Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

րբ հոգու կանչը դեպի սրտաբուխ եկեղեցին է, ապա անհնար է չձգտել վերջինիս: Եկեղեցի, ուր խաղաղություն է բխում ամեն մի քարից եւ թվում է, թե, խնկաբույր ծխի հետ, մեր հոգիներում ծնված սերն է բարձրանում դեպ երկինք:

Սյունիքը սեփական աչքերով տեսնելը յուրաքանչյուր հայի երազանքն է, իսկ տեղի սրբավայրերն այցելելը հայ քրիստոնյայի բաղձալի ցանկությունը: Այս ի մտի ունենալով՝ Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, մեկնեցին Սյունիք:

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ողջ գիշեր ճանապարհին անցկացնելով՝ առավոտյան մտանք Ս. Տաթեւի վանք: Անդնդախոր ձորի եզերքին վեր է խոյանում վանական հրաշք համալիրը: Արդարեւ, հոյակերտ իր գեղեցկությամբ, հայ ճարտարապետության բացառիկ արարումներից է, որ դարեր շարունակ եղել է հայոց հոգեւոր կյանքի, գիտության ու մշակութային պայծառ կենտրոն: Իր առաքելությամբ Տաթեւի վանքը հավատքի եւ առ Աստված ուղու կոթողացած բարձունք է: Այստեղ սրբեր են ապրել ու ամփոփվել: Այստեղ են առատ աղոթքն ու օրհնությունը: Տաթեւի վանքում են ապրել, ուսուցանել ու իրենց անմահ գործերն արարել մեծանուն վարդապետներ, հայոց եռամեծ րաբունապետը՝ շնորհառատ ու անսպառ քարոզիչ Սուրբ Գրիգոր Տաթեւացին, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը, հոգնաջան առաջնորդներն ու պայծառամիտ պատմիչը: Անխոնջ ջանքով ու նվիրումով այստեղ խնամվել է հավատքն առ Աստված, որպեսզի ճշմարտության եւ արդարության հոգին, միմյանց հանդեպ սիրո ոգին, մարդկանց սրտերից բխելով, բարիք դառնա կյանքում:

Ահա եւ հեռվում երեւաց գմբեթներից մեկը, հետո մյուսը: Մեր երազած սրբավայրում ենք: Սա միայն եկեղեցի չէ սովորական իմաստով: Սա նաեւ մեր նախնյաց սուրբ հավատի նորանորոգ ամրոցն է, այն ոգեղեն զրահը, որի դեմ այլեւս անզոր պիտի մնան շրջապատի տարանուն փորձիչները: Վանքը հիմնվել է 4-րդ դարում: Գլխավոր՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, ավելի քան հազար հարյուր տարի առաջ կառուցվել է Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ: Մույթերը խորհրդանշում են Պողոս եւ Պետրոս Առաքյալներին, որոնց մասունքները դրվել են մույթերի հիմքերում ու անկյուններում: 906 թ. եկեղեցու օծմանը ներկա են եղել հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին (890-914 թթ.), Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը (հետագայում՝ 908 թ., Վասպուրականի թագավոր Գագիկ-Խաչիկ Արծրունի, 908-943 թթ.) Հովհաննես Ե Դրասխանակերտցի հայոց կաթողիկոսը (898-929 թթ.), Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը (902-923), իշխաններ, եպիսկոպոսներ:

Տաճարի հարավային մուտքի առջեւ՝ 18-րդ դարում, Հովակիմ արքեպիսկոպոսը կառուցել է Տաթեւացու դամբարանը, որի առջեւ էլ հենց խոնարհվեցինք: Այստեղ՝ հոգենորոգ վանքի կամարների ներքո, ուխտի աղոթք առաքեցինք առ Աստված՝ հայցելով Տիրոջ ամենազոր Ս. Աջի հովանավորությունը եւ եռամեծ վարդապետի բարեխոսությունը. «Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Եկեղեցում մատուցվող Ս. Պատարագի ենք ներկա եւ հաղորդակից: Քո Սուրբ Հաղորդության բաժակի հետ հարաբերվելով՝ կարողանում ենք տեսնել աստվածային փառքդ:

Վանական համալիրի բակում է գտնվում մտավոր սլացքի ու ճախրանքի գավազան-սյունը, որ գրականության մեջ հայտնի է «Գավազան զորության եւ արդարության» անվամբ: Այն, հատուկ տեխնիկայով կառուցված հիմքի շնորհիվ, ճոճվում է: Ստեփանոս Գրելյանը նշում է, որ երբ կառուցվում է Տաթեւի վանքը, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, նրա առջեւ կանգնեցվում է Սուրբ Երրորդությանը նվիրված սյունը: Սուրբ Տաթեւի սյունն ամենաբարձրն է՝ 7,89 մետր: Այն միակն է, որ չի ավերվել եւ ավարտվում է սյունը պսակող ծակոտկեն խաչով: Շնորհիվ խաչի նման հորինվածքի, արեւի ճառագայթները թափանցում են խաչի միջով եւ, լուսեղեն գծագրմամբ, ընդգծում վերջինիս պատկերը: Թվում է, թե խաչը ճախրում է երկնային լույսերի մեջ: Այն առկա սյուների մեջ միակ ճոճվողն է: Միայն այս սյունն է, որ անվանվում է գավազան-սյուն: Ցավոք սյան ճոճվելու առանցքի եւ ճնշման հանդեպ զգայնությունը խախտվել է 1931 թ. երկրաշարժից հետո:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Տաթեւի վանական համալիրում ուխտավորները ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր վանքի վանահայր Տ. Միքայել վրդ. Գեւորգյանը: Հավարտ Սուրբ Պատարագի Հայր Սուրբը ներկաներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը:

Արդ, այսօր Սուրբը բարեխոսում է մեզ համար: Նրա նշխարները, իբրեւ ամուր հիմք, մեր ոտքերի տակ են, որպեսզի մեր հավատքն անսասան ու անհողդողդ լինի: Նրա հոգին սավառնում է երկնքի արքայության մեջ, տեսնում այստեղ հավաքվածներիս եւ պատրաստ է մեզ համար բարեխոսել:

ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ կանգառը Տաթեւ գյուղի՝ 1646 թվականին կառուցված, Ս. Մինաս եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց մոմերը, երգեցինք շարականներ՝ Տիրոջից հայցելով խաղաղություն հայոց եւ Արցախ ու համայն աշխարհին:

ՄԱՐՏԻՐՈՍ ԳՅՈՒՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Երրորդ կանգառը Մարտիրոս գյուղի՝ 1866 թվականին կառուցված, Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Այն եղել է խոնարհված եւ վերակառուցվել է 1980-90 թթ.: Ունի երկու փոքր եւ մեկ մեծ խորան, երկու խորհրդարան: Կենտրոնում վեր է խոյանում նեղ ու սլացիկ գմբեթը, որի վրա քանդակված են սրբապատկերներ: Եկեղեցու մուտքի մոտ կա խաչքար, որի վրա առկա է հետեւյալ արձանագրությունը. «Եկեղեցին կառուցվել է 1283 թ., Մխիթարի որդի Պռոշ իշխանի եւ նրա որդի Ամիրհասանի հրամանով», իսկ մուտքի դռան վերեւի մասում գրված է. «Հիսուս Քրիստոսի Ս. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»: Այստեղ է գտնվում, Երուսաղեմից բերված, Տիրոջ խաչելության պատկերը:

Ուխտավորները Բարձրյալից խնդրեցին, որ Տերը խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր սրբազան երկիրն ու հայ ժողովրդին:

ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Չորրորդ կանգառը Շինուհայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր: Այն կառուցվել է 19-րդ դարում: Ուխտագնացներն աղոթք առաքեցին առ Բարձրյալը եւ շարունակեցին ճամփան դեպի Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը եւս կառուցվել է 19-րդ դարում: Շրջելով սրբավայրում՝ վերերկրային մի զգացում հայացքդ գամում է խաչակիր գմբեթներին եւ հոգուդ մեջ Ս. Պատարագի լույսն է հորդանում:

Ուխտավորների վերջին հանգրվանը Վայքի Ս. Տրդատ նորակառույց եկեղեցին էր: Այստեղ էլ նրանք հիացան բնության հրաշալիքներով եւ համոզվեցին, որ Ամենակարող Հոր հնարավորությունն անպարագրելի է: Ուխտավորներն աղոթեցին ու երգեցին շարականներ, իսկ երեկոյան բռնեցին տունդարձի ճամփան:

Արդ, հիշիր, Տեր, մեր ազգին՝ Քո «փոքրիկ հոտին», ամենքին, ուր էլ որ լինեն, մեծերին ու փոքրերին եւ Քո մեծ ողորմությամբ օգնության հասիր Հայոց ու Արցախ աշխարհին, Քեզ ապավինողներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԱՐԻԱՄ ՋԱՆՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները