Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈԻԹՅՈՒՆ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

«Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար,
ովքեր պահում են Նրա ուխտն ու վկայությունը»:
ՍԱՂՄՈՍ ԻԴ 10

խտավոր հավատացյալը մտքի եւ հոգու ներդաշնակությամբ, ինքն իր հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով պետք է ճանապարհ ընկնի դեպի սրբավայր, քանզի պետք է բացի իր սիրտն Աստծո առջեւ եւ սկսի մտերմիկ զրույց՝ «ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ»: Անշուշտ, Եկեղեցին մեր հայրենիքն է, հայրենիքը՝ Եկեղեցին, որոնք մշտանորոգ ու սուրբ պետք է լինեն ամեն հայի համար: Այս գաղափարն ի մտի ունենալով՝ սեպտեմբերի 25-ին, Վարագա Սուրբ Խաչի տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ մի խումբ հավատացյալներ մեկնեցին Տավուշի մարզի Նոր Վարագավանք՝ իրենց ուխտը նորոգելու:

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Ի տարբերություն խաչին նվիրված այլ տոների՝ սա խորապես ազգային է եւ տոնվում է միայն մեր Եկեղեցում:

Ըստ ավանդության, երբ Հռիփսիմյանց կույսերն անցնում էին Վարագա լեռան մոտով, Ս. Հռիփսիմեն այստեղ է պահում Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որ կրում էր պարանոցին: 653 թ. Թոդիկ անունով ճգնավորին եւ նրա Հովել աշակերտին տեսիլքով հայտնվում է մասունքի տեղը: Նրանք աղոթելիս հանկարծ մի լույս են տեսնում լեռան վրա՝ շրջապատված 12 լուսեղեն սյուներով: Լույսերի սկզբնական երեւացած տեղում հիմնվում է Վարագա Ս. Նշան վանքը: Դարեր շարունակ Խաչափայտի սուրբ մասունքը պահվում էր Վարագ վանքում, սակայն 1655 թ. տարվում է Վան եւ զետեղվում Ս. Տիրամոր անվան մայր եկեղեցում, որը վերանվանվում է Սուրբ Նշան:

ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Առաջին հանգրվանը Տավուշի մարզի Վարագավան գյուղից 25 կմ դեպի արեւմուտք՝ Անապատ սարի լանջին գտնվող, Նոր Վարագավանքն էր:

12-13-րդ դարերում կառուցված վանական համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային կենտրոններից է: Վարագավանք անվանումը համալիրն ստացել է հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած, վերոնշյալ պատմական իրադարձության արդյունքում: Ներկայիս խոնարհված Վարագավանքը մինչեւ 13-րդ դարը կոչվել է Անապատ, այնուհետեւ վերանվանվել Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով վանքի հռչակավոր Սուրբ Նշանը՝ Տիրոջ Խաչափայտի մասունքը, 1237-ին տեղափոխել է Նոր Բերրի՝ Կյուրիկյան իշխանության այս հոգեւոր կենտրոն:

Նոր Վարագավանքի վանական համալիրը բաղկացած է Ս. Նշան եւ Ս. Աստվածածին եկեղեցիներից, երկու գավթից, մատուռից եւ տապանատնից: 1193-1198 թթ. կառուցվել է Անապատ կամ Սուրբ Նշան եկեղեցին եւ տոհմական տապանատունը՝ Նոր Բերդի Դավիթ իշխանի կողմից: Շատ նման է Սանահնի Ս. Հարություն եւ Հերհերի Ս. Սիոն 13-րդ դարի եկեղեցիներին:

Մուտքի երկու կողմերին տեղադրված են բարձրարվեստ խաչքարեր: Վանքի հյուսիսային կողմում կանգուն է Ս. Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 1224-1237 թթ., Դավիթ Իշխանի որդի Վասակ 2-րդի կողմից: Այստեղ ժամանակին վանահայր է եղել Մկրտիչ վարդապետ Խրիմյանը, ապա Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, ում ջանքերով 1862-ին պատմական Վարագավանքում ստեղծվել եւ գործել է Վարագ Ժառանգավորաց վարժարանը: Ի ցավ մեզ՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո, այս ամենը դարձավ մեր հայոց պատմության հերթական տխուր էջերից մեկը: Չնայած տխուր փաստերին եւ վանքի այժմյան վատթար վիճակին՝ Նոր Վարագավանքն այսօր էլ հոգեւոր եւ պատմամշակութային խոշոր կենտրոն է եւ արդեն 20 տարի է, ինչ Հայաստնյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը յուրաքանչյուր տարի, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Վարագա Սուրբ Խաչի տոնի կապակցությամբ, կազմակերպում է ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք:

Հիրավի կյանքի վերընձյուղման շարունակության խորին խորհուրդն է կրում իր մեջ Վարագավանքը: Եկեղեցու խորհրդավոր կամարների ներքո ուխտավորները ներկա գտնվեցին, Վարագա Սուրբ Խաչի տոնի առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը: Իր քարոզում Բագրատ Սրբազանն անդրադարձավ տոնի պատմությանն ու խորհրդին:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց անդաստան՝ Սուրբ Էջմիածնի պահոցից բերված ճաճանչափայլ Սուրբ Խաչով, ուր զետեղված էր, Վարագա լեռան տակից բերված, Տիրոջ Խաչափայտի մասունքը: Երբ ամեն անգամ մոտենում ենք Խաչին, ասես հպվում ենք Քրիստոսի մարմնին: Եվ Նրան մոտենալով ու Նրան նայելով՝ անմիջապես մտովի երկինք ենք բարձրանում: Քրիստոսի աստվածությունը Նրա մարդեղության մեջ է անբաժանելիորեն, անվախճան եւ հավիտենապես: Ուստի եւ մենք Խաչը դիտում ենք որպես Ամենակալի ներկայության վայր, Տիրոջ սրբարան եւ Աստծո տնօրինական խորհուրդների շտեմարան:

Նվիրական ուխտը կատարելուց հետո ուխտավորները, թեթեւացած ու մաքրված, վերադարձան իրենց օջախները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼՈՒԻԶԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները