանչյուրը եւս կյանքում կոչված է ծառայության եւ առաքելության թե՛ հոգեւոր, թե՛ գիտության, թե՛ քաղաքական, պետական եւ թե՛ զինվորական ասպարեզներում, որոնք շաղախված պիտի լինեն հայրենասիրությամբ, աստվածային սիրով, ազգային շահերով, հավատարմությամբ առ ազգն ու Եկեղեցին: Այդ դեպքում միայն կլինենք ազգի արժանավոր զավակները, մեր սուրբ թարգմանիչների ճշմարիտ հետնորդները, ի վերջո կունենանք մեր նախնիների փափագած, ինչպես ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանը կասեր, «հույսի, լույսի հզոր հայրենիքը»:

ՇՈՒԽՈՒՆՑ ԱՎԵՏԱՐԱՆ

«Ձեռըս գնա, դառնա ի հող, գիրըս մնա հիշատակող…»: Սա չափազանցություն չէ: Այս ամենի մասին պատմում են իրենք՝ աշխարհի քառուղիներից «տուն դարձածները»՝ ձեռագիր հին մատյանները, պատմում են իրենց ու ժողովրդի գլխով անցած փորձանքների ու փառքի ակնթարթների մասին: Արդեն ավանդույթ է դարձել տարին մեկ անգամ՝ Ս. Թարգմանչած տոնին, 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, ինչպես նաեւ Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում հանգրվանած Շուխունց հրաշագործ Ավետարանը դուրս բերելը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից: Թե Ավետարանը երբ եւ ինչ ճանապարհով է հասել Աշտարակ, հայտնի չէ:

Ձեռագիր Ավետարանը գրվել է 1669 թ., Իսպահանի Ջուղա (Շող) գյուղում՝ Ս. Ամենափրկիչ վանքի կրոնավոր Բարսեղի ձեռքով եւ խոջա Մանասի պատվերով: Ս. Գիրքը նկարազարդ է, ունի 13 մանրանկար: Ավետարանում՝ գրչի հիշատակարանից (էջ 280 ա), պարզ է դառնում, որ այն գրվելու ընթացքում դեռեւս հայտնի չէր, թե Ավետարանը ո՞ր եկեղեցու համար էր նախատեսված, քանզի եկեղեցու անվան տեղը բաց է թողնված: Ս. Ավետարանի առաջին էջում կա հետեւյալ հիշատակությունը. «Այս սուրբ Ավետարանս գրչագիր որ ի նախնեաց մերոյ յԱզարիայէ եւ յԱնանիայէ եղբարց ի զարմէ Շուխեանց տան՝ յորդւոց եւ ի թոռանէ նոցին ի Յովհաննիսէ եւ ի Սերկէէ Շուխեանց տուաւ յիշատակ Ս. Ամենափրկիչ եկեղեցւոյ գիւղ Աշտարակ որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի. Ամէն»:

Հընթացս Սուրբ Պատարագի ուխտավորները խոնարհվեցին Շողոնց Ավետարանին, աղոթք առաքեցին առ Բարձրյալը, նաեւ իրենց հավատի մոմերը վառեցին՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունը:

ԳԱՌՆԱՀՈՎՏԻ Ս. ԳԵՎՈՐԳ

Ուխտավորների փոքրիկ քարավանը՝ հավատքով զորացած, շարժվեց դեպի Գառնահովտի Ս. Գեւորգ, որ 5-7-րդ դարերի կառույց է: Այն վերանորոգվել է 2017-ին: Ուխտավորներն այստեղ ծնրադիր երգեցին «Տեր ողորմեա»-ն, վառեցին իրենց հավատի մոմերը, խնկարկեցին եւ հայցեցին վիշապաքաղ Ս. Գեւորգի բարեխոսությունը:

Հաջորդ հանգրվանը Ս. Հովհաննես եկեղեցին էր: Ուխտավորները, մոտ մեկ ու կես կիլոմետր քայլելով, հասան 1809 թ. կառույց Ս. Հովհաննես եկեղեցի: Աղոթատան կամարների տակ նրանց շուրթերից հնչեցին շարականներ ու աղոթքներ, խնկարկեցին ու վառեցին մոմեր՝ Ամենաբարի Տիրոջից հայցելով խաղաղություն հայոց աշխարհին, Եկեղեցուն՝ անսասանություն, իրենց օջախներին՝ արեւշատություն: Ուխտավորները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով Սրբերի բարեխոսությունը:


ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները