Սիրո
ակնաղբյուրն
Աստծու մեջ է.
ինչպես որ առվի ջուրն է հոսում անընդհատ, այնպես էլ սերը չենք կարող պահել մեզ՝ անտեսելով ուրիշներին: Սիրո բնույթը երբեք կանգ չառնելն է...

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 10 (274), հոկտեմբեր 2022 թ.  


 

       

ԹԵՈԴՈՐ ԿՈՒՐԵՆՏԶԻՍԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՄԵՐԳԸ ԳՅՈՒՄՐՈՒ Ս. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

իրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, առաջնորդարանի աջակցությամբ եւ Վարդուհի Նազարյանի ջանքերով հոկտեմբերի 17-ին Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Music Aeterna եւ Music Aeterna byzantina եգչախմբերի համատեղ համերգը՝ Lux Aeterna ծրագրով:

Երգչախմբի ղեկավարն է ազգությամբ հույն, երաժշտական ասպարեզի բազմակի միջազգային դափնեկիր, վաստակավոր երաժիշտ-դերասան Թեոդոր Կորենտզիսը: Նրա հայաստանյան հյուրախաղերը եզրափակվեցին այս բացառիկ ինքնատիպ համերգով:

Ծրագրում ներառված էին արեւելաքրիստոնեական ծիսական երաժշտության, արեւմտաեվրոպական հնագույն եւ ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ կատարյալ վարպետությամբ, բյուզանդական երաժշտության, մասնավորապես հին հունական եկեղեցական երաժշտության գանձեր: Համերգ-ներկայացումն սկսվեց կեսգիշերն անց, լիակատար մթության մեջ՝ ուղեկցված բացառապես մոմերի լույսով, որ առավել իսկ ընդգծեց երաժշտության խորը հոգեւոր շունչը: Հանդիսատեսն ականատեսն ու ունկնդիրը եղավ քրիստոնեական հոգեւոր երաժշտության բարձրարժեք կատարման, ինչպես նաեւ խմբավարական նվիրական հիանալի աշխատանքի: Համերգն անցկացվեց բաց դռների ձեւաչափով, իսկ հանդիսատեսը բազմակազմ էր: Համերգն իրենց ներկայությամբ էին պատվել թեմակալ Առաջնորդը, հոգեւորականաց դասը, մշակույթի մի շարք վաստակավոր գործիչներ, եկեղեցու հավատավորներ ու մեծաթիվ օտարերկրյա հյուրեր:

Երկու ժամ տեւած համերգից հետո Միքայել Սրբազանն առաջնորդարանում հյուրընկալեց երգչախմբի ղեկավարին, կազմակերպչական թիմին եւ ՀՀ մշակույթի մի շարք վաստակավոր գործիչների: Ներկաները կիսվեցին տպավորություններով, քննարկեցին Հայաստանում տիրող հոգեւոր վիճակը, անդրադարձան ստեղծագործական կյանքում հոգեւորի եւ հավատի անհերքելի դերին:

Կազմակերպչական խումբն իր խորին երախտիքը հայտնեց Սրբազան Հորը՝ ընձեռնված աննախադեպ հնարավորության համար եւ հավելեց, որ սա իրենց առաջին համերգն էր բաց դռների ձեւաչափով, երբ մարդիկ ազատ մուտքի հնարավորություն ունեին: Նշեցին, որ սկզբում փոքր-ինչ շփոթված էին առավել եւս այդքան մեծ լսարանի՝ եկեղեցում անսպասելի ներկայությունից, բայց հետո ընտելացան, ինչի համար առանձնապես շնորհակալ են, քանզի ձեռք բերեցին այդ ձեւաչափով հանդես գալու թանկագին մի փորձ, որի կարեւորությունն անգնահատելի են համարում:

Հավելեցին նաեւ, որ փորձը հիմք կհանդիսանա ապագայում նմանօրինակ համերգներով հանդես գալու համար:

Սրբազան Հայրն էլ իր հերթին շնորհավորեց հիանալի եւ հոգեցունց համերգի առիթով՝ շնորհակալական խոսքում կարեւորելով մշակույթի, հատկապես հոգեւոր մշակույթի ամոքիչ ու օրհնաբեր ազդեցությունը հասարակության կյանքում:

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը Թեոդոր Կորենտզիսին նվիրեց Ս. Միքայել հրեշտակապետի սրբապատկերը:

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները