Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

«ՍԱ Է ՍԵՂԱՆ ՍՐԲՈՒԹԵԱՆ ԵՒ Ի ՍՄԱ Է
ՊԱՏԱՐԱԳԵԱԼ ՔՐԻՍՏՈՍ ԳԱՌՆ ԱՍՏՈՒԾՈՅ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ
շնորհիւ ողորմութեան իւրոյ…»:
ՇԱՐԱԿՆՈՑ

աչվերացը՝ Սուրբ Խաչի վերացման տոնը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար եւ խաչին նվիրված չորս տոներից մեկն է ու ամենահինը, քանզի խաչը վեր բարձրացնելն ու փառավորելը վերագրվում է Տյառնեղբայր Հակոբոս Առաքյալին: Նա Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր, եւ, խաչն ի տես ժողովրդի բարձրացնելով, «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» օրհնությունն ու աղոթքն է ասել:

Խաչը դարձել է համայն քրիստոնեության խորհրդանիշը: Քրիստոնեությունն ու խաչը գրեթե նույնացվել են եւ որտեղ խաչ է երեւում, եզրակացվում է, որ այնտեղ քրիստոնեություն կա: Խաչը սրբացավ Քրիստոսի տառապանքով ու ինքնազոհաբերմամբ՝ մեզ համար դառնալով փրկության ուղենիշ: Սակայն այդ փրկությանը հասնելու համար մենք պետք է անցնենք տառապանքի ու ինքնազոհաբերման այն նույն ճանապարհով, որով անցավ Հիսուս Քրիստոս:

Ուրեմն՝ հիշենք, որ խաչը քրիստոնյաներիս շնորհված չբթացող զենք է՝ սրված Տիրոջ անապական արյամբ, մեր հույս ու ապավենը, որով վերացավ մեր դատապարտության կնիքը: Եվ, ըստ Դավիթ մարգարեի, «չարիքը չի հասնի քեզ եւ տանջանքները չեն մոտենա քո տան հարկին» (Սաղմ. Ղ 10), եթե ապավինես Տիրոջ Կենարար Խաչին:

ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Շուրջ 1400 տարի առաջ՝ պարսկա-բյուզանդական մեծ պատերազմի ժամանակ, Երուսաղեմից գերեվարվեց մեր Տիրոջ խաչափայտը: Տարիներ անց, Հերակլ կայսեր գլխավորությամբ, բյուզանդական զորքը, որի կազմում մարտնչում էր նաեւ հայկական զորագունդը, հաղթեց եւ վերադարձրեց խաչափայտը: Վերադարձի ճանապարհին անցավ նաեւ Հայաստանով, քանի որ այն սկզբում տարվեց Կոստանդնուպոլիս եւ ապա Երուսաղեմ: Երուսաղեմ դարձի ողջ ճանապարհին, ինչպես եւ Հայաստանում, մարդիկ ամենուր ուրախությամբ երկրպագում էին փրկչական խաչը, փորձում մոտենալ, բայց քանի որ բազմությունն անափ ծովի էր նման, խաչափայտը տանողները ժամանակ առ ժամանակ վեր էին բարձրացնում, որպեսզի հեռվում գտնվողները տեսնեն, մխիթարվեն ու երկրպագեն:

Խաչի գերահրաշ փառքից զարհուրելով՝ դողացին սանդարամետականների խմբերը, քանզի նայեցին ու խաչի վրա տեսան Աստծո Որդուն՝ ճշմարտապես մարդացած ու բազուկները խաչափայտին գամած: Եվ որպես հակակշիռ Իրեն չընդունողների՝ Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին եւ ընտրեց տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին. «Մինչդեռ Նա գերագույն, աստվածային, երկնային փառքով է զարդարված եւ սպասավորում ու պաշտվում է հրեշտակների յոթնարփյան դասերի կողմից, որոնք իրենց Տիրոջն են տեսնում սրա վրա…: Քանզի բոլոր աներեւույթներից հավատի հաստատուն նշան երեւացնող օրինակ է, Աստծո ամենիմաստ առաջնորդ…» (Դավիթ Անհաղթ):

Սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, թեեւ մյուս եկեղեցիներն այն հիշատակում են սեպտեմբերի 14-ին, քանի որ համաքրիստոնեական բնույթ ունի:

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՆՇԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին, տոնի ուրախ առիթով, կենդացավ Ս. Նշան եկեղեցին, որպեսզի ի կատար ածի ուխտի եկած մեծաթիվ հավատացյալների նվիրական երազանքը, իղձն ու փափագը: Այս ամենի երեւելի դրսեւորումը եղավ մատուցված ուխտի Սուրբ Պատարագը: Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե եւ Ս. Մինաս եկեղեցիներում:

Տոնի ուրախ առիթով Ս. Նշան եկեղեցում, ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Զի ճառ խաչին կորուսելոցն յիմարութիւն է, այլ փրկելոցն մեզ զօրութիւն Աստուծոյ» բնաբանով, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ Պատարագի ընթացքում, ուխտավորաբար Սուրբ Նշան եկեղեցում գտնվող, մեծաթիվ հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Վերջում եկեղեցու բակում, Խաչվերացի տոնի առիթով, գեղարվեստական գողտրիկ հայտագրով հանդես եկավ «Հրայրք» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Դավիթ Հարոյան):

ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ

Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, հավարտ կիրակի օրվա ժամերգության, կատարվեց Խաչվերացի ավանդական թափորը՝ հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

Ի տես մեծաթիվ ներկաների՝ հանդիսավոր թափորը դուրս բերեց Տիրոջ չարչարանաց գործիքը՝ զարդարված անուշաբույր ծաղիկներով եւ ռեհանի թփերով: Հանդիսակարգը հաստատել է Սահակ Ձորափորցի կաթողիկոսը (677-703): Թափորապետ Սրբազան Հայրը, բարձրացնելով խաչը, օրհնեց երկրի չորս ծագերը եւ, յուրաքանչյուր կողմում կանգ առնելով, օրհնված վարդաջուր ցողեց թափորական ժողովրդի վրա: Անդաստանից հետո, դարձյալ թափորով մտնելով եկեղեցի, երգեցին «Խաչի Քո Քրիստոս, երկիրպագանեմք» շարականը:

Հավարտ երեկոյան ժամերգության վարդաջրով ցողված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին ներկա հավատացյալներին՝ իբրեւ Տերունական սրբարար ու փրկարար մասունք, որպեսզի նրանք այդ կերպ իրենց օջախները տանեն Սուրբ Խաչի օրհնաբեր զորությունն ու պահապան ամրությունը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սեպտեմբերի 12-ին Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները