Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

ՀՈԳԵՒՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

րաժշտության ակունքը հոգեւոր սկիզբ ունի եւ կայանում է այն ժամանակ, երբ գիտակցությունը՝ «ես»-ը, քեզ առաջնորդելով մինչեւ մի պահի, դադարում է գերիշխող լինել, ձուլվում է բացարձակի հետ: Դա այն պահն է, որ իր մեջ արարչությունն է կրում, եւ որն այլ կերպ կոչում ենք աստվածային: Հատկապես հոգեւոր երաժշտության ներքին ուժը հավատքից է բխում: Առանց հավատքի երաժիշտը չի հասնի հնչյունների միաձուլմանը:

Ազգային-հոգեւոր երաժշտության միջոցով ենք նաեւ դարեր շարունակ կարողացել պահել հայի մեր դիմագիծը: Կոմիտաս վարդապետն ասում է. «Որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը»: Կոմիտասի կյանքի գործն էր հայոց պատմության ամենաողբերգական պահին կորստից փրկել, խորթ, օտարամուտ տարրերից մաքրել, բյուրեղացնել հայոց երգը:

Հոկտեմբերի 24-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, ինչպես նաեւ «Մենք» բարեգործական ՀԿ-ի հովանավորությամբ, Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցում կայացավ «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտության արական երգչախմբի համերգը, որի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Վահե Բեգոյանը:

Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցին լեփ-լեցուն էր եկեղեցասեր ու երաժշտասեր գյումրեցիներով: Մոտ մեկ ժամ տեւած համերգի ընթացքում հնչեցին միայն Կոմիտաս վարդապետի շարականները, նաեւ «Տեր ողորմեա»-ն, «Սուրբ, Սուրբ»-ը, Աստվածամորը նվիրված տաղերը, Սուրբ Պատարագից հատվածներ:

Երգող մարդը նման է խոստովանողի, իսկ երգը խոստովանանքի: Հենց այսպիսին էին երգչախմբի կատարումները: Երգչախմբի վերջին կատարումը «Նորահրաշ պսակաւոր» շարականն էր՝ նվիված Սուրբ Վարդանանց հիշատակին: Համերգի վերջում մաեստրոն իր շնորհակալությունը հայտնեց թեմակալ Առաջնորդին՝ նման աննախադեպ հնարավորության համար՝ շեշտելով, որ իրականություն դարձավ իր վաղեմի ցանկությունը:

Այնուհետեւ Սրբազան Հայրն իր հայրական խոսքը հղեց երգչախմբին:

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի մաեստրոյին, բարերարներին, կազմակերպիչներին, հատուկ շնորհկալություն, որ հիշեցրին մեզ, թե բոլորի հետ հավասար քրիստոնեական մշակույթ ունենք: Անցած երկուշաբթի գիշեր, խորախորհուրդ մթության մեջ, մենք ունկնդրեցինք հոյակապ մի համերգ, որ բաղկացած էր բյուզանդական, ռուսական, նաեւ արեւելյան քրիստոնեական երաժշտությունից: Շատերն արեւելյան մեղեդիները լսեցին եւ մտածեցին՝ մահմեդակն երաժշտություն է: Ոչ, արաբերեն նաեւ քրիստոնյաներն են գովերգում Աստծուն: Ասորիները, ղպտիները, մեր քույր Եկեղեցիներիը, մելկիտները, հույն ուղղափառներն արեւելքում երգում եւ փառաբանում են Աստծուն արաբերեն կամ արամերեն: Ես սա ուզեցի ճշտել, որովհետեւ խոսակցություն է գնում քաղաքում, թե եկեղեցում ոչ քրիստոնեական երաժշտություն է հնչում:

Ցանկացած կերպով կարելի է Տիրոջը փառաբանել: Եվ մենք հոյակապ գոհարներ ունկնդրեցինք՝ թվով 113 հունարեն, ռուսերեն եւ, այո, արաբերեն: Երբ համերգից հետո առիթ ունեցա ընդունել մաեստրոյին, հարցրի.

- Մաեստրո, բայց մենք սպասում էինք, որ վերջում նաեւ հայերեն մի հոգեւոր պատառիկ կհնչեցնեք:

Նա պատասխանեց.

- Ես չհամարձակվեցի, հայկական հոգեւոր երաժշտությունն այնքան յուրահատուկ է, այնքան խոր (իր խոսքերն եմ կրկնում, ինձնից չեմ հնարում), որ ես չհամարձակվեցի մտնել հայկական երաժտության մեջ: Ինձ դրա համար շատ լուրջ օգնականներ ու խորհրդատուներ են պետք:

Ուրեմն՝ հայկական երաժշտությունն ու հայկական հոգեւոր երաժշտությունն այս բարձրության վրա են, ինչը մենք հաճախ չենք հասկանում: Այս բարձրության վրա են գտնվում նաեւ հայ եկեղեցական ճարտարապետությունը, հայ եկեղեցական մատենագրությունը, գրականությունը: Այն, ինչ ստեղծել է Հայ Եկեղեցին, ոչ մի տեղ չի զիջում արեւմտյան քաղաքակրթության ամենաբարձր նմուշներին: Այս հասկացողությունը ցավոք մենք չունենք: Այսօր մեր սիրելիները մեզ հիշեցրին, որ ոչ մի բանով չի զիջում այս երաժշտությունը մեկ շաբաթ առաջ մեր ունկնդրածին: Ուրեմն՝ պետք է գնահատել մեր ունեցածը, մաքրել, զուլալեցնել, ներկայացնել ու սիրել, սեփականը սիրել, ինչի մեջ շատ հաճախ թերանում ենք: Շնորհակալություն մաեստրո:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները