Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ ՈՒԽՏԱՎՈՐ…

«Աղաչեմ զձեզ, ով ընթերցողք. Բան մի խրատ տամ լսեցեք, Գիրքս ամանաթ ձեզ՝
Պահեցեք եւ կարդացեք…»
ՀՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԻՉՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԻՑ

եպտեմբերի 1-ին՝ Սուրբ Հովհաննեսի եւ Հոբ արդարի տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ուղեւորվեցին Արմավիրի մարզի Վաղարշապատի Ս. Շողակաթ (Ս. Մարիանե) եկեղեցի՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, նաեւ խոնարհվելու Սանգիբարանի Սուրբ Ավետարանին:

Ուխտավորները նախատեսված ժամին ճանապարհ ընկան:

ՍԱՆԳԻԲԱՐԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում հայկական ձեռագրական ժառանգությունը չափազանց մեծ քանակ է կազմել: Գրեթե ամեն ընտանիք ուներ իր ձեռագիրը, որ պահվում էր տանը որպես սրբություն: Յուրաքանչյուր գյուղի կամ քաղաքի գործող եկեղեցիներն ունեին, առօրյա ծիսակատարության համար անհրաժեշտ, մատյաններ ու գրքեր: Ի ցավ մեզ՝ այն գիրքը, որ, փոթորկալից դարերում, պետականությունից զուրկ ժողովրդին ազգային նկարագրի տեր է դարձրել, այսօր հայ երիտասարդի կողմից անտեսված է:

Ուղղագիծ երկաթագիր ձեռագիր Մատյանը գրվել է Պարսկաստանում 12-րդ դարում, Պետրոսի եւ Գրիգորի ձեռամբ: Մատյանը Պարսկաստանի Փերիա նահանգի Սանգիբարանում է հայտնվել 1603-1604 թթ.: Այն 400 տարի հանգրվանել է Ս. Հովհաննես եկեղեցում: Շահ Աբասի տեղահանությունների ժամանակ Ս. Հովհաննես եկեղեցու քահանան Ավետարանն ու եկեղեցու զանգը հանել է, պահել, իսկ գաղթի ժամանակ տեղափոխել Իրան: Հետո քահանայի ժառանգները Սուրբ Գիրքն ու զանգը բերել են Հայաստան եւ նվիրել Սուրբ Գիրքը Մաշտոցի Մատենադարանին, իսկ զանգը՝ Ս. Շողակաթ եկեղեցուն: Սուրբ Գիրքը նաեւ կոչվում է Ս. Հովհաննեսի Ավետարան:

Առավոտյան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագիր պահոցից դուրս հանվեց, քայլարշավով Սանգիբարանի Սուրբ Ավետարանը բերվեց Էջմիածին, իսկ Ս. Պատարագի ընթացքում հանգրվանեց Սուրբ Մարիանե վանքում: Մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ մատուցվեց Ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Հայր Ռուբեն վրդ. Զարգարյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորներն ու սանգիբարանցիները հնարավորություն ունեցան համբուրել Սուրբ Գիրքը, ինչպես նաեւ հաղորդվել մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորներիս հաջորդ կանգառը Ս. Հռիփսիմե եկեղեցին էր: Վանքը կառուցվել է Ս. Հռիփսիմեի նահատակության տեղում: Մեր հավատո հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ արքան կառուցել են վկայարան, որը կիսագետնափոր էր, վերնամասում՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: 395 թ. Սահակ Պարթեւը կույսի գերեզմանի վրա կառուցել է տալիս մի փոքր մատուռ:

Այսօր նախկին մատուռի տեղում վեր է հառնում նոր ու փառավոր մի կառույց, որի գեղեցկությամբ հիանալու բախտն ունի նաեւ մեր սերունդը: Այս սուրբ կամարների տակ ուխտավորները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Ամենաբարի Աստված:

Ս. ԳԱՅԱՆԵ ԵՎ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ս. Գայանե եկեղեցին կառուցվել է 632 թվականին՝ Գայանեի նահատակության վայրում՝ Եզր Կաթողիկոսի ձեռնարկումով: Այստեղ եւս ուխտագնացները մոմեր վառեցին, խնկարկեցին եւ Ս. Կույսի գերեզմանին ծնրադիր աղոթեցին խոր համոզումով, թե Տիրոջ ամենահաս Ս. Աջը միշտ հովանի է իրենց:

Հաջորդ հանգրվանը Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ եւս վառեցին իրենց հավատքի մոմերը, աղոթք առաքեցին առ Աստված եւ, հոգեպես զորացած, ուղեւորվեցին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Ուխտավորները խոնարհվեցին Ս. Մաշտոցի շիրմին՝ հաղորդ դառնալով հայոց գրերի խորին, անհաս ու անսկիզբ խորհրդին, որ դարեր շարունակ ալեկոծյալ ծովում մեզ համար եղել է լուսավոր փարոս: Խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին եւ հայցեցին Սրբի բարեխոսությունը՝ առանձնակի շեշտելով. «Անճառելի շնորհք լցեալք ի յիշատակի սուրբ Վարդապետին, խնդրենք ի Քէն, Տէր, կեցո զանձինս մեր»:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները