Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

«ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ, ՀՐԱՒԻՐԵԱԼՔ
Ի ՍԿԶԲԱՆԷ ԵՒ ԸՆՏՐԵԱԼՔ ՅՈՐՈՎԱՅՆԷ...»
ՏՈՆ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ

վետարանիչները Հիսուս Քրիստոսի այն առաքյալներից էին, որոնք, Տիրոջ համբարձվելուց հետո, Սուրբ Հոգով զորացած, ոչ միայն խոսքով վկայեցին ու քարոզեցին ժողովուրդներին Աստվածորդու կյանքն ու վարդապետությունը, այլեւ գրեցին մեզ համար հայտնի չորս Ավետարանները: Չորս Ավետարանիչներն են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասն ու Հովհաննեսը: Մատթեոսն ու Հովհաննեսը Քրիստոսի 12 առաքյալներից էին, այսինքն՝ անմիջապես Աստծո կողմից առաքված այն աշակերտներից, որոնք իշխանություն ունեին հրաշքներ գործելու եւ հոգեւոր շնորհներ փոխանցելու, որոնց տրված էր երկրի վրա կապելու եւ քանդելու իշխանություն, Մարկոսը Պետրոս Առաքյալի աշակերտն էր, իսկ Ղուկասը՝ Պողոսի: Ըստ իրենց Ավետարանների բովանդակության ու ուղղվածության՝ ավետարանիչները եկեղեցական նկարչության մեջ երբեմն պատկերվում են խորհրդանիշներով՝ Եզեկիել մարգարեի տեսիլքում նկարագրված քառակերպ կենդանիների՝ մարդու, առյուծի, ցլի ու արծվի պատկերներով:

Մատթեոսի խորհրդանիշը մարդն է, որովհետեւ նա Ավետարանի սկզբում հիշատակում է Քրիստոսի ազգաբանությունը եւ ցույց տալիս մարդեղացած Տիրոջ ազգակցական կապն Աբրահամ նահապետի ու Դավիթ թագավորի հետ: Մարկոսինը համարվում է առյուծը, որովհետեւ իր Ավետարանի սկզբում նա առյուծի համարձակությամբ հայտարարում է Հիսուս Քրիստոսի աստվածության մասին, Ղուկասինը ցուլն է, որովհետեւ նրա Ավետարանն սկսվում է Զաքարիայի քահանայագործության պատմությամբ, իսկ Հովհաննեսինը՝ արծիվը, քանզի իր Ավետարանի սկզբում արծվի պես նա, ասես, բարձրանում է երկնային ոլորտներն ու ներկայացնում Հիսուսի Աստվածությունը:

Ավետարանիչներն իրենց Ավետարանները գրել են՝ օգտագործելով գրավոր եւ բանավոր աղբյուրներ՝ անշուշտ Սուրբ Հոգու ներշնչմամբ եւ առաջնորդությամբ:

ՄԱՏԹԵՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Մատթեոսը Գալիլիայի Կափառնա քաղաքում ապրող մի մաքսավոր էր՝ Ղեւի անունով, որին Մատթեոս էին կոչում: Հավանաբար նա լսել էր Հիսուսի քարոզությունները եւ կամ ականատեսը եղել Նրա հրաշքներին, քանզի երբ Տերը կանչեց նրան, առանց վարանելու թողեց հարկահավաքի գործը եւ հետեւեց Ուսուցչին՝ դառնալով Նրա 12 աշակերտներից մեկը: Տիրոջ համբարձվելուց հետո գնաց քարոզելու Պաղեստինում: Երուսաղեմում քարոզելու ընթացքում, հավատացյալների խնդրանքով, գրի առավ այն ամենը, ինչը բանավոր էր քարոզում, այսինքն՝ Ավետարանը: Ոմանք ասում են նահատակվել է Եթովպիայում, ոմանք էլ՝ Պարթեւաստանում:

ՄԱՐԿՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Մարկոսը երուսաղեմցի էր եւ Բառնաբաս Առաքյալի եղբորորդին: Ըստ ավանդության՝ Մարկոսը Տիրոջ կողմից բժշկված կույրերից մեկն էր եւ Վերնատունն էլ, ուր սովորաբար հավաքվում էին Հիսուսի աշակերտները, Մարկոսի հայրական տունն էր: Նա աշակերտել է Պետրոս եւ Պողոս Առաքյալներին, Պողոսի հետ քարոզել Անտիոքում, Կիպրոսում: Ալեքսանդրիայի Աթոռի առաջին եպիսկոպոսն էր: Պետրոս Առաքյալի հորդորով հենց Ալեքսանդրիայում էլ գրել է իր Ավետարանը:

ՂՈՒԿԱՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Ղուկասը ծագումով հույն էր՝ Սիրիայի Անտիոք քաղաքից, ժամանակի ուսյալ ու զարգացած այրերից մեկը: Մասնագիտությամբ բժիշկ էր, պատմաբան ու նկարիչ: Ըստ ավանդության՝ նա վրձնել է Տիրամոր հրաշագործ պատկերը, որը, դարձյալ ըստ ավանդության, գտնվում է Գյումրու Ս. Յոթվերք եկեղեցում: Պողոսի նահատակությունից հետո քարոզել է Իտալիայում, Գաղղիայում, Դաղմատիայում, Մակեդոնիայում, ուր եւ նահատակվել է: Ավետարանը գրել է դեռեւս Անտիոքում՝ Պողոս Առաքյալի հորդորով: Նրա գրչին է պատկանում նաեւ «Գործք առաքելոց»-ը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Հետաքրքիր տեղեկություններ կան Հովհաննես Ավետարանչի վերաբերյալ: Նա Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր, նաեւ բարեկամական կապ ուներ: Մայրը՝ Սողոմեն, Հովսեփ աստվածահոր դուստրն էր առաջին ամուսնությունից, հետեւաբար նաեւ Հիսուս Քրիստոսի քույրը: Այսինքն՝ Հովհաննես եւ Հակոբոս Առաքյալները Քրիստոսի քրոջ որդիներն էին:

Քրիստոսի համբարձումից հետո, հենց Տիրոջ հանձնարարականով, Տիրամոր խնամքն ստանձնեց Հովհաննեսը: Նա իր Ավետարանը գրեց Ասիայի Եկեղեցու խնդրանքով, Եփեսոս քաղաքում՝ Փրկչի համբարձումից 53 տարի անց: Նրա վարքից հայտնի է, որ կյանքի վախճանին Քրիստոս երեւաց եւ կանչեց երկնային փառքի: Եկեղեցական ավանդությունն ասում է, որ մահից հետո Հովհաննես Առաքյալը նաեւ մարմնով վերափոխվեց երկինք՝ Ս. Աստվածածնի նման: Հովհաննու Հայտնության գիրքը հայերենի է թարգմանվել ԺԲ դարում՝ Ներսես Լամբրոնացու կողմից եւ աստիճանաբար ընդգրկվել Աստվածաշունչ Մատյանի հայերեն թարգմանության մեջ: Եկեղեցական արարողակարգի ընթացքում, սակայն, Հայտնությունից ոչ մի ընթերցում չի կատարվում:

Սուրբ Ավետարանիչների հիշատակն այս տարի Հայոց Եկեղեցին տոնախմբեց հոկտեմբերի 15-ին: Ս. Յոթվերք մայր եկեղեցում՝ Սրբոց Ավետարանչացն տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները